Մեր մասին

Հրաչյա Բեգլարյան

ՀՐԱՉՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Արցախի գրական օջախի պողերը անթեղված են Մեսրոպ Մաշտոցի` Հայոց Երևելից երկրում բացած հինգ դպրոցներում: Մաշտոցյան տառերի լույսը, 5-րդ դարից սկսած, միշտ էլ փարոսի պես ուղեկցել է Արցախի հայերին: Պատահական չէ, որ Ղարաբաղի մշակույթի մեջ առաջնակարգ տեղը պատկանում է գրականությանը: Անկարելի է անտարբեր անցնել գրական այնպիսի մի հուշարձանի կողքով, ինչպիսին Դավթակ Քերթողի «Ողբն» է: Գեղարվեստական բարձր մակարդակով գրված այս երկը կրկնակի հետաքրքրություն է ներկայացնում նախ և առաջ նրա համար, որ բանաստեղծն իր պոեմի քառատողերն ակրոստիքոսել է հայոց այբուբենի բոլոր տառերով: Նմանօրինակ գործ Արցախում 8-րդ դարում կատարել է նաև Համամ (Հովհաննես Բագրատունի) Արևելցին: Սա հայոց Արևելից երկրի թագավորն էր, հանճարեղ մի այր, որ սուրն ու գրիչը պահում էր հավասար բարձրության վրա, մեկով պաշտպանում էր երկիրը, մյուսով լուսավորում մարդկանց հոգիները: Հմուտ լինելով բանաստեղծության, քերականության, ճարտասանության և ստույգ գիտությունների ասպարեզում, նա թողել է գրական մեծ ժառանգություն: Համամ Արևելցին, որն ըստ մակար Բարխուդարյանի, թաղված է Արցախի Ավետարանոց գյուղում, իր քերականությունն ավելի մատչելի դարձնելու համար նույնպես հոդել, ակրոստիքոսել է այբուբենը…
Արցախի գրական հուշարձանների մեջ դարավոր կաղնու զորությամբ շարունակում է իշխել Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» երկը: Թեև նրա վրայով, 7-րդ դարից սկսած, անցել են ժամանակների պղտոր հեղեղները, սակայն հայախոս ու հայաշունչ այդ գործը լեռան աղբյուրի պես մնացել է մաքրամաքուր:
Արցախածնունդ է նաև, ինչպես վկայում է հայտնի հայագետ, լեզվաբան Ստեփան Մալխասյանը, պատմահայր Մովսես Խորենացին: Իսկ ո՞ւմ չի հայտնի Կիրակոս Գանձակեցին, Մխիթար Գոշը` գրական մեծություններ, որոնց վաստակը զարդարում է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը: Գրական մեծերի այս շղթան ձգվեց մինչև պատմաբան Լեո, Մուրացան մինչև, Աշոտ Հովհաննիսյան ու Բագրատ Ուլուբաբյան: Հիշենք այստեղ Րաֆֆուն ու Ղազարոս Աղայանին, որոնք հպարտությամբ են հիշում, որ իրենց նախիները եղել են ղարաբաղցիները: Ասենք նաև, որ հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանն իր ազգանունը բերել է Ղարաբաղի Մելիք Ապով Բեգլարյանի պապենական տոհմից: Գրական այս ակունքներին քաջատեղյակ Լեոն սխալ է համարել այն կարծիքը, թե իբր Ղարաբաղը հայ ժողովրդին տալիս է միայն նշանավոր զորավարներ, իսկ գրական ու մշակութային գործիչների մենաշնորհը Աստված թողել է Հայաստանի ուրիշ մարզերի վրա: Լեոն Ղարաբաղի հայերին անվանել է բանաստեղծ ժողովուրդ:
-Եթե Ղարաբաղի հայ ժողովուրդն ուրիշ բան երգած էլ չլիներ, «Գութանի երգերը» բավական կլինեին, որ սխալ համարվեր, թե Ղարաբաղը չունի հայերեն բանաստեղծություն,- գրել է պատմաբան Լեոն:
Սակայն վերադառնանք Ղարաբաղի` XX դարի, 20-30-ական թթ. գրական կյանքին: Թուրքերի կողմից Շուշին ավերելուց հետո, Ղարաբաղի գրական առուները ցամաքեցին: Մի ժամանակ Շուշիում լույս տեսնող գրքերը, տպարանները, հարուստ գրադարանները, «Ղարաբաղ», «Ծիածան», «Նեցուկ», «Արցախ», «Ղարաբաղի սուրհանդակ» պարբերականները մնացին որպես այրվող հուշեր: Աշխարհով մեկ ցրվեցին Շուշիի մտավորականները, իսկ շատ շուշեցիներ, մնալով վառվող քաղաքում, գլխատվեցին ու նետվեցին հորերը: Թուրքերը այրվող քաղաքում եռաժանու վրա պտտեցրին Ալեքսանդր Ծատուրյանի կտրած գլուխը:
1920թ., Ղարաբաղում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո, Ստեփանակերտ է գալիս բանաստեղծ Գրիգոր Ներսիսյանը, որը դեռ 1911 թվականին Շուշիում լույս էր ընծայել իր բանաստեղծությունների անդրանիկ գիրքը` «Թախծոտ երգեր» խորագրով: Գրիգոր Ներսիսյանը լեզու և գրականություն էր դասավանդում Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում, միևնույն ժամանակ ծավալելով գրական-հասարակական աշխատանքներ: Նրա նախաձեռնությամբ, 1925 թվականին օգոստոսին, Ստեփանակերտում հրավիրվում է երիտասարդ և սկսնակ գրողների առաջին հավաքը: Ստեղծվում է Ղարաբաղի պրոլետար գրողների ասոցիացիան: Նախագահ է ընտրվում Գրիգոր Ներսիսյանը: Ի դեպ, գրական այդ հավաքում ելույթ է ունենում Բաքվից եկած հայ գրողներ Թաթուլ Հուրյանը, Աշոտ Գրաշին և Գարեգին Սևունցը: 1929-ին Ստեփանակերտում Գ.Ներսիսյանի խմբագրությամբ հրատարակվում է «Կայծ» ամսագիրը: Առաջին համարը դարձավ նաև վերջինը: Անշուշտ, ամսագիրը փակվում է անվտանգության խորհրդի միջնորդությամբ: Տարված գրական կյանքի խոհերով, մեկ ուրիշ մտավորական` Մկրտիչ Բերբերյանը, 1929-ին նախաձեռնում և հիմնադրում է Ստեփանակերտում «Գրոհ» գրական-գեղարվեստական հանդեսը, որը նույնպես փակվում է առաջին համարից հետո:
Գրիգոր Ներսիսյանին 1936-ին բանտարկում են: Նրան փոխարինում է Աշոտ Գրաշին, Գրաշուն` Թաթուլ Հուրյանը: Երկուսին էլ սպառնում է նացիոնալիզմի մեջ մեղադրվելու վտանգը և նրանք հեռանում են Ղարաբաղից: Գրողների թափուր մնացած «գահին» նստեցնում են երիտասարդ բանաստեղծ Միքայել Հարությունյանին, սա ևս երկու շաբաթից հետո թողնում է Ղարաբաղը` ապաստան փնտրելով մայր Հայաստանում:
1946-ին Ղարաբաղի գրական բաժանմունքի քարտուղար է նշանակվում ռազմաճակատից շքանշաններով վերադարձած բանաստեղծ Բոգդան Ջանյանը: Կարծես ամեն բան մտնում էր բնական հունի մեջ: Պատերազմից հետո բանաստեղծի ձայնը դարձել էր ավելի առնական ու համարձակ: Բաքվում արդեն տպագրվում էր նրա առաջին գիրքը, երբ 1948-ին Հրաչյա Քոչարի հորդորանքով Ղարաբաղ այցելեց Ավետիք Իսահակյանը շուշեցի տիկնոջ` Սոֆիի ու Ամերիկայից հայրենիք դարձած ղարաբաղցի Զաքարե Սուվարյանի հետ: Բաքվում այս լուրն ընդունեցին փշերով, և Բաղիրովի կարգադրությամբ անվտանգության կոմիտեն սկսեց դավեր ու խարդավանքներ ստեղծել Զաքարեի ու Բոգդան Ջանյանի շուրջը: Երկուսն էլ մեղադրվեցին նացիոնալիզմի մեջ ու բանտարկվեցին, իսկ վարպետը փրկվեց իր մեծ հեղինակության շնորհիվ, թեև Բաղիրովն ուզում էր Բերիայի միջոցով բանտարկել նաև նրան:
Բոգդան Ջանյանին փոխարինում է բանաստեղծ Վերդի Վերխաչյանը, որը նույնպես անցել էր պատերազմի բովով: Նա քաջություն է ունենում հաջորդ օրն ընկերների մոտ պաշտպանելու Բոգդան Ջանյանի անմեղությունը: Երկու օրից հետո նրան ազատում են պաշտոնից: Նա վերադառնում է հայրենի գյուղ` Բադարա, բայց մինչև կյանքի վերջը մնում անվտանգության խորհրդի հսկողության տակ, մի տեսակ խեղճացած ու պասսիվ: 1949-ի ապրիլի 1-ին Ադրբեջանի գրողների միության Լեռնային Ղարաբաղի բաժանմունքի պատասխանատու քարտուղար է նշանակվում երիտասարդ բանաստեղծ Բագրատ Ուլուբաբյանը: Այս շրջանում քաղաքական ասպարեզ է բարձրանում մանկավարժ, կուսակցական ու մշակութային գործիչ, արձակագիր Սարգիս Աբրահամյանը, որը մինչև այդ հայտնի չէր որպես ստեղծագործող: Հենց սկզբից Բագրատ Ուլուբաբյանը ցուցաբերում էր եռանդ ու կազմակերպչական արտակարգ տաղանդ: Առավել ակտիվ ստեղծագործող երիտասարդներին նա հրավիրում էր Ստեփանակերտ: Այսպես, կարճ ժամանակաընթացքում, գյուղից քաղաք եկավ Վազգեն Օվյանն ու Գևորգ Աղաջանյանը, Գերասիմ Հովսեփյանն ու Արմո Լեռնենցը, ապա` Գուրգեն Գաբրիելյանն ու Ժան Անդրյանը: Սակայն նրանցից ոչ մեկը ՍՍՀՄ գրողների միության անդամության տոմս չուներ: Վարելով ճկուն քաղաքականություն` Բագրատ Ուլուբաբյանը 1964-ին կազմակերպեց ու Ստեփանակերտի Մ.Գորկու անվան թատրոնում անցկացրեց Ադրբեջանի գրողների միության շրջիկ պլենում, ուր բազմամարդ դահլիճում չորդ հոգու (Սարգիս Աբրահամյան, Իսահակ Ալավերդյան, Գևորգ Օհանյան, Վարդան Բալայան) ընդունեցին գրողների միության շարքերը: Ուշքի գալով, թուրքերն այնուհետև քսան տարի շարունակ Ղարաբաղից ոչ մի հայ գրողի չընդունեցին գրողների միության անդամ:
Լեռնային Ղարաբաղի գրական օջախի աշխուժությունը նկատելով` Ադրբեջանի գրողների միությունը, նրա նախագահն ու քարտուղարները սկսում են ընդգծված բացասական վերաբերմունք ցույց տալ Բագրատ Ուլուբաբյանին: Գնալով այդ վերաբերմունքը հասնում է առճակատման:
Պետք է նշել, որ Բագրատ Ուլուբաբյանն իր երկարատև աշխատանքի ընթացքում Ղարաբաղ էր հրավիրել հայ մշակույթի գրեթե բոլոր նշանավոր դեմքերին: Հիշենք դրանցից Նաիրի Զարյանին, Հրաչյա Քոչարին, Պարույր Սևակին, ասմունքի վարպետ Սուրեն Քոչարյանին և շատ ուրիշներ: Բաքվում պարզ տեսնում էին, որ Ղարաբաղը նորից դեմքով կանգնել է դեպի Հայաստանի կողմը: Այս բոլորին Բագրատ Ուլուբաբյանը գումարեց իր հռչակավոր «Նամակը», որը փաստորեն դարձավ, նոր էտապում, արցախյան շարժման հիմնաքարը:
1967-ի հոկտեմբերին ԼՂ մարզկոմում «քննարկվեց» Բագրատ Ուլուբաբյանի հարցը, նրան հեռացրին զբաղեցրած պաշտոնից` առանց ուրիշ աշխատանք առաջարկելու: Բացի Բոգդան Ջանյանից ու Հրաչյա Բեգլարյանից, ոչ ոք գրողներից չփորձեց պաշտպանել այն մարդուն, որ այնքան շատ բան է արել մեր գրական օջախի և Ղարաբաղի համար: Բագրատ Ուլուբաբյանից հետո ԼՂ գրողների միության պատասխանատու քարտուղար նշանակվեց Գևորգ Աղաջանյանը: Վերջինիս փոխարինեց Արմեն Հովհաննիսյանը: Այդ տարիների ընթացքում «թուրքական տարրը» կուսակցության հովանավորությամբ, հանուն «բարեկամության», ներմուծվեց գրական օջախ և ԳՄ անդամների թիվը սկսեց աճել «յազըչիների» հաշվին: Բաքուն Շուշիում ԳՄ մասնաճյուղ էր ստեղծել, փաստորեն, գրականության հետ կապ չունեցող «գրագետներից»: Իսկ Բաքվի` Վ.Ի.Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղի հետ Ստեփանակերտ փոխադրված ազերի գրողներն սպառնում էին մեծամասնություն կազմելու և ղեկն իրենց ձեռքը վերցնելու` արդեն առաջադրված ցցուն միտումներով:
ԼՂ գրողների պահանջով բաժանմունքի պատասխանատու քարտուղար ընտրվեց բանաստեղծ, դրամատուրգ և հրապարակախոս Վարդան Հակոբյանը (1983թ.), որը փաստորեն գրական օջախում իր գործունեությունը սկսեց այնտեղից, ուր հասել էր Բագրատ Ուլուբաբյանը: Մինչև արցախյան շարժման բացարձակ բողոքի ցույցերը, Վարդան Հակոբյանի աշխատանքային գործունեությունն ընթանում էր թուրք գրողների և կուսակցական գործիչների հետ գաղափարական խիստ բախումներով: Ի վերջո, նրան հաջողվում է, Մոսկվայի ճնշման տակ, Բաքվում Ղարաբաղի գրողների գործերը տպագրելու բաժին ունենալ և այդ բաժինն էլ ձգել-բերել Ստեփանակերտ:
Փաստորեն Ղարաբաղի գրողների միությունը մարզի առաջին կազմակերպությունն էր, որը դուրս եկավ Ադրբեջանի կազմից, դեռևս կուսակցության գործուն շրջանում` ձեռք բերելով արժանիներին Գրողների միության անդամության շարքերը ընդունելու իրավունք: Այս գործում քիչ ջանքեր չպահանջվեցին Վարդան Հակոբյանից: Վերջինս հենվելով ԽՍՀՄ ԳՄ քարտուղար, ռուս մեծ բանաստեղծ Մ.Դուդինի և Հայաստանի գրողների միության նախագահ Հրաչյա Հովհաննիսյանի արդարամտության ու բարեհոգության վրա, գրողների համար ապահովեց նոր կարգավիճակ` դարձնելով այն առանձին, միութենական նշանակության կազմակերպություն: ԽՍՀՄ ԳՄ անդամների թիվը, շնորհալի երիտասարդների հաշվին, հասցվեց 41-ի: Չմոռանանք նաև, որ գրական ընտանիքից անժամանակ հեռացել են գրողներ Վազգեն Օվյանը, Գերասիմ Հովսեփյանը, Իսահակ Ալավերդյանը, Գուրգեն Անտոնյանը, Ժան Անդրյանը, Գրիշա Մովսիսյանը, Միքայել Գասպարյանը, Վերդի Վերխաչյանը, Վարդան Բալայանը, Սուրեն Ստեփանյանը, Շահեն Օհանջանյանը:
1987-ի վերջին Վարդան Հակոբյանը, Հրաչյա Բեգլարյանը և Գուրգեն Գաբրիելյանը, շուրջ մեկ ամիս, ամեն գիշեր հավաքվելով գրողների միությունում, գրեցին, խմբագրեցին Արցախի մտավորականների բողոքի նամակն` ուղղված ՍՄԿԿ Կենտկոմի քարտուղար Մ.Ս.Գորբաչովին: Նամակի տակ ստորագրեցին ոչ միայն գրողները, այլև Արցախի մտավորականության առավել աչքի ընկնող անդամներ: Ի դեպ, Գուրգեն Գաբրիելյանն ու Մաքսիմ Հովհաննիսյանը երկրորդ անգամ էին ստորագրում նմանօրինակ նամակի տակ: Գրողները ստեղծելով մի պատվիրակություն (ղեկավար` Վ.Հակոբյան) փետրվարի 7-ին ուղևորվեցին Մոսկվա… Այսօր արդեն բոլորին են հայտնի հետագա ժամանակների գործողությունները: Սակայն նշենք, որ գրողների միության ջանքերով Ղարաբաղի գրական օջախը մտավ իր դերի ու դիրքի մեջ: Գրողների միություն են եկել առավել աչքի ընկնող բանաստեղծներ ու արձակագիրներ: Գրողների միության նախագահ Վ.Հակոբյանը հիմնադրեց «Արցախ», «Պըլը-Պուղի» հանդեսները, «Եղիցի լույս» գրական թերթն ու «Արցախ» հրատարակչությունը: Ամեն տարի լավագույն գրքերը երաշխավորվում են ԼՂ Հանրապետության հայ մեծ պատմիչ Եղիշեի անվան մրցանակի… Բացի դա, գրողների միության վարչության որոշմամբ ստեղծվեցին ԼՂ գրողների միության հատուկ մրցանակներ` Աղայանի, Մուրացանի և Շիրազի անվամբ: Արցախյան գոյամարտի գեղարվեստական տարեգրությունն ստեղծելու պատվավոր գործին լծվեց ամբողջ գրական ընտանիքը: Իրենց գրքերով, բանաստեղծական շարքերով, պոեմներով, պատմվածքներով, ակնարկներով հանդես եկան գրողներ Վ.Հակոբյանը, Գ.Գաբրիելյանը, Հր.Բեգլարյանը, Ս.Խանյանը, Մ.հովհաննիսյանը, Ն.Ավագյանը, Ռ.Եսայանը, Ս.Քամալյանը, Ա.Քոչարյանը, Է.Բեգլարյանը, Ժ.Բեգլարյանը, Կ.Դանիելյանը, Գ.Բեգլարյանը, Հ.Ալեքսանյանը, Վ.Գաբրիելյանը, Հ.Մարտիրոսյանը, Վ.Օվյանը, Ա.Գրիգորյանը, Դ.Միքայելյանը և ուրիշներ:
Արցախյան գոյամարտում իրենց գրիչը զենքով փոխարինեցին ու թշնամու դեմ մարտնչեցին Ռոբերտ Եսայանը, Սեյրան Քամալյանը, Սենոր Հասրաթյանը, Գագիկ Բեգլարյանը, Լեռնիկ Հակոբյանը, Դավիթ Շիրինյանը, Արիս Գրիգորյանը, Սպարտակ Հակոբյանը և ուրիշներ: Գրողներ Կիմ Գաբրիելյանին, Նորեկ Եսայանին շատ հաճախ կարելի է տեսնել զինվորական շորերի մեջ, մարտի ամենաթեժ կետերում` հաղորդումների և գրքերի համար կենդանի փաստեր հավաքելիս: Արցախյան պատերազմի ամենածանր օրերին, Երևանում ապրող մեր հայրենակից գրողները դիմել և ընդունվել են Ղարաբաղի Գրողների միության շարքերը: 199-ին տեղի ունեցավ ԼՂ Հանրապետության (արդեն` հանրապետության) գրողների միության առաջին համագումարը:
Ինչպես գիտենք, արցախյան գոյամարտը նախ և առաջ սկսվեց գաղափարական ճակատում: Այստեղ, բնականաբար, առաջին գծի զինվորները գրողներն ու լրագրողներն էին: Ղարաբաղում` որպես տանտերեր, իրենց հրաշալի դրսևորեցին նրանք: Մեր գրողներն ու լրագրողները ստիպված էին կռվել երկու ճակատով, նախ` ադրբեջանցիների դեմ, որոնք սովորել էին ստեր փչել ռադիոյով, հեռուստատեսությամբ ու մամուլում, ապա Մոսկվայի «Ժամանակ» հեռուստահաղորդման դեմ, որտեղից ամեն օր միտումնավոր կերպով ճնշումներ էին գործադրում Ղարաբաղի և, ընդհանրապես, հայ մտավորականության վրա` անվանելով նրանց ծայրահեղականներ: Այս ծանր օրերին Ղարաբաղի գրական ջոկատը մենակ չէր: Աշխարհով մեկ հնչեցին Անդրեյ Սախարովի, Միխայիլ Դուդինի, Վալենտին Օսկոցկու, Նույկինի, Ի.Բուրկովայի, Կիմ Բախշիի, Ց.Պասկալևայի, Սիլվա Կապուտիկյանի, Զորի Բալայանի, Բագրատ Ուլուբաբյանի, Սերո Խանզադյանի, Բոգդան Ջանյանի, Վարդգես Պետրոսյանի, Սերգեյ Սարինյանի, Սերգեյ Աբրահամյանի, Սևակ Արզումանյանի, Հայկ Խաչատրյանի, Զորայր Խալափյանի, Թորոս Թորոսյանի, Դայանա Տեր-Հովհաննիսյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Գևորգ Էմինի, Վահագն Դավթյանի, Յուրի Սահակյանի, Ալվարդ պետրոսյանի, Բակուր Կարապետյանի, Գևորգ Դևրիկյանի և շատ ուրիշների ձայները: Արցախյան հիմնախնդրի հարցը թուրքերը, իրենց սովորության համաձայն, փորձեցին ծածկել ծխածածկույթով` քողարկելով սուտն ու կեղծիքը: Սակայն, դա նրանց չփրկեց, քանի որ հայ մտավորականներին իրենց հեղինակավոր ձայնը միացրին ռուս նշանավոր գիտնականները, գրողներն ու լրագրողները: Ադրբեջանցիներին ոչինչ չէր մնում անել, քան Ղարաբաղի հարյուր հազար հայերին վախեցնել 7 միլիոն թուրքով: Ի վերջո, խոսքակռվից նրանք անցան քարին, ապա սկսեցին ջարդեր կազմակերպել հայերի դեմ Սումգայիթում, Կիրովաբադում, անգամ` Ղարաբաղում: Այս ամենի արդյունքը եղավ այն, որ նրանք Ղարաբաղի հետ կորցրին նաև յոթ շրջան, որը փաստորեն պատմական Արցախն էր` իր դարավոր վանքերով, խաչքարերով, հայերեն վիմագիր արձանագրություններով: Ազատագրվեց նաև հայկական հինավուրց Շուշին` երկինք մխրճված իր եկեղեցիների խաչ ու գմբեթներով, Մուրացանի, Վաղարշյանի, Լեոի և շատ ուրիշ հայ երևելիների ծննդավայր Շուշին` հայոց արվեստների ու արհեստների անկրկնելի օրրանը: Այսօր արդեն մեր սեղանի վրա շատ գրքեր կան, որոնք ասում են զուտ ճշմարտությունը և տպագրվել են տառացիորեն գնդակոծությունների տակ, Ստեփանակերտում:
Արցախի գրողները ժխտեցին այն հայտնի ասացվածքը, թե, երբ որոտում են հրանոթները` մուսաները լռում են: Մեր գրողներն ու լրագրողները արցախյան գոյամարտում երգն ու զենքը գործածեցին միասին: Խրամատներում գրվում էին երգեր, ստեղծվում էր երաժշտություն, իսկ լրագրողների տեսախցիկները գործում էին գնդացիրների, ավտոմատների, հրանոթների հարևանությամբ: Երբեք չեն մոռացվի երիտասարդ գրողների երևանցի Սամվել Շահմուրադյանի և ղարաբաղցի Կոմիտաս Հակոբյանի սխրանքները: Նրանք զոհվեցին` զենքը ձեռքներին, ազատության երգը` շրթներին: Արցախի գրական ջոկատը շարունակում է մնալ առաջին դիրքերում: Ծնվում են նոր անուններ, նոր տաղանդներ: Գրվում է մեր նոր գոյամարտի տարեգրությունը, տող առ տող, էջ առ էջ, գիրք առ գիրք ամբողջանում է դեռևս շարունակվող գոյամարտի գեղարվեստական պատմությունը;