Գիրքը ոգի է, հոգևորը` զենք

0

Արցախի ժուռնալիստների միությունը մայրաքաղաքի ՙԱրմենիա՚ հյուրանոցի դահլիճում կազմակերպել էր ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի մամլո ասուլիսը:
ԼՂՀ գրողների միության նախագահն իր խոսքում մասնավորապես կանգ առնելով միության գործունեության վրա` շեշտեց մշակույթի, գրքի, գրականության դերը հասարակության, մարդու, քաղաքացու ձևավորման, հոգևոր աշխարհի մաքրագործման մեջ: Նա նշեց, որ Ադրբեջանի բռնապետության լծի տակ Արցախի գրողների միությունը նաև ազգային ¬ պետական գործունեության առաքելություն էր ստանձնել, ինչպես նաև մեծ դերակատարություն ունեցել հոգևորի, հայապահպանման գործում: ՙԵվտուշենկոն այսպիսի մի խոսք ունի, որ Ռուսաստանում գրողը միայն գրող չէ: Սա ավելի շատ կարող է հարմար գալ փոքր ժողովուրդներին,- ասաց Վ.Հակոբյանը:- Այս պարագայում Արցախում ապրող գրողը միայն գրող չէ: Հաճախ մենք խոսում ենք այն մասին, թե գրողը հասարակական¬քաղաքական գործընթացներին ինչպես է ներգրավված. մեր գրողներից յուրաքանչյուրը ներգրավված է հասարակական¬քաղաքական կյանքի գործընթացներին, պաշտոններ է վարում, և գործի բերումով կենսական գործառույթներ է իրականացնում: Թումանյանն ասել է. ժողովուրդներն իրար ճանաչում են իրենց գրականությամբ: Այս պարագայում ես պիտի ասեմ, որ Արցախի գրողների միությունը անկախության տարիներին կարողացավ ներկայանալ պատշաճ գրականությամբ՚: Ըստ Վ. Հակոբյանի` գիրք ստեղծում են գրողները, իսկ միությունն ուղղորդում է այդ աշխատանքները: Այս առումով գրողների միությունը իսկապես որոշակի աշխատանք կատարում է: Կան մի շարք կարևոր խնդիրներ, որոնցից առաջինը Արցախի հիմնախնդրի ճշմարտությունը գրականությամբ աշխարհին ներկայացնելն է: Այս ուղղությամբ քայլեր կատարվում են: Հասարակության զարգացման գործընթացում դեր ունենալու ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են: Այսօր ասպարեզում ստեղծագործում է մի սերունդ (Ռոբերտ Եսայան, Հրանտ Ալեքսանյան, Կիմ Գաբրիելյան, Նորեկ Գասպարյան, Ժաննա Բեգլարյան, Համլետ Մարտիրոսյան, Դավիթ Միքայելյան), որն ունի իր դեմքը, ձեռագիրը, խոսքը: Երիտասարդ հերթափոխի պատրաստման գործում գրողների միությունն իր դերակատարությունը ունեցել է, և այդ պատասխանատու աշխատանքը մշտապես եղել է Գրողների միության նախագահի ուշադրության կենտրոնում:
Վ.Հակոբյանն ասաց, որ հաճախ խոսք է գնում, որ չկա փայլուն երիտասարդ սերունդ, բայց ինքը չի ընդունում այդ միտքը: Այստեղ անհատի դերը էական է, բայց այսօր իրենց հաստատած անունների մասին խոսելը մի քիչ դժվար է, կարևորը գործընթացը կենդանի պահելն է, և եթե հողը փխրուն է, և նրա մեջ ծիլեր կան, ուրեմն, ծառը կբարձրանա, կպտղավորվի:
Խոսվեց նաև այն մասին, որ Արցախում ստեղծվող գրականությունը թարգմանաբար պետք է ներկայանա աշխարհին, մինչդեռ Արցախի գրողների գրքերի թարգմանությունը կապված է ֆինանսական խնդրի հետ:
Գրական, գրահրատարակչական գործը մեծ աշխուժություն ապրեց անկախության տարիներին: Մամլո ասուլիսում տեղեկացվեց, որ սկզբում ֆինանսները տնօրինում էին կրթության և մշակույթի նախարարությունները, իսկ այսօր հինգ միլիոն գումարի գիրք տպագրելու իրավունքը վերապահվում է Գրողների միությանը (հրատարակչական ամենամյա պլանները հաստատվում են ԼՂՀ կառավարության կողմից):
Առիթից օգտվելով` Վ.Հակոբյանը մի հարց էլ շոշափեց. որ վերջին հաշվով, ոչ մի տեղ, ոչ մի գրողների միություն չի հրատարակում միայն բարձրարժեք գրքեր, կարող են լինել և թույլ գործեր: Բայց, իհարկե, թույլը չպետք է որակ կազմի: ԳՄ նախագահը նշեց, որ Արցախում հրատարակվող գրքերի որակը տեսանելի է: Բայց շուկայական հարաբերությունների, հայացքների իրարամերժության, ճաշակների տարբերության պայմաններում, երբ անցնում են կոռեկտության, թույլատրելիության սահմանը, ստեղծված գրականությունը նշավակվում է, ստեղծվում է կարծիք` երբեմն` առանց կարդալու, առանց խորանալու: Ճշմարտությունը զանգվածային լրատվամիջոցներում վեր հանելու գործում լրագրողները շատ անելիքներ ունեն: Մենք պետք է կարողանանք մամուլում ասել ճշմարտությունը, և լրագրողներն այս առումով անելիքներ ունեն:
Վ. Հակոբյանը մեծագույն նվաճում համարեց համահայկական գրական դաշտի ստեղծումը: Այսօր ՀՀ գրողների միության հետ համատեղ բավականաչափ միջոցառումներ են կազմակերպվում, հանդիպումներ են լինում տարբեր առիթներով: Ամեն տարի Մուրացանյան արվեստի օրեր են անցկացվում, երիտասարդ գրողները մշտապես մասնակցում են ծաղկաձորյան գրական համագումարներին: Արցախի գրողներն անցյալ և նախանցյալ տարի խմբով եղան Լիբանանում, այսօր խոսակցություն է գնում, որ մի խումբ գրողներ պետք է մասնակցեն արտերկրում կազմակերպվելիք մշակութային – գրական միջոցառման:
Գործում են գրական մրցանակաբաշխություններ, Եղիշեի անվան մրցանակը շնորհվում է ամեն տարի: Մի խոսքով, գրական գործընթացը կենդանի պահելու, գրական արժեքներ ստեղծելու գործը շարունակվում է: Ներկաները տեղեկացվեցին, որ ԼՂՀ ԳՄ 60 անդամից 40 հոգի միաժամանակ ՀՀ գրողների միության անդամ է:
Ասուլիսում ծավալվեց անկեղծ ու շահագրգիռ խոսակցություն գրական խնդիրների շուրջ: Հարցերի շրջանակում խոսք եղավ գրահրատարակչությանը տրվող գումարների նվազման մասին, և Գրողների միության նախագահը բացատրեց, որ 8-10 տարի առաջ հատկացված 12 միլիոն դրամը տնօրինվում էր կրթության և մշակույթի նախարարությունների կողմից, իսկ երբ անցյալ տարի Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հանդես եկավ հետաքրքիր առաջարկով, գեղարվեստական գրականության տպագրության գումարը (5 միլիոն դրամ) առանձնացվեց: Վ. Հակոբյանը միաժամանակ նշեց, որ հատկացված գումարը բավարար չէ թարգմանությունների համար, այնուամենայնիվ, որոշ աշխատանք այդ ուղղությամբ տարվում է:
ԼՂՀ ԳՄ նախագահը անհամաձայնություն հայտնեց արտահայտված այն կարծիքին, թե ընթերցողական դաշտը ամայացել է: Այնուամենայնիվ, պետք է միջոցներ փնտրել գիրք և ընթերցող կապը սերտացնելու:
Կարծիք հայտնվեց, որ ժամանակն է համացանցում գրքեր տեղադրել, քանի որ տեխնիկական այդ միջոցը բաց դուռ է, որ պիտի օգտագործվի: Գրողների միությունը կայքէջ ունենալու ուղղությամբ աշխատանք կատարում է, քանի որ համացանցը պահպանում է գրքի հանդեպ հետաքրքրությունը:
Ասուլիսի ժամանակ խոսք եղավ նաև այն մասին, որ գրադարանները նախկինը չեն, որ գրքային ֆոնդը աղքատացել է, ծայրամասային գյուղեր կան, որ ժամանակակից գրքի ու գրողի երես չեն տեսնում, որ դժվար է, բայց առաքյալների նման պետք է գնալ դեպի գյուղն ու ընթերցողը, քանի որ գիրքը ոգի է, արժանապատվություն է: Գիրքը դեռևս գրողի համար նյութական արժեքի չի վերածվում, այնուամենայնիվ, առանց հոգևորի ու գրքի հասարակությունը վերածվում է ամբոխի: Իսկ այն հարցին, թե Գրողների միությանը տրամադրվող պետական գումարներն ինչպես են ծախսվում, ԳՄ նախագահը ժխտեց այն տեղեկությունը, թե միությանը տրամադրվում է 10 միլիոն դրամ, նաև հայտարարեց, որ տրամադրված գումարները ծախսվում են թերթերի ու հանդեսների հրատարակման, գրական միջոցառումների ու հոբելյանների կազմակերպման և աշխատավարձերի վրա:

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Տարածել

Մեկնաբանություններն անջատված է: