Ամալյա Գրիգորյան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ամալյա Գրիգորյանը ծնվել է 1986թ. հոկտեմբերի  26-ին, Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում: Նա ծննդավայրի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը (2003թ.), Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը (2003-2008թթ.), ապա, նույն բուհում, ասպիրանտուրան (2008-2011թթ.) ավարտել է գերազանցությամբ:

2008թ.-ից աշխատում է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանում՝ որպես հայոց լեզվի և գրականության ամբիոնի ավագ դասախոս։ 2018թ-ից Ամալյա Գրիգորյանը  համալսարանում գործող Արեւմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կենտրոնի տնօրենն է: 2015թ. Ամալյա Գրիգորյանը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ազգային-ազատագրական պայքարի արտացոլումն արցախյան պոեզիայում» թեմայով, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Նա հեղինակ է գրականագիտական մի շարք հոդվածների և աշխատությունների, որոնք տպագրվել են «Գիտական ընթերցումներ» (2009թ.), «Նարեկ» (2011թ.), «Լրատու» (2009թ., 2011թ.), «Դպրատուն» (2014թ., 2015թ., 2016թ., 2017թ.), «Գիտական տեղեկագիր» (2011թ., 2015թ., 2016թ., 2017թ.), «Հայագիտական հանդես» (2015թ.), «Եղիցի լույս», «Ազատ Արցախ» և այլ պարբերականներում ու առանձին՝ «Ազատամարտի արցախյան պոեզիան» (2015թ), «Բառը ժամանակակի զուգահեռականներում» (2018թ) և  «Գեղագիտությունը և բանաստեղծությունը Սարինյանի հետ» (2018թ) գրքերով։

Ամալյա Գրիգորյանը Արցախի և ՀՀ գրողների միության անդամ է: