Ժաննա Բեգլարյան

ԺԱՆՆԱ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ծնվել է 1955 թ. ապրիլի 16-ին ԼՂ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում: Միջնակարգը գերազանց գնահատականներով ավարտել է Բաքվի թիվ 30 հայկական դպրոցում: Բարձրագույն բանասիրական կրթություն է ստացել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում (1973-1977): Հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել Հադրութի շրջանի Քարագլուխ եւ Առաքյալ գյուղերի դպրոցներում (1977-1980): 1980-ին տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատանքի անցել ԼՂԻՄ մշակույթի վարչության ժողովրդական ստեղծագործության եւ կուլտլուսավորական աշխատանքի ԳՄԿ-ում` որպես բաժնի վարիչ: 1993-1999 թվականներին, որպես գրական ռադիոհաղորդումների խմբագիր, աշխատել է ԼՂՀ հեռուստառադիոպետկոմիտեում: 1999 թվականից դասախոսում է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանում, դոցենտ է: 2002 թվականից ղեկավարում է նույն համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնը: Պարբերական մամուլում բանաստեղծական շարքերով, էսսեներով, հրապարակախոսական եւ գրականագիտական հոդվածներով հանդես է գալիս 1974 թվականից: ԼՂՀ եւ ՀՀ Գրողների միության անդամ է, մի շարք բանաստեղծական ժողովածուների հեղինակ:
Ժաննա Բեգլարյանը 2003 թ. «Անկշռելիություն» բանաստեղծական շարքի համար արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան պետական ամենամյա մրցանակի:

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը