Արտաշես Ղահրիյան / Ճշմարիտ ազգային կերպով

0

Ի՜նչ լավ է, որ ժամանակակիցն ենք հայ երաժշտարվեստի դարակազմիկ երևույթի՝ Հովհաննես Չեքիջյանի՝ Պոլսի մեր ազնվական մշակութային միջավայրի առաքյալի, նրա, ում անունը դասվում է Չուխաջյանի, Աճառյանի, Փափազյանի, Հր. Ներսիսյանի, էլի քանի հանճարների շարքին: Նրանք երբեք չիջան իրենց շնորհից, որ ժառանգել էին մայր ժողովրդի անսպառ ակունքից: Կես դար է, ինչ կախարդական փայտիկը նրա ձեռքից հնչեցնում է մեր նույնքան ազնվական երգը՝ բարձունքում ունենալով որպես ազգային երազանք ու արժանապատվություն ժողովրդյան-կոմիտասյան մեղեդին:
…Հենրիկ Հովհաննիսյանի, ով սրբազան քարոզչի տքնությամբ մեզ ուսուցանում է հայկականը՝ լեզուն, մշակույթը, հայեցի ապրելը, մեր ողջ բազմադարյա արարման խորհուրդը: Նա ամեն ինչ գիտե, որը երկար կյանքում ու գործելակերպով զտել, մեզ է հրամցնում որպես ոսկե հատիկ-միտք: Նրան կոչում են միտք-ինստիտուտ, իսկ ինքը իրեն՝ Մաշտոցի գործուղածը իր ժողովրդի ընդերք: Նրա հեռուստատեսային ելույթնե՜րը… իսկ մենք ինչպե՞ս ենք ընդունում նրա պատգամը: Գոնե մեզ հղված ԱՄԱՆՈՐՅԱ ոչ ճիշտ բառի դասը յուրացնենք: Երբ դիմեցի Արցախում լեզվի պաշտպանության պատասխանատու Արտակ Ղուլյանին՝ պատասխանը միանշանակ էր՝ ճիշտ գործածություն է: Ամանորյա-ի նոր բաղադրիչը յա վերջավորություն չի ընդունում՝ վերջ: Ամենօրյա-ի նմանակությամբ մեկի անմիտ գրչով սպրդած սխալ է, որից ազատվել այլևս  «հնարավոր» չէ: Յա-ն ժամանակ-բառի վերջածանց է. մերօրյա, բազմադարյա, այսպահյա, մեկժամյա… ուրեմն՝ ամանորի, որը իսկի չի էլ գոհացնում. ամանոր-տարիանոր, լա՞վ է, շատ էլ արևմտահայ ծագում ունի: Եթե առաջին հնչեցնողը նորամ օգտագործեր, ավելի ճիշտ ու հնչեղ կլիներ:
… Աննա Մայիլյան ու Գուրգեն Դաբաղյան: Լավ երգիչներ շատ կան, բայց նրանք ուրիշ են: Երբ Աննա Մայիլյանին հարցրի՝ կարո՞ղ է՝ Դուք Անտոն Մայիլյանի ազգակցական սերումից եք, իհարկե՛,-ասաց նա, իմ արմատները Շուշիից են, ու հեռախոսում ունկնդրեցի մեծ կոմպոզիտորի «Ծովի երգը» նրա կատարմամբ: Ցավոք, այն մեր օրերում չի հնչում: Անզուգական ռոմանսը հիշում եմ հիսունականների երևանյան ռադիոյից, չէր պակասում պատվերով համերգներից՝ Տիգրան Նալբանդյանի կատարմամբ, ում փարիզյան համերգին Լենինին տարել էր Կոստան Զարյանը: Այս երգչուհու կոմիտասյան մեկնաբանությունը կենսախնդության հաստատում է ի տարբերություն շատերի կատարումների: Կոմիտասը անսպառ հումորով մարդ էր: Առաջին հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը հիշում է. Գևորգյան ճեմարանում ուսանելիս Վարդապետը ստուգել է ճեմարանականների երաժշտական լսողությունը «Կռունկի» մեկ քառյակի կատարմամբ: Երբ երգում է ինքը, Կոմիտասը շատ լուրջ ասում է. «Դու կգնաս Գայանե»: Բոլորը տարակուսում են՝ ի՞նչ ասաց ուսուցիչը: Պարզվեց՝ Գայանե վանքի մոտ է գտնվում Մայր Աթոռի պատկան ախոռը…Հետևում է բուռն հռհռոցը: Գուրգեն Դաբաղյանը արժանի հաջորդն է Ռուբեն Մաթևոսյանի: Նրա հայտնությունը սովորականներից մեկը չեղավ, անմիջապես նվաճեց սրտերը: Երգիչը մեր գյուղ էր եկել մեծ խմբով ու երբ չկարողացա տաղանդը տիրոջ երեսով տալու սովորույթս, զգացի, որ նա նեղվեց ամաչկոտ պատանու նման: Գովասանքն իրեն պետք չէր: Նա գնալու է ժամանակներին ընդառաջ:
Մեր ժամանակակիցն են Սամվել Կարապետյանը և Արգամ Այվազյանը՝ հայ ճարտարապետական հուշարձանների խորազնին հետազոտողները, դեռ երիտասարդ տարիքից, իրենց սրտի կանչով, առաջինը չգիտեմ, երկրորդը՝ երևանյան ընկերս, մասնագիտական կրթություն էլ չստացած: Նրանք արժանավոր շարունակողները եղան անխոնջ Մակար Բարխուդարյանի նման հետազոտողի՝ քննելով, գրառելով, մոռացությունից փրկելով հարյուրավոր ավեր ու կանգուն տաճարներ, այլ կառույցներ Ադրբեջանով մեկ սփռված հայկական բնակավայրերում, այն էլ խորհրդային տարիներին, ինչը հերոսական գործ է: Որ կարևոր է՝ ճշգրիտ է գործում նրանց միտքը՝ երբեք չկեղծելով չբացահայտվելին: Քանի՝ ճշգրտումներ է կատարել Սամվելը Սերո Խանզադյանի «Հայապատումում» եղած վերծանումներից: Ոտով, ինչով հնարավոր է՝ շրջում է ամենուր, ունկնդիր իր մշտարթուն մտքին: Անտառից ձին փայտ բարձած դուրս էի եկել ճանապարհ՝ դեպի տուն, մեկ էլ դեմս է ելնում մեկը՝ պայուսակն ուսից կախ, քրտնած, հավանաբար՝ Կարմիր Շուկայից էր գալիս: «Կարծես ճանաչում եմ Ձեզ»,- ասացի ու նայելով ճաղատին՝ «Գուցե՝ հեռուստատեսային է կրանից»: Նա ներկայացավ ու խնդրեց ցույց տալ Մայր Խաթունի ճանապարհը: Մրխաթունի՝ մեր տեղական արտասանությամբ նրան ուղենշեցի դեպի գյուղամերձ հանդի ավեր եկեղեցական համալիրը, ուր, ինչքան գիտեմ, հետազոտողի ոտք չի դրվել: Արգամ Այվազյանը նույն կերպարն է, արդեն Նախիջևանից: Ապրում էր աղքատ, թողարկիչ էր աշխատում «Հայրենիքի ձայն» թերթում: Շրջում էր հայրենի երկրամասի հայկական ավեր ու սակավամարդ գյուղերում, ուսումնասիրում հայ ճարտարապետական բազմաթիվ կոթողներ, նյութերը հրապարակում: Վերջերս գիտական աշխարհին նեկայացվեց նրա հիմնարար աշխատությունը՝ նախիջևանյան հարուստ ժառանգության համապատկերը, արժանացավ բարձր գնահատանքի: Այսօր այս երկու լրջմիտ հետազոտողները, արդեն մեծ վաստակի տեր, շարունակում են նվիրական գործը: Նրանք իրենք չլինեին՝ որքա՜ն անդառնալի էին լինելու մեր կորուստները հասկանալի պատճառով:
Ինչու՞ չէ, տանք լրագրողներ Ռաֆայել Հովհաննիսյանի,Կարին Տոնյանի, Համլետ Մարտիրոսյանի, Սոֆի Իվանիդիսի անունները, ովքեր մշակութային և այլ բազմազան նախաձեռնություններով լրացնում են հայկական հեռուստատեսային էկրանի չգոհացնող իրականությունը: Նրանց գիտելիքներն ու կիրթ հայերենը հաղոդումները օժտում են նյութով ու հանդիսատեսին փոխանցվող գրավչությամբ: Նաև գործընկերներին հուշելով, որ լրագրողը շատ բան պիտի ամբարած լինի, տեղյակ ամեն ինչից՝ ներկա, թե անցյալ, մշակութային, թե՝ էլ որ, որպեսզի միտքը սնի խոսքը հանդիսատեսի հետ զրուցելիս: Այդպիսին չլիներ Ռաֆայել Հովհաննիսյանը, էկրա՞ն կբերեր աշխարհի բազմադեմ դիմանկարը, հեռավոր կողմերում փնտրելով, գտնելով հայկական հետքերը՝ այդպես հարստացնելով մեր հոգևոր պաշարը: Այդպիսին չլիներ Համլետ Մարտիրոսյանը, կնախաձեռնե՞ր այնքան հարկավոր հաղորդաշարը Վերածննդի դարաշրջանի (և ոչ միայն) հանճարների կյանքի ու գործի խոր մեկնաբանմամբ: Ափսոս, որ այն ընդհատվեց: Կարին Տոնյանը, ում «Հայ ասպետը» դպրոցականներին ուղեկցում է մեր պատմության ու քաղաքակրթության խորքերը, կրթում հայեցի: Սոֆի Իվանիդիսը, ում «Պահոցը» մեզ շատ բան հիշեցրեց Արցախի մոռացվող հայրենաշեն գործերից, դրանք իրագործողների ապրելաոճից:
Բոլոր ժամանակներում մեծագործության կոչվածները քիչ են եղել, իսկ մշակույթի խոտանը՝ անպակաս: Մեր օրերում փոքր ու միջին բիզնեսը որտեղ ասես, որ չի բարգավաճում, բացի տնտեսությունում: Ամերիկյան ապրելակերպի պարզունակ մշակույթը, իրենց իսկ քաղաքագետի՝ Բժեզինսկու խոստովանությամբ, տիրում է աշխարհի երիտասարդությանը՝ նպատակները վերածելով զվարճանքի շոուների, ինչի արդյուքնում ամլանում է ստեղծագործ միտքը: Հրատա՞պ չի հնչում շեքսպիրյան կերպարի խոսքը. ,ժամանակը դուրս է եկել իր շավղիցե: Ասում են՝ 19-րդ դարի երկրորդ կեսերին Գերմանիայում փիլիսոփայությունը այնքան է մասսայականանալով արժեզրկվել, որ շուկայում կանաչի վաճառող կանայք բանավիճում էին այդ թեմաներով: Այսօր ո՞վ չի ներխուժում արվեստների ու գրականության տաճարներ, անճաշակ գովազդով «ամրագրած» իր հնարածին թատերական ներկայացումը, երաժշտությունը, նկարչությունը, գրականը պարտադրում հանդիսականին: Եվ աճապարում են Արցախ՝ մեզ էլ պատճառելու իրենց մտքի աղքատությունը: Մենք էլ, չնայած Գևորգ Մուրադյանի «Դասական ալիքով» տարիներ շարունակ վայելելով համաշխարհային երաժշտական գոհարները, հաճախ տեղի ենք տալիս, ինչպես Հակոբ Պարոնյանը կասեր՝ այդ հոսհոսներին: Բա մեղք չե՞ն Մոցարտն ու երաժշտական ուսումնարանի մատաղ սանը, ով նոր-նոր է սկսում հեգել նոտագրությունը: Չգիտեմ՝ ինչքանով է ջազը հասարակության մտավոր շերտերի, նաև ձևականորեն այն պաշտողների բարձր արվեստը, թեկուզև թափանցել է Գերշվինի և այլ մեծերի ստեղծագործություն, ես անձամբ չեմ կարողանում մերվել դրա մեղեդիազուրկ հնչողությանը, նույնիսկ երբ կատարողները հռչակավորներ են: Բայց ահա աշակերտ ժամանակ Բաքվի ռադիոյից լսելով հրճվագին երաժշտական մի բան՝ անտեղյակ ինչ է այն, մնացի հմայված դրանով և միայն ուսանողական տարիներիս իմանալով, որ Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայի նախերգանքն է՝ առ այսօր իմն է այն: Դասականը, մեր հայ ժողովրդականը, ազգայինը, գուսանականը՝ նմանապես: Աշխարհի ժողովուրդներինը: Չգիտեմ՝ վերոհիշյալ երաժշտական «ժանրերով» հորինվածքների հեղինակները գեթ մի անգամ ունկնդրել, վայելե՞լ են Սարասատեի «Գնչուական մեղեդիները», Օգինսկու «Պոլոնեզը», Սեն-Սանսի «Ռոնդո-կապրիչիոզոն» (վերջինս հիացել է Մակար Եկմալյանի «Պատարագով»), եթե՝ այո, հնարավո՞ր է, որ նրանք գնան անճաշակությանը: Մշակույթում եթե բառը, հնչյունը, վրձնահարվածը չափի մեջ չեն՝ դատապարտված են սնանկության: Ցավալին այնքան դա չէ, որքան մեր տեղի տալը, հաճախ բարձր գնահատանքի արժանացնելը, ինչը ոգեշնչում է «նոր արժեքների»: Ուզում եմ ասել՝ ընտրենք և ընդունենք նրանց, ում՝ ոնց և՛ անունը կա, և՛ ամանումը: Եվ սովորելու բան ունենք իրենցից:
Հիշում եմ՝ տասնամյակներ առաջ Երևան հյուրախաղերի էր եկել Օմսկի՞, թե Տոմսկի ռուսական ժողովրդական պարի խումբը, որի կատարմամբ հայկական «Հոպինո» երգ-պարը անանց հաճույք պատճառեց հայ հանդիսականին ոչ միայն բարձր արվեստով, այլև մեր ազգային կերպը պահելով, գուցե նաև մեր խմբերին գերազանցելով: Պատճառը բացատրվում էր արհեստավարժ պարուսույցի առկայությամբ: Սուրեն Չանչուրյանը իր կոչման բարձունքում էր, նրա բեմադրած շատ պարեր, հատկապես «Կինտոների պարն» ու «Ղանթարին» մնացին հանդիսատեսի հիշողության մեջ՝ որպես եզակի երանելիներ: Ինքը՝ Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, տաղանդավոր պարող էր, այստեղից էլ նրա կազմակերպչական ունակությունները: Նրանից հետո հաջողությունն առաջընթաց չապրեց, եղածը, կրկնվելով տարիներ, պարզ էր, կորցնելու էր հրապույրը: Ինչքա՞ն կարելի է ցուցադրել նազպարն ու բերդպարը: Ինչքա՞ն ձեռք-ձեռքի տված վեր-վեր ցատկել, ավելի շատ ֆիզիկական շարժումներ անել, իրանով աջ-ձախ, առաջ խոնարհվել: Պարը նախ ոտնաշարժության արվեստ է, որքան նորովի թարմ ու կատարյալ՝ այնքան գրավիչ: Մարդ հաճույք է ստանում կովկասյան ժողովուրդների պարերը դիտելով, իսպանականները, բա իռլանդական աշխարհահռչակ պարի ելույթները… իսկ մերը. քանի՞ տասնամյակ կարելի է ուս ուսի ելնել ու որպես բերդպար պտտվել, երբ ժամանակակից կատարումներում այնպիսի անհավատալի ատլետիկ գեղարվեսական համարներ են ցուցադրվում, որոնց մոտ մերը… իսկ ավանդույթներ չունեցող արցախյանը, պարզ է, պիտի ընդօրինակի հայաստանյան համույթներին: Ելքը մեկն է՝ ստեղծագործ անսպառ մտքով օժտված մասնագետ պարուսույցի հայտնությունը, ինչը ե՞րբ կլինի… Հենց ստեղծագործողը ոչ միայն կկատարելագործի հայկական ազգային պարը, այլև դրա ոգով ինքը նոր պարեր կյանքի կկոչի, որպեսզի տևական չմնա ավանդականից գերված:
Որպես ընթերցողի՝ ինձ մտահոգում է մերօրյա հայ գրական միջավայրի անորոշությունը. Ու՞ր է գնում: Արժեզրկող մասսայականացումը այստեղ էլ է բանը հասցրել շոու-ցուցադրության, ինչից գլուխ չես հանում: Ու՞ր են տանում ոչ միայն բանաստեղծությունը, այլև պատմվածքը, ինչից բարեբախտաբար զերծ է մեր գրականության Արցախյան թևը: Ավանդականը՝ վերացական, մոդեռնը՝ կարծես այլևս ոչ մոդեռն, բայց ի՞նչ, ո՞ր երկրի ու ժողովրդի մարդու ո՞ր ներքնատեսությունն է դրանցում: Վե՞րջ Հրանտ Մաթևոսյանի, բանաստեղծներից էլ՝ չգիտեմ ում սերնդի գրական դասին…
Հայ ժողովուրդը մեկ հազարամյակում համաշխարհային պոեզիայում հանգրվանելու 10-15 բանաստեղծի է ծնել՝ սկսած Նարեկացուց: Այնպիսի հնչեղ անուններ, ինչպիսիք են Պատկանյանը, Հովհ. Հովհաննիսյանը, Պեշիկթաշլյանը, Մահարին և այլք մղվել են երկրորդ պլան և մնալու են միայն մերը: 10-15-ը մեծ թիվ է, այդքան չեն ծնել մեզնից տասնապատիկ մեծաքանակ շատ ժողովուրդներ: Ասել է թե՝ գրենք, տպագրվենք հազարներով, բայց լինելու է այն, ինչը լինելու է մեզնից հետո: Ամենադժվարը, իմ կարծիքով, գրական գործը գնահատելն է, ոչ ոք չի կարող այն արժևորել ըստ հավերժական ընթերցող-կերպարի ճաշակի: Այնպես որ՝ գրենք, նկարենք, քանդակենք, հնչունավորենք մեր ազգային ճշմարիտ կերպին ունկնդիր: Իմ համոզմամբ՝ դրանից շեղվելն է հասցնում շիլա-շփոթին:

Եղիցի լույս 06(174) – 2016

Տարածել

Պատասխանել