Արցախաբնակ բանաստեղծուհին՝ Պոեզիայի միջազգային  փառատոնի մասնակից

0

Մայիսի 7-ից Ռումինիայի Յասսի քաղաքում մեկնարկած Պոեզիայի միջազգային փառատոնի Հայաստանի և Արցախի գրողների ներկայացուցիչն արցախաբնակ բանաստեղծ Սոնա Համբարձումն է։

  • Մայիսի 8-ին իմ առաջին օրն էր փառատոնում։ Ռեգինա Մարիայի անվան թագավորական թանգարանում այդ օրը իրենց բանաստեղծություններն էին ներկայացնում փառատոնի հրավիրյալ պոետների խումբը, ընդ որում՝ նաև ես, Վարուժան Ոսկանյանը՝ ռումինահայ, Ադի Քրիստին՝ փառատոնի կազմակերպիչ, Մշակութային կենտրոնի տնօրեն, Մարիուս Չելարուն՝ ռումինացի պոետ, թարգմանիչ, Վլադիմիր Քուեզ Դա Սիլվան՝ Բրազիլիա, Մամտա Սագարը՝ Հնդկաստան, Տուգրու Քեշքին՝ Իգդիր, Արկադի Սուչեվանոն՝ Ռումինիա, Բիլլ Ուոլակը՝ ԱՄՆ¦,- «Artsakhtert»-ի հետ զրույցում ասաց Սոնա Համբարձումը։

Նրա խոսքով՝ փառատոնի 2-րդ օրն այցելեցին Ալեքսանդրու Իոնայի անվան լիցեյ, որտեղ նրանց դիմավորեցին տնօրենը, դասախոսներ և գրասեր ուսանողներ։

«Հանդիպումից հետո այցելեցի տեղի հայկական եկեղեցին և հանդիպեցի հայ համայնքի գրասենյակի պատասխանատու Զարեհ Նազարյանի հետ»,- պատմում է Սոնա Համբարձումը՝ նշելով, որ հանդիպումը կազմակերպել էր ռումինահայ Վարուժան Ոսկանյանը, ով տարիներ շարունակ եղել է Ռումինիայի պառլամենտի պատգամավոր, ֆինանսների նախարար։

Բանաստեղծուհու հաղորդմամբ՝ օրվա երկրորդ կեսից մինչև ուշ երեկո Ռեգինա Մարիայի անվան թագավորական թանգարանում լսեցին պոետների՝ Կասիան Մարիա Սպիրիդոն՝ Ռումինիայի գրողների միության Յասսի մասնաճյուղի նախագահ, Մառլենա Բրաեստեր՝ Իսրայել, Մետին Չենգիզ՝ Թուրքիա, Ավրորա Չուքա՝ Ռումինիա, Ստեֆանիա Հանեչու՝ Ռումինիա, Իոան Պինտեա՝ Ռումինիա, Մոհամմեդ Սալմավի՝ Եգիպտոս, Նիկոլայ Սպատարու՝ Մոլդովիա:

«Մայիսի 10-ին օրվա առաջին կեսին ընթերցումները Վասիլի Ադամաչիի անվան Յասսիի գյուղատնտեսական քոլեջի ուսանողների հետ էր»,- ասաց Սոնա Համբարձումը: Նրա  ներկայացմամբ՝ ճաշից հետո էքսկուրսիոն այցեր ունեցան տեղի եկեղեցիներ, թանգարաններ, թագավորական պալատ։

Մայիսի 11-ին փառատոնի 4-րդ օրն էր։

«Ամեն օրվա առաջին կեսին պոետների խմբերը ռումինացի թարգմանչի և Ռումինիայի գրողների միության ներկայացուցչի հետ այցելում են Յասսի համալսարաններ, հանդիպում ուսանողների հետ, ընթերցում և լսում բանաստեղծություններ, ինչպես նաև պատասխանում ուսանողների հարցերին։

Բանաստեղծուհու բնորոշմամբ՝ Յասսին տարատեսակ ծաղիկների, եկեղեցիների ու պալատների քաղաք է։

Միջազգային փառատոնին մասնակցում են աշխարհի 28 երկրից ժամանած պոետներ, թարգմանիչներ։

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 

Տարածել

Պատասխանել