Մենք կարող ենք մեր խոսքը հասցնել աշխարհի տարբեր ծայրեր

0

Մայիսի 7-14 Ռումինիայի Յասսի քաղաքում տեղի է ունեցել Պոեզիայի միջազգային փառատոն, որին մասնակցել է նաև բանաստեղծ, Արցախի և  Հայաստանի գրողների միության անդամ Սոնա Համբարձումը։ Մեր զրույցը.

-Ռումինիայի Յասսի քաղաքում առաջին, իսկ, ընդհանրապես, երրորդ անգամ եք մասնակցում Պոեզիայի միջազգային փառատոնի: Կարելի է ենթադրել, որ այդ երկրում կարևորում են պոեզիան և մշակույթը:

-Պոեզիայի միջազգային փառատոները միտված են նաև գրական նոր սերունդ և ընթերցողների շրջանակ ձևավորելու, գրական նորությունների փոխանակման, փոխադարձ ճանաչողությանը։ Երբ կարողանում են կազմակերպել այս խնդիրներին ուղղված հանդիպումներ՝ փառատոնը կարելի է կայացած համարել և ես հաջողված ու կայացած եմ համարում Յասսի փառատոնը։ Քաղաք, որի յուրաքանչյուր անկյունն իր բանաստեղծությունն ու կրեատիվ շունչն ունի, չի կարող գրականություն չսիրել։

-Քանի՞ երկրից էին մասնակցում փառատոնին:

-Մասնակցում էինք 28 երկրի 60 ներկայացուցիչ։ Կազմակերպիչները պոետներին բաժանել էին՝ A, B , C, D, E, F խմբերի, որոնք օրվա առաջին կեսին առանձին հանդիպումներ էին ունենում, իսկ երեկոյան՝ միասին։

-Ինչքան գիտեմ Արցախ-Հայաստանը ներկայացնում էիք միայն Դուք: Իսկ հանդիպումները շա՞տ էին:

-Հայաստան և Արցախ, քանի որ մեր ռումինահայ բանաստեղծ Վարուժան Ոսկանյանը ներկայացնում էր Ռումինիան, ես կարող եմ ասել, որ միակ ներկայացուցիչն էի Հայաստան-Արցախից։ Փառատոնը խիտ գրաֆիկ ուներ: Ես բացակայեցի բացման արարողությունից, բայց ժամանմանս առաջին օրը պոետների A խումբը, որի 10 ներկայացուցչից մեկը ես էի, այցելեցի Յասսիի Ալեքսանդրու Իոնայի անվան լիցեյ, որտեղ մեզ դիմավորեցին լիցեյի տնօրենը, դասախոսներ և գրականասեր ուսանողներ։ Յուրաքանչյուրս մեր մայրենի լեզվով կարդացինք 3-4 բանաստեղծություն և թարգմանիչը դրանք ներկայացրեց ռումիներեն։ Այդ օրն իմ առաջին հանդիպումն էր ռումինացի երիտասարդների հետ և ուսանողներից մեկը հանդիպման վերջում ինձ նվիրեց իմ դիմանկարը՝ ասելով, որ ինքն այսպես է տեսնում իմ բանաստեղծությունը։ Սիրեցի։ Լսեցինք ստեղծագործող երիտասարդների պոեզիան և պատասխանեցինք նրանց հարցերին։ Հաջորդ հանդիպումը Յասսի Վասիլի Ադամաչիի անվան գյուղատնտեսական համալսարանում էր՝ նույն ձևաչափով։ Երեկոները ընթերցումներ էինք ունենում պոետների բոլոր խմբերով Ռեգինա Մարիայի անվան թագավորական թանգարանում, որտեղ առաջին օրն բանաստեղծություններ էր ներկայացնում փառատոնի հրավիրյալ A պոետների խումբը։ Հաջորդաբար յուրաքանչյուր խումբ ամեն երեկո բանաստեղծություններ էր ընթերցում։ Էքսկուրսիոն այցեր ունեցանք տեղի եկեղեցիներ, թանգարաններ, թագավորական պալատներ։ Մայիսի 11-12-ը Յասսի քաղաքի «Palace» առևտրային կենտրոնում պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակում 2 օր անցկացվեց նաև «Librex» գրքի տոնավաճառ փառատոն, որի ընթացքում օտարազգի գրողներս ընթերցեցինք մայրենի լեզվով բանաստեղծություններ՝ հընթացս ռումիներեն ու ֆրանսերեն թարգմանություններով։ Այդ փառատոնի հանձնաժողովը, տնօրեն Պետրու Ռադուի հետ, ընտրեց 10 բանաստեղծի և պարգևատրեց, այդ պատվին արժանացա նաև ես։ Այնուհետև ընթերցումներ ունեցանք ռումինացի գոբելենագործ Չելա Նեմցու-միջազգային հայտնի արվեստագետի անվան մշակույթի կենտրոնում։

-Տարբեր երկրներից Ռումինիա ժամանած գրողները տեղյա՞կ են այսօր ինչ է կատարվում Արցախում:

-Որոշները՝ այո, իսկ որոշներն էլ անտեղյակ են անգամ, որ այդպիսի պետություն կա։ Ես ընտրելի էի բանաստեղծական այնպիսի շարքեր, որ ներկայացնում են ոչ միայն սիրային ու համամարդկային հարցեր, այլ Արցախում կատարվող արդի դեպքեր ու զգացումներ, և, կարծում եմ, որ նրանք սիրեցին իմ պոեզիան, ես դրանում համոզվեցի, երբ պարգևատրվեցի, երբ կազմակերպչական խմբի տնօրեն Ադի Քրիստին ասաց, որ հուսով է իմ մեկնումը կարճատև կլինի և ես շուտով կվերադառնամ։

-Կգրե՞ն մեր մասին:

-Կգրեն իմ պոեզիայի մասին, որ ես նրանց՝ աշխարհի համար անհայտ վայրից՝ երազող արցախցու մտորումներ էի ներկայացրել։ Երբ ծանոթացա մասնակիցների հետ, նրանք խուսափում էին քաղաքականության մասին խոսելուց, ըստ այդմ, մտածում եմ, միայն պոետիկ կապեր կլինեն, ինչը ևս ձեռքբերում է։ Իտալացի պոետ Դանտե Մաֆֆիան մեծ հիացմունքով պատմեց, որ Դանիել Վարուժան է կարդացել։ Նոր, համատեղ գրքերի տպագրության ու փառատոնի մասնակցության առաջարկներ ստացա։

-Երևի ժամանակ եք ունեցել ծանոթանալ նաև Ռումինիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ. տպավորվա՞ծ եք:

-Այո, հանդիպում ունեցա նաև հայկական եկեղեցու բակում տեղակայված՝ հայկական համայնքի գրասենյակի պատասխանատու Զարեհ Նազարյանի հետ։ Ցավոք, աշխատանքային օրեր էին, չկարողացա հանդիպել բոլորին։ Հայկական թերթ ունեն, հրատարակչություն, մշտապես գրքերի շնորհանդեսներ և մշակութային տարատեսակ միջոցառումներ են կազմակերպում։ Ամեն կիրակի՝ հանդիպումներ, ռումինական ժողովրդի կողմից հարգված են մեր հայրենակիցները։ Դրա վառ ապացույցն այն է նաև, որ Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի պառլամենտում պատգամավոր էր ընտրվում հենց ռումինացիների քվեներով։

-Կար ժամանակ, երբ Արցախում էլ էր կազմակերպվում Պոեզիայի միջազգային փառատոն: Շա՞տ ենք հեռացել դրանից:

– Մենք քիչ ուշադրություն ենք դարձնում թարգմանությանը, դրա համար, կարծես, պարփակված ենք: Քանի որ ես տարիներ շարունակ տպագրվել եմ նաև Ռումինիայի La Poezia եռամսյակային ամսագրում, ռումինական ընթերցողը հիշում էր իմ պոեզիան, սա է ամենակարևորը՝ խոսքը հասցնել աշխարհի տարբեր ծայրեր։ Քո պոետական աշխարհը հասկանում է քո երկրացին, բայց պետք է ճանաչվի նաև աշխարհում, ինչը լուրջ ներդրումներ է պահանջում և՛ գրողից, և՛ գրողների միությունից։ Այս ձևով մեր գրականության Արցախը կարող ենք հասանելի ու ճանաչելի դարձնել աշխարհին:

-Ի՞նչ կավելացնեիք:

-Ես սիրեցի Յասսին՝ ծաղիկներ, եկեղեցիներ, ակտիվ, բայց միևնույն ժամանակ՝ քաղաքակիրթ, տեխնոլոգիաներով հագեցած քաղաք է։ Ինձ հիացրեց գրադարանների կահավորանքն ու աշխատաոճը, ուսանողների հետադարձ կապը, արդեն 10-րդ անծանոթ նամակն եմ ստացել ֆեյսբուքիս: Ես երջանիկ եմ, որ նորը բացահայտելու և նորը զգալու հնարավորություն ունեցա, իմ օտարազգի գրական ընկերների ցանկը ընդլայնելու պատիվ ունեցա, ճանապարհ հաղթահարելու սարսափ և կարևոր անձանց աջակցություն։

Անի Մանգասարյան

Տարածել

Պատասխանել