Այսօր հանճարեղ պատանին կդառնար 50 տարեկան

0

Նա մնաց հավերժ ուսանող, սակայն իր ապրած կյանքով ու սխրանքով դարձավ հավերժ ուսուցիչ՝ ապրողներին հղելով ամենակարևոր դասը՝ հայրենիքը վեր է  ամեն ինչից և հանուն հայրենիքի պաշտպանության չխնայել ոչինչ, անգամ՝ սեփական կյանքը. կյանք, որ ընդամենը 19 գարուն էր…

Իգոր Հասրաթյան։ Նա Արցախի պետական համալսարանի լավագույն ուսանողներից մեկն էր, ով Արցախյան առաջին պատերազմին կամավորագրվեց՝ հայրենիքի պաշտպանությունը վեր դասելով գիտության ոլորտում սպասվող հաջողություններից, որը կանխատեսում էին դասավանդող դասախոսներն ու նրա ստեղծագործություններն ընթերցող մասնագետները։

Ծնվել է 1973 թ. սեպտեմբերի 7-ին Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղում։ Դեռևս դպրոցական տարիներից Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից էր: «Պրոֆեսոր» մականունով էին կոչում նրան: Արցախյան շարժմանն անդամագրվելու կասկածանքով նրան ուզում էին հեռացնել դպրոցից: «Հանճարեղ պատանին» (այսպես էին կոչում նրան արտակարգ ընդունակությունների համար) գերազանցությամբ հանձնել է ընդունելության քննությունը և 1990 թվականից դարձել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի ուսանող, որի ավարտական (գերազանցությամբ) դիպլոմին արժանացել է հետմահու: Ուսանողական տարիներին անդամագրվում է  «Ցեղակրոն» կուսակցությանը, դառնում  Նժդեհի գաղափարների դավանողն ու տարածողը։ 17-ամյա պատանին շրջում էր Արցախի տարբեր վայրերում, ոգեշունչ ելույթներ ունենում: Պատմում են, որ նա, լինելով համալսարանի առաջին կուրսի ուսանող, դասախոս Ռոնա Բալայանի փոխարեն դաս է վարել՝  պատմությունից ունեցած  իր խորքային ու համապարփակ գիտելիքներով հիացնելով ներկաներին:

«Հիշում եմ,  առաջին կուրս մտավ  բարձրահասակ, գեղեցկադեմ, մի քիչ ամոթխած, մի քիչ գանգուր մազերով, բաց գույնի կոստյումով մի պատանյակ։ Շատ զուսպ էր։ Նրա լռության մեջ ասես համարձակ մտքեր էին պտտվում։ Երբ գնում էին գիշերային պաշտպանական կամավորական գործողությունների ու վերադառնում, ասես ժամ առ ժամ դեմքը, ինչպես նաև իր ընկերների, փոխվում էր, հայացքը` հասուն մարդու հայացք էր դառնում… Գերազանց էր սովորում, չհասցրեց… լավ պատմաբան կդառնար…»,-Իգորի մասին անթաքույց հիացմունքով է հիշում ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը։

Իգորը երիտասարդ տարիքում հեղինակել է «Զվարթ գիտություն» փիլիսոփայական գիրքը, որտեղ երևում է նրա՝ տարիքին անհամեմատ հասուն մտածողությունն ու տաղանդով օժտված լինելը։  Հանճարեղ պատանին Արցախյան առաջին պատերազմում անցել է փայլուն մարտական ուղի՝ իր սխրանքով նպաստելով հաղթանակին ու անկախության կերտմանը։

1992 թ. մայիսի 10-ին նրա մարտական ուղին ընդհատվեց ։

Հավերժ փառք և խնարհում:

 

Զարինե Սառաջյան

Տարածել

Պատասխանել