Նվարդ Ալեքսանյան / Հեռացած խաղաղությունդ մոտենա…

0

1988-ի փետրվարը…ազգային զարթոնքի աստեղային ժամանակը, ինքնագիտակցության տիրատուր վեհությամբ դարձը՝ սեփական արմատներին, պատմությանը, հաղթանակներին…
…Հիմա, կորուստների սրտմաշուքով խուսափում ենք 88-ի… աչքերին նայելուց, բայցև ուժերի գերլարումով փորձում ոտքի կանգնել՝ մեր ժողովրդի ինքնապաշտպանության և ինքնանորոգման անխորտակ ուժին ապավինելով…
Իսկ դիմակայման հազարամյակների պատմության էջերը, ցավի ու տառապանքի մարմնացում լինելով հանդերձ, մեզանում կոթողային են պոեզիայում, արձակում, երաժշտության, քանդակագործության, նկարչության, արվեստի ու արհեստի բյուր ելևէջներում,կենցաղի բոլոր տարրերում` տարազից մինչ ուտեստ ու սովորություն:
Շարունակում ենք դրանց մեջ ապրել,դրանք կրելով որպես և ճակատագիր,և որպես չհեռացող անցյալ ու աննահանջ երազանք:
…«Ծիծեռնակը բույն է շինում», «Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունիս», «Ափ մը մոխիր, Հայրենի տուն», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ…»… Մեզնից յուրաքանչյուրը, հավատացած եմ, կշարունակի շարքը: Այդ ամենից առաջ էր քերթողահոր ողբը, իսկ դրան էլ նախորդած կլինեին նմանատիպ, մեր ժամանակի լեզվով ասած` ուղերձներ, առաջնորդողներ, հայտարարություններ: Այս ամենը փոխանցվել է մեզ` թե գրավոր ու բանավոր, թե` արյամբ:
Ինքնապաշտպանության բնազդով չէ, այլ դարերի փորձությունն ապրած, բյուր անգամ կենաց ու մահու պայքարում թրծվածի պարտադրանքով, որ կարողանանք մեր ոչ սովորական ճակատագրով գլուխ հանել մեզ ամեն կողմից շրջապատած գելի ոհմակի հարձակումներից, կարողանանք աշխարհի մեծ գիշատիչ- խաղացողների հետ մեր խաղն այնպես խաղալ, որ տանուլ տվածը լինի աննշան, դյուրին վերականգնվող: Ու նաև կարողանանք հպարտությամբ ամեն անգամ վկայակոչել մեր պատմության նոր ու հաղթական դասերը` անցյալի սխալները չկրկնելու վճռականությամբ:
Հիմա, դժվարին մեր օրերում, չգիտեմ, 44-օրյա պատերազմը մեր թույլ տված սխալների ո՞ր վտանգավոր արանքով է սողոսկել, բայց որ դա եղել է քայլ առ քայլ, բոլորիս թողտվությամբ ու աչքի առաջ, անհնար է ժխտել: Կրկին պատերազմն իր արհավիրքով ավերել է և մեր երկիրը, և մեր հոգին: Հենց մեր լուսեղեն զոհյալների մասին է Մեծ Լոռեցին ասել` «Ինչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին…»:
Խոստովանենք, դարեր շարունակ կռվախնձոր դարձած հայ Արցախը հենց մեր թուլությամբ է դարձել կռվախնձոր. ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Աշխարհի քարտեզը` զորօրինակ, փոքր-ինչ եթե թերթենք այսօր իենց ուժի դիրքերից մեզ կամք թելադրող երկրների պատմության էջերը,անշուշտ, կերևան դրանց արյունռուշտ երախները և այդ ամենի ֆոնին էլ` առավել ցավագին, սեփական պատմության դառը դասերի հանդեպ մեր աչք փակելը: Իսկ դա մեզ համար նույնն է, ինչ` կամովին անապատի սամումին հանձնվելը:
Բայց… փառք մեր զինվորին, մենք կանք, հենց նրա հայրենապաշտ կերպարով ենք ներկա և մեր անցյալում և… ներկայում:
Երբ ինքնահաղթահարմամբ օրամսխելի անհաշտությունից` մեր հավաքական ուժն ու միասնությունն ենք վեր դասում, հաջողությունն անխուսափ է: Բայց ինչո՞ւ միայն օրհասի պահին ենք գիտակցում, որ նահանջի տեղ չունենք: Ախր, գիտենք, որ էլ տեղ չունենք նոր կիլիկիաների,նոր մարաշների, նոր հաճըների, նոր մարաղաների, հիմա էլ` կսկիծով ավելացնում ենք` նոր հադրութների,նոր կովսականների ու միջնավանների…
…Անցյալ դարի 90-ականների պատերազմում պարզերես հասանք Արաքսի ափը, արժանացանք նրա օրհնանքին ու շատ չանցած կրկին հանձնվեցինք աշխարհի խարդախների մեզ հրամցված փափուկ բարձի նիրհին, մեր հոգում լռեցնելով ինքնապաշտպանության այն հզոր ձայնը, որ անլռելի զանգակատան պես մշտապես զգոնության ու սեփական ուժին ապավինելու կոչ է:
Այդ ինչպե՞ս եղավ, որ ազատության դրոշ պարզած մի անզեն ու անպաշտպան ժողովուրդը կարողացավ շուն թուրքին հալածել մեր հայրենիքից, սահման ու ապագա նախանշել:
Աստծուն անչափ հաճելի էր նայել մեզ վրա, քանզի ազատությունն աստվածային սկիզբ ու զորություն ունի: Եվ հիմա հոշոտված իմ հայրենիքի փրկության համար աղոթքս ուզում եմ Տիրոջը լսելի դառնա` «/Ընդհատված ձայնը ողջույնիդ լսվի/,//Հեռացած խաղաղությունդ մոտենա//»: Նարեկացու այս տողերին խառնված` և շարունակվի Դավթի սաղմոսով. «Տեր, մարդուն մի վերադարձրու տառապանքի, և թող պակասեն մեղավորները երկրից»:
…«Արցախ, ինչո՞ւ դու եղար իմ հայրենիքը», իր բնօրրանը շատ սիրելուց է այսպես տրտմագին խոսել արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանը: Սիրտ մրմռացնող խոստովանություն է, բայց և որդիաբար նրան տեր կանգնելու և նրանով զորանալու չնահանջող փափագ: Եվ իր այս խոսքի շառավիղը գրողը փորձել է խառնել գրչակից ու բարեկամ Հրանտ Մաթևոսյանի տեսլականին:
Այսօր հեռավոր թվացող 1995-ին, «ԼՂ Հանրապետություն» թերթի մարտի 21-ի համարում տպագրված հարցազրույցում մեր օրերի համար մի շարք ուշագրավ շեշտադրումներ կան:
Հատկանշական է, որ Մ. Հովհաննիսյանի վարած հարցազրույցը կայացել էր 1989-ին, Շարժման երկրորդ տարում, երբ ամեն ինչ դեռ խմոր էր, իսկ մեր քաղցր հացը դեռ առջևում էր` հաղթանակով, ազատությամբ շաղախված:
Ահա Հ.Մաթևոսյանի խոսքից պատառիկներ. «Ղարաբաղը իմ մեծ հաստատումն է հայրենիքի: Ղարաբաղի կորուստը` համարիր, որ ուղղակի հայրենիքի կորուստ է լինելու, շատ դաժան բան եմ ասում, բայց այդպես է: Բզկտված, հոշոտված այս վիճակից մենք դուրս կգանք, մեր վերքերը կլիզենք, կամոքենք մեզ և կգնանք մեր ճամփան: Թումանյանը մի հեքիաթ ունի, երեխայությանս տարիներին իմ ամենաչսիրած գործը Թումանյանից` այդ հեքիաթն էր: Խելոք եղբայրը հիմար եղբորը զրկում է: Ուրեմն, մենք համայն ազգերի համար պատմության մեջ հիմար այդ եղբայրն ենք լինելու, եթե մեզ զրկենք Ղարաբաղից»:
Հ. Մաթևոսյանի խոսքով՝ մարդու, անհատի հաստատուն, աներեր պահվածքն էլ ժառանգություն է, իսկ նման ժառանգություն արցախցիներս ստացել ենք մեր տոկուն ու հայրենասեր նախնիներից: Եվ նաև հավատարիմ այդ ուխտին՝ 44-օրյա պատերազմից ավերված մեր շենքի բնակիչները վերադառնում են իրենց արդեն իսկ ավերակներից ազատված տները, որ ծիծեռնակի նոր բույնի պատմությունը նոր շարունակություն ունենա…

«Եղիցի լույս»
Թիվ 01 (198) 2022թ.

Տարածել

Պատասխանել