Արտաշես Ղահրիյան / Մեծ արտի հնձին (Պատմվածք)

0

Լալաբեկանց տան խայտառակությունը որ բացվեց, Արգամը Կարյագինոյից ձմեռվա բուք-բորանին ոտով եկավ հասավ տուն, Թաղեր, եկավ ու աղու-լեղին աչքունքից կաթելով, հոր ու մոր մթնած աչքառաջ երկու տարեկան մինուճարին փաթաթեց իրենց հին բրդե շալով՝ կռնատակերով բերած մեջքին խաչկապ արած գիրկն առավ՝ որ տանելու էր: «Արգա՜մ,- մղկտաց մայրն ու տեսավ տղան մշտական է գնում իրենցից, ոտերը ծալվեցին, փլվեց թախտին: – Իմ խեղճ Արգա՜մ,- երեսը չորացած մատներով ծածկելով՝ մեկ էլ փղձկաց Նատիժ մայրը,- վա՛յ իմ օրին, էս այազին էն քորփան…»: Իսկ հայրը՝ Մեսրոպը. «Տա՛ր, բա ի՜նչ, ասեմ սխա՞լ ես: Աչքս էլ հանում ես»: Արգամը՝ բերանը փակ և աչքունքը՝ շաղված, դռդոռանչ վառվող վառարանի վրա սառած ձեռքերը չտաքացրեց էլ, մի կատաղած խոսք էլ չասաց ում երեսին որ շպրտելու էր, իսկի դուռը չշրխկացրեց, թողեց ծնողներին էդպես ձեռքները կրծքներին խաչած նայելիս՝ ոչ էն է մեղավոր-սևերես, ոչ էն՝ մի խոսք ու բանով օգնական: Տնաշենը… կարծես նրա՞նց մեղքը որն է, որ… ախար էսպես բան ո՞վ է տեսել: Բայց, դե, Մեսրոպը… լեզուն պատ չէր գալիս մեծ տղային առերես ծանր անեծքի կապելու նրա կնկան՝ Արփենիկին ու փոքր ախպորը՝ Լազրին՝ էս պատուհասը գլխներին բերողներին: Ի՞նչ էր փոխվելու, Արգամի հանգած սիրտը տե՞ղն էր բերվելու: Չէ՜… Բայց, դե, Արգամի գնալուց հետո նա ինքն իրեն չդիմացավ:- Որ էդպես եղավ,- տնով մեկ գոռաց, դուրս պրծավ, գնաց փայտանոցից կացինն առավ, վրա հասավ խոտանոցին: Կռների ողջ թափով կացինը խրեց դռան մեջ ու,- Լազր տղա, ախպերդ եկավ, էն քորփին առավ, գնաց, իմացիր… Նա էս կողմ էլ չի նայելու: Ինձ տե՜ղն է, ի՛նձ, որ… – էլ չասաց, թե Արփենիկին քեզնից խլեցի, նրա հետ պսակեցի:
Խայտառակությունը բացվելու, շենով մեկ լինելու օրն էր Լազրը մտել խոտանոց, փակվել, իսկ Արփենիկն էդ գիշեր, որ մարդ չտեսներ, գնացել հերանց: Կացնի թափից դռան տեղահանվելը Լազրի ուշքումիտքը չծռեց էլ, ձեռքերը գլխատակ դարսած, փռված էր խոտին, էդ էլ երեք օր անջուր, անհաց… իսկապես, էսպես բան տեսնվա՞ծ է: Կացինը դռան մեջ թողած՝ Մեսրոպը շուռ գնաց իրեն հենց ուշունցի կապած, որովհետև Լազրը որ լլկված էր, ու ի՞նչ կար, որ ինչ պատասխան տար, հայրը հերսը ո՞նց պիտի տեղը բերեր: Իսկ Լազրի՝ խոտանոցի արդեն ցեց ընկած գերաններին մեխված-մնացած նայվածքում ի՞նչ էր. «Չառնե՞մ Արփենիկին, ես էլ մի կողմի վրա ջհաննամվեմ»: Մինչև անգամ միտը չէին գալիս Արփենիկի խտղտալից ոլորումներն էստեղ, իր կռներում, չոր խոտի բուրմունքում: Տակները տրորվելուց անտերն ի՞նչ դուրեկան հոտ էր արձակում, էդ կոշտ-կոպիտ գոմշախոտը, որ Արգամի Արփենիկը խաղաղվելուց հետո ջոկում էր, դեմ անում երկուսի շնչին… Թյու՛ քեզ, փոքր ախպեր, որ չամաչեցիր ձեր տուն-տնտեսությունից, քեզնից մեծից, արա, հենց քեզնից: Նա էս հիսուն թվերին ոտով-ինչով գնա-գա Կարյագինո՝ երկու մանեթ աշխատելու, որ տունը ոտի կանգնեցվի, դու… ը՜մմ: Էն երեխատեր քվորանցդ երեսին ո՞նց ես երևալու, ա՛յ անառակ: Է՞լ որ մեկն ասենք-թողնենք: Մեսրոպի նման իր մեծ գերդաստանի կոռը կրած, ճկված մարդու՞ն, որը չի կարողանալու սրանից հետո աչքը բարձրացնի հանդիպած մեկին: Է՛հ, ինչ ուզում է թող լինի… Լազրը ծանր բռունցքներն իջեցրեց գլխին, շուռ եկավ խոտին ու կծկվեց-մնաց՝ որպես թե աչքից անտես մնալու: Ու՞մ աչքից, երբ հերդ անգամ չուզեց վրադ աչք գցել:
Հիսուներեքի ամռանը կոլտնտեսային Մեծ արտը ո՛չ էդպես լիքը-լցված բերքավորվեր: Ճոնդ ու պոճախ չունեցող ցորենարտը լայ-լայ էր անում: Հուլիսի արևը հիացքով վրան շաղ եկած, զառանբլբուլներն էլ լիությունից խելքահան՝ համատարած դայլայլում էին ի փառս աստծո շնորհած առատության: Ոսկեփետուր թռչնակներ արևի առաջին ճառագայթի կանչով, ցածի գառնախոտե բներում ճտերին թողած դեռ նիրհելիս, ելել էին հասկերին, ավետում էին աստծո նոր օրը: Վաղորդյան զովքից ճոճք ընկած հասկերը անծայրածիր խշշոցով այդ դայլայլներն ի մի արած՝ տանում էին ու՞ր, դեպի ու՞ր… է՜ արտի էն հեռվից հնձվորներին կժով ջուր բերող Արփենիկի՞ն, Սումբաթենց Մարգարի աղջկան, ի՞նչ իմացվեր: Հետպատերազմյան էդ սով տարի Մեսրոպ հայր ու Արգամ, Լազր տղերքը պինդ եռանդ մտած՝ հունձ էին անում հույսով, որ բերքաբաշխմանը հացատեր էին լինելու: Կարյագինոյի կարի արտելի վարիչ Արգամն էլ էր գործը թողած եկել հնձի՝ օգնական իրենց տան: Ո՜չ գար… նրանք ժողովրդից ջոկովի, մի կողմ քաշված էին հնձում, և Արփենիկը նրանցից էր սկսում պղնձե փարչով ջուր տալ մարդկանց: Նա եկավ հասավ թե չէ, Լազրը մանգաղը գցելով՝ վազում, ծանր կուժն իջեցնում էր աղջկա ուսից… Մեկ-երկու, և Արգամը մտածեց, որ էլ սազական չի լինի ինքն էլ անի էդ բանը: Լազրը նախ կժի կոնքից էր բռնում, ու մատերը հպվում էին Արփենիկի թաց ձեռքին, ու քանի որ աղջկան իրենով ծածկում էր հորից ու Արգամից, թաքուն տեսնում էր, որ կժի բերանը փակած շորե խծկանից բարակ ջուր էր հոսում նրա ուսով-կրծքով վար, ու որ շորն էր թրջված, կպած քրտնած մարմնին, ու որ աղջիկը ոնց որ չտեսնելու էր տալիս նրան՝ իրեն էդպես ճմլվելով նայելիս… և Լազրի ծարավից տոչորված բուկն ավելի էր սեղմվում: Հա՛, Մեսրոպը էդ չէր նկատում, բայց հո՛ մի բան գլխի ընկած՝ ծանր էր լռում: Մեսրոպ հայրը, չէ, գնալով նկատեց. Սումբաթենց Մարգարի նման աշխատավորի շնչից պտկվածը, էդ նամուս-պատիվը կուլ տվածը Լազրին ջուր տալիս ուրիշ տեսակ է: Գնալով աչքը սրվում էր հրեշտակին, և ո՞վ կարող էր նրա միտքը մտնել՝ տեղը բերելու, որ հոր մեջ մի բան էն չի, որ նա կուզեր աղջիկը Արգամին ջուր մեկնելիս գլխահակ կարմրատակեր: Ախ, աստված, դու միշտ մի բանում հավատավորիդ ուզածով չես անում: Բայց խի՞, Մեսրոպ, Լազրը քոնը չի՞: Որ քո մտածածով՝ հնուց եկած կարգ-կանոնով պիտի լինի՞. մեծն Արգամն է, արդեն երեսունն անց, քեզնից սերած ծանր լռակյացությունում միշտ դատող-քննող՝ թե որն է իրենը էս առօրյա իրարանցումում, բայց գտնելով էլ կորցնում: Թե՞ անտարբեր, որ այն դեռ էն չի ու էն: Գնացող-եկողները խոսք են բերել, թե Կարյագինո, արտելում մեկը կա՝ սիրահարված նրան, հակակուեցի, անունն էլ Աննա, ամենալավ կար անողը կանանց վելվետե փոթ-փոթ դեյրաների: Ասվում է՝ թուրք կառիների ուշքը գնում է դրանցում: Շունչը պահած փոթերն արդուկելիս համեստորեն մի աչք էլ չգցելով վրան՝ սպասում է Արգամին, բայց ու՞ր է: Բա Ֆաթիմա՜ն… արա, ասում են, էդ ո՞նց է պտույտ գալիս վարիչով, օրական՝ վառվռուն նոր շորում, մուգ մանուշակագույն չարղաթը բարձր ուսերին, թուխ ծամերը կոնքերից էլ կախ: Ֆաթիմայի հույս-հավատն ամեն վայրկյան զրնգուն ծիծաղի մեջ է, երբ բացվում է բերանի առջևի ոսկե ատամը: Շան քածն, իբր թե հեքիաթներում որ լինում են է՛, նրանցից է. բոյը, ֆիգուրը, իսկական նախշուն կուկլա: Մեծ-մեծ թուխ աչքերը երկար թերթերունքների տակից նայում ու նայում են վարիչին, կանչում, իսկ տնաշենը… ու ասում են մի օր, օրվա վերջին, արտելը դատարկվելուց հետո Ֆաթիման մնացել է, դեմ առ դեմ ելել Արգամին ու արցունքն աչքերում գյոլ տված վրնջացել էն անտեր բանը տենչացող ղսրաղի նման. «Որ թուրք եմ, դրա՞ համար… Արգա՜մ, սեվիրամ սանա, ձեր լեզվով՝ սիրում եմ քեզ, ինձ երկալ, տասը ղոչ տղա կտամ քեզ, ալլահը վկա: Արգա՜մ, խահիշ էլիրամ, խնդրում եմ: Խահի՜շ, ազիզ գարդաշ»: Ուշքումիտքը երևի գնացած է եղել վարիչի ինչ պակաս բոյ-բուսաթից, էդ վառող լռությունից ու մշտական մեղրածոր ժպիտից: Էն էլ են ասում, պա՛ ձեր բացբերան փոստը տրաքի, ձեր էդ անսվաղ ռեխը, թե Ֆաթիման մերկ կռների մեջ է առել Արգամին՝ խահիշ էլիրամ… ու բաց չէր թողնում, հետո էլ ծնկած, նրա ոտերը չանգած էր խնդրում: Վերջը, որ բան չի դառել, ելել, շպրտել է երեսին. «անխելք էրմանի»: Մեղք է Արգամը՝ ամեն ինչին կողքանց նայող, իրեն ասված խոսքը իսկապես խորիմաստ ժպիտով ընդունող և պատասխանն էլ ընդամենը այդ ժպիտը: Որ նա չէր մանգաղը գցելով վազելու, կուժն աղջկա ուսից վար բերելու, դրանում էր, էլի, հոր ցավը: Արգամն իր բախտը զիջելու էր Լազրին, թե մեկ ուրիշի: Բայց, մեկ է, Մեսրոպի ուզածով պիտի լինի. մեծը՝ Արգամը, առաջինը պսակվի, որ այնուհետև տուն-ընտանեկան հարազատությունում, Լազրի բախտավորությունում մշտական չմնան Արգամի ցավում, իսկ տարիներն անցնեն, իսկ նրա բախտի թռչնակը ճախրի, գնա ու էլ ետ չգա: Էս է հնձվոր հոր սրտինը…
Չէ, Մեսրոպ հայր, ընտանիքիդ, երեխոցդ եսիր մարդ, սուր աչքդ ոնց որ լավ չի տեսել ու դատել հնձի հանգամանքը: Սումբաթենց Մարգարի քսանհինգ տարեկանը ջոկելու է իրենը՝ էն քաղցր լռությունում հանգած Արգամին: Թաքցնելու է հնձից ու հնձվորից, քեզնից ու աստծուց, որ իրենը մնա իրեն, իսկ Լազրը, ոչինչ, թեկուզ խաբկանքում, ի՞նչ անի Արփենիկը: Նա հո Ֆաթիմա չէ, նա Սումբաթենց Մարգարի ինը տղայի քույր Արփենիկն է, էն իննի պատիվը երեսի քողի տակ պահող-պահպանողը: Նա ու Արգամն արդեն հուլիսյան գիշերվա աստղալից երկնքի տակ ներծծել են արարման ավիշը միմյանցից ու եղել է վերին Տեսանողի օրհնանքը: Երկինքը վառվում էր, կաթկթում էին աստղերը, միայն կարմիր մոլորակը ընթացքում հապաղած՝ ցած էր նայում ու ճպոցով տեսնում նրանց:
– Արգամ, նա մեզ է նայում… անհարմար է:
– Ոչինչ, աստղ է, էլի:
– Ճպում է: Վախում եմ, որ վատ նշան է:
– Ինչի՞:
– Չգիտեմ: Իրեն դու՞ր է գալիս սա: Կարմիր է, պատերազմի աստված Մարսը չի՞: Աստղագիտության դասից է միտս:
– Էսպիսի գիշերները ես մեր խնձորենու տակ էի քնում, ինքը՝ որպես պահապան ինձ:
– Էլի ճպու՞մ էր:
– Քունս շուտ էր տանում, չէի տեսնում:
– Դու քեզ էլ չես տեսնում, վախում եմ:
– Արփենիկ…
– Հա՛, չես մտածում՝ ով ես: Մեղքս ես գալիս:
– Ինչ լինելու է՝ լինելու է:
– Չէ, Արգամ, չէ, էդ ի՞նչ ես ասում:
– Դե, ապրում ենք, էս է:
– Միայն կարմիրը վատ բան չպահի մեզ համար:
– Ննջիր, նա գնում հեռանում է:
– Կլինես ինձ հետ: Որ եղավ է՛ էն, ինչը պիտի լինի…
– Ինչը չէ, ով…
Սրտերի զարկերը հաշվելով՝ նրանք ամփոփվեցին խրձերով դիզված փանջակի լուսնաստվերում: Հոգնատանջ շնչառություններում կայծոռիկներն էին զարմացած պսպղում շուրջը, և ծղրիդն էր անում իր անմեկնելի զրույցը աշխարհին: Գլխավերևի ցորենի փանջակն էր հուսադրում հացի ապահովության: Աղքատությունը հույս է…
Բա՜, Մեսրոպ հայր, կարծել ես, թե որ Սումբաթենց Մարգարի հետ մի կեսօրահացի մի բաժակ արաղով իրար գլխի եք ընկել, որ դա երկուսիդ սրտով կլինի, և Արփենիկն էլ ինչո՞ւ պիտի հայրական մտքինը գետնով տա-ամեն ինչ էդպես է՞: Որ բանը ինքն իրեն քո ուզածով է եղել, ինչու՞ է գլուխդ մտել, թե դու ես աղջկան խլել Լազրից, արժանացրել Արգամին: Չէ՜…
Արգամի բացակա գիշերվա լույս առավոտյան Լազրն ասես այն չէր: Հասկերի փունջը մանգաղի կլորացումով բռան մեջ հավաքել-կտրելն իրենը չէր, ջղային էր, և զառանբլբուլների դայլայլը արտի ծփանքով՝ ջուր բերող Արփենիկին չէր գնում, ու՞ր էր գնում… միտքը խառնակող ունայնությա՞ն: Որդ էր սողոսկել ներսը, աղջկա ուսից կուժը չիջեցրեց, փարչը նրանից չառավ էլ, ասաց՝ «ծարավ չեմ»: Նենգվում էր, Արգամից, հորից քաշված էր հնձում: Եվ որպեսզի հայրը բան չնկատի, իբր թե հենց այնպես ինքն է՝ Լազրը, լույս առավոտյան քեֆը տեղը չէ, հնձում է անհավես, խոսքում, պահվածքում մի քիչ ինքն է, մի քիչ չէ, դե, մարդ է, կպատահի, էլի: Հասկացող լուռը Արգամն է, վերջ: Իսկ թույնը շաղ էր գալիս. «ը՜մմ, սպասեք, Արգամ թե Արփենիկ… էդ ու՞մ քնեցրիք, ձերինը տեսաք էս գիշեր»: Ասես մարդը սխալվում է, ո՞նց կպարտակես: Ու հնձից հետո, աշնանը որ նրանք պսակվեցին, մտադրությունն ավելի պնդացրեց. «Կխլեմ քեզնից, կտեսնես, շատ էլ ինձնից մեծն ես»: Երեք տարի դրա խռով ունքամեջը չէր բացվում, և Մեսրոպ հոր լեզուն պատ չէր գալիս մի բան ասելու նրան, մարդը հանգամանքը գիտեր: Նրանց մթնած աչքառաջ Արփենիկը լցվեց, ծանրեց ու առաջնեկը ծնվելուց հետո էլ սիրտը վառվածն ինքն էր, իսկ հայրը ինքնադատման մեջ՝ թե ձեռս կոտրեր, չխառնվեի: Արգամը գալիս-գնում էր, նորածինը չմփոցով քամում էր մոր լիքը-լցված կրծքերը, իսկ Արփենիկն ասես աչքը մի ինչի կարոտ՝ ելնում լվալու, մաքրելու ու վե՞րջ, ողջն է՞ս է: Վախը պատեց նրան, ննջելով տանում-բերում էր օրորոցը, կիսաքուն միտը բերում է՜ն գիշերը, կարմիր աստղը, Լազրի խռով հունձը՝ «ծարավ չեմ»: Լալաբեկանց տունը լլկվել է: «Արգամ, մի գիշերվա՞ սեր միայն»: Իսկ Լազրը սկսել է նայել իրեն, երեսին, հետևից… ախպերակինը ծննդաբերությունից հետո սկսում է կարգի գալ, մեջքին էլ շալ չի կապում, հին բրդե ձեռագործը, գունատությունն է անցնում, ուղղվում է ինչպես կժով հնձվորներին ջուր բերողը: Եվ փոքր ախպոր ունքամեջն է կարծես բացվում, և մոտենում ասում է. «Արփենիկ, ես երեխին կօրորեմ, դու գործդ արա»: Արփենիկն էլ՝ հա, համաձայն: Դե, ի՞նչ վատ բան է արել Արգամի ախպորը, քնքշորեն նրան նայել է կուժն ուսից իջեցնելիս, խծկանից ծորող ջրի պահին ու շնորհակալ է եղել: Էն ժամանակ ո՞նց ասեր շնորհակալ եմ, ընդունելի կլինե՞ր Արգամի ու իրենց հոր ներկայությամբ: Չնայած որ ասեր, ճիշտը դա կլիներ, Լազրն ինքնախաբեության մեջ չէր ընկնի, էսօրվա օրը հարազատ տեգրը կլիներ: Իսկ Լազրի հետամուտ աչքերը կորցրած բան էին փնտրում՝ ուշ գլխի ընկավ հարսը, սիրտը ճմլվեց. ինչո՞ւ է իրեն վարուվեր անում այդ խեղճացող հայացքով, հոր հետ վարելու, ցանելու մեկ-մեկ է գնում, էն էլ կարծես չկամությամբ: Գյուղամեջ էլ չի գնում թայերի հետ խոսք-զրույց անելու: Եվ վախեցավ, կարկամեց Արփենիկը, նայվածքը նրանից թեև թաքցրած էր պահում, բայց բարեսիրտ էր, ինչպես կվայելեր տան հարազատությունում: Իսկ Լազրը, չէ, մնաց ու մնաց նրա երանության մշուշում: Ջղերը ձիգ էին առնում, տանջալից մարմրում, նորից ելնելու առ պահանջ: Եվ Արփենիկի ունայնացող խորքն էր թմրում: Արգամի՝ շաբաթը, երկշաբաթը մեկ գալը Կարյագինոյից, երեխին օրորելիս լռելը… ինչի՞ց է հոգնած, որ չի կենդանանում: «Քո տղամարդկային շքեղությունն ու գրավիչ լռությունն ի՞նչ են ուզում, որ չկա, որ սրտեր է գրավում, թողնում նրանց անորոշությունում: Ինձ էլ, Արգամ: Ու՞ր ես գնում: Արգա՜մ, ես ի՞նչ անեմ, ասա, ես ո՞վ եմ: Ախպորդ ո՞նց քշեմ ինձնից, ուտում է ինձ»:
Արգամի էս մի գալ-գնալուց հետո Լազրը փլվեց մոլորվածի ոտնատակ. «Արփենիկ, չէ, բան չասես, չեմ լսում, խլացել եմ», քաշեց նրան խոտանոց… այդ օրվանից էդպես ամեն թաքուն օր ու ժամի… Բա՜, Արգամ, չմեղադրեցիր էլ ում պետք էր: Երեխին առնելուց, ճքճքան սառնամանիքին ոտով է՜ Կարյագինո գնալուց առաջ մի մտնեիր խոտանոց, կապը կտրածին թե կնկադ անեիր՝ ինչ որ արվում է վերին աստծո կամքով… ինչո՞ւ ես հանգել-մնացել: Իսկ խեղճ մարդը, ձեր եսիրը կացինը հո Լազրի գլխում չէր խրելու, թողեց տեղահանված դռան մեջ, հետ գնաց տանը փակվելու, խայտառակությունը բկում հենց կացնի նման խրված մնալու ցավի մեջ: Իր ասելով՝ ինքն է իբր թե աղջկա տիրոջ հետ խնամախոսել մի բաժակ արաղով ու հիմա ինքն է մեղավորը էս ամեն ինչի: Իբր թե պսակվելիս խոսքը նախ մեծին է պատկանում: Է՜, մարդ:
Լալաբեկանց Մեսրոպի տունը ձմռան էդ գիշեր՝ դատարկված: Նատիժը գոգնոցի ծերով աչքերը սրբելով ասում է. «Գնա Լազրին բեր» ու հեծկլտալով մյուսին դառնում. «Էն քորփին տեղ հասցրե՞ց տեսնես»: Մեսրոպը հանգած վառարանից հեռու նստած, նավթաճրագի աղոտ լույսից պատին ավելի կործանյալ ստվերված՝ անգոյանում էր իրենում: «Կովի խոտն էլ չես տվել»… «Արփենիկն էլ եկողը չի լինելու»… Ի՞նչ է, դե, կինը խեղճ մարդու ներվը բզբզում է՜… Մեսրոպը ելավ հեռու մնալու նրանից, ամեն ինչից, դուրս գնաց երևի կացինը խոտանոցի դռնից հանելու, բայց ոտը ոտի առաջ չէր դրվում, որովհետև դուռը տեղահանված է, ճեղքից ցուրտը ներս խուժելիս է լինելու, ներսում՝ խոտի մեջ կենդա՞ն թե ցրտից փայտացած Լազրը: Լավ է, մութ է, իրար չեն տեսնելու, տեսնեն, ինչ անեն, իրար մի բան ասելու հնար կա՞… որ լիներ, էն աստված, Մեսրոպը կմտներ մոտը: Մտավ ու խավար լռությունում խտտեց Եղնիկ կովի մի բաժին խոտ, քոռեքոռ մի կերպ հասավ գոմ ու կովի շնչառությամբ նրան հասնելով՝ ապուռը շպրտեց ախոռը: Մեսրոպը Եղնիկին չէր տեսնում, Եղնիկն էր նրան տեսնում, մեծ շողուն աչքերը հառված էին տիրոջը: Խոտը թողած՝ Եղնիկը զարմանք կտրած էր՝ ինչո՞ւ նա մի բան չի ասում, ինչո՞ւ չի մոտենում՝ քորելու իր ականջատակերը: Իսկ տերը խլացած, կանգնած էր: Բա Լազրը… հետ՝ խոտանոց գնա՞, թե չէ: Ներսն արդեն ալեկոծ էր, բայց պահում էր իրեն, դեռ չգիտեր ինչ աներ: Իսկ ալիքը խփելու էր սրտին՝ սրտի եսիր Մեսրոպին. «Լա՜զր,- գոռոցը գոմը չտեղավորեց, Եղնիկն էլ վախից մզզաց,- Լա՜զր տղա, էս ինչ արինք, ես, դու, նա»,- մարդը հասավ կովին, գլուխը կռների մեջ առավ, շունչը՝ շնչին բռնկվեց այն դառնագին լացով, որ ամեն Մեսրոպ տղամարդ մի անգամ արցունք է հեղում իր բախտի վրա: Երկուսով՝ տեր ու կով, այնուհետև լուռ ամփոփվում էին միմյանցում, և Եղնիկը առաջինը խղճմտանքով գլուխն իջեցրեց տիրոջ շքամեջ՝ ի խոնարհումն, և կասվի՞, թե նա էլ չէր արցունք հեղում: Նստեցին, կովը՝ խոր թառանչով, տերը՝ «Եղնիկ» մրմնջալով:
Գիշերը բարեկամ է, առնում է քեզ իր մութ անդաստանը, սրտիցդ, թոքիցդ քամում ցերեկվա թողած տիղմը, ցերեկվա ամեն թոհուբոհ թաքցնում քեզնից, որ կորսված մտքերդ հավաքես վաղվա համար: Իսկ այս մի գիշերը Մեսրոպ հորը թողեց ինչպես կար: Ինչպե՞ս է մի օրում ցրիվ լինում այդքան անցած տարիներով ի մի բերված ընտանիքը: Ու՞մ ի՞նչ է արել Մեսրոպը:
Գոմը ցրտել էր, Մեսրոպը մեջքով կռթնել էր Եղնիկի տաք բուրող կողին, կովի ընդարմություն բերող որոճի մեջ նիրհելով մտածում, որ Արգամը տեսնես ինչ է անելու: Գոնե երեխին հանձնի էն նամուսը երեսին մյուռոնված հակակուեցուն, ինքն էլ միանա, ապրեն: Խեղճը էդքան տարի սպասել է Արգամին: Մարգարի աղջիկը… Ափսո՜ս հրեշտակը: Կարող է՝ մտքներում իրար հետ են, Լազրն ու Արփենիկը: Որ լինեն՝ էդ էլ կարելի կլինի իմ իմացածով: Ինչ կուզեն թող ասեն շենամեջ, պահովե՜… Գնա՜ց խղճահար գիշերը:
Լույս գիշերվա առաջին աքլորականչին է խոտանոցից ելել Լազրը: Դարպասի մի թեթև ճռռոց էլ չի եղել: Սառցակալած գետինը ոտնատակ խշրտալիս, երբ արդեն անցնում էր Սումբաթենց չափարի տակով, նրանց շունը դուրս նետվեց բնից, կարծես որ գնացողը Լազրն է՝ վրան հերսոտված, շղթան կտրել էր ուզում, չափարը թռչելով՝ բռնել նրան: Հաչոցը մինչև գյուղատակ գալիս էր, իսկ նա ու՞ր է գնում, Կարյագինո՞՝ Արգամին: Քայլը ջղային չէր, մեղք էր ու հոգնած, երեք օր՝ անջուր, անհաց՝ Լազրն ի՞նչ է մտածել, որ էս բանը բռնել է, վրա պրծած գնում է: Ախպորը մեղա գալու՞, բայց դա մեղա գալու՞ բան է, հետո՝ Արգամը կարգին կռիվ անողը չի, որ ձեռք ու մռութ ջարդելով՝ սիրտը՝ իրենը թե քոնը, Լազր, հովանա: Կարող է՞ գնում է նրա էն անխռով լռակյացությունում, թեկուզ սևացած երեսով, բացատրություն անելու, որ մեծ ախպեր, ինչ անեմ, ասա: Իբր թե էդ խառնակ մտքով՝ «Արփենիկը կդառնա՞»… մեղա՜, բայց էդպիսի խոսք կասվի՞ նրան՝ ինքն էլ հոր մտածածին՝ Եղնիկի տաք կողին ընկողմանած ննջելիս: Մտմտաց ու սարսռաց էլ, փայտացած մարմինը շղահարվեց: Գյուղից հեռացած՝ Լազրն անզգայությունում կանգ առավ, սառած մատները կոխեց կռվից հոր բերած տելեգրեյկայի ծոցագրպանները: Ի՞նչ անի, գնա հե՞տ: Կովի առավոտյան խոտը հանելիս հայրը տեսնելու է՝ նա խոտանոցում չի, քար է կտրելու՝ էս ու՞ր գնաց: Գնա՝ առերես լինի հորը, հետո՞: Չէ… էն էլ դեռ արթնացած գյուղամիջով է գնալու: Գետափի քարայրը դեռ խավար՝ նրան էր նայում բաց երախով, իսկ գետը՝ անխոս սառած: Մրսած մի թռչնակ անհույս ճկաց եղյամած թփին, թռավ գնաց՝ ինքն էլ չիմանալով դեպի ուր, երբ չորս բոլորքը ծանր նստած ձմեռ է, ով իմանա՝ արևը երկնքի որ անհայտությունում: Է-է՜հ… «Մնալու եմ էստեղ կանգնած, տեղահան չեմ լինելու, սառեմ թե ինչ: Ինչ լինելու է, թող լինի: Արգամն էլ է ասում: Խեղճ իմ ախպեր, որ ինձ ոտնատակ չես տալու, գամ ի՞նչ անեմ: Արգա՜մ…»: Չէ, Լազր, լեղաճաք կանչդ Կարյագինո չի հասնի… հեռու ա է՜, քսան կիլոմետր:

2017թ.
Թիվ 01-02 (175-176)

Տարածել

Պատասխանել