Ամալյա Գրիգորյան / Ժամանակի տարեգիրը

0

Ինչպես գիտենք, Արցախյան համազգային շարժումը լայն ընդգրկումներ ունեցավ: Այն իր արտացոլումն է գտել ինչպես գեղարվեստական գրականության մեջ, այնպես էլ հրապարակախոսական ու փաստավավերագրական գործերում: Մեր գրողներն ու լրագրողները յուրովի են անդրադարձել շարժմանը՝ ստեղծելով ազատամարտի տարեգրությունը:

Տաղանդավոր արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը գեղարվեստական և հրապարակախո-սական բազմաթիվ գրքերի հեղինակ է: Ես ուզում եմ կանգ առնել գրողի «…Եվ նրա շուրջը» գրքի վրա, որն անշուշտ, առանձնանում է փաստերի առատությամբ ու, որ կարևորն է, հավաստիությամբ: Գիրքը արցախյան շարժումը ներկայացնող տարեգրություն է, այն արժեքավոր ու ինքնատիպ է այն առումով, որ հեղինակը անձամբ մասնակից է եղել նկարագրվող իրադարձություններին: Գրքում ներկայացվող դեպքերն ու դեմքերը, բնականաբար, իրական են: Փաստավավերագրական այս գործը բացվում է 1988 թվականի փետրվարյան իրադարձություններով՝ երբ ժողովուրդը խաղաղ ցույցերի է դուրս եկել Ղարաբաղը մայր Հայաստանին վերամիավորելու պահանջով: Հեղինակը ներկայացնում է ժողովրդի և շարժման պարագլուխների համարձակ գործողություններն ադրբեջանական խիստ վերահսկողության պայմաններում: Հավատարիմ լրագրողի իր մասնագիտությանը՝ Բակուր Կարապետյանը բավականին մանրակրկիտ ու փաստացի ներկայացնում է դեպքերը: Ավելին, նա տեսագրել ու ձայնագրել դրանք: Հանգամանք, որ նրա ձեռնարկմանը եզակի բնույթ է հաղորդել: Աշխատանքի մեջ գրողը մեջբերել է գործող անձանց խոսքերը, տեղադրել լուսանկարներ, որոնք առավել տեսանելի են դարձնում ողջ եղելությունը:
Ահա մի դրվագ, որտեղ պատմվում է այն մասին, թե Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի միացման մասին ընդունված հռչակագիրը՝ որպես մարզի հայության ցանկությունն արտահայտող փաստաթուղթ, ինչպես հասցվեց Երևան. «Ճանապարհները փակ էին: Ադրբեջանական կողմը տեղյակ լինելով նման փաստաթղթի գոյության մասին, մանրազնին ստուգում, խուզարկում էր հայերի ավտոմեքենաները: Խորամանկել էր պետք: Հատուկ դագաղ են պատրաստում, մեջը պառկեցնում շարժման ակտիվիստերից մեկին՝ Ստեփանակերտի շինվերանորոգման վարչության պետ Ռոբերտ Բաղդասարյանին, որի գոտկատեղին նախապես կապված էր փաստաթուղթը, ԼՂԻՄ-ի ճանապարհաշինական վարչության պետ Ռոլես Աղաջանյանի ու Ստեփանակերտի ասֆալտի գործարանի դիրեկտոր Պավել Նաջարյանի ուղեկցությամբ Լաչինով Երևան մեկնում»:
Բավականին հետաքրքիր են հեղինակի վարած հարցազրույցները՝ Վարդան Հակոբյանի, Գուրգեն Գաբրիելյանի, Հրաչյա Բեգլարյանի, ռուս ականավոր գրող Միխայիլ Դուդինի և այլոց հետ, ովքեր շարժման կիզակետում էին և իրենց գործունեությամբ մեծապես նպաստում ու ուղղորդում էին այն: Ի դեպ, Միխայիլ Դուդինը Արցախում էր գտնվում ԼՂ գրողների միության հրավերով: Շարժման ակունքում, ինչպես գիտենք, կանգնած էին նաև Արցախի ճանաչված գրողները, որը և առիթ հադիսացավ, որպեսզի Դուդինը շարժման ընթացքում և պոեզիայի միջև ուղղակի կապ տեսնի՝ հիշելով նաև Վալերի Բրյուսովին: Ավելորդ չեմ համարում մեջբերել Դուդինի խոսքը. «Այո, պոեզիան ճշմարտություն է փնտրում, և առանց դրա անհնար է նրա գոյությունը: Ես նկատի ունեմ իսկական պոեզիան: Ահա ժամանակակից Ֆրանսիայի հրաշալի պոետներից մեկը՝ Պոլ Էլյուարը, որը դիմադրության շարժման մասնակիցներից է, ասել է այն մասին, որ քանի դեռ երկրի վրա կա սպանությունը, պոետը պետք է առաջինը զոհվի: Իսկ այս պատասխանը կարելի է արտապատկերել և մեր ժամանակակից կյանքի, արվեստի մեջ: Հենց թեկուզ մեր մեծ Պուշկինի օրինակը, որը հոգոցով գրել է. «Երբ ժողովուրդները, գժտությունները մոռացած, մեծ ընտանիքում միավորվեն…»: Այս միտքը ապրում է՝ ինչպես և մեծ Նարեկացին: Իսկ հայկական պոեզիան թե՛ դարերի խորքում և թե՛ մեր ժամանակներում հզոր ակունքներ ունի: Նրա ուղին շատ հետաքրքիր է: Երբ 1915-ին իրականացվեց անմարդկային եղեռնը, ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովը եկավ Հայաստան…»:
Բակուր Կարապետյանը գրում է, որ գրողների միությունն այդ տարիներին հեղափոխական շտաբ էր հիշեցնում: Այստեղ էին անցկացվում ղարաբաղյան պայքարի ակտիվիստերի խորհրդակցությունները, ծնվում, մշակվում են կոչերի, կարգախոսների տարբերակները, պլանները:
Հեղինակը գրքում տեղադրել է նաև Ղարաբաղի տարբեր վայրերում ազերիների կողմից իրագործված վայրագությունների արձանագրությունները:
Գրողը գրքում զետեղել է նաև այդ օրերին մեր տարածաշրջանին անդրադարձած եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցների տեղեկատվություններից հատվածներ, ասենք՝ Լոնդոնի «Թայմս», «Ֆրանսպրես», «Վաշինգտոն թայմս», «Նյու- Յորք թայմս», «Ռեյտեր և Յունայտեդ պրես գործակալություն» և հանրահայտ այլ պարբերականներից: Սակայն պետք է ասել, որ միշտ չէ որ նրանց տեղեկատվությունը համապատասխանում էր իրականությանը, որովհետև նրանք իրենց տեղեկությունները քաղում էին խորհրդային կամ ադրբեջանական աղբյուրներից, որն ինչպես գիտենք, մշտապես խեղաթյուրում էին փաստերը և ապատեղեկատվություն տարածում: Բակուր Կարապետյանը հերքում է այն տեղեկությունները, որոնք իրականությանը չէին համապատասխանում:
Բավականին տեսանելի ու պատկերավոր են Սումգայիթյան դեպքերի նկարագրությունները: Մանավանդ, որ Բակուր Կարապետյանը՝ վտանգելով իր կյանքը, անձամբ մեկնել է Սումգայիթ՝ ճշմարտությունը բացահայտելու համար: Նա իր գրքում ներկայացնում է Սումգայիթյան ոճրագործության զոհ դարձած ու հրաշքով փրկված ականատեսների հետ ունեցած հարցազրույցները, սարսափազդու պատմությունները: Այս առումով անգնահատելի է այդ գրքի արժեքը: Հետաքրքիր է Կարապետյանի հանդիպումը ադրբեջանցի մի գրողի հետ, ով այդ օրերին Սումգայիթում էր ու ականատես էր եղել նողկալի դեպքերին: Ազերի գրողը ամենայն մանրամասնությամբ փաստում է, որ այդ ամբողջը ադրբեջանական մաֆիայի նախօրոք կազմակերպած գործն է, որի նպատակն էր խլել Ղարաբաղը: Բակուր Կարապետյանի այն հարցին, թե ինչ կապ ունեն Սումգայիթի հայերն այստեղ, նա ասում է, որ հայերն իրենց կամքից անկախ քաղաքական խաղի մեջ են ընկել: Իսկ ինչ վերաբերում է իր ժողովրդին, նա այսպես է պատասխանում. «Մենք ավելի հիմարացած վիճակում ենք, որովհետև Սումգայիթի համար ողջ աշխարհի առաջ ոչ մի արդարացում չունենք: Եվ վատն այն է,- շարունակում է ադրբեջանցի գրողը,- որ մեզ մոտ տիրապետում է այն միտքը, թե սումգայիթյան սպանդի իրականացնողներն են խանգարել Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելուն»:
Ամփոփման կարգով ասեմ, որ Բակուր Կարապետյանի «Եվ նրա շուրջը» գիրքը, հիրավի, մեր շարժման տարեգրության լավագույն էջերից է, և եզակի է, մանավանդ՝ այդ գրքի աղբյուրագիտական նշանակությունը սերունդների համար:

2017թ.
Թիվ 01-02 (175-176)

Տարածել

Պատասխանել