Լուսինե Ղարախանյան / Արժեքների ձևավորման ու ոչնչացման կարճ ճանապարհը

0

Ժամանակակից անցումագետներից մեկը՝ Ա. Պշևորսկին ժողովրդավարությունը բնորոշում է որպես արդյունքների անորոշություն՝ ընթացակարգերի որոշակիության պայմաններում: Ժողովրդավարական մոդել իրականում ձևավորվում է, եթե ժողովրդավարությունն այս կամ այն չափով կարելի է համարել ավարտուն: Քաղաքագետ Մ. Մարգարյանը նշում է ,բացասականե և ,դրականե համախմբումների մասին, որոնցից առաջինը ենթադրում է ոչ համակարգային ուժերի անդրայնացման /մարգինալացման/, երկրորդը՝ ժողովրդավարական արժեքների զանգվածային տարածում: Չփորձելով շփոթել քառօրյա պատերազմի համախմբման գործընթացը, որն ավելի շատ ուներ մենթալիտետային նկարագիր, այսօրվա հասարակական տրամադրությունների և հասարակական միջավայրի ընդհանուր ֆոնի հետ՝ նշենք, որ սոցիալ-հոգեբանական ու բարոյական առումով այնքան էլ գովելի չէ այն վիճակը, որ ստեղծված է մեր շուրջը:
Առհասարակ, ցանկացած պատերազմական իրավիճակից հետո, ոչ պատերազմ և ոչ խաղաղություն իրավիճակից ծնված անորոշության վիճակում հասարակության մեջ հիմնականում իշխում է տրամադրությունների նևրոզային ֆոնը, իսկ եթե դրան գումարվում է նաև սոցիալական անարդարությունների և արժեքների փչացման գործընթացը, որը հիմնականում ներածին /էնդոգամ/ է, ապա հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին, նաև առանձին անձանց սկսում է սպառնալ ներքին բարոյալքման վտանգը: Բավականին պարզ է բարոյալքման գործընթացի իրողությունը: Եթե կան սոցիալ-տնտեսական, կրթամշակութային կյանքի կարգավորման հստակ մեխանիզմներ, որոնք կարգավորվում են որոշակի նորմերով ու կանոններով /օրենք, ենթաօրենսդրական ակտ, հրաման, կարգադրություն/, ապա ժողովրդավարական համախմբման գործընթացն իրողություն է, իսկ եթե առկա են պաշտոնատար անձանց կողմից օրենքի տարրի հաճախակի շրջանցման կամ առանձին պաշտոնյաների ստատուսային չարաշահման ու ,ահաբեկմանե /կառավարման բուրգի ցածր սանդղակի ենթական ընկալվում է որպես զոհ, ով պարտավոր է, նույնիսկ վարչական պատասխանատվություն ենթադրելու պարագայում անել այն, ինչ հրահանգել է բուրգի բարձր սանդղակում կանգնածը/ երևույթներ, ապա խոսք չի կարող լինել ժողովրդավարական համախմբան, հանրային ու ազգային մտածողության և բարձր համոզմունքների մասին: Չի կարելի պաշտոնական ստատուսը օգտագործել նեղ անձնական նպատակների իրականացման համար, ինչը նպաստում է ամենաթողության վիճակի ստեղծմանն ու տարածմանը: Եթե ստատուսը դառնում է ճնշման գործադրման միջոց և չի խարսխվում օրենքի, իրավական մտածողության ու անձնական բարոյականության վրա, ապա խոսք չի կարող լինել պետական պաշտոնյաների և, ամբողջությամբ վերցրած, պետական ինստիտուտի նկատմամբ առկա վստահության մասին, որով հասարակության օրգանիզմը կարող է առողջ աշխատել: Եթե օրենքում կատարվում է որևէ X փոփոխությունը որևէ առանձնաշնորհյալ անձի համար, ապա առաջին ուժգին բարոյական հարվածի հասցեատերը նույն անձն է, որի ներքին բարոյալքման համար նպաստավոր ֆոն են ստեղծել և նոր միայն հասարակությունը, որն իր միջով ակամայից բեկում է ինչպես դրական, այնպես էլ բացասական իրողությունները: Ըստ որում՝ պետք է հիշել, որ բացասական երևույթը ավելի շատ ունի ֆիքսվելու հակում, քան՝ դրականը: Բացասական երևույթների գեներացման միտումը նպաստում է ոչ միայն խախտումներ կատարած ոլորտի, այլ նաև անուղղակի ոլորտների բարոյական քայքայմանը: Եթե օրենքը հարմարեցվում կամ շրջանցվում է մեկ կամ մի քանի անձանց համար, ապա պետության ինստիտուցիոնալ արդյունավետություն չկա և չի կարող լինել:
Հասարակության և նրա առանձին անդամների սոցիալ-բարոյական ու անձնային հասունացման վրա խորքային ազդեցություն է ունենում նաև պետական բարձր պարգևների ու կոչումների շնորհման գործընթացը: Կրկին երեսպաշտության և ներքին բարոյալքման գործընթացներ են սկսվում, եթե հավասարեցվում են մատուցված ծառայությունների առումով իրականում շեշտակիորեն տարբերվող երկու անհատներ, որոնք պարգևատրվում են նույն բարձրագույն պարգևով: Արժանիքներ չունեցողի համար ավելի վտանգավոր վիճակ է այն առումով, որ վրա է հասնում բավարարվածության և հագեցվածության այնպիսի մի վիճակ, որից այն կողմ չի կարող տեղի ունենալ անձնային ակտուալացման ու հասունացման դինամիկա: Պարգևը կամ կոչումը կարող է արժեզրկվել, եթե այն չի գտել ճիշտ հասցեատերին: Նրանում խտացված է մի ամբողջ պետության և պետության խորհրդանիշ համարվող Անհատի քաղաքականությունն ու ռազմավարությունը, հետևապես պետք է չափազանց զգույշ լինել հասցեատերերի ընտրության ու ներկայացման պարագայում: Պարգևատրման գործընթացը կարող է նույն չափաբաժնով և ազդեցության ուժով կատարել իր, ինչպես դաստիարակչական, այնպես էլ՝ հակադաստիարակչական գործառույթը:
Որքանո՞վ է այսօր Արցախի պետական համակարգը նպաստում ժողովրդավարացման իրողությանը, արդյո՞ք ազգային արժեքները որոշ պաշտոնյաներ օգտագործում են քաղաքական էության հաշվառմամբ: Ցավոք, մենք այսօր առնչվում ենք դիրքային իշխանությունների առանձին չարաշահումների դեպքերի, որոնք բացասաբար են ազդում, նախ և առաջ, հասարակության տրամադրությունների ու բարոյահոգեբանական կայունության վրա: Հատկապես՝ բարձր կարգի պաշտոնյաների դիրքային չարաշահումների մասին պետք է բարձրաձայնվեն և հնարավորինս կանխվեն, քանի որ դրանք նպաստում են արժեքների մասսայական փչացման երևույթին: Չմոռանանք, որ մեր ազգային նկարագրի մեջ պետությունը, պետական իշխանությունը համարվում է չափանիշային, հետևապես՝ ընդօրինակման, հոգեբանական նույնացման արժանի:
Քաղաքագետները խոսում են ,արատավոր ժողովրդավարությունե երևույթի մասին, որի պատճառներից մեկը հենց պաշտոնային չարաշահումներն են: Այս երևույթի արմատավորման դեպքում ձևավորվում և օրինաչափ է դառնում ,Էլիտարությանե երևույթը: Ըստ որում, այդ երևույթը սկսվում է տարածվել հուզական վարակի պես: Օրինակ, կրթության ոլորտում դա դառնում է ,էլիտարե ընտանիքների, ,էլիտարե երեխաների դասարան, և շրջանառության մեջ են դրվում ,էլիտարե ծնող, ,էլիտարե մանկապարտեզ, ,էլիտարե երեխա հասկացությունները, մինչդեռ կրթության ոլորտում էլիտար է համարվում բարձր գիտելիքներ ու համոզմունքներ ունեցող աշակերտն ու ուսանողը: Այսպիսի պարագայում կարող է լինել ուսուցում և ոչ դաստիարակություն, որովհետև հասարակության արատավոր երևույթները նույն այդ համակարգի լոկոմոտիվի խափանիչը, չնայած այս երևույթների թիկունքում երբեմն իրենց խրախուսական ու բավարարված կեցվածքով կանգնում է նույն ուսուցիչը, մանկավարժը, դպրոցի տնօրենը: Եթե դպրոցում ձևավորվել է էլիտար ծնողների, էլիտար երեխաների էլիտար դասարան, ապա բարոյական քայքայման տարածքում են և՛ ուսուցիչը՝ իր պրագմատիկ վարքագծով ու մտադրություններով, և՛ ծնողական հանրույթը, որն իրեն ու իր երեխային առանձնաշնորհյալ է դիտում, և՛ դպրոցի ղեկավարությունը: Հասարակությունը ի զորու չլինելով պայքարել այսպիսի արատավոր երևույթների դեմ, դառնում է թերզարգացած ու մանկամիտ: Հասարակության մեջ սկսում են նորմավորվել ,մուտանտե, ,պատվիրակցածե արժեքները, երևույթ, որին զոհ է դառնում հատկապես երիտասարդ սերունդը: Այսպիսի երևույթները հանգեցնում են արժեքային անկատարության՝ կրկին ազդելով մարդկանց նյարդահոգեկան առողջության ու կայունության վրա: Կյանքի որակը նախ և առաջ՝ բարոյահոգեբանական և նոր միայն սոցիալ-տնտեսական հենքով է:
Ակամայից հիշեցի 2016 թվականի հունիսի 24-ին Հայաստան այց կատարած Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ելույթը, որը յուրօրինակ ուղերձ է աշխարհին և ուղերձ պետք է լինի նաև մեզ՝ յուրաքանչյուրիս համար: Նա Հայաստանը դիտեց որպես մի ամբողջ աշխարհ և ոչ թե մի փոքր երկիր, ինչպես սովորաբար անվանում են մեր երկիրը: Հռոմի Պապի համար Հայաստանը մի ամբողջ աշխարհ է, որի հիմքում նա դնում է ոչ թե թվաբանական առաձգական տվյալները, այլ ուրիշ արժեքային համակարգ, խարսխված հոգևոր, կրոնական, վսեմ հումանիստական, կրեատիվ-ստեղծագործական, մտավոր-մշակութային չափանիշների վրա, որոնք հատուկ են հայ ժողովրդին: Արդյո՞ք դա դաս եղավ բոլորիս համար…

Եղիցի լույս 06(174) – 2016

Տարածել

Պատասխանել