Արքմենիկ Նիկողոսյան / Միայնակ հերոսի ֆենոմենը Մուրացանի ստեղծագործություններում (Զեկուցման թեզիս)

0

Մուրացանի ստեղծագործությունը բավական հարուստ է կերպարային գունապնակով և գործող անձանց քանակով: Ընդ որում` նրա հերոսները ներկայացնում են հասարակական ու սոցիալական ամենատարբեր շերտեր՝ իրենց բնորոշ հոգեբանությամբ ու գործունեության շրջանակով: Սակայն մի հատկանիշ, որ հատուկ է Մուրացանի գոնե բոլոր այսպես կոչված՝ գրողական խնդիր լուծող հերոսներին, անկախ իրենց հասարակական դիրքից, սոցիալական վիճակից և գործունեության բնույթից ու շրջանակից: Նրանք միայնակ մարդիկ են կամ հերոսներ: Եվ թեպետ նրանք անընդհատ այսպես ասեմ` բանակցում են այս կամ այն հանրույթ մտնելու, դրա մաս դառնալու համար, բայց միշտ այս կամ այն պատճառով վանվում են, կամ ունենում ողբերգական ճակատագիր:
Իհարկե, կարելի է ասել, որ հերոսի նման կերպը պայմանավորված է Մուրացանի ստեղծագործական մեթոդով, սակայն մյուս կողմից` մուրացանագիտության մեջ տևական ժամանակ տարբեր մեկնաբանությունները այդ հարցի շուրջ (նկատի ունեմ հատկապես Արսեն Տերտերյանի, Վաչե Պարտիզունու, Սերգեյ Սարինյանի մենագրություններում առկա տեսակետներն ու բանավեճերը) մղում է մտածելու, որ այդ երևույթը, հետագայում բացատրվելով նաև ստեղագործական մեթոդով, այնուամենայնիվ, ավելի շատ հեղինակային-անձնական է և հետագայում է, որ պարզապես ներդաշնակվել է Մուրացանի գաղափարներին ու ստեղծագործական մեթոդին:
Այս առումով` Մուրացանի միայնակ հերոսի ֆենոմենը թելադրված է երեք հանգամանքով կամ ունի այսպես ասած` երեք ակունք.
1. անձնական,
2. պատմական տեքստի ավանդույթ,
3. ստեղծագործական մեթոդ:
1. Թե՛ ժամանակակիցների հուշերը, թե՛ հատկապես Մուրացանի նամակները վկայությունն են այն բանի, որ նա, անկախ իր հասարակական համբավից ու դիրքից, եղել է ներփակ ու, ըստ ամենայնի, չհասկացված անձնավորություն: Այս առումով` Մուրացանի, հատկապես կենտրոնական հերոսները Մուրացանի այսպես ասած՝ կրկնակներն են: Նրանք բոլորն էլ, թեպետ իրենց գործունեությամբ փորձում են լինել հասարակական առումով օգտակար, այնուամենայնիվ, նախևառաջ ձգտում են անձնական երջանկության: Եվ պատահական չէ, որ անձնական երջանկությանը միտված քիչ թե շատ վտանգը այդ հերոսներին գրեթե զրկում է նաև հասարակությանն օգտակար լինելու ձգտումից: Հիշենք` քույր Աննային («Խորհրդավոր միանձնուհի»), Վահան Սարյանին («Լուսավորության կենտրոնը»), Աշոտ Երկաթին, Ցլիկ Ամրամին (,Գևորգ Մարզպետունիե) և այլն: Այս բաժնում առանձին խումբ են կազմում այն գործերը, որոնք ունեն ընդգծված անձնական հիմք` առանց արտաքին այսպես ասած՝ կոսմետիկ հնարքների, որոնք միտված են թաքցնելու հեղինակի միտումը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Հասարակաց որդեգիրը» պատմվածքին: Այդ ստեղծագործության հերոս Գևորգը ուղղակի դատապարտված է միայնակության, որովհետև մուրացանյան գաղափարաբանության տիկպիկ կրող է: Նրա ջանքերը՝ մտնել հասարակական լայն շրջանակների մեջ, դատապարտված են: Հասարակությունը, անկախ դրական թե բացասական նպատակներից, Մուրացանի հերոսներին չի ընդունում:
2. Հայոց պատմագրության մեջ ամրագրված է կերպարային զարգացման մի գիծ, որը բնորոշ է նաև Մուրացանի ստեղծագործության ու, մանավանդ, հերոսների համար: Խոսքը վերաբերում է այսպես կոչված՝ «մի ծաղկով գարուն բերողներին»: Պատահական չէ, որ հայոց պատմության մեջ թե՛ նշանավոր, թե՛ քիչ թե շատ նշանակալից ճակատամարտերը, պատերազմները, բարոյական հաղթանակները մշտապես կապվում են միայնակ հերոսի ֆենոմենի, նրա ավնան հետ, որը կարողանում է համախմբող դեր խաղալ կամ միայնակ լուծել հարցերը: Ահա կերպարակերտման այս միտումը բավական հաճախադեպ է Մուրացանի ստեղծագործության մեջ: Խոսքը ինչպես պատմական թեմատիկայով ստեղծագործությունների հերոսների մասին է (Անդրեաս երեց, Ռուզան, Գևորգ Մարզպետունի և այլն), այնպես էլ՝ ժամանակակից: Ընդ որում՝ որքան էլ տարօրինակ թվա, ժամանակակից հերոսների միայնակության պարագայում ավելի գերիշխող է բարոյական հաղթանակի սկզբունքը. հիշենք նույն Գևորգին՝ «Հասարակաց որդեգիրը», Հեղինեին՝ «Հարուստները զվարճանում են» պատմվածքներից:
3. Եվ վերջապես, ստեղծագործական մեթոդի թելադրանքը, որը համադրվելով նախորդ երկու գործոնների հետ, վերջնականապես առարկայացնում է միայնակ հերոսի ֆենոմենը Մուրացանի ստեղծագործության մեջ: Ռոմանտիկական գրականության մեջ, ընդհանրապես, անհատը ֆենոմեն է, միայնակ անհատը, որ ձգտում է փոխել շրջապատը՝ բնորոշ կերպար: Մուրացանյան հերոսի տիպն ահա բնականորեն կրում է այս հատկանիշները, բայց այն առավելությամբ կամ տարբերությամբ, որ նրա՝ անգամ երգիծական շեշտադրում կամ բացասական հատկանիշներ ունեցող հերոսները նույնպես միայնակ են: Նրանք նույնպես մերժվում են ամենատարբեր միջավայրերի կողմից և չեն ինտեգրվում հասարակական ոչ մի խավի: Որպես լավագույն օրինակ հիշենք Պետրոս Կամսարյանին՝ «Առաքյալը» վիպակից: Ի վերջո, ի՞նչ է նրա առաքելության նպատակը, եթե ոչ իր ձգտած հասարակությանը դուր գալու, նրան մերձենալու, ինչ-որ գործով իր կարևորությունը ապացուցելու ձգտում: Ընդ որում՝ այդ միջավայր մտնելու համար նա ձգտում է նախ մերձենալ մեկ այլ միջավայրի, և երկու դեպքում էլ ձախողվում է:
Մուրացանի հերոսները ուղղակի այլ տարբերակ չունեն, քան մենությունն է:

Եղիցի լույս 06(174) – 2016

Տարածել

Պատասխանել