Մհեր Քումունց -Զոհրաբ Ըռքոյան / Արցախի Բերձոր գավառի պատմական Հարար գյուղը

0

Հարար գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի արևելքում՝ շրջկենտրոն Բերձորից 40 կմ հարավ-արևելք, Արաքսի Հակարի վտակի միջին հոսանքի ձախակողմյան սարալանջերին, գետափից ուղիղ գծով 7–8 կմ հեռու, ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից 10 կմ արևելք: Ըստ նոր վարչական բաժանման՝ Հարարը Խաչգետիկ և Աղավնատուն գյուղերի հետ ներառվում է Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղական համայնքի մեջ: Այստեղ կա 28 տնտեսություն՝ 114 բնակչով, որից 8-ը (35 բնակչով)՝ Աղավնատուն գյուղում, 9-ը (33 բնակչով)՝ Հարարում, 11-ը (46 բնակչով)՝ Խաչգետիկում :
Հարարի պատմաաշխարհագրական դիրքի վերաբերյալ այսօր կարծիք կա, ըստ որի այն ընդգրկվել է պատմական Արցախ նահանգի Բերձոր գավառի մեջ՝ ավելի ուշ Բերդաձոր կամ Հակարի/Հագարու կոչված գավառում, իսկ ուշ միջնադարում մաս է կազմել Հարավային Արցախի Դիզակի մելիքության: Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Հարարը պետք է որ ընդգրկված լիներ Սյունիք նահանգի Աղահեճք կամ Հաբանդ գավառների մեջ, թեպետ այդ դեպքում գյուղի անունը պետք է նշված լիներ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմության» մեջ արտագրված Տաթևի վանքին հարկատու գյուղերի հին ցանկում:
1856 թ. Հարարն ընդգրկված էր Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառում և 1897 թ. մարդահամարով ուներ 523 բնակիչ, բոլորը՝ հայեր: Բնակչության թվաքանակն այլ էր 1914 թ.՝ 412 մարդ, իսկ 4տարի հետո գրեթե եռապատկվել էր՝ 1.078 մարդ: Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ 1918–1920 թթ. հայ-թաթարական բախումներից հետո՝ 1921 թ., մարդահամարով գյուղում մնացել էր 55 հայ բնակիչ:
Ժամանակին Հարարն իր տեղանքի և բնակլիմայական պայմանների շնորհիվ, համեմատած շրջակա մյուս բնակավայրերի հետ, բավականին մեծ ու բարեկարգ է եղել և կարևոր նշանակություն է ունեցել Սյունիք-Արցախ պատմական տարածքների քաղաքական ու տնտեսական առնչությունների համար: «Դիզակի Հարար հայկական գյուղը, որը Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղից գտնվում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա, նշանակալի դեր է խաղացել Ղարաբաղ-Զանգեզուրի 1918–1921 թթ. ազատագրական պայքարի ընթացքում՝ գաղտնի հաղորդակցության համար գլխավոր կամուրջ հանդիսանալով հայկական այդ երկու գավառների միջև,– գրում է ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը: – 19-րդ դարի վերջին Հարարն ուներ մի քանի հազար բնակիչ, Հարավային Արցախի կրթության կարևոր օջախներից էր, որտեղ միջնադարում գրվել են արժեքավոր ձեռագրեր: Գտնվելով տարանցիկ ուղիների վրա՝ գյուղը նաև առևտրի նշանավոր կենտրոն էր, ուներ ընդարձակ քարվանսարաներ, ուր իջևանում էին Պարսկաստանից Շուշի, Գանձակ և ավելի հեռուներ գնացող առևտրական քարավանները»:
Ինչպես նկատում ենք, Հարարի բնակչության վերաբերյալ Ս. Կարապետյանի և Հ. Սիմոնյանի հաղորդումների մեջ հակասություն կա: Այս դեպքում, կարծում ենք, պետք է վստահել մարդահամարի տվյալներին՝ որպես բնակչության թվի փաստացի արձանագրում:
Ծագումով հարարցիների բանավոր տեղեկությունների համաձայն՝ այնտեղ զարգացած են եղել տարբեր արհեստներ, գործել են իջևանատներ , ինչն էլ վկայում է, որ Հարարն առևտրի համար տարանցիկ բնակավայր էր: Եղել են ժամանակներ, երբ գյուղում ապրել են 2.000-ից ավելի հայ բնակիչներ, իսկ բնակավայրը՝ քաղաքատիպ: Հարարցիները հատկապես հիշում են իրենց հարյուրից ավելի աղբյուրները՝ Թաղբանդ, Ցուրտ աղբյուր, Զլզլան աղբյուր, Խաչգետիկ աղբյուր և այլն, նաև՝ դրանցից գոյացած լճակները: Տեղագիր Մակար Բարխուդարյանցը գրում է, որ Հարար (Յարար) գյուղի բնակիչները գաղթել են Ղարադաղից, ու ավելացնում. «Հողն բեկական, տեղական բերքերն միևնոյն, գերազանց օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 100 տ. եկեղեցի չունին, քահանայ մի: Ծուխ 134, ար. 532, իգ. 482»:
Ցավոք, հարարցիների խոսվածքն ամբողջությամբ չի պահպանվել, բայց հավանական է՝ այն նախապես՝ մինչև այս տարածք պարսկահայերի գալը, եղել է նույն խոսվածքը, որն այժմ պահպանվել է Սյունիքում և կազմել Հակարի-Աղավնոյի գետահովտի բնակչության ընդհանուր հաղորդակցման մաս: Հարարում գործածված լեզվի վերաբերյալ մասամբ տեղեկություններ ենք հայթայթում ոչ միայն ծագումով հարարցիներից, այլև շրջակա տարածքում պահպանված տեղանուններից՝ Դիլմանա յուրդ, Մէծ յուրդ, Արփգյա̈դուկա յուրդ, Ճըղարին թումբ, Վաքո̈ւ յուրդ ա̈ղպո̈ւր, Սևըքարէր, Աղըքարէր, Գյա̈զին թումբ, Սա̈քյո̈ւնց սար, Թիլա̈կէն յուրդ, Մաննին խութ, Դո̈ւզին տակը, Կիզիրտէղին թումբ, Յէխսուն տակը, Պըտառին ծօ̈ր, Մէծ կէտ, Ծօ̈րին էնգյո̈ւսը, Ղուզէն տափը, Խամըհատը, Կյօ̈ղին ծՓրը, Մըսրօտին թումբը, Դէրին ա̈ղբյո̈ւրը, Մկրտումի թումբը, Ճըղացին ծօ̈ր, Զինգանա կապ, Ղու արխաջ, Պօց ա̈ղբո̈ւր, Կիճի ճո̈ւր, Ապրէսին քար, Մէծ քար, Ափուն քար, Խումարաց կյո̈ւմէր, Տըղըցու թաղ, Քարա̈ղբյո̈ւր, Սա̈քյո̈ւց ա̈ղբյո̈ւր, Կօլխօզին ա̈խպո̈ւր, Գյօ̈լէն տափը, Թըռամին ա̈ղբյո̈ւրը, Լվըցքարէր, Ղաշղա գյո̈ւն, Ղաշղա քար, Կէծակտըվածի ծըմակը, Յէլիջա, Ա/Ը/լմանա յուրդ, Գյո̈ւլո̈ւմ արխի ծմակ, Ամըտեղի սուրբ, Թեսխարաբ (հին ավերակ բնակատեղի), Կատարվանք, Ղըլուվէն քար և այլն:
Այս տեղանունների մեծ մասը նույն հնչողությամբ կա Գորիսի շրջանի Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ և այլ գյուղերում: Հադրութի խոսվածքի հետ ունեցած առնչության մասով նշենք՝ Հարարում սահմանականի ներկան կազմվում էր այնպես, ինչպես Սյունիքի խոսվածքներում՝ Կոռնիձոր, Տեղ և այլն՝ -ում մասնիկով: Մասամբ նկատվում են ձևեր, որոնք մոտ են Կապանի գյուղերի խոսվածքին: Ազդեցություններ գրանցվում են նաև Հադրութի խոսվածքից: Տարածքի բնակիչները՝ ալղուլեցիների, հարարցիների, հակեցիների սերունդները, ապրում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Արցախի Հանրապետության Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններում, մայրաքաղաք Ստեփանակերտում:
Տարբեր ժամանակներում՝ մինչև գյուղի վերջնական հայաթափումը՝ 1930-ական թվականներ, Հարարում եղել են բնակչության ներհոսք և արտահոսք: Շամախու Քեօվլուջ գյուղի նկարագրության մեջ Մ. Բարխուդարյանցը գրում է, որ վերջինիս բնակիչները եկել են «Վարանդա գաւառի Աւետարանոց, Ծովատեղ, Մսմնա, Ղավախան և Հարար գյուղերից»: Հարարի մասին պահպանված կցկտուր տեղեկություններից կարելի է ենթադրել, որ, իսկապես, ժամանակին այս գյուղը տարբերվել է Արցախի և Սյունիքի հայկական մյուս գյուղերից: Այն ունեցել է հին, ընդարձակ գերեզմանոց՝ շքեղ տապանաքարերով, քարաշեն աղբյուրներ, մի քանի հարկանի բնակելի տներ, բնական և արհեստական այրերից կառուցված ձմեռանոցներ, 4 առանձին թաղամասեր, որոնք, ըստ էության, առանձին գյուղեր են եղել. «Հարարը բաժանուած է չորս մասի, որոնք առանձին-առանձին գիւղ են կազմում եւ պաշտօնական տեղերում կրում են միեւնոյն Հարար անունը, իսկ իրենց մէջ յայտնի են որոշ անուններով, այն է՝ Թէզ-խարաբ, Արփագեադուկ, Գօնաղգեօրմազ եւ Սեչմանլու…»:
Հարար գյուղը հաճախ հարձակումների է ենթարկվել: Մինչև օրս էլ այս դեպքերի մասին հիշողություններ են պահպանվել հատկապես Տեղ և Կոռնիձոր գյուղերում, որ վերաբերում են արդեն XX դարի առաջին կեսին: Ծագումով հարարցիները և տեղացիներն իրենց մեծերի պատմություններից հիշում են, թե ինչպես են ժամանակին օգնել հարազատ հարարցիներին՝ ապաստան ու բնամթերք տալով: Այսպես, օրինակ, Ա-Դոն գրում է. «135 տուն ժողովուրդը կողոպտւեց մինչեւ վերջին թելը…: Ապա նա գերի ընկաւ շրջապատող թուրքերի ձեռքը: Խե՛ղճ հայեր, օրեր շարունակ նրանք ապրում էին մահւան սարսափի, բարոյական եւ հոգեկան տանջանքների տակ, նրանք կտրւած դրսի աշխարհից, չը գիտէին ինչ էր կատարւում դուրսը, չը գիտէին, որպիսի վախճան սպասում է իրենց: Եւ երբ այդ բոլորից յետոյ զօրքը գնաց ազատելու, նրանք չէին հավատում իրենց աչքերին: Ինչպէս դահճի սրից փախածը, նրանք հեռացան այդ ծանօթ վայրերից, այլեւս չը վերադառնալու պայմանով, գնացին մի այլ տեղ ապաստան փնտռելու: Հարարն ունեցավ բաւական մարդկային զոհեր…»: Այս առիթով «Մշակ»-ը գրում է. «Երկար ժամանակ Օձաբերդ, Հարար, Թեսխարաբ գիւղերը հարստահարվում էին ալիանլու ցեղի յայտնի աւազակների յարձակումներից ու կողոպուտներից. այդ ցեղը բացի աւազակութիւնից, ոչ մի արհեստ չունի, եւ ապրում է հայ ժողովրդի … վաստակած աշխատանքով…»:
Հարարի հետագա ճակատագրի մասին այսպիսի տեղեկություններ կան. «1918 թ. Հարարը ենթարկվեց թուրքերի հարձակմանը, ավերվեց, իսկ բնակչության մեծ մասը սպանդի ենթարկվեց կամ հեռացավ այլ վայրեր: Գյուղում մնացին սակավաթիվ հայեր: 1920 թ. Դրոն և Նժդեհը ազատագրեցին Հարարը, և Կոռնիձոր-Հարար-Խծաբերդ գծով Ղարաբաղը միացավ Հայկական Հանրապետությանը: Խորհրդային իշխանության տարիներին ինչպես Ղարաբաղի շատ գյուղեր, Հարարը նույնպես թուրքացվեց»: 1919 թ. հունվարի 15-ից ոչ միայն Հարարը, այլև Սպիտակաշեն, Պետրոսաշեն գյուղերը հայաթափվում են Ղարաբաղի ու Զանգեզուրի նահանգապետ նշանակված Սուլթանովի հրամանով, ով, օգտվելով անգլիացիների հովանավորությունից, կարողացավ վերջնականապես սեպ խրել Սյունիքի և Արցախի միջև. Հարարը «վերջին թելն» էր: 1925 թ. այն դուրս մնաց նաև Ղարաբաղի Հադրութի շրջանից, ընդգրկվեց Ադրբեջանական ԽՍՀ Լաչինի շրջանի մեջ. «Երկու հազարամյակ «Հարար» անունը կրած հայկական նշանավոր գյուղը 30-ական թվականներին վերանվանվեց Ջաֆարաբադ՝ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի նախկին քարտուղար Միր-Ջաֆար Բաղիրովի պատվին, իսկ 1953 թ. նրա մերկացումից, պաշտոնազրկումից և գնդակահարությունից հետո վերանվանվեց Աշաղը Փարաջան»: Խորհրդային շրջանում Ադրբեջանին բռնակցված Հարարի մասին տեղեկությունները սակավ են: Նշենք, որ այստեղ ապրող թյուրքերը, որքան հնարավոր է եղել, փորձել են ջնջել հայկական հետքերը:

ՄԻ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Ասկերանի շրջանի Հարավ գյուղի բնակիչները պատմում են, որ իրենց արմատները Գորիսից են: Նախկինում գյուղը եղել է քիչ վերև՝ Սեգիքտու սրբավայրի մոտ, որտեղ հին ժամանակներում Հարար անունով մի բնակավայր է եղել, որն էլ, հավանաբար, բնակեցվել է պատմական Մյուս Հաբանդ գավառի Հարար գյուղից այդտեղ տեղափոխված գաղթականներով: Նշում են նաև, որ Հարար գյուղը մնացել է հողի տակ, բայց թե ո՛ր Հարարի մասին է ավանդազրույցի այս հատվածը և ո՛ր ժամանակաշրջանն է ընդգրկում, հայտնի չէ: Սյունիքի համար հիմնական ճանապարհները դեպի Արցախ անցել են այս գյուղով:
Հարարի մասին վերոնշյալ ավանդազրույցն, անշուշտ, ունի պատմական հիմքեր, և խոսքը, կարծում ենք, ոչ թե Ասկերանի շրջանի մի բնակավայրի մասին է, որ շփոթում են տեղացիները, այլ ներկայիս Հարարի, քանի որ նախկինում, ինչպես նշվեց, իրարից անջատ գտնվող չորս բնակավայրերի համար եղել է Հարար ընդհանրական տեղանուն, որ հետո փոխվել են՝ Աշաղը Փարաջան՝ «Ներքին Փարաջան», և Յուխարը Փարաջան՝ «Վերին Փարաջան», ապա այլ անուններով գյուղեր, որոնք այսօր հիմնականում վերականգնված են:
Այս ավանդազրույցի որոշ հիմքեր գտնում ենք պատմական վկայություններում, մասնավորապես, թե ինչպես են հարարցիները գաղթել և հաստատվել տարբեր վայրերում: XIX դ. կեսերին Գտչավանքի վարդապետ Առաքել Կոստանդյանցն իր «Արցախի պատմություն» աշխատանքի՝ «Քուրդ կոչուող մի ազգի մասին, որ կատարում է Մահմադի աղանդը եւ սաստիկ չարագործ է» գլխում պատմում է ներկայիս Քաշաթաղի տարածքում հաստատված քրդերի մասին: «Քանի որ նրանք այնպիսի չարագործութեամբ բազմացան եւ տարածուեցին այն գաւառում, նաեւ ծնուեցին հսկաներ եւ աճեցին, եղան քաջամարտիկներ ու անյաղթ, գունդ-գունդ դարձած ընտիր երիվարներով սփռուեցին, տարածուեցին բոլոր գաւառներում. նրանց ոտքը ձգուեց մինչեւ Արարատ երկիրը, Գողթն, Արցախ գաւառը, եւ որքան կամեցան, անսանձ երիվարները ձգեցին, արձակեցին»,– գրում է Ա. Կոստանդյանցը: Տարածքի քրդերը բավական երկար ժամանակ տիրա- պետող են լինում Քաշաթաղի շրջանում և մեծ թափով բազմանում են, որի արդյունքը եղավ Կարմիր Քրդստանը: Նրանք այնքան էին շատացել, որ արդեն XX դարասկզբին մեծամասնություն էին կազմում՝ հատկապես հայերի համեմատությամբ. Հակարի գետի ավազանում հայկական բնակավայրերից մնացել էին Հակը (Մինքենդ), Ալղուլին և Հարարը: Քրդերն այս տարածքում հաստատվել էին դեռևս XVIII դարի երկրորդ կեսից՝ Փանահ խանի օրոք (գուցե մի փոքր ավելի վաղ): Եվ հենց այդ ժամանակից նրանք սկսեցին հարձակվել ու թալանել հայկական գյուղերը: Ասպատակությունների հետևանքը եղավ նաև Որոտանի և Հակարիի ափամերձ պատմական բնակավայրերի վերացումը: «Եւ ում պատահեցին. թէ՛ քարաւանների, թէ՛ ճանապարհորդների, անխնայ կողոպտում էին, մերկացնում իրենց ունեցուածքից: Այս ձեւով ցրւում էին դաշտային, լեռնային տեղերը, աւար խփում, ընդդիմացողներին առանց խնայելու անողորմ տանջանքներ էին տալիս, ոմանց շնչասպառ անում, ոմանց սպանում՝ դիակները թողնելով ճանապարհին, նրանց ունեցուածքը խլելով՝ դառնում էին իրենց տեղերը»,– գրում է Ա. Կոստանդյանցը:
Ասկերանի Հարավ գյուղի բնակիչների համար գուցե հենց այս պատմությունն է հիմք եղել ավանդազրույցի համար, որովհետև, ըստ շարադրված վկայությունների, հիշյալ ժամանակաշրջանում Հարարը մեծ մասամբ դատարկվել էր: Իսկ թե ինչու են նշում, թե իրենց նախնիները եկել են Գորիսից, դա էլ կազմում է մի այլ զրույցի հիմք, ըստ որի՝ հարարցիների նախնիները եղել են սյունեցիներ, և նույնիսկ տոհմեր կան, որոնց շառավիղները տարածված են եղել Հարարում ու Կոռնիձորում (նաև՝ Տեղում):
Ըստ տեղեկությունների՝ Հարարում երկար ժամանակ ապրել է 1 հայ ընտանիք, որն էլ տեղափոխվել է հարևան Արփագյադուկ. այսպիսով, ավարտվում է Հարարի երբեմնի հայկականությունը:

ՀԱՐԱՐ ԱՆՎԱՆ ԾԱԳՈՒՄԸ
Հարար գյուղն ունեցել է մի քանի անուններ՝ Հարար, Fərəcan / Aşağı Fərəcan, Yukarı Fərəcan/, Ջաֆարաբադ: Բնակավայրի՝ աղբյուրների տեղեկություններով մեզ հասած 3 անունից առաջինը Հարարն է, որը գյուղը կրում էր հայերով բնակեցված լինելու շրջանում: Անունը հիշատակվում է XVII դարի կեսից՝ 1671 թ. գրված Ավետարանի հիշատակության մեջ: Մինչ այդ նույնանուն բնակավայրի հիշատակություն մեզ չի հանդիպել:
Թե ինչ է նշանակում Հարար, մինչև օրս հստակ մեկնաբանություն չկա: Այս հարցը, կարծում ենք, տեղագրական և պատմաազգագրական հետազոտություններից հետո միայն կարելի է հստակեցնել: Այնուամենայնիվ, հավանական ենք համարում, որ արդյունքները կամբողջանան ներքոնշյալ տեսակետներից մեկում.
1. Հարար արաբերեն նշանակում է գիհիի ծառ, որ Սյունիք-Արցախում ասում են կէնէ/կյէնի ծառ: Հարարցիների շրջանում պահպանվել է զրույց, ըստ որի՝ դեռևս Արաբական խալիֆայության շրջանում արաբներն այստեղից իրենց երկրներ պարբերաբար արտահանել են գիհի ծառը, որը մեծ արժեք ունի փայտամշակման արհեստի բնագավառում: Հիմա էլ Հարարում կա դանդաղ աճող այդ ծառը, որը, սակայն, անհետացման եզրին է: Զրույցներից իմանում ենք, որ այդտեղ եղել են փայտամշակման արհեստանոցներ (մեր զրուցակից հարարցիներն ասում են՝ «գործարաններ»): Հնարավոր է, որ Հարար անունն առաջացած լինի գիհի բառի արաբերեն տարբերակից, քանի որ այն հայերի կյանքում ծիսական նշանակություն ունեցող ծառ է: Գիհի-կենուց են պատրաստել չարխափան նշանները:
Քիչ հավանական ենք համարում արաբերենից թյուրքերենին անցած harar /ġirār/ġirāra(t) /رارَغ/ ِةَ / ِغَرار ՝ «պարկ, ծղոտե պարկ» նշանակությամբ բառի հետ կապելը, մանավանդ, որ քիչ գործածական է այդ լեզվում և Սյունիք-Արցախ բարբառախմբի բառապաշարում էլ բացակայում է:
2. Ա. Կոստանդյանցը նշում է, որ բնակավայրի Հարար անունը ծագում է Հայարար՝ հայ և արար (արարել) բառից: Հայտնի չէ, թե հեղինակն այլ վկայությա՞մբ է նշում բառի ծագումը, թե՞ սեփական մեկնաբանությունն է արձանագրում:
3. Անհավանական չենք համարում նաև, որ այն առաջացած լինի հայերենի արար՝ առնել բայանվան նախդրավոր անվանական ձևից՝ գրբ.՝ հարար՝ «շինվածք կամ կալվածք» իմաստից:

ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Հարար գյուղի հուշարձանների շարքում նշվում են X դ. եկեղեցի, Փարաջան (Aşağı Fərəcan) – Գյուլաբերդ-Ծաղկաբերդ (GՖləbird) ճանապարհին գտնվող մի կամուրջ, հին գերեզմանատուն, որոնցից կամ ոչինչ չի մնացել, կամ էլ՝ կիսավեր վիճակում են: Ժամանակին մամուլը երբեմն անդրադարձել է Հարարի պատմական արժեքներին, և մեր օրերում էլ վավերագրեր են հրապարակվել պատմական Հարարում ու նրա շրջակայքում մնացած հուշարձանների մասին:
1930-ական թվականներից հետո քանդվել է գյուղի մոտակայքում գտնվող հայոց գերեզմանատունը և տեղն անասնագոմ կառուցվել, որի պատերի մեջ կան նաև հայկական շիրմաքարերի բեկորներ: Ըստ ականատեսների՝ եղած խաչքարերը թաղել են հողի տակ՝ գոմի հիմքում: Հանգստարանի տեղում 2 խաչքար և մի քանի տապանաքար են մնացել: Կիսաքանդ անասնագոմի հարևանությամբ արհեստական հողաթումբ կա, որի երեսին մի քանի մեծ քարեր են երևում: Հնարավոր է՝ դրանք ժամանակին խաչքարեր են եղել:
Գյուղում կիսավեր վիճակում պահպանվել է մոտ 10 x 5 մ արտաքին չափեր ունեցող միջնադարյան եկեղեցին: Ծովի մակերևույթից մոտ 1.300 մետր բարձրությամբ գտնվող այս սրբատունը, հավանաբար, կառուցվել է XII–XIII դդ., հնարավոր է՝ ավելի վաղ: XVI դ. այն վերակառուցվել է և, ըստ 1671 թ. նույն եկեղեցում գրված Ավետարանի հիշատակության, կոչվել է Սուրբ Ստեփանոս: 1841 թ. եկեղեցին նորից է վերակառուցվել և վերանվանվել Սուրբ Հռիփսիմե: Ըստ մատենագրության՝ այս սրբատանը միջնադարում գրվել է 3 Ավետարան: Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող «Մաշտոց» ժողովածուներից մեկի մասին հիշատակվում է. «Ստեղծվել է Պաղտասար դպիրի ձեռքով և Մարտիրոս քահանայի պատվերով, 1666 թվականին Հագարան երկրի Հարար գյուղում»: 2 տարի անց ստեղծվել է մեկ այլ «Մաշտոց», որի հիշատակարանում գրված է եղել՝ «ՌՃԺԷ թուին [=1668 թ.] … յերկիրս Հագարեան ի գեօղն, որ կոչի Հարար»: Եվ մի 3-րդ գրչագրի Ավետարանի հիշատակարանում կարդում ենք. «…արդ, գրեցաւ կենսաբեր սուրբ Աւետարանս ձեռամբ մեղապարտ եւ սուտանուն Պաղտասար դպրի, ի թուաբերութեանս Հայոց ՌՃԻ [=1671 թ.], ի յերկիրս Հագարեան, ի գեօղս որ կոչի Հարար, ընդ հովանեաւ Սրբոյս Ստեփաննոսի…»:
Դեռևս XX դարասկզբին Հարարի եկեղեցին գործող է եղել: «Արարատ» հանդեսը գրում է, որ 1905 թ. ապրիլին եկեղեցու քահանա է ձեռնադրվել Համբարձում Գրիգորյան Աղանյանցը: Այժմ պահպանված է Հարարի եկեղեցու հարավային պատը, որոշ չափով նաև՝ արևմտյանը, որի մեջ խաչքար է ագուցված: Մուտքը հարավային կողմից է՝ սրբատաշ քարերով: Բարավորը խաչաքանդակով տապանաքար է: Մուտքի շեմը նույնպես տապանաքար է՝ 108 x 70 x 35 սմ չափերով, որի աջ կողմում հազիվ երևացող երկտողանի արձանագրություն կա: Ըստ Ս. Կարապետյանի՝ տապանաքարը XII–XIII դդ. գործ է՝ հետևյալ գրությամբ. «… /ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽ/Ա/ՉՍ ԲԱՐԵԽ/ԱՒՍՈՒԹԻՒՆ ՄԱՒՐ ԻՄՈՅ ԹՈՒ … Ե …»: Մկրտության ավազանը, որ համարվում էր կորած, վերջերս գտնվել է և պահվում է գյուղի բնակիչներից մեկի տանը: Եկեղեցին կառուցված է հիմնականում սպիտակ թերթաքարերից՝ կրաշաղախով, պատերի մեջ ագուցված են մի քանի տապանաքար ու խաչքար: Հյուսիսային պատը կից է հողապատնեշին և նրա կեսից ավելին քանդված է: Սուրբ խորանին կից ավանդատներ չկան: Միանավ շինության թաղը նստած է եղել 2 կամարի վրա, որոնցից այժմ միայն հետքերն են մնացել:
Այստեղ պահպանված 2 խաչքարն էլ արձանագրություն չունի: Անմշակ սևագույն բազալտե խաչքարերից մեկն ունի մոտ 75 x 75 x 30 սմ չափեր, մյուսը՝ 100 x 85 x 28 սմ: Գտնվում են գերեզմանոցը պա- հող բլրակի գագաթին՝ հարավարևմտյան կողմում՝ թփերի տակ: Տապանաքարերը գտնվում են բլրակի ներքին մասում, տեղահանվածեն: 121 x 80 x 36 սմ չափերով ուղղանկյուն տապանաքարն ունի հետևյալ արձանագրությունը. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՀԱՐԱՐԵՑԻ / ՄԱՐՏԻՐՈՍԻ ՈՐԴԻ ԴԱՎԻԹԻՆ, / ՕՎ ՈՐ ԳԱՐՏԱՅ. ՌՄՂԵ [1846 թ.] / ՄԵԿ ԲԵՐԱՆ Ա[ՍՏՈՒԱ]Ծ ՈՂՈՐՄԻ ԱՍԻ»: Մոտակա մեկ այլ՝ գրեթե նույն չափերի տապանաքարի եռատող արձանագրություն է. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՀԱՐԱՐԵՑԻ ԴԱՎԻԹԻՆ, ՈՐԴԻ ՊՕՂՈՍԻ, / ԹՎԻՆ ՌՄՁԶ [1837 թ.]»: Տապանաքարի աջակողմյան անկյունը կոտրված է. բարեբախտաբար, կոտրված մասը տեղում է, ունի զարդանախշեր: Երրորդ արձանագիր տապանաքարն ունի 95 x 40 x 30 սմ չափսեր: Նույն արձանագրությունը շրջափակված է զարդանախշ շրջանա- կով. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ48 / ՄԵԿ ՈՐԴԻ Ս/ԱՐ/ԳՍԻ Ա[ՍՏՈՒԱ]Ծ ՈՂՈՐՄԻ. / 1871 ԱՄԻ»: Տապանաքարի հակառակ երեսին 2 խաչ է քանդակված՝ մեջտեղում՝ հավերժության նշանը:
Գերեզմանոցի հյուսիսարևմտյան կողմում ճանապարհի հետք կա, որի 2 կողմում քարեր են շարված: Հնարավոր է՝ դրանք շիրմաքարեր են, որոնք թյուրքերը շարել են ճանապարհի եզրերին. Քաշաթաղի շրջանի մի շարք գյուղերում ևս այդպես են վարվել՝ Մազրայում, Զիրիկում, Մովսեսաշենում և այլն:
Հին գերեզմանատեղից մի ճանապարհ է իջնում դեպի Հակարի գետի ափ: Ճանապարհն անցնում է քարանձավային համալիրի մոտով: Կա 40-ից ավելի քարանձավ, և դա, հավանական է, ժամանակին բնակատեղի է եղել:
Հարարից ուղիղ գծով մոտ 6 կմ դեպի հարավ՝ բարձրադիր ժայռոտ բլրի վրա, կառուցված է Ամուտեղի եկեղեցին: Այս սրբատունը եղել է տարածքի հայ բնակչության գլխավոր ուխտատեղին: Ոմանք նշում են, որ եկեղեցու իսկական անունն Ամեն տեղ է եղել, որը հետո դարձել է Ամըտեղ: Եկեղեցուց մի քանի կիլոմետր հյուսիս-արևելք՝ մեկ այլ ժայռեղեն բարձր զանգվածի վրա, երևում է միջնադարյան ամրոցը, որը Մ. Բարխուդարյանցն անվանում է Ղալալու: Ըստ Ա. Հակոբյանի՝ դա Մովսես Դասխուրանցու հիշատակած պատմական Կառնակաշն է: Այստեղ նաև եկեղեցու ավերակ է եղել:
Այսպիսով, պատմական Հարարը հայկական ազատագրված գյուղերի պատմական նկարագրի վերականգնման համատեքստում դեռ ուսումնասիրության խիստ կարիք ունի: Կան բնական բոլոր պայմանները, որ բնակավայրը դառնա մեծ ու բարեկարգ ավան, որի մասին վկայում է նրա պատմական անցյալը:

«Եղիցի լույս»
Թիվ 02 (196) 2020թ.

Տարածել

Պատասխանել