Ո՞վ է առաջնորդողը

0

Ազգը քաղաքականության մեջ է, ավելի ճիշտ՝ ազգի միակ զբաղմունքը քաղաքականությունն է։ Բոլորը խոսում են, մեծ ու փոքր, կին, թե՝ տղամարդ։ Օր ու գիշեր։ Լռել չկա։ Լռելն անթույլատրելի է, ուղղակի՝ բացառված։ Եվ, ամենահետաքրքիրը, բոլորն էլ գիտեն փրկություն տանող ճանապարհի տեղը, բայց, չգիտես ինչու, փրկչի փնտրտուքը չի դադարում։ Էլ խորհուրդներ Պուտինին, Բայդենին, Զելենսկուն…Է՜լ մեղադրական եզրակացություն, է՜լ ծաղրել, է՜լ ուշունց տալ, է՜լ…մի խոսքով՝ կարգին քեֆ-ուրախություն։ Չզարմանաք, նաև մեր հարևան «գերագույն գլխավորի» ունակությունների, աներևակայելի տաղանդի և ուժի նորանոր բացահայտումներ հայրենական լրատվամիջոցներում։ Իլհամ-Ռեջեփ անբաժանելի զույգն ամենուր է, մեզնից ավելի ներկա մեր լրատվադաշտում, տանը, աշխատավայրում, գյուղերում ու քաղաքներում։ Այդ երկուսն են գլխավոր հերոսը…ասացին, հոխորտացին, արգելեցին, հրամայեցին, որոշեցին…

Երկրորդ պատվավոր հորիզոնականում էլ նախկիններ-ներկաներ-ներկաների-նախկինների ջոկատներն են։ Երբեմն, թվում է, ժամանակը կանգ է առել։ Խոսում են, բայց այն տպավորությունն է, որ դա լսել ես մի քանի տարի առաջ, որ նույն անձերն այդ ճաշատեսակն արդեն մի քանի անգամ մատուցել են՝ ամենևին էլ չմտահոգվելով, որ դու դրանից անընդհատ հրաժարվել ես։
Ասեմ, որ ինձ միշտ էլ հետաքրքրել է, թե, օրինակի համար, ինչ խճանկար կունենայինք, եթե հանկարծ, ինչ-որ հրաշքով, չլինեին այդ նախկինները։ Բայց՝ չէ, պարզվում է, որ նախկիններ ուրիշ ոչ մի երկրում չկան, որ նախկիններ միայն ու միայն մենք կարող ենք ունենալ, որ դա մեր մենաշնորհն է, մեր տարբերությունը, չասեմ՝ ներկաների առավելությունը… Վերջապես՝ ինքս ինձ հո չե՞մ մեղադրելու, ի՞նչ կասեն, խոսքը, բնականաբար, ժողովրդի մասին է։ Չեն ասի՞ էդ ինչո՞վ եք զբաղված, տովարիշչի, ո՞վ է ձեր փոխարեն գործելու, թշնամու առաջն առնելու, ԵՐԿԻՐԸ զորացնելու, մեզ առաջնորդելու։ Իհարկե, կասեն և ճիշտ էլ կանեն։ Հենց դրա համար էլ՝ կեցցե՛ն նախկինները։ Աստված երկար-երկար կյանք տա նրանց բոլորին։ Ոչ մեկի մատը հանկարծ փուշ չմտնի։ Շառ ու փորձանքից ինչքան հեռու, այնքան՝ լավ։
Բայց, եթե ավելի անկեղծ, ես այդ նախկիններին ու ներկաներին իրարից համարյա չեմ տարբերում։ Չէ, այսպես՝ անուն-ազգանունով, տեսքով, հագած կոստյումով, վարած մեքենայով, արտաբերած խոսքով տարբերվում են, բայց…ո՞նց ասեմ, այդ ԵՐԻՏներկաների մեջ այնքա՛ն նախկիններ կան, որ, ճիշտն ասած, մեկ-մեկ շփոթում եմ, խառնում ժամանակները, կորցնում հավասարակշռությունս…չնայած ամենևին էլ չեմ կասկածում, որ այդ ՆԵՐԿԱՆԵՐԸ բոլոր ժամանակների համար են, ուզում եմ ասել՝ նրանք միշտ էլ ներկա են, ամենուր, բոլոր սեղանների շուրջ…նրանք երբեք չեն փոխվում, ոչ խոսքը, ոչ հագ ու կապը, ոչ էլ՝ հարատևելու ձևերն ու մեթոդաբանությունը։ Նրանք են կապող օղակը բոլոր ժամանակների, թեպետ նրանց շրջապատում երբեմն շփոթում-մոռանում ես նույնիսկ ապրածդ ժամանակաշրջանը…
Մի բան ասեմ՝ չզարմանաք, իմ հինգ հազար տարվա պատմությունն ինձ սկսել է վախեցնել։ Ես իմ միամտությամբ, անընդհատ ուրիշներին մեղադրելու բնավորությամբ, օտարներից օգնությո՜ւն սպասելու տեսակով, ինքնուրույն պետություն կառուցելու շնորհների պռատությամբ իմ հազարամյա կենսագրության մեջ չեմ տեղավորվում։ Հինգհազարամյա ԵՐԿԻՐԸ չի կարող և իրավունք չունի այսքան թույլ լինել, այսքան բզկտված, այսքան մեղավոր, ուրիշների առաջ՝ գլուխը կախ, վախեցած, նահանջող…տապանից վռնդված…
Եվ մեր միտքը, մեր բանականությունը, մեր ընթացքը ձևավորող մի հարց՝ Վարդան Մամիկոնյա՞ն, թե՞ Վասակ Սյունի…ո՞վ…առանձին-առանձի՞ն, թե՞ միասին, իրար հե՞տ, թե՞ մենակ…ինչպե՞ս հաղթել, բարձրանալ, առաջնորդել…առանց հայրենասիրական հոգնեցող ճառերի ու սուտ ժողովրդավարության, առանց ամբոխահաճո խոստումների….առանց… կուռքեր…մի՛ շինեք երկրի վրա…
…Անձի պաշտամունք… Հանուն անձի…Հանուն ՄԵԿԻ…Մեր ուսերին, մեր գլխին, մեր գաղափարներում ու խիզախումներում…
Ուղղակի մի բան չեմ կարողանում հասկանալ՝ ա՞նձն է առաջնորդում ժողովրդին, (ժողովրդի փոխարեն կարելի է օգտագործել նաև հասարակություն), թե՞ ժողովուրդը անձին։ Էլի՝ Վասա՞կը, թե՞ Վարդանը…Ո՞ւմ հետևից գնալ։ Ո՞ւմ միտքն է ներկայից անդին, ո՞ւմ հայացքն է մեր կենցաղային մտածումից ու քննարկումներից դուրս, ո՞վ է, որ երեք միլիոն վարչապետից մեկը չէ…ձայն հանեք։ Տեսնո՞ւմ եք նրան։ Երբևէ հանդիպե՞լ եք։ Ճանաչո՞ւմ եք։
Մի խոստովանություն էլ, վախենում եմ մի օր էլ այսօրվա ներկաները հաջողությամբ դառնան նախկիններ։ Չբացատրե՞մ, չէ՞, ինչու եմ վախենում։ Վախենում եմ, և՝ վերջ։ Քաղաքականացնելն էլ անիմաստ է, տրամաբանությունից դուրս։
Էլի, օրինակի համար, ինչքան մտածում եմ, ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, ուզում եմ ասել՝ անի այն, ինչ իրեն հանձնարարված է։
Նաև՝ ես։ Երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ էլ փորձի։ Ես այնտեղ բացարձակապես անելիք չունեմ։ Անում եմ այն, ինչ ինձ հաճույք է պատճառում և ի վիճակի եմ անել։ Դա գրելն է։ Ինձ մոտ ամենալավը դա է ստացվում, և ամեն օր համոզվում եմ, որ ես անում եմ այն, ինչ ինձ հանձ-նա-րար-ված է…Իսկ հանձնարարողը, կարծում եմ, գուշակում եք, ով կարող է լինել…Եթե չգիտեք, կարող եմ ասել, բայց…

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Տարածել

Պատասխանել