Վովա Արզումանյան / Գտան իրար

0

Ամենահեշտ քայլն առանց մտածելու է առաջ գնում: Եվ ես քայլեցի՝ չիմանալով, թե ուր եմ գնում: Մի սովորություն ունեմ. միշտ ենթադրություններ եմ անում՝ հստակ չիմանալով դրա անհրաժեշտությունը:
Այս տոթ եղանակին ամենաճիշտ բանը սառը ջուր խմելն ու տանից դուրս չգալն է: Միշտ այդպես եմ մտածում, երբ տաքերն ընկնում են: Ինձ բարևող թթենին արդեն ուժասպառ է եղել ու չի խոսում հետս: Մի տեսակ նեղանում եմ ու հասկանում, որ ինքն էլ հոգնել գիտի: Բայց կյանքում ամեն բանից պետք չէ հոգնել:
Կյանք, որ չի ուզում ավարտվել… Իր վրա հազա՜ր փորձանք բերող կյանք, սակայն ավարտվել չգիտի: Չի՝ սիրում այդ բառը լսել: Սին մտքերով լցված, անեզր գայթակղություններից էլ անպակաս ակնթարթ է,որի հետ պետք է ուղղակի լեզու գտնել:
Մանուշակագույն ծաղիկների թերթերը թափվում են ոտքերիս տակ, ասես անասելի քնքշություն զգում: Հարևանիս դարպասը դեռ փակ է: Երևի չբացվի էլ: Իսկ արդեն փտող նստարանը մեզանից նույնպես հոգնել է: Է՜հ, կյանքն է այդպիսին, ի՞նչ արած…
Իմ հետևից քաշքշում եմ մտքերս, ու հուշաթաթախ հայելիս իր մեջ նորից ինձ է ցույց տալիս: Տարօրինակ ոչինչ չկա: Ես նրան սիրում եմ : Բայց սովորականի պես չեմ սիրում:
Ականջներ խլացնող աղմուկը դեռ իր հաստատուն վիճակում է :Մեր թաղի մարդիկ ասում են, որ պատերազմը շատերին սթրեսի է ենթարկել, շատերը նոր հիվանդություններ ձեռք բերեցին …և այսպես…պատմում են՝ իրենց աչքերում դեռ արկերի տեսիլներ, սիրտ մաշող տեսիլներ:
Միշտ զարմանում եմ ու հիանում, որ պատմում են պատերազմական տարիներին տեղի ունեցող հարսանիքների մասին: Չեմ թաքցնի՝ անգամ նախանձում եմ: Չնայած պատերազմին նախանձելը հիմար բնավորություն է: Ես հարսանիքներին եմ նախանձում:
Մի քանի օր առաջ հարևաններս ծիծաղելով պատմում էին, որ այդ ժամանակ հյութ բան էին պատրաստում՝ հատուկ նախատեսված փոշիով: Հիմա ի՞նչ ասես՝ արտադրում են … Ու մի պահ զարմանում եմ, որ այդպես է եղել այն ժամանակ:
Էլմիրա տատիկը երկու նկար է գրկել իր աչքերի մեջ ու նստել՝ լո՜ւռ, տխուր, սպասումով: Երբեք այդ հարցին չի պատասխանում, թե ինչո՞ւ է տխուր: Սև շրջանակի մեջ ապրող երկու որդիներին է կարոտում, որ խրամատի մեջ էլ էին վեհությամբ կանգնել ու չգիտեին, թե ինչ է վախը… չգիտեին անգամ մեռնել…
Հիմա իր փափուկ քայլերով թոռանը գրկած զբոսնում է վերևի ճանապարհով՝ բնության ամեն հրաշքի հավատալով ու երկնքի ամպերը հաշվելով: Թռվռացող թոռների հետ օրը լավ է անցնում… գիտի, թե իր որդիներն են՝ փոքր տարիքում: Պատկերացնում է,ավելի ուրախանում: Ցավոք, այդպես չէ:
Կան երևույթներ, որոնք առանձնական են ու դառը ճշմարտությամբ են ամբողջացած: Սակայն հուշամատյանը դեռ չի ուզում փակվել, չի՛ էլ փակվի: Մանր-մանր կտրում եմ արևի տակ մնացած թերթիկները,քամին նորից խելագարվում է ու չի ենթարկվում ինձ: Ձեռքերով փորձում եմ պահել կտրտած թերթիկները…ափսո՜ս… էլ բանի տեր չեմ:
Քամին իր հետ տանում է ամեն ինչ՝ նա չի հարցնում՝ համաձա՞յն ես, թե ոչ:Իսկ թերթիկների ցրվելուց հետո ինչ ասես չեղավ: Դըմփ-դըմփ, գյո՜ւվ, չրըխկ-թրըխկ…
Երկինքը փոփոխեց իր գույնը: Սահման հասան թղթերս: Անհետաքրքիր էի պատկերացնում ամեն ինչ: Եղավ այն, ինչ մտածում էի: Այրվեց ամենը…
Խրամատի մեջ մնաց Արմենը՝ Էլմիրա տատիկի որդին, ծնկել չէր ուզում, բայց ի՞նչ աներ: Երկնքից էին հրամայել, որ ծնկի: Այդ ժամանակ հրաման տվողն Աստված էր: Միշտ էլ այդպես է:
Էլ անելու բան չկար… ծնկեց…
Այրված թղթերս երկինք բարձրացան: Մոխիրներից աղավնի ելավ՝ վեհությամբ սավառնող: Եկավ ու Արմենի ուսին նստեց, հետո Արմենն աղավնին վերցրեց և իր ձեռքերում պահեց: Նրանք իրար գտան:
Նայեցին իրար աչքերի ու մի պահ անհավատալի էր…բայց աղավնին խոսեց…
– Քո եղբայրն եմ, Հայկն եմ … իմ համազգեստը թողել եմ երկնքում,բայց եկել եմ քո հետևից: Զենքդ այստե՛ղ թող, որ մեր ընկերները կռվեն: Արի՜, թռչե՜նք…
Ու թռան երկու ճերմակաթև աղավնիներ՝ առանց հրաժեշտի:

Զինվորի լուսանկարը՝ «Հայագիտարան Հայաստան» ֆբ էջից

«Եղիցի լույս»
Թիվ 02 (196) 2020թ.

Տարածել

Պատասխանել