«Նարեկն» ինձ փրկեց մահից»…

0

Դիզակի Մեծ Թաղեր գյուղում ծնված պատանու, ով հրապուրված էր բնագիտական առարկաներով, մասնավորապես՝ ֆիզիկայով ու մաթեմատիկայով, մտքով անգամ չէր անցնի, թե կգերվի «Գրիգոր Նարեկացու ուսմունքով», գիշերները՝ «Մատյանը» գրկին, ու մի օր կտրուկ վճիռ կկայացնի՝ ընդունվելու Երեւանի պետական համալսարանի աստվածաբանական ֆակուլտետ:
Ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով) անվան դպրոցում սովորելու տարիներին Վահրամ Լալայանը աչքի էր ընկնում արտակարգ ընդունակություններով, եւ ուսուցիչները խորհուրդ էին տալիս անպայման բարձրագույն կրթություն ստանալ: Նոր էր Արցախի պետհամալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող դարձել, երբ ավագ եղբոր հետ կամավորագրվեց Արթուր Աղաբեկյանի գլխավորած գյուղի ինքնապաշտպանական գումարտակին եւ մյուս տղաների պես սկսեց մասնակցել մարտերին: Ռազմագործողություններից մեկի ժամանակ ողբերգաբար զոհվեց եղբայրը, եւ հրամանատարը նրան հորդորեց տուն վերադառնալ ու մխիթարել ծնողներին: Սակայն Վահրամն անդրդվելի էր եւ որոշեց տեղափոխվել հետախույզների ջոկատ ու այնտեղ շարունակել իր մարտական ծառայությունը:
Բազմաթիվ ռազմագործողությունների նա մասնակցեց ջոկատի տղաների հետ ու պատվով կատարեց ցանկացած առաջադրանք: Թվում էր՝ հերթական փորձությունն էլ հաջողությամբ կհաղթահարվի: Ու այդպես էլ եղավ: Սակայն թշնամու կողմից վաղուց գերեվարված ու կրակակետի վերածված հայկական Հողեր բնակավայրի ազատագրման ժամանակ խիզախ զինվորը գլխից ծանր վիրավորվեց՝ կորցնելով գիտակցությունը: Անհուսալի վիճակում ուղղաթիռով նրան Երեւան հասցրին, ու երեք անգամ վիրահատվեց: Եվ վեց ամիս հետո միայն ուշքի եկավ ու գիտակցեց, թե իր հետ ինչ է կատարվել…
«Ինչպես ճանաչված բժիշկ, նյարդաբան Անդրանիկ Կալաջյանը հասկացրեց, հրաշքով եմ մահից փրկվել: Ու թեեւ երկու տարի շարունակ բուժվում էի տարբեր կլինիկաներում, եւ վերակենդանանալու համար զորեղ կամք ու համառ ջանքեր էին պահանջվում, մի կերպ ոտքի կանգնեցի՝ հասկանալով, որ Աստված խնայել ու վերստին ինձ կյանք է պարգեւել: Այդ պահից ձեռքիցս վայր չէի դնում Գրիգոր Նարեկացու «Մատյանը»: Հափշտակված ընթերցում էի այն ու նորից վերընթերցում՝ ամեն անգամ նորովի բացահայտելով նրա խոսքի եւ տողի զորությունը: «Նարեկն» ինձ փրկեց մահից, «Նարեկը» բուժեց իմ վերքերը»,- խոստովանում է երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկը:
Վահրամը հետագայում ավարտեց մաթեմատիկայի ֆակուլտետը եւ սկսեց դասավանդել դպրոցում: Սակայն նրան երբեք հանգիստ չէր տալիս երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու մտադրությունը: Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը միշտ թեւի տակ էր ու ուղեկցում էր նրան՝ խոստանալով նոր բարձունքներ: «Աստծո փնտրտուքը միշտ էլ եղել է իմ մեջ, եւ փորձել եմ բացահայտել՝ կա՞, արդյոք, Աստված, թե՝ ոչ: Վերակենդանանալու, ինձ վերագտնելու համար երախտապարտ եմ հայ մեծանուն բանաստեղծին ու փիլիսոփային, գեղագետին ու բժշկին, ում տողերը, իմաստուն խորհուրդները հազարավոր սրտեր են բուժել եւ ամոքել, սովորեցրել ապաշխարել եւ ինքնամաքրվել: Եվ շատերի պես ես էլ գնացի այդ ճանապարհով»,- ասում է նա:
Սկզբնական շրջանում որպես ունկնդիր ընդունեցին Երեւանի պետական համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, որտեղ փորձեց իր ուժերն ու գիտելիքները: Բայց շուտով լրացուցիչ քննություններ հանձնեց եւ դարձավ ուսանող: «Համակուրսեցիներս հաճախ էինք դասերից բացակայում եւ դասախոսների հորդորներին արժանանում: Սակայն ես համառորեն ներկայանում էի բոլոր պարապմունքներին եւ պարտադիր սերտում թեման: Եվ նրանք կես լուրջ, կես կատակ նկատում էին՝ «Դու ավելի բարեխիղճ ու խոհեմ սովորող ես, քան նրանք: Էլ ի՞նչ ունկնդիր, իսկական ուսանողը դու ես»,- հիշում է Վ. Լալայանը, ով հաջողությամբ ավարտեց բակալավրիատն ու մագիստրատուրան, ընդունվեց մայր բուհի ասպիրանտուրան, ընդլայնեց գիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների շրջանակը եւ համառ, հետեւողական ջանքերի շնորհիվ պաշտպանեց թեկնածուական թեզ՝ «Մատյան ողբերգության» պոեմի խորհրդաբանական ընկալումները» թեմայով:
Արդեն երրորդ տարին է, ինչ Վ. Լալայանը դասավանդում է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում, որտեղ գլխավորում է պատմության ամբիոնը: Երեք մենագրության եւ մի քանի տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է: Նա իր պարտքն է համարում «յուրաքանչյուրի հոգուն եւ սրտին հասցնել անմահ Նարեկացու իմաստուն եւ լուսեղեն խորհուրդը», ուսանողներին ուղղորդում խոր եւ կայուն գիտելիքներ ձեռք բերել, շիտակ ու ազնիվ լինել կյանքում:

Հ. Գ. Նրա դիմանկարն, հավանաբար, ամբողջական չէր լինի, եթե չնշվեր, որ Վահրամ Լալայանը մասնակցել է նաև սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ՝ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմին, կամավոր մեկնելով առաջնագիծ՝ հայտնվել ռազմագործողությունների հորձանուտում: Երբ անհավասար մարտերում հայկական ուժերը նահանջում էին, ու Հադրութը, Դիզակի մյուս հայկական բնակավայրերը հայտնվել էին թշնամու հսկողության տակ, Վահրամն անզիջում էր: Նա, մեկնելով, Մեծ Թաղեր՝ ինքնապաշտպանության ջոկատին էր միացել: Ընդդիմանալով գյուղը գրոհած թուրքերին՝ ամեն կերպ նրանց փորձում էր հասկացնել, որ իր ծննդավայրը, հայրական տունը երբեք չի լքելու ու շարունակելու է այնտեղ մնալ: Ցավոք, չկարողանալով դիմադրել մեծաթիվ հրոսակներին՝ փոխհրաձգության ժամանակ Վահրամը տան բակում ընկավ թուրքի գնդակից: Դաժան ճակատագրի բերումով, հրադադարից միայն երկու ամիս անց հայտնաբերվեց նրա հոշոտված մարմինը և Եռաբլուրում հողին հանձնվեց: Անեծք ու մահ նենգ թշնամուն: Համոզված ենք, որ մարդասպանների նկատմամբ Աստծո արժանի դատաստանը չի ուշանա:

Դավիթ Միքայելյան

«Եղիցի լույս»
Թիվ 03 (197) 2020թ.

Տարածել

Պատասխանել