Արցախի գրողների միության արտահերթ համագումարը նախագահ է ընտրել

0

Ապրիլի 15-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի ունեցավ Արցախի գրողների միության արտահերթ համագումարը, որը նախագահում էր գրական ընտանիքի նահապետ, բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանը։ Մինչ օրակարգային հարցերի քննարկումը ներկաները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմներում նահատակված հայրենյաց պաշտպանների հիշատակին։ Գրական ընտանիքը լռության րոպեով հարգել է նաեւ վերջերս կյանքից հեռացած ԱԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի հիշատակը։

Արտահերթ համագումարի օրակարգում ընդգրկված էին Արցախի գրողների միության նախագահի, վարչության և վերստուգիչ հանձնաժողովի ընտրության հարցերը: Թեկնածուներ են առաջադրվել Նորեկ Գասպարյանը եւ Կիմ Գաբրիելյանը։ Փակ գաղտնի քվեարկությանը Կիմ Գաբրիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19 պատվիրակ, իսկ 26-ը` Նորեկ Գասպարյանի օգտին, ով ընտրվել է Արցախի գրողների միության նախագահ:

«Համատեղ ուժերով ամեն ինչ անելու ենք, որպեսզի Գրողների միության գրական քաղաքականությունը բավականին ընդգծված լինի և ինչքան հնարավոր է բարձրացնի գրողի հեղինակությունը: Գրողներն անհատապես կարող են միայն ստեղծագործել, բայց ինչ-որ աշխատանք կատարելու, քաղաքականություն որոշելու առումով պիտի մենք միասին աշխատենք»,- ասաց Նորեկ Գասպարյանը:

Այնուհետեւ համագումարն ընտրել է վարչության նոր կազմ` բաղկացած 10 անդամից, ինչպես նաեւ վերստուգիչ հանձնաժողով:

Տարածել

Պատասխանել