… Վերադարձ

0

Իմ ու քո

հանդիպումը

հայրենիք,

լեռներում է։

 

Ամեն օր

արձանագրվող

հրադադարի

խախտումների

ամենաշքեղ

ձևակերպումներում

ու ամենագեղեցիկ

կտրոնների

գույների մեջ։

 

Արդեն

134 օր է

ես սպասում եմ քեզ,

անհասցե

երկրի

ամենադիտված

հրապարակում։

 

Ամենաանհայտ

բանաստեղծի

դռան մոտ,

Եսենինի,

Դոստոևսկու,

Մարկեսի,

զարմացած

դեմքերի դիմաց։

 

Քեզնից

շատ~

շատ հեռու,

ընդամենը

մի անցակետ

այս կողմ։

 

Տեղից

տեղ-տեղ

հեռու…

 

Շուշիի

մշուշոտ

արևածագի

կոպերի

արանքում

 

ու Ստեփանակերտի

ծերունազարդ

Պյատաչոկի

աստիճաններին։

 

Այնտեղ,

ուր ժամանակը

վաճառքի է

հանվել

ներհամայնքային

ավտոբուսների

տոմսարկղերում։

 

Այնտեղ

ուր երբեք

տեղ չես հասնում,

երբ նույնիսկ

գնալու

տեղ չկա։

 

Իմ ու քո

հանդիպումը

հայրենիք,

հենց հիմա,

հենց այս պահին

ծնվող

մանկան

աչքերում է.

 

նրան

դեռ չգրկած

հոր

անհանգիստ

շարժումների մեջ։

 

Երկրի

ամենահեռավոր

գյուղերում,

ու դատարկվող

խանութների

պատուհաններին։

 

։ արշալույսը

նոր էր բացվել…

 

***

 

Ես դպրոցից

տուն գալու

ճանապարհին եմ

սովորել

ոչնչի

մասին չերազել.

 

։ճիշտ

այն ժամանակ

երբ ինձ

համոզում էին,

որ չի կարելի

դասերից

բացակայել,

երբ ոչ մի

հստակ

պատճառ չկա։

 

…ճիշտ

այն ժամանակ,

երբ ես ոչ ոքի

չէի կարող

բացատրել,

որ վախենում եմ

ինձ չհանդիպելու

արագությունից։

 

…ճիշտ

այն ժամանակ,

երբ

ամենաշքեղ

աղջիկները

մի գիշերվա մեջ

դարձան

փափկասուն

տիկնայք,

և ինձ չգտած

հանդիպումը

մնաց

իմ գրականության

տետրի

լուսանցքում։

 

… ճիշտ

այն ժամանակ,

երբ

բոլորը

վազում էին

վերջին զանգի

կոստյում

գնելու:

 

Ինձ թվում է

ես դեռ չեմ ծնվել,

որովհետև

իմ ծննդյան

օրը

ամենաչփրկված

մարդը ես էի։

 

։պոետները

մեռնում են

ամենալավ

ստիխը

գրելուց առաջ…

Ճանապարհն

ինքնակամ

հեռանում է։

 

Առավոտյան,

պատշգամբներում

երջանկություն

փնտրող

կանայք

այլևս

նույնը չեն…

 

Քաղաքը

կիսամերկ

աղջիկների

սեթևեթության

մեջ մոլորվել

և հիմա

սեղան է

նստում

ում հետ

պատահի։

 

Շներն

էլ չեն հաչում…

 

…որովհետև

կատվի

մլավոցը

որպես

օպերային

կատարում

համամարդկային

լեզվի է վերածվել։

 

Ժամանակը

շողոքորթում է

ժամանակին.

 

իսկ մեր

բակում

հազար

կողպեքների

տակ պահված

աղմուկը`

առույգ

անորոշությամբ

դատարկվում։

 

Ես հիմա

անհետացող

երգեր եմ

փնտրում,

որ

չօտագործված

բոլոր

բառերը

նետահարվեն

Տղմուտ

գետի ափին,

որ Հայկը

մի Բել

հաղթելով

չհեռանա

մեզնից,

որ վերադարձը

չմասնատվի`

կիլոգրամներով

խաղաղություն

ունենալու

համար։

 

Perfect:

 

Մինչ մենք

աղավնիներին

բաժանում էինք

ըստ քաշային

կարգի,

լեռներում

երկիրը

մնաց

ձյան տակ։

 

***

Երբ

բոլորը

պառկեն

քնելու,

օրը

կարթնանա։

 

Կարթնանա

երկրից

հեռու

մի տեղ,

հանգած

խարույկների

կողքին…

 

Կարթնանա ,

որ ոչ ոք

այլևս

դուռը

բացելու

պահանջ

չունենա

Մհերից,

կարթնանա,

որ ոչ ոք

խելագարվելու

պահին`

չնմանակի

Մեծ

Կոմիտասին։

 

Կարթնանա,

կարթնանա,

որ վառոդի

հոտից

մխված

երկնքի

տակ

ոչ ոք,

ոչ ոք

խաղաղություն

չպարտադրի

աղավնիներին։

 

…եթե երկիր`

ապա հայրենիք,

եթե հայրենիք `

ապա հենց հիմա։

 

Հենց հիմա,

երբ քաղաքի

փողոցներում

ծառերի

փոխարեն

ծաղկում են

հիշողությունները.

 

և քանի դեռ

անմարդկային

թանկ են,

Դեկտեմբերին

չկերած

մանդարինները։

 

***

Փողոց`

վաղուց չկա։

 

Կոստյումների

մեջ

թափառող

քամիները

դատարկ

խանութներում

քսմսվում,

և գնումներ

կատարող

գիշատիչներին

համոզում են,

որ ամենալավ

հանդիպման

վայրը

քաղաքն է։

 

… պատերազմի

շտապողներ

չկան,

պատերազմից

վերադարձողներ`

նույնպես…

 

Ասում են

պատճառն այն է,

որ քաղաքը

տրոլեյբուսներ չունի,

իսկ ճշմարտությունը

երթեւեկության

հնարավորություն։

 

Ես ասում եմ

Ստեփանակերտը

վաղուց

քաղաք չէ,

բնակավայր չէ,

հասցե չէ…

 

Ստեփանակերտը

ԴՆԹ է ,

գենետիկա

փրկելու

վերջին հույս

և Պապ

թագավորին

հանդիպելու

վայր։

 

։Հենց հիմա

շտապեք,

որովհետև

ԿՈԼՑԵՎՈՅՈւՄ

ծաղիկներ են

վաճառվում

երկրից

չհեռացոների

համար…

 

Կամ էլ

Դեզդեմոնան

փրկվել

և հիմա

փնտրում է

ՕԹԵԼԼՈՅԻՆ։

 

…վաղը

Բլոկադայի

91-օրդ օրն է։

 

Երջանկություն~

 

գոնե

թվերը

չեն լքում մեզ։

 

***

Իսկ երբ

մեկն

անկեղծ

որոշի

սիրել ինձ,

ես կանհետանամ

ամենաթաքուն

պահված

բառերի մեջ։

 

Դրանից

հետո

տարվա

ինչ եղանակ էլ

լինի,

ծառերը

կսկսեն

ծաղկել։

 

***

Ամենալուրջ

հայացքով

մարդիկ,

աճպարարների

հոգեհանգստին են

լինում,

երբ սգո

թափորը

դեպի

լեռան

գագաթ են

տանում

ծաղրածուները։

 

Ծափերից

հետո

գիշերը

կախաղանին

չորացող

աղմուկ է…

 

…անսմբակ

ձիերի

երամակի

մեջ

մոլորված

երազանք

ու

քարերի

արանքում

հայրական

խրատներ

փնտրող

մանչ։

 

… ոչ ոք,

ոչ ոք

չգիտի

այն հասցեն,

որտեղից

սկսվում է

սկիզբը,

որտեղից

երգը

դառնում է

խրամատի

ծայրին

կախված

զենքի

վերջին

փամփուշտ

և …

 

և ինչ է սա,

գույնզգույն

հագնված

պոետների

թաղում,

թե

հանդիպում

համընկնումների։

 

ՆԵՄՐՈՒԹ

Տարածել

Պատասխանել