ՆՎԱՐԴ ԱՎԱԳՅԱՆ | Մեղրիկը

0

մեղրիկ/ակնարկ /

«Մեղրի» զարմացնող անունով եւ փոքրիկ աղավնի հիշեցնող աղջկա հետ ծանոթանացա վերջերս, եւ այդ անուշիկ հայուհուն ներկայացնելու ցանկությունս մեծ է… Եկել է Արցախ` գիրք գրելու: Այսինքն` գիրքը հանուրիս ճանաչ Եռաբլրում ամփոփված հերոս տղաների մասին է լինելու, բայց այն ի~նչ գիրք է, որ Արցախի հետ առնչություն չպիտի ունենա… Տղաների մեծ մասն Արցախի հողում է, չէ՞, զոհվել:Դե, Մեղրին էլ ապագա գրքի հովանավորին /ու Հայաստանի պաշտպանության նախարարությանն/ ասել է` ես գնացի Արցախ… Բայց դրանում ի՞նչ կա զարմանալի` կհարցնեք, հայ աղջիկ է, որոշել է գրել հայ նահատակների մասին:Կա’: Կա, եւ դա այն է, որ Մեղրիկը, այսինքն` Ճապաղջուրյան Մեղրին… հալեպցի է: Սիրիահայ: Ավարտել է Հալեպի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Մասնագիտությամբլ պատմաբան… իսլամագետ է: Ստացած կրթության լեզուն միշտ եղել է արաբերենը: Դա նշանակում է, որ պատմաբան լինելով` հայ ժողովրդի պատմություն չի անցել… -Բա որտե՞ղ ես սովորել հայերեն գրելն ու խոսելը: -Եվ մտածելը,- շեշտում է Մեղրին:-Ես մտածում եմ հայերեն: Իմ տան լեզուն միշտ հայերենն է եղել…Մի քիչ գրելում եմ կաղում, կարող եմ մեկ-մեկ չնկատել` գրավոր խոսքում քերականական սխալ թույլ տալ, բայց ոչինչ, անսխալին էլ կհասնեմ:Կյանքը հիմա ինձ համար նոր մեկնարկակետից է սկսվում… – Հարցիս չպատասխանեցիր, Մեղրիկ ջան… -Հա…կներեք: Հալեպում Քարենեփե կոչվող ազգային ճեմարան կա` այնտեղ եմ սովորել: Հայերեն ուսուցանվում են միայն հայոց լեզու-գրականությունը եւ մեր կրոնը: – Մի քիչ չե՞ս պատմի արմատներիդ մասին… -Երկար պատմելու բան…չէր լինի` եթե հայ չլինեի,- մտքի հասունությամբ նորից է զարմացնում Մեղրին:- Մեր տոհմը Արեւմտյան Հայաստանից է: Խարբերդ գավառում նույնանուն գետ ու գյուղ կա` Ճապաղ Ջուր: Ապուպապերս էլ իրենց կոչեցին Ճապաղջուրյան… Գիտե~ք ինչ անուշ ազգանուն է… Արտաբերելուց սրտիս աչքով ինձ են ներկայանում մեծ պապիս` Խարբերդում շան բերանում թողած լենուբոլ հողերն ու կանաչ դաշտերը: Երբ փոքր երեխա էի, սիրում էի նստել խաղաղ մի անկյունում ու փորձել տեսնել Ճապաղջրի ալիքների խայտանքը, լսել խարբերդցի խոտի հայերեն սվսվոցը…Ընկերներս ծիծաղում` հարցնում էին` խ՞ոտն էլ հայերեն գիտի: Բա ո~նց, համոզում էի նրանց, էրգրի խոտն էլ, քար ու ջուրն էլ խոսում են հայերեն: -Մեղրիկ ջան, այդ ինչ անուն է, որ կրում ես… Առաջին անգամ եմ լսում` մարդուն այդպես կոչեն: -Մորս անունն էլ Սալբի է: Դա՞ էլ լսած չկաք: -Չէ, այդ մեկը, կարծում եմ, նույնիսկ տարածված է… -Դե, ուրեմն իմացեք. երբ մեծ մայրիկս կրծքի տակ դեռ կրում էր մորս, Ռաֆֆի էր ընթերցում…Նրան լույս աշխարհ բերելով` խնդրեց Սալբի անունը տալ: Ես էլ հորս եմ պարտական իմ անվամբ: Մայրս ասաց` ի՞նչ մեղրի, այ Գրիգոր…նա էլ թե` Հայաստանում այդպիսի քաղաք կա, ինչո՞վ է վատ, հուշում է հայոց հողի քաղցրության մասին… Թող իմ աղջի’կն էլ Մեղրի լինի: -Մեղրի աղջիկ, իսկ դու այնտեղ` Հալեպում, ի՞նչ գիտեիր Արցախի մասին: -Հե~…,- մանրիկ ժպտաց նա,- ես դեռ երեք տարեկան էի, երբ ինձ տանը տեսաժապավեններ էին ցույց տալիս Արցախի եւ ընթացող պատերազմի մասին… Երբ արդեն առաջին դասարանում էի, եւ ուսուցչուհին ինչպես բոլորին` ինձ էլ հարցրեց, թե ի՞նչ եմ ուզւոմ դառնալ մեծանալուց, ասացի` զինվո’ր, որովհետեւ Արցախ պիտի գնամ` Արարատն ազատագրելու: Ծիծաղեց, ասաց` Արարատն Արցախում չէ, Մեղրի ջան, Հայաստանում է: Իսկ եսբարկացած` Արցախը Հայաստա՞ն չէ…Կարմրեց, ասաց` կներես, Մեղրի ջան, Հայաստան է, ու մինչեւ դու մեծանաս` Հայաստանու’մ է լինելու: -Զինվոր ջան…չնեղացար, չէ՞, որ այսպես դիմեցի, ախր տեսնում եմ` ժամանակին իրոք զինվոր ես լինելու` գրչի զինվոր…Գերդաստանդ Ճապաղջրից ե՞րբ ու ինչպե՞ս է ընկել Հալեպ: -Այ դա շատ հետաքրքիր, դեռ մի քիչ էլ տխուր պատմություն է: Ամաչելու բան էլ լինի` պատմելու եմ` ինչպես եղել է: 1915-ի ցեղասպանությունից հետո տեղում կենդանի մնացած խարբերդցիների թվում էր եւ մեծ պապիս ընտանիքը: Մեծ պապը դեռ հավատում, հույս էր պահում, թե հայ ազատագրական ուժերը կվերադառնան` թուրքին քշելու, էրգրին տիրություն անելու: Ասաց` պետք չէ, որ հայի ոտքը լրիվ կտրվի այս հողից, թուրքը հենց դա է ուզում: Ստից, ժամանակավոր, հավատափոխ հայտարարենք մեզ` մնանք տեղում, պահենք մեր օջախը, սպասենք…Բայց մի օր էլ, երբ տարներ էին անցել, մեծ պապը սարսափով տեսավ, որ քրդուհու հետ ամուսնացած իր կրտսեր եղբայրը…նամազ է անում: Երեկոյան ընտանիքը հավաքեց գլխին` մատուցեց մտքում լավ եփած վճիռը.« Պոկվում գնում ենք այստեղից, հո չեմ սպասելու, որ իմ զավակներն էլ նամազի չոքեն: Հայդե, տեղափոխվում ենք Հալեպ, այնտեղ հայերը շատ-շատ են, հայերենն էլ կենդանի:Հերիք է` ինչքան ծպտված ապրեցինք»: Դա 1932 թվականին էր… -Մեղրի ջան, ինչ լավ ես պատմում: Կարծես` ես էլ էի այնտեղ ու տեսել եմ այդ ամենը: Ախր շատ լավ ես է~ շարադրում մտքերդ:Ես արդեն մտածում եմ, որ գիրքդ էլ է համով լինելու… Աղջիկ ջան, չէի ուզում հիշեցնել վերջին տարում Հալեպում եւ ընդհանրապես Սիրիայում կատարվածի մասին, դե, ձեր գլխով անցածի…որ չցավեցնեմ սիրտդ, բայց, կներես, հարցնել պետք է. դու՞ք ինչպես վճռեցիք հեռանալ այնտեղից: -Ընտանիքս ութ ամիս կլինի, որ եկել է, բայց ինձ ավելի վաղ են ուղարկել: Մենք լավ էինք ապրում, նույնիսկ լավից էլ լավ, խանութներ ունեինք, գեղեցիկ տուն:Տան ամեն ինչը` հայի ճաշակով (մայրս ժամանակին տնտեսագիտական համալսարանում էր սովորում, բայց հորս հետ վաղ ամուսնանալու պատճառով ուսումը կիսատ մնաց): Ինձ շտապ Հայաստան ուղարկեցին, երբ մեր թաղամաս ներխուժեցին, որտեղ միայն հայեր էին ապրում եւ քրիստոնյա արաբներ, մահմեդականները, ու եղան սպանության, իսկ որ ավելի ահավորն է` բռնաբարության դեպքեր… -Որքանո՞վ է հաջողվում հարմարվել նոր տեղին… Եթե Աստված տա` Սիրիայում ամեն ինչ լավ վերջանա, երկիրը խաղաղվի, ընտանիքդ մտադի՞ր է ետ վերադառնալ: -Ոչ մի դեպքում: Ոչ մեկս դա չենք ուզում: Ոչինչ, մի կերպ կպահենք գլուխներս: Այնտեղ դեռ այնքա~ն հայեր կան, որ ուզում` բայց չեն կարողանում դուրս գալ երկրից…Եվ ընդհանրապես` սփյուռքում, եթե անգամ հարուստ ես, մեկ է, որոշակի հարցերում որոշակի իմաստով գլուխ ես ծռում օտարի առջեւ:Իմ ասածը բարոյական խնդիր է:Իսկ ինչացու՞ է մարդը` առանց իր ազգային բարոյական արժեքների ու պահանջմունքների: Հասկանում եք, չէ՞, ինչ եմ ասում: Հայրս ու ինձնից մի տարով փոքր եղբայրս` Կայծակը, ջանում են կարգի գցել մեր նոր կյանքը. լահմաջոյի տաղավար են բացել` աշխատում են:Կպահենք գլուխներս, չենք կորչի: Միայն թե մեր ոտքի տակ հայրենիքի հողն զգանք: -Մեղրիկ ջան, երկա՞ր ես մնալու Արցախում… -Ավելի լավ է` հարցնեք` իսկ ընդհանրապես գնալ ուզու՞մ եմ… աստված վկա, ես սիրահարվել եմ այս հողին ու մարդկանց: Ու էլի գիտե՞ք ինչ պիտի ասեմ. հայի ձեր` արցախցի տեսակն ուրիշ է… Դուք ավելի շատ եք բարի եւ արդարամիտ: Գուցե դա նրանից է, որ ինքներդ էլ եք երկար ժամանակ յուրահատուկ սփյուռքցի եղել…Ասում եմ, չէ՞, դեռ մանկուց եմ հետաքրքրվել Արցախի ճակատագրով: Զգացածս, հասկացածս ու ճանաչածս այն է, ինչ ասացի: -Ապրես, Մեղրի ջան, հաջողություն քո նպատակին էլ, գործին էլ: Մեղվի նման խոր մեկնիր «կնճիթդ», որ հասնես նեկտարին ու կարողանաս հավաքել արցախյան մեղրից…

Տարածել

Պատասխանել