Լևոն Ադյանի գրքի շնորհանդեսը Արցախում

0

Լևոն Ադյան«Կարոտաբաղձ իմ սիրտը միշտ Արցախի ճամփին է, պարզապես տեղ չի հասնում…»,-հարցազրույցներից մեկի ժամանակ այսպես է պատասխանել ՌԴ-ում բնակվող արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս Լեւոն Ադյանը լրագրողի այն հարցին, թե երբ է այցելելու Արցախ: Գրողի կարոտն առ հայրենի եզերք հաղթահարեց մյուս խոչընդոտները եւ 25 տարվա ընդմիջումից հետո օրերս Լեւոն Ադյանը կրկին Արցախում է: Առիթը ոչ միայն հայրենի Արցախն ու ծննդավայր Չլդրանը տեսնելն է այլեւ իր «Հեռացող եզերք» եւ «Իրիկնային աղջամուղջ» գրքերի շնորհանդեսը, որոնք հրատարակվել են վերջերս Արցախի գրողների միության կողմից:
Հուլիսի 23-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ԼՂՀ գրողների միությունը կազմակերպեց հեղինակի երկար սպասված գրքերի շնորհանդեսը: Ներկա էին գրողի գրչընկերները, ընթերցողները: Ինչպես հեղինակը խոստովանեց, ավելի քան 20 տարի գիրքը ձեռագիր վիճակում էր եւ այսօր արդեն այն ընթերցողի սեղանին է:
«Հեռացող եզերք» վեպը սիրվեց եւ հավանության արժանացավ բոլոր ընթերցողների կողմից: Հեղինակը ականատեսի փաստարկներով ներկայացրել է Սումգայիթում եւ Բաքվում տեղի ունեցած իրադարձությունները: Գլխավոր սյուժետային գծի մեջ մտնում են ադրբեջանուհի Ռենայի եւ հայազգի Լեոյի սերը: Բայց սա լոկ սիրո պատմություն չէ, այլ երկու ազգերի անցած ճանապարհի, երկու ազգերի բնավորությունների գծերի գեղարվեստական խտացում: Եթե որեւէ մեկը հետաքրքրվի, թե ինչ է տեղի ունեցել Սումգայիթում, Բաքվի հայերն ինչպես հեռացան, ինչպիսի կորուստներ կրեցին, բավական է կարդալ Լ. Ադյանի « Հեռացող եզերք» վեպը:
«Իրիկնային աղջամուղջ» գիրքը վիպակների, պատմվածքների, մանրաքանդակների ժողովածու է, որն արտացոլում է Արցախի ու արցախցիների առօրյան, հայրենի եզերքի բնանկարն ու հայ մարդու ճակատագիրը պատմության հարափոփոխ շղթայում:
Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան հեղինակի գրչընկերներ Միքայել Հաջյանը, Սոկրատ Խանյանը, Նվարդ Ավագյանը, Մաքսիմ Հովհաննիսյանը, Կիմ Գաբրիելյանը եւ ուրիշներ:
Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանն իր խոսքում նշեց, որ Լեւոն Ադյանը Բաքվի «Գրական Ադրբեջանում» աշխատելու տարիներին իր շրջապատով մի փոքրիկ Հայաստան էր, մի փոքրիկ օազիս, ում միջոցով բազում հայեր հաղորդակցվում էին հայ մշակույթին ու պատմությանը:
«Լեւոն Ադյանին առաջին հերթին սիրում ենք նրա համար, որ նա այն սկզբունքային մարդկանցից մեկն էր, նվիրյալ իր ժողովրդին եւ լավ հայ, որը կարողացավ Բաքվում հայերի համար ամենածանր պահերին կանգնել ուղիղ, առանց ողնաշարը ծռելու եւ միշտ մնաց հայ: Եվ այսօր այդ հայն արդեն ճանաչված արձակագիր է»,-ասաց Վ. Հակոբյանը:
Շնորհանդեսի վերջում խորհրդանշական նվեր հանձնվեց Լ. Ադյանին՝ գրիչ եւ նոթատետր:
Նշենք, որ Լեւոն Ադյանը հեղինակ է ավելի քան 30 ինքնուրույն եւ թարգմանական գրքերի: Այժմ ապրում է ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում: Ռուսաստանի, Հայաստանի եւ Արցախի գրողների միության անդամ է, ակտիվ հասարակական գործիչ:

Զարինե Սառաջյան

Տարածել

Պատասխանել