by

10818723_1516055138666408_1702027714_nԴեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանի  պոեզիայի եւ գիտական նիստերի դահլիճում տեղի ունեցավ շուշեցի գրող Գրիգոր Ներսիսյանի «Վերջին երգից առաջ» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին գրողներ, արվեստի գործիչներ, դասախոսներ եւ ուսանողներ:

Գրիգոր Ներսիսյանը ստալինյան ռեպրեսիաների զոհերից է, ում մեղադրել են ազգայնամոլության մեջ եւ աքսորել:  Ժամանակի  ինտերնացիոնալիստները ոչնչացրել եւ վառել են նրա ստեղծագործությունները: Արդյունքում  այսօր մեր գրականությանը գրեթե անծանոթ է  Գր. Ներսիսյանի` գրական, հասարակական գործչի անունը:  Նշենք նաեւ, որ Գրիգոր Ներսիսյանը Արցախի գրողների վարչության հիմնադիրն ու առաջին նախագահն էր:

Գիրքը հեղինակի գործերի առաջին հրատարակությունն է` ողբերգական 30-ականներից հետո: Այն կազմել է գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, իսկ խմբագիրն ու առաջաբանի հեղինակն է ԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը:

Շնորհանդեսը բացեց եւ Գր. Ներսիսյանի գրական վաստակը գնահատող ելույթով հանդես եկավ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը:

«Գրիգոր Ներսիսյանը մեր գրականության ամենաողբերգական դեմքերից մեկն է,-նշեց Վ. Հակոբյանն իր խոսքում,-Գրիգոր Ներսիսյանը  հայրենի անտառներում բուսած  այն հաստաբուն կաղնին էր, որ չթեքվեց անգամ աշխարհակործան փոթորիկների առաջ, այո, կոտրվեց, բայց չծռվեց` որպես անվեհեր ծուռն իր ազգի, միշտ մնաց իր դավանանքին ու սկզբունքին  հավատարիմ: Կարճ էր տաղանդաշատ գրողի կյանքը, բայց հարուստ ու գեղեցիկ: Այն, հիրավի, նման էր հայրենի լեռների վրա  ամպրոպի պահին փայլատակող կայծակի, որը, արագորեն  լուսավորում է մթնում մնացած ճամփորդների ուղին ու անցնում»:

Վարդան  Հակոբյանն իր խոսքում կարեւորեց նաեւ Բակուր Կարապետյանի կատարած աշխատանքը գիրքը կազմելու գործում, ում շնորհիվ հաջողվել է հավաքագրել տարբեր տարիներին մամուլում տպագրված գրողի ստեղծագործությունները:

10877645_1516055135333075_1760372043_nԳրիգոր Ներսիսյանը Արցախի տարբեր կրթօջախներում ծավալել էր նաեւ մանկավարժական բուռն գործունեություն: Նրա մանկավարժական գործունեության մասին զեկուցմամբ հանդես  եկավ  համալսարանի «Տարրական կրթության եւ մեթոդիկայի» ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գիրիգորի Հարությունյանը:

Սրտի խոսք ասաց նաեւ թատերագետ Կարինե Ալավերդյանը, ում հայրր` Իսահակ Ալավերդյանը, անձնական մտերմություն  եւ համակրանք ուներ Գրիգոր Ներսիսյանի հանդեպ: «Երանի հայրս ողջ լիներ եւ տեսներ, որ այսօր իր եւ իր սերնդակիցների կուռք Գրիգոր Ներսիսյանի գրքի շնորհանդեսն է, եւ այն էլ տպագրվել է Ստեփանակերտում: Համոզված եմ, նա երջանիկ կլիներ»,-ասաց նա եւ հիշեց  հոր  պատմած հուշերից` Գրիգոր Ներսիսյանի ձերբակալության մասին:

Երբ ձերբակալում էին  Լեռնային Ղարաբաղի գրողների բաժանմունքի հիմնադիր, տեխնիկումի հայոց լեզվի եւ գրականության դասախոս Գրիգոր Ներսիսյանին, ամբողջ ուսանողությունը դուրս էր եկել փողոց` հրաժեշտ տալու սիրելի  բանաստեղծին  ու դասախոսին, իսկ բանաստեղծը, մեքենայի թափքում կանգնած, ձեռքերը թափահարելով, կրկնում էր. «Ժողովուրդ, ես անմեղ եմ, ես անպայման գալու եմ, ես անմեղ եմ, սիրելի ժողովուրդ»:

Ելույթներով հանդես եկան նաեւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, Գր. Նարեկացի համալսարանի «Հայոց լեզվի եւ գրականության»  ամբիոնի  վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Սողոմոնյանը, դասախոսներ Զարինե Սառաջյանը,  Սոնա Համբարձումյանը, Գայանե Բաղունցը: Ելույթներն ընդմիջվում էին Գրիգոր Ներսիսյանի բանաստեղծությունների արտասանություններով, որոնք ներկայացրին համալսարանի ուսանողները:

ԼՂՀ վաստակավոր արտիստ Քաջիկ Հարությունյանը ներկայացրեց Գրիգոր Ներսիսյանի «Գրբաց Բղդոն» պոեմը: Շնորհանդեսը, որը, կարելի է ասել, նաեւ գրական երեկո էր`նվիրված Գրիգոր Ներսիսյանի պոեզիային, անցավ ջերմ ու անմիջական մթնոլորոտում, ներկաները մի բաժակ թեյի շուրջ  զրույց ծավալեցին Գրիգոր Ներիսյանի ստեղծագործության  ու նրա գրական, քաղաքական, հասարակական գործունեության շուրջ:

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ    

0 Comments

You can be the first one to leave a comment.

Leave a Comment