Երևանյան «Անտարես» հրատարակչատունը լույս է ընծայել Աշոտ Բեգլարյանի «Աստղային տղան» ժողովածուն: Գրքի մեջ տեղ են գտել հեղինակի տարբեր տարիներին գրած պատերազմական վիպակները և պատմվածքները: Գիրքը ռուսերենով է:
Լինելով պատերազմական գործողությունների մասնակից, ռազմական լրագրող` հեղինակն անկեղծորեն պատմում է Արցախին պարտադրված պատերազմի մասին, այն մասին թե ինչ գնով հաղթանակը տրվեց ազատատենչ ժողովրդին, փոքրիկ երկրի հետպատերազմյան դժվարությունների մասին:
Աշոտ Բեգլարյանը չի սահմանափակվում դեպքերի արտաքին նկարագրությամբ, նա խորապես թափանցում է իր իսկ հերոսների ներաշխարհ: Տարբեր դժվարությունների և հենց իրենք իրենց հաղթահարելու գաղափարը առկա է գրեթե բոլոր պատմվածքներում: Հերոսները տարբեր դժվարություններից դուրս են գալիս ավելի ուժեղ և ավելի մարդկային:
Աշոտ Բեգլարյանը ծնվել է 1968թ., Ստեփանակերտում, Արցախի և Հայաստանի Գրողների միության անդամ է, պրոֆեսիոնալ լրագրող: Տպագրվում է 19 տարեկանից: Բեգլարյանի ակնարկները և պատմվածքները հրապարակվել են հայկական և արտասահմանյան բազմաթիվ գրական, հասարակական-քաղաքական պարբերականներում և տարբեր կայքերում: Աշոտ Բեգլարյանի “Տունը, որը կրակում է” պատմվածքի մոտիվներով նկարահանվել է Արցախի առաջին խաղարկային ֆիլմը: Պատմվածքների և վիպակների 3 ժողովածուի հեղինակ է:
“Великий странник” ռուսական հիմնադրամի մրցույթի 2-րդ մրցանակակիր է, նույն հիմնադրամի մագիստրանտ, համաուկրաինական լրատվամիջոցների “Կամարադ, ամիգո, շուրավի” բաց մրցույթի դիմլոմակիր:
1992թ.-ից աշխատել է երևանյան “Голос Армении”, “Новое Время” թերթերի, “Սնարք” լրատվական գործակալության, բրիտանական Պատերազմի և խաղաղության լուսաբանման միջազգային ինստիտուտի, Ռուսաստանի Դաշնության պետական դումայի “Կովկասյան փորձագետ” և այլ լրատվամիջոցների թղթակից:
Այժմ հանդիսանում է Ռեգնում և Արմինֆո գործակալությունների թղթակիցը Ստեփանակերտում:
Աշոտ Բեգլարյանը մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը, ծանր վիրավորվել է: Ստացել է ԼՂՀ և ՀՀ կառավարական պարգևներ, 3 երեխաների հայր է: