Ջիդի Մաջիա / «Հրեղեն խոսքեր» ժողովածուից

0

ԾԵՐ ԵՐԳՉՈՒՀԻՆ

Երգը երգելուց հետո դու նորից վերադառնում ես օրիորդությանդ
Դեմքդ վառվում է ամոթխածությունից
Եվ կարծես զույգ մտահոգ աչքերիցդ
Երկու հմայիչ աստղեր պատրաստ են
դուրս ցատկել
Դու քո կնճռոտ դեմքի հեղեղատներով
Ընկնում ես քո հիշողությունների գիրկը
Ախ, այս երկիրը աղետի են ենթարկել
քամին ու անձրևը
Ու այս թուխ երկրի սահմաններից ներս
Դու փայփայում ես կնոջ համար ամենաթանկ բանը-

Քո ցերեկվա արևը
Քո երեկոյի լուսինը
Քո հայացքի առջև ծիածան է հայտնվում
Բայց միայն ու միայն երազի ծիածան
Երազով լի օրերն ու գիշերները
քոնն էին այնժամ
Բայց բոլոր մարդիկ թողեցին քեզ անխոս
երազում այնժամ
Աղջամուղջի հետ նրանք հեռացան
Տանելով երիտասարդությանդ
բուրավետ ծաղկունքը
հետևում թողնելով սիրտը քո
Նրանց սպասելու համար
Դու նույնիսկ այսօր երգում ես այդ երգը

ԳՈՒՅՆԵՐ

Դու կարող ես քամուն տալ իմ ծղոտե
գլխարկը
Դու կարող ես անձրևի տակ գցել իմ ծղոտե
գլխարկը
Դու կարող ես կայծակով քրքրել իմ ծղոտե
գլխարկը
Դու նույնիսկ անամոթ բաներ կարող ես անել
Ինձնից վերցնելով ծղոտե գլխարկս
Մայրս ինձ ասաց. «Մանկի՜կ,
Ինչպես փղերի հոտ` կանգնած հսկա սարին,
Մի ծղոտե գլխարկ կա, որ միշտ քոնն է»:
Ես էլ բարձրացա բարձրաբերձ սարերը
Որտեղ տեսա թե ինչպես է արփին
Իր ցանցը հյուսում
Դու կարող ես կրծոտել իմ շորն ատամներով
Դու կարող ես պատառոտել իմ շորը ձեռքերով
Դու կարող ես կտրատել իմ շորը դանակով
Դու կարող ես օգտագործել ցանկացած ստոր քայլ՝
Ոչնչացնելու իմ շորը
Մայրս ինձ ասաց. «Մանկի՜կ,
Քո ամրակազմ մարմնի համար
Դու ունես հագուստ որ միշտ քոնն է»:
Այնժամ ես շոյեցի իմ իսկ մաշկը-
Իմ ամենագեղեցիկ հագուստը
Որ խառնում է բրոնզե ալիքները

ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ՀԱՐՑՆՈՒՄ Է

Ինչ-որ մեկը հարցնում է՝ ո՞վ է հսկում
Այծյամների թիվը Աֆրիկայի անծայր
հարթավայրերում
Ինչպե՞ս նա կարող էր հարցնել՝ ինչո՞ւ
Զեբրերի ու անապատային գազանների պտղաբերությունը
չի կանխում սեփական աղետը
Ես կասեի որ առյուծներն ու մսակերները
Այս թագավորության հավասարակշռության վերակացուներն են
Զարմանալի չի լինի երբ պոետը հարցնի
Թե ինչպես երկիրը կկործանվի`
Կրակո՞վ թե՞ ջրով
Սա այն հարցն էր որ հուզել է
Ռոբերտ Ֆրոստին*
Բայց մինչ հիմա այն մնացել է
անպատասխան
Աշխարհ կործանողը ոչ կրակն է
և ոչ էլ ջուրը
Որովհետև մարդն է բոլոր չարիքների աղբյուրը

*Ռոբերտ Ֆրոստ (1874-1963)-20-րդ դարի հայտնի ամերիկացի գրող:

ՀԱՆԳԻՍՏ

Մայրի՜կ ի՜մ մայրիկ
Մի օր ես հարցրի իմաստուն բիմոյին
Մի օր ես հարցրի ալեհեր շամանին
Ե՞րբ և որտե՞ղ կարող եմ հանգիստ գտնել
Բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց
Մեկն ուղղակի ուժգին զարկեց աղոթազանգը
Մյուսը խենթորեն հարվածեց մագաղաթե թմբուկին
Ա՛խ որքան եմ ես ուզում քնել:
Մայրի՜կ ի՜մ մամա
Ես հանգիստ փնտրեցի լճերում
Ես հանգիստ փնտրեցի երկնքում
Ես հանգիստ փնտրեցի առեղծվածներում
Ես հանգիստ փնտրեցի երևակայության մեջ
Ու այդքանից հետո ես հասկացա
Որ այս աշխարհում իրոք
Ոչ մի հանգիստ տեղ չկա
Ա՛խ, որքան եմ ես հոգնած:
Մայրի՜կ ի՜մ մայրիկ
Պահիր ինձ հիմա քո տաքուկ գրկում
Քանզի մոտենում է խավար գիշերը
Թույլ տուր թողնեմ երեկվա երազներն
իմ ետևում
Քանի որ որդիդ հանուն սիրո
Գրում է թախծոտ ոտանավորներ
Այս ցուրտ ու տաք աշխարհում
Օ՛հ, որքան եմ ես ձանձրացել

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ինչ ես փափագում եմ հիմա
Դու փափագել ես մի ժամանակ
Աստղազարդ երկնքի անհունության մեջ
Ես մի եզակի խորհրդանիշ եմ
Իմ կշիռն ավելի քիչ է քան վայրկենական լուսաշողինը
Ես պարզապես փնտրում եմ մի պատահական հնարավորություն
Բազմաթիվ պատահականությունների մեջ
Ինչպես երևակայական գետ
Որ սփռում է ծիծաղ ու լաց
Ամեն մի թիզ
Տեսիլք ավազին
Ես հավատում էի որ երկիրը շատ մեծ է
Բայց փաստորեն դա իմ սխալ
պատկերացումն էր
Մահացածների ուրվականները հեռանում
են մեզանից
Օ ժամանակի ծով կարո՞ղ ես ասել`
Որտեղ են նրանք հեռացել:

Թարգմանություններն անգլերենից՝
Քրիստինե ՔՈՉԱՐՅԱՆԻ

Տարածել

Պատասխանել