ՍՈՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

0

 

  • Ծնվել է 1990թ. դեկտեմբերի 1-ին
  • 2007-2013թթ. ավարտել է ք. Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության բաժինը:
  • 2023թ. – ՀՀ ԳԱԱ և Գրականության ինստիտուտի ասպիրանտուրայի հայցորդ
  • Արցախի /2009, N58/, Հայաստանի /2012, N81/ և Բուլղարիայի /2016, N972/ գրողների միության անդամ է:
  • Տպագրվում է Լիբանանում, Ռումինիայում, Աբխազիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Լոս Անջելեսում և այլուր, ինչպես գրքերով, այնպես էլ պարբերական մամուլում:
  • 3 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է՝ «Ի դեմս արևի» (2009) և «Երկու բառ ունեմ քեզ ասելու» /հայերեն ռուսերեն բաժիններով/  (2012), «Գանգրահեր կարոտ» (2019)

 

  1. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐ
  • 2013թ.-ից ցայսօր Ստեփանակերտի  «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս:
  • 2020 թ.-ից ցայսօր Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ:

 

  1. ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
  • 2023 թ. արժանացել է LIBREX միջազգային գրական մրցանակի /Ռումինիա/
  • 2021թ. արժանացել է Հայաստանի գրողների միության երկրորդ մրցանակին:
  • 2014թ.-ին արժանացել է Պոեզիայի Եվրոպական մրցանակի:
  • 2012թ. Պոեզիայի միջազգային փառատոնի դափնեկիր է:
  • 2011թ.-ին արժանացել է Արցախի գրողների միության տարվա մրցանակին /  <փետուր և եղեգ>բանաստեղծական շարքի համար/

 

 

 

100 օրյա

Մենությունը

Թանկ շրջանառություն է

Արյան անհրաժեշտություն է ստանում

Բենզինը

Սահմանին վտանգավոր

Գործողություն է

Գյուղատնտեսությունը

Համացանցային շփումները՝

Դավաճանության սկիզբ….

Պառկել եմ կրակվող

Դաշտի

Հողի մեջ ու երկնքի

Աստղերն եմ հաշվում

Մեկ, երկու… հարյուր

Հետո

Խառնում եմ հաշիվս

Գարնան բողբոջի փոխարեն

Փամփուշտն է պայթում

Ծաղիկների փոխարեն՝

Սննդի կտրոններ են հնանում…

Սուպերմարկետն անվճար մուտք է

Դատարկ պահարանների ցուցահանդես

Ասում են՝ երկիրը լքում են,

Որ շարունակեն սիրել երկիրը*

Հարյուրօրյա անազատության մեջ

Ոչ ոք չսովորեց սիրել

Ազատությունը

Անկախությունը…

21.03.2020+3

 

ՍԽԱԼՎԱԾ ԺԱՄԵՐ

4 ժամ

Մտքերով եմ ընկել

Եւ երեք պտույտ շրջել

Ստեփանակերտում՝

Դեղին ավտոբուսի

Կարմիր մի կետ…

Սուրբ Հակոբ եկեղեցու բակից

Սկսվում է

Ավտոշարասյունը

Վարորդները

Չեն աղոթում

Հայհոյում են

Գազատարը փակողին

Լիցքավորողին՝ դանդաղաշարժության

Փետրվարին՝ սառնության

Եւ գուցե ինձ՝ անտարբերությանս համար…

3 ժամ

Քնելուց առաջ

Փնտրում եմ

Նորություն

Անգլերեն բառապաշար հարստացնելու միջոցներ

Անհավանական փաստեր

Գիրք՝ վաղը ընթերցելու համար

Օրենքների համեմատություններ

Հաջողված բիզնես փաստեր

Կոդավորված ճարտարապետություն

Գրողների սիրային արկածներ

Քնելուց առաջ

Հարցնում եմ ինձ՝

Հիշեցի՞ր

Իրո՞ք քեզ պետք է…

Առավոտյան արթնանալը

Հրաշք է

Մտքերիս հետ անհաշտ աչքերս

Անհանգիստ փնտրում են

Մթություն

Անձայն տարածություն,

Ափերս

Խաբեությունից փախած

Կարմիր կետն է

Փողոցի մեջ նույնքան

Մենակ,

Որքան

Ես՝ անկողնում ։

3 ժամ

Աշխատանքի վայրում

Սուրճի վրա լողացող

Պատկերներին եմ հետեւում

Եւ մոռանում

Շենքի արտաքին

Գեղեցկության եւ

ներքին խղճուկության մասին,

Մոռանում եմ

պաշտոնիս

Ու շենքի ներսի

Հավասարազորության մասին

Մոռանում եմ

Որ բարի լույս

Չեմ ուղարկել

Ինձ որոնող

Աչքերի տիրոջը

Եւ վայելում եմ

Ինձ,

Ով

Ունի

Աշխարհ

Հոգատարության պարուր

Մամայիս մենակ չթողնող պապա

Համով

ու պահանջկոտ մամա

որդի

Ու

չհրկիզվող ժամեր…

Ես սիրում եմ ինձ։

2 ժամ

Կանգնած եմ

<Արման> սուպերմարկետի առջեւ

սառնությունը սողում

պարուրվում է

ինձ

Սիրածս օծանելիքի հոտի պես

Ծծվում է իմ մեջ

Դողում է ժպիտս

40, գուցե 50 մարդանոց հերթում

Ես միակն եմ, ով այստեղ է

Ուղղակի կյանքը զգալու համար,

Ուզում եմ գնել, որպեսզի զգամ

Ընտրության իրավունքիս հաճույքը։

22 ժամ

Աշխատում եմ

Մայր

Անհնազանդ դուստր

Քչախոս քույր

Համով մորաքույր

Ինքնատիպ դասախոս (ուսանողներս համոզված են)

Իրավաբան

Նվիրված ընկեր

Գրող

Անկեղծ զրուցակից

Չհրկիզվող կյանք

Հետաքրքիր անծանոթ

Աշխատում եմ

Որ

Օրական առավելագույնը 50 հազար դրամ

սահմանափակում ունեցող բլոկադային բանկոմատից օգտվեմ

15 օր՝ առավելագույնս

Բայց չի ստացվում

Միշտ 11 օր պակասում է…

 

18.02.2020+3

 

***

Խմում եմ քամի

Տերևների փոշով խեղդված,

Հարբում է քայլը, հետո քայլերը։

Արգելված կրակոցները,

Անզեն սահմանները

Պահմտոցի խաղացող փոքրիկ են`

Ծառի հետևում կանգնած,

Ում վաղուց “ստուկ” են արել…

Խմում եմ քամի

Լեռներից է իջել ` արյան համով ,

Հարբում է հանդիպումը, հանդիպումները

Պարտադրված ստորագրությունը,

Գաղտնի պայմանավորվածությունը,

Խոստացված տարածքները

Սխալ թվի վրա դրված խաղադրույք են,

Չեն շահելու խաղացողները,

Միայն խաղատունը…

Խմում եմ քամի

Ինքնաթիռներ գրկած,

Եռացող հողի

Մանրահատիկներ նետող

Հարբում է միտքը, մտքերը

Ստրասբուրգում Ֆրանսիայի եվրոդատարանը,

Հաագայի խաղաղության պալատը Նիդերլանդներում

Կշեռքի նժարներ են`

Որքան ծանրանում է մեկ նժարը,

Մյուսն այնքան հեռանում է արդարադատությունից…

Գերեվարող, ինքնիշխան սահման,

խաղաղ բնակչի իրավունք չճանաչող

Ագրեսոր իմ հարևանը

Ծանրացնում է իր նժարը,

Իմ երկրից հեռանում են

արդարությունը,

Ազատությունը,

Խոհեմությունը,

Օտար վիզաներ են ստանում

Խաղաղությունը,

Նվիրվածությունը,

Հոգատարությունը

Սպասելով անվերադարձ թռիչքի…

Խմում եմ քամի…

Իմ քամի, ես խմում եմ քեզ…

17.11.2020+1

 

 

Տարածել

Պատասխանել