Ամալյա Գրիգորյան / Վաչագան Բարեպաշտ թագավորի կերպարը գեղարվեստական գրականության մեջ

0

Հայ գրականության պատմությունը հարուստ է պատմական դեմքերի, իրադարձությունների ու ժամանակաշրջանների գեղարվեստականացման բազմաթիվ օրինակներով: Դրանք էական նշանակություն ու կարևորություն են ձեռք բերում ոչ միայն տվյալ ժամանակաշրջանի տիպականացման ու հերոսների անհատականացման առումով, այլև ելակետային դրույթներ են դառնում ներկա իրադարձությունները դիտելու պատմական տրամաբանությամբ, նրա ծագումն ու հեռանկարը գնահատելու պատմության դասերով: Գրականագետ Ս. Սարինյանը՝ խոսելով պատմականության մասին, ժամանակին նկատել է. «Պատմականությունը գեղագիտական կատեգորիա է, որ գոյանում է կառուցվածքային բոլոր տարրերի, ձևի ու բովանդակության բաղադրիչների ներքին միասնությունից: Այս տեսակետից պատմականությունը ստանձնում է գեղագիտական կարևոր ֆունկցիա և մեծապես պայմանավորում երկի գեղագիտական-փիլիսոփայական տարողությունը»: Գրողներն իրենց երկերում հավատարիմ մնալով պատմական իրողություններին, դրանք վերարտադրում են յուրովի: Անցյալի սեղմ ու ժլատ փաստերը ստեղծագործողների գրչի տակ վեր են ածվում մեծակտավ գործերի, որոնցում վառ երևակայության, պատկերավորման-արտայհայտչական զանազան միջոցների, լեզվաոճական հնարանքների կիրառությամբ հաջողվում է ստեղծել տվյալ ժամանակաշրջանի կոլորիտային պատկերն ու հերոսների տիպական կերպարները: Այդպիսիք են հայ գրականության նախընթաց փուլերում ստեղծված Վարդանի ու Վարդանանց հերոսների կերպարները Դերենիկ Դեմիրճյանի ,Վարդանանքե պատմավեպում, Արշակ երկրորդի կերպարն ու 4-րդ դարի պատմա-քաղաքական իրադարձությունները, անցքերն ու դեմքերը Րաֆֆու, Ստեփան Զորյանի, Հայկ Խաչատրյանի, Պերճ Զեյթունցյանի, Լ. Խեչոյանի և այլոց պատմավեպերում: Գրականագետ Ն. Գեյը նկատել է. «Մեր ժամանակներում կերպարի, պատկերի ժամանակային ըմբռնումը սերտորեն կապված է գեղարվեստական գրականության մեջ առկա ժամանակի և տարածության խնդիրների հետ: Դրանք դառնում են յուրօրինակ տարածություն և միջոց` դեպքերի ծավալման և կերպարի ինքնակայացման համար»:
Վաչագան Բարեպաշտ թագավորի կերպարը մեզ հայտնի է առաջին հերթին պատմագիտական աշխատություններից՝ Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», Ստեփանոս Օրբելյան «Պատմություն տանն Սիսական», ինչպես նաև ժողովրդական ավանդություններից: Ըստ պատմիչ Կաղանկատվացու՝ Վաչագան թագավորը գահակալել է Աղվանքում, այսինքն՝ Արցախի և Ուտիքի շրջաններում սկսած 480-ական թվականներից: Գահ բարձրանալով երկրամասում ավելի քան երկու տասնամյակ տիրած անիշխանությունից հետո, Պարսից արքա Վաղարշի օրոք (484-488), նա ամրապնդում է Արցախ–ուտիքյան իշխանությունը՝ այն հռչակելով թագավորություն: Թագավորանիստ է դարձրել Գյուտական ավանը: Վաչագան թագավորը ծավալել է եկեղեցական, լուսավորական և քարոզչական բուռն գործունեություն: Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով ձեռնամուխ է եղել ներքին կարգն ու կանոնն ապահովող օրենքների մշակմանը: Նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Աղվենի ժողով, որտեղ էլ ընդունվել է «Սահմանադրություն կանոնականը»: Վաչագան արքան թաղվել է իր կառուցած Ջրվշտիկ վանքի մոտ: Նրա գերեզմանին 1286-ին կառուցվել է մատուռ:
Այդուհանդերձ, անժխտելի է այն իրողությունը, որ մեր պատմիչների հաղորդած տվյալներից զատ, Վաչագան Բարեպաշտի կերպարն առավել ամբողջական է դառնում գեղարվեստական երկերի քննման զուգահեռներում: Պետք է ասել, որ, ըստ էության, Վաչագան Բարեպաշտի կերպարի ընկալումը ժամանակի հոլովույթում գրեթե անփոփոխ է մնացել: Սակայն կախված ժամանակի հրամայականից, հեղինակների սուբյեկտիվ մոտեցումներից, այն ունեցել է յուրովի վերարտադրություններ ու դրսևորումներ՝ ինչպես բովանդակային, այնպես էլ ժանրային ձևույթի առումով:
Հայտնի է, որ Վաչագան Բարեպաշտի կերպարն առաջին անգամ գեղարվեստորեն մարմնավորվել է բոլորիս հայտնի ու սիրված Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթում: Իսկ հետագայում պատմավիպասան Հայկ Խաչատրյանն առավել ընդգրկուն ձևով է ներկայացրել Վաչագան թագավորի կերպարն իր «Վաչագան» պատմավեպում: Վաչագան թագավորի հերոսկան կերպարին անդրադարձել է նաև բանաստեղծ Վարդան Հակոբյանն արցախյան գոյամարտի տարիներին՝ իր «Տաճարն Աստծո» վիպերգում:
Ղ. Աղայանը հեքիաթում պատմում է մի ժամանակաշրջանի մասին, որ անմիջապես հաջորդել է Հայաստանի և Հայոց Աղվանաց թագավորության համար կարևորագույն իրադարձությունների՝ Վարդանանց ու Վահանանց, Վաչեի կողմից մղված պատերազմներին, քրիստոնեության՝ որպես պետական կրոնի ընդունմանը, աղվանաց գրերի ստեղծմանը: Աղայանի «Անահիտ» հեքիաթում Վաչագանն արդեն այն արքան է, ով երկրում, բանիմացության ու իմաստնության շնորհիվ, զարգացնում է կրթությունն ու լուսավորությունը, ում օրոք ժողովուրդն ապրում է առատության ու խաղաղության պայմաններում:
Հեքիաթում առավել փառաբանվում է Անահիտի իմաստնությունն ու գեղեցկությունը: Անահիտը, բացի հայոց գերագույն աստվածուհուն խորհրդանշելուց, ներկայացնում է նաև «Անահիտ» տեսակի գորգը, Աղայանը շեշտում է հատկապես հերոսուհու սերը գորգագործության և, առհասարակ, արհեստավորների հանդեպ: Հաշվի առնելով, որ գորգագործության արհեստը կապվում է հայերի հետ և բնորոշում է նրա հայկականությունը, Անահիտին կարող ենք վերագրել հեքիաթում հայկական ոգու մարմնավորողի դերը ևս:
Ընդհանրապես, հեքիաթում՝ որպես բանահյուսական ժանրի ստեղծագործություն, կարող է և չպահպանվի պատմական փաստերի ու իրողությունների հավաստիությունը: Այսինքն, դա պարտադիր պայման չէ հեքիաթի համար: Ահավասիկ, Աղայանի հեքիաթում նկատում ենք մի շարք փաստական անճշտությունների: Այսպես՝ հեքիաթում Վաչագանը Վաչեի որդին է, մինչդեռ պատմագրության մեջ Վաչագանը Վաչեի եղբոր՝ Հազկերտի որդին է:
Հանրահայտ է բոլորիս հեքիաթի սյուժեն, անդրադառնանք մյուս գեղարվեստական գործերի վերլուծությանը, որոնցում գեղարվեստորեն հյուսված է Վաչագանի հերոսական կերպարը, և փորձեմ հընթացս՝ անհրաժեշտության դեպքում, զուգահեռներ անցկացնել այդ երկերի և դրանց հեղինակների մոտեցումների միջև:
Անդրադառնանք Հայկ Խաչատրյանի «Վաչագան» պատմավեպին: Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ գրողին հաջողվել է վարպետորեն կերտել մեր գրեթե բոլոր արքաների կերպարները՝ պատմավիպական մեծակտավ գործերում՝ Տիգրան Մեծից, Երվանդ Սակավակյացից, Արտաշեսից, Արտավազդից մինչև Վաչագան: Ասել է թե՝ նա մեր պատմական անցյալի ուսումնասիրությամբ գրեթե անգերազանցելի է: Գրականագետ Սևակ Արզումանյանը գրել է. «Հեռավոր անցյալի քաջիմացությամբ, հեթանոսական դարերի դինամիկան, ռիթմը գզալու և արտացոլելու հմտությամբ քիչ հեղինակներ (պատմաբան թե գրող) կարող են չափվել Հ. Խաչատրյանի հետ»:
Գրողը նպատակ է ունենեցել վեր հանելու պատմական հերոսների բնավորության այն էական գծերն ու առանձնահատկությունները, որոնք դարեդար, սերնդեսերունդ փոխանցվել են և այսօր մեր ժողովրդի խառնվածքի միջուկն են կազմում:
Վեպը սկսվում է Ավարայրի դաշտի նկարագրությամբ՝ ճակատամարտից հետո, ամենուր՝ դիակներ, վիրավորներ և նրանց մեջ՝ արցախեցի Բակ իշխանը, ով փնտրելով ու գտնելով Վարդան Մամիկոնյանի սաղավարտը, իր փոքրաթիվ զորքի հետ աճապարում է Արցախ՝ իր հետ տանելով Սպարապետի դին: Ճանապարհին բախվում, կռվում է դարանակալած պարսկական զորքերի դեմ: Արցախ հասնելուն պես իշխանը և նրա զինվորները Դահրավ գյուղի մոտ գտնվող Շնաքար լեռան մոտից ձգվող Քշմրոր անտառի մթին անկյուններից մեկում, գաղտնի մի տեղ՝ ժայռի տակ ամփոփում են սպարապետի դին: Պարսից արքան չկարողանալով կոտրել արցախցիների դիմադրությունը՝ որոշում է առերես մոգություն ընդունած, բայց հոգու խորքում քրիստոնյա մնացած Վաչեին նշանակել Աղվանքի թագավոր, որպեսզի հեշտությամբ կոտրի արցախցիների կամքը:
Շուտով Հազկերտը, Հայոց Արևելից Կողմանց թագավոր հռչակելով Տիզբոնում ապրող Վաչե իշխանագին, նրան ուղարկում է Աղվանք՝ հեռահար նպատակներով:
Փաստորեն, մինչ Վաչագան թագավորի գահակալությունը, Հայոց արևելից Կողմանքում թագավորում է Վաչեն՝ Վաչագանի հորեղբայրը: Սակայն մի որոշ ժամանակ անց, նա հրաժարվում է թագից, աշխարհիկ կյանքից և իրեն նվիրում ճգնավորության: Ըստ ավանդության՝ Վաչե թագավորը մի Ավետարան վերցրած առանձնանում է Շոշից ոչ հեռու մի գյուղում, և որպես ճգնավոր անցկացնում իր կյանքի մնացած օրերը: Դրա համար էլ այդ գյուղը կոչվեց Ավետարանոց, որն այսօր գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում:
Նախ՝ փորձենք պարզել, թե Վաչեն ու Վաչագանը ո՞ր թագավորական արքայատոհմից են սերում: Այս հարցը վիճահարույց է և տարբեր պատմաբանների կողմից տաբեր կերպ է մեկնաբանվել: Որոշ պատմաբաններ համարում են, որ նա Աղվանից Արշակունիների տոհմից էր, այլ պատմաբաններ նրան Առանշահիկների շառավիղ էին համարում: Պատմաբան Հ.Ս.Սվազյանն իր «Աղվանից Վաչե Բ և Վաչագան Գ Բարեպաշտ արքաների դինաստիական պատկանելության մասին» հոդվածում փորձում է պարզաբանել հենց այս խնդիրը: Պատմաբան Բ. Ուլուբաբյանը Վաչե Բ-ին ու Վաչագան Գ-ին դասում է Առանշահիկների շարքին:
Սվազյանը հերքում է Ուլուբաբյանի կարծիքը, այն համարում Եղիշեի պատմագրության սխալ մեկնաբաման արդյունք:
Հիմք ունենալով Մովսես Կաղանկատվացու հիշատակումները, ահավասիկ. «Թիւ անուանցն յԱռանայ մինչև ցքաջն Վաչագան, որ էր ի մեծ ազգէն Արշակունեաց, չէ յայտ. և գսոցայն ստոյգն թէ յորմէ տոհմէ են, չունիմ ասել: Եւ որք ըստ կարգի կացին թագաւորք Աղուանից տասն. անուանք են այսոքիկ. Վաչագան քաջ, Վաչէ, Ուռնայր, Յաւչագան, Մերհաւան, Սատոյ, Ասայ, Եսվաղէն, Վաչէ, ապա բարեպաշտն Վաչագան՝ արքայ Աղուանից…»: Ուսումնասիրողները, հիմք ընդունելով Կաղանկատվացու այս հաղորդումը, Սվազյանը ցույց է տալիս, որ Վաչեն ու Վաչագանը սերում են հայոց Արշակունիներից և Վաչեն իշխում էր Բուն Աղվանքում. ըստ Սվազյանի՝ Աղվանների Արշակունիների դինաստիային հիմք է դնում Մասքթաց թագավոր Սանեսեանը՝ Սանատրուկը, որ հայոց Արշակունիների դինաստիայից Տիգրան Գ-ի ազգակիցն էր:
Ղազարոս Աղայանը հավանաբար Վաչե Բ-ին ու Վաչագանին համարել է Առանշահիկներ՝ հետևելով Մովսես Խորենացու ներկայացրած տվյալներին, քանի որ հեքիաթում նա Վաչեին ներկայացնում է որպես Հայոց Աղվանաց թագավորության արքա, ոչ թե Բուն Աղվանքի, իսկ Անահիտը ներկայանում է որպես «Առանի դուստր»՝ հովվի հասարակ աղջկա կերպարի ներքո արքայական ծագումը քողարկելով:
Խաչատրյանի պատմավեպից ակնհայտ է դառնում Վաչագանի Աղվանքի Արշակունիներից սերված լինելու փաստը: Ըստ Հայկ Խաչատրյանի պատմավեպի՝ Վաչագանի հորական տատը՝ Էշխը, պարսկուհի էր, ով ընդունել էր քրիստոնեություն և սովորել հայերեն ու մինչև կյանքի վերջը ոչ միայն չէր դավաճանել հայերին, այլև մինչև Վաչագանի հասունանալն, ինքն էր տիրություն անում Հայոց Արևելից Կողմանքում, քանի որ նրա թագավոր որդին՝ Վաչեն, քաշվել էր մի խուց և ճգնավորական դարձել, իսկ մյուս որդուն՝ Հագկերտին, չէր վստահում, որովհետև պարսկական անուն էր կրում: Էշխը նույնիսկ բանակն էր ղեկավարում ու հարկ եղած դեպքում իր տերության սահմանները ներխուժած պարսկական զորքին էտ քշում: Էշխին Հայկ Խաչատրյանը ներկայացնում է որպես ոժեղ, իշխող, տոհմական արժանապատվություն ունեցող, հայրենանվեր կնոջ կերպար: Պատմավիպասանը վարպետությամբ է գեղարվեստականացրել ժամանակի պատմաքաղաքական իրադարձություններն ու այդ համապատկերի վրա ներկայացրել Վաչագան թագավորի հերոսական կերպարը: Վիպական տիրույթ բերելով Վաչագանին՝ հեղինակը մատնանշում է այն քաղաքական, իրավական, հոգևոր-մշակութային բազմաթիվ գործոնները, որոնց շնորհիվ Հայոց Արևելից Կողմանքում ստեղծվում է անառիկ, կենտրոնաձիգ թագավորություն: Նկատենք, որ դիմելով պատմական անհատի կյանքի գեղարվեստականացմանը, հեղինակը վիպական միջավայր է բերում նրա ապրած ժամանակը, հարազատներին, քաղաքական ու հոգևոր գործիչներին:
Պատմավեպում ներկայացված է, թե ինչպես Վաչագանը փոքրուց սովորում է բազմաթիվ արհեստներ՝ դուրգի՝ բրուտագործի, լկամի՝ սանձ պատրաստողի և այլն: Թագավոր դառնալով, նա ցերեկները երկիրն էր ղեկավարում, գիշերները կնոջ՝ Շուշանիկի հետ այգիներն էր մշակում:
Պատանեկան տարիքում երկրի գահը ստանձնելով, նա անընդհատ մտածում էր Մեծ Հայքին միանալու մասին: Նա քաջ գիտակցում էր, որ պետք է հզորացնել երկիրը: Դարձյալ ստեղծել Մեծ Հայքի թագավորություն:
Դրա համար նա առաջին հերթին արտաքսեց երկրի սրտում բուն դրած դյութողներին, գուշակներին, ցրեց աղանդները, որոնք օտարամույծ են և հայերի հավատն էին խաթարում և ջլատում միասնականությունը: Դրանց մասին վկայում է նաև Կաղանկատվացին:
Վաչագան թագավորի հրամանով երկրում զարկ է տրվում ոչ միայն եկեղեցաշինությանը, այլև դպրոցաշինությանը: Տարվա օրերի թվով վանքեր ու կրթարաններ է հիմնում: «Անմահանալ կարելի է նախ և առաջ հայերենի պահպանումով: Հային կարող է հավերժակյաց դարձնել միայն հայկական դպրոցը: Իր հողի վրա հայը հայի և Աստծո հետ պիտի խոսի միայն հայերեն: Ազգային ոգու ամենագորեղ կրթատունը հայկական դպրոցն է»,- ասում է Վաչագանը:
Արքան հրովարտակ է արձակում, որով բոլոր ուսուցիչ-ռաբբուներին աշխատավարձ էր նշանակում: Մինչ այդ Հայոց աշխարհի ոչ մի կողմում այդպիսի բան չէր եղել:
Կառուցվում է նաև Արցախի ամենամեծ քաղաքը՝ Վաչագան արքայի քաղաքամայրը՝ Գյուտականը (հեղինակի վկայությամբ՝ նրա ավերակները պահպանվել են այժմյան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերի գրեթե մեջտեղը, Թարթառ գետի ափին): Սակայն նոր կառուցվող մայրաքաղաքը սրբագործելու և անվանակոչելու համար սրբի մասունք էր պետք և արքան դիմեց Դարահոջ գյուղի երեց Մատթեին, ով Արցախ է բերել Գրիգոր Լուսավորչի մասունքները և գիտի, թե որտեղ Լուսավորչի թոռան՝ սուրբ Գրիգորիսի գերեզմանը, այն Ամարասի եկեղեցու արևելյան մասում էր գտնվում, բացեցին գերեզմանը, մի մասը հանեցին, մնացածը թողեցին տեղում և դրա վրա արքայի հրամանով կառուցեցին մատուռ: Նորակառույց արքայանիստը սրբագործեցին այդ մասունքներով: Այստեղից էլ՝ քաղաքի անունը՝ Գյուտական: Գյուտը հենց գտնված սրբի մասունքներն էին:
Պատմավեպում հետաքրքիր դրվագներ շատ կան, առանձնապես հետաքրքիր է Վահան Մամիկոնյանի այցն Արցախ, նրա հանդիպումը Վաչագան արքայի հետ: Իմաստնությամբ է շաղախված նրանց խոսակցությունը՝ երկիրը հզորացնելու և պարսից լուծը վերջնականապես թոթափելու առումով:

Երկխոսությունների, մտորումների միջոցով առավել ընդգծվում է Վաչագանի կերպարը: Հեղինակին հաջողվել է տարբեր հնարանքների ու լեզվական միջոցների դիմելով, ստեղծել հերոսի անհատակացված կերպարը: «Հերոսների լեզվի ոճավորումը, որը դժվարին ու բարդ գործ է, առավել կարևոր նշանակություն է ստանում պատմավեպերում,- գրում է լեզվաբան Լ. Եզեկյանը,- քանի որ սա նույնպես նպաստում է պատմական տվյալ ժամանակաշրջանի երանգավորմանը և նրան հատուկ կերպարների տիպականացման»:
Մեջբերեմ մի հատված, որտեղ առավել ընդգծվում են Վաչագանի՝ պետական առաջնորդի հայրենանվեր պատգամներն ու պետականամետ դիրքորոշումը: Նա ասում է. «Հավերժականը ազգային ոգու կրակն է, որը յոթ բոց ունի՝ բնօրրան, մայրենի լեզու, պար, երգ, անձնանուն, գիր, պատմություն: Այս յոթով է պայմանավորված յուրաքանչյուր մարդու ազգային էությունը: Պահպանիր այս յոթը և կուզես յոթ դավանանք շալակիր՝ դու չես սայթաքի պատմության խաչուղիներում»: Ապա, շարունակելով, թափանցում է. «Բախտավոր չեղա ես՝ արու զավակ չթողնելով աշխարհի վրա: Ինձ կփոխարինի ժողովուրդը»:
Նկատենք՝ եթե Աղայանի հեքիաթում Անահիտն է Վաչագանի խորհրդատուն, ապա Խաչատրյանի պատմավեպում արքայի առաջին խորհրդատուն թագուհին էր՝ Շուշանիկը:
Մի անգամ, երբ վարպետը տեսավ, որ արքան մի հսկա վիմաքար է շալակել, զարմացած հարցրեց, թե ինչու է, թագավոր լինելով հանդեձ, այդպես վարվում, պատշաճ չէ: Արքան նրան պատասխանեց. «Էյ, քարագործ, արքայությունը միայն վերելք չէ, այլև ծանր քար շալակել: Հենց որ վայելքս երկարում է քար եմ առնում ուսիս, որպեսզի ինքս ինձ հիշեցնեմ իմ մեծ հոգսերը»:
Արցախի բոլոր վայրերն էլ սիրելի էին արքայի համար, բայց առանձնապես Ջրվշտիկ ջրվեժը նրան առավել էր գերում, այստեղ նա հաճախակի էր ներանձնանում, վայելում բնության հրաշքները: Ու պատահական չէ, որ այդ վայրում էլ նա կառուցում է Ջրվշտիկ վանքը: Վաչագանն իր շինարարական ծրագրերով շենացնում է երկիրը: Արքային ժողովուրդը տվել է Բարեպաշտ անունը, որովհետև անսահման բարեգործություններ էր անում, ունևոր հոգևորականներից ու իշխաններից վերցնում և բաժանում էր ժողովրդին:
Պատմավեպում խոսվում է նաև արցախյան օդապարիկ նժույգների մասին, որոնք մեծ համբավ ունեին ոչ միայն տարածաշրջանում, այլև նրա սահմաններից դուրս: Արքան հաճախակի էր կազմակերպում ձիարշավներ: Բավական հետաքրքիր է նաև այն տեղեկությունը, ըստ որի առաջին թագավորները թագադրվել են նժույգների վրա: Այն ժամանակ նժույգը գահ էր:
Արքայի մտահոգությունների առանցքում տերության ներքին կյանքը կարգավորող օրենքներ հրապարակելն էր: Ըստ թագավորի՝ օրենքները պետք է արդար և արդարուսույց լինեն: Նա որոշում է հարցումներ անել գիտակ մարդկանց, յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել: Այսպիսով, Վաչագան արքայի Աղվեն ամառանոցում հրավիրվում է ժողով: Այստեղ էին հավաքվել տերության հոգևոր և աշխարհիկ դասի բոլոր առաջնորդները, երևելի դեմքեր՝ քննարկելու օրենքները: Երկար քննարկումներից հետո ընդունվում են կանոնները, որոնք վավերացվում են Վաչագան արքայի և բոլոր ներկաների մատանի-կնիքով: Դրանք ընտանիքի, ամուսնության, հարկատվության, հոգևորականության, ծիսակատարությունների, օրինազանցությունների և այլնի մասին էին, որոնց միջոցով կարգավորվեց երկրի ներքին կյանքը: Ի դեպ, Վաչագան Բարեպաշտ արքայի հաստատած սահմանադրության բնագիրը պահպանվել է Մովսես Կաղանկատվացու երկասիրության մեջ, պատմավիպասանը դրանք զետեղել է նաև վեպում:
Պատմավեպը հագեցած է ժողովրդական իմաստախոսություններով, ավանդազրույցներով, որոնք ստեղծում են պատմական գուներանգ, առավել համոզիչ, հետաքրքրական, ճանաչողական և ուսուցողական դարձնելով երկը:
Վեպը ավարտվում է դրամատիկ տեսարանով՝ Վաչագան թագավորի անփառունակ վախճանով: Պարսից Կավադ թագավորի խարդավանքի գոհ են դառնում թագավորն ու իր ընտանիքը:
Վաչագան արքայի դին Սյունիքից բերում են Արցախ և ամփոփում Ջրվշտիկ վանքում:
«Վաչագանից հետո Արցախը, Ուտիքը և Կամբեճանը թագավոր չունեցավ: Բայց Վարդան Մանիկոնյանի, Բակի, Վաչեի և Վաչագան Բարեպաշտի ազատատենչ ոգին թագադրեց հայոց լեզուն և հայաշունչ դարձրեց Արցախամուր աշխարհի դարերի ու հազարամյակների բոլոր օրերը»,- այս տողերով է եզրափակվում վեպը:
Այժմ անդրադառնանք Վարդան Հակոբյանի կերտած Վաչազանի կերպարին՝ էպիկական կտավի համապատկերում: Հատկանշական է այն իրողությունը, որ Վ. Հակոբյանը «Տաճարն Աստծո» վիպերգը գրել է Արցախի համար արյունոտ ու ծանր մի ժամանակաշրջանում, երբ անհրաժեշտ էր ժողովրդին ոգևորել: Գրականագետ Ս. Սարինյանը գրում է. «Ստեղծագործական մի իսկական սխրանք է Վարդան Հակոբյանի ,Տաճարն Աստծոե վիպերգը՝ անկրկնելի ոչ միայն իբրև մտահղացում, այլ որպես ժանրային ձևույթ: Տիեզերքի, պատմության մի գեղեցիկ բանահյուսություն է դա, որ դիցաբանական արխետիպերի և պատմության դարերի վրա ուրվագծում է Արցախի լեգենդը, ուր Գերագույն Ոգին Ճշմարտության, Փրկության, Ագատության, Հավիտենության խորհրդով գորավիգում է արցախցու հավատը… Հիրավի այդպես, քանզի Աշխարհում գեղեցիկ ու չքնաղ շատ աշխարհներ կան, բայց ոչ մեկը Արցախ չէ: Արցախի սերը՝ տաճար է աստվածայինե:
Պատմական իրադարձություններին ու կոնկրետ իրողություններին դիմելով՝ բանաստեղծը լուծում է արդիական խնդիրներ, որոնք ուղիղ գծով առնչվում են արցախյան ազատամարտին: Վիպերգում հեղինակը Վաչագան Բարեպաշտի կերպարում ներկայացնում է Արցախի նորօրյա պայքարում խիզախող հերոսական արցախցիներին: Երկում բանաստեղծական բարձր վարպետությամբ են միահյուսված պատմությունն ու առասպելականությունը: Պոեմում նկատելի են անախրոնիգմի դրսևորումներ, մանավանդ այն պատկերում, երբ երկխոսության մեջ են մտնում Վաչագան Բարեպաշտն ու Վարդան Հակոբյանը: Վիպերգում հեղինակը դիմում է հետաքրքիր հնարանքի, նա 1500 տարի հետո Վաչագանին նամակ է գրում, որտեղ ասում է.
Քեզանից հետո տվին երկիրը,
Վաչագան արքա,
տվին մաս առ մաս,
մազ առ մազ,
ծախեցին հաճախ
ու ,ոտքի կոխան դարձրին ամենքիե,
ամեն քոչվորի,
և Վարարակնը
ողբ է՝ Ջրվշտի՛ք…
Բանաստեղծն իր բողոքի, անհանդուժողականության ձայնն է բարձրացնում: Արցախի պատմությանը խորագիտակ բանաստեղծն ափսոսանքի խոսք է ուղղում Բարեպաշտին.
Ինչու, ինչու…
մոռացար հաճախ,
որ
այդ բողբոջուն գրերի կողքին՝
դրանք պահելու, փրկելու համար
թողնել
պատկերը լարված նիզակի,
Նիզակն Առանի:
Բոլորովին վերջերս տպագրվել է նաև արձակագիր Բակուր Կարապետյանի «Վաչագան» պատմավեպը, որին կանդրադառնանք առաջիկայում:
Հիրավի, մեր գրողներին հաջողվել է կերտել Վաչագան Բարեպաշտի հերոսական կերպարը: Դարերից հառնող հայրենասեր, օրինապաշտ ու բարեպաշտ Վաչագան արքայի կերպարն իր ուրույն հետագիծն ունի մեր ժողովրդի տարեգրության մեջ:
Նկարում` Եղիշ Առաքյալի վանքն է, որտեղ գտնվում է Վաչագան Բարեպաշտի գերեզմանը:

Եղիցի լույս
թիվ 06-07 (185-186)
2018թ.

Տարածել

Պատասխանել