«Ես քո աղեղը, քո վահանը կուռ և քո ժայռերի կարծրությունն եմ…»

0

Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանը գրել է. «Վազգեն Օվյանի մեջ սերտ  զուգակցված են  տաղանդավոր բանաստեղծը,  հրապարակախոսը,  առակագիրը և,  միաժամանակ,  պայծառ մարդն ու հայրենասերը»։

Հիրավի,  երգիծաբան,  արձակագիր,  դրամատուրգ և բանաստեղծ Վազգեն Օվյանի գրական ժառանգության մեջ դժվար է գերապատվություն տալ արվեստագետի  ինքնաարտահայտումն ավելի լավ արտացոլող ժանրի,  քանզի գրողի անուրանալի շնորհքը մնայուն գործեր է  արարել բոլոր ժանրերում  և հաճելիորեն շփոթություն կպարգևի իր վաստակը մասնատողին՝ ավելի պատկառելի երևալով կուռ  միասնությամբ։  Ասել է թե,  բոլոր այդ  ժանրերը նրա համար եղել են մարկանց  դիմելաձևի գունեղ բազմազանություն,  օգնել՝ ասելիք-ճշմարտությունը դարձնել ցայտուն։  Ու դրանից էլ  Վազգեն Օվյանի գեղարվեստական  գործերը չեն կորցրել իրենց այժմեականությունը։  Ընթերցելով նրա երգիծական պատումները,  միայն լիաթոք ծիծաղ,  հոգու ջերմություն չէ ապրածդ,  նաև զգում ես այնքան անհրաժեշտ հոգևոր աջակցություն

Եթե ծիծաղ է,  ուրեմն եկեք այնպես ծիծաղենք,

         Որ կյանքի վրա մեր այդ ծիծաղով արատ չմնանք։

 

Վազգեն Օվյանը գրել է կյանքում անկեղծ  պահվածքը չեղծող,  ժամանակի դավերը բացճակատ ընդունողների անունից,  իր իսկ խոսքերով՝ արդարությունը  արդարացնելու համար։

 

  Տուր ինձ այնպիսի մի հաստատ հավատ,

Որ իմ հավատը չդավեմ հանկարծ.

Հեռու պահիր ինձ մարդկանցից կավատ

Ու զավակներից՝ նենգ ու բերանբաց։

 

Մի  առիթով  խոսելով գրչընկերոջ  մասին արձակագիր  Մաքսիմ  Հովհաննիսյանը  նշել  է. «Արցախյան շարժման ամբողջ ընթացքում ես ցավով,  կսկիծով,  վշտով ինքս իմ մեջ արձանագրում էի.  եթե Վազգեն Օվյանը ողջ լիներ,  մեր շարժումը գուցե ինչ-որ այլ երանգ ունենար։  Վազգենը իր մեծ լուման կմտցներ շարժման մեջ,  հատկապես շարժման առաջին տարիներին,  երբ գաղափարական  պայքար էր գնում։  Ես հավատացած եմ,  որ այդ տարիներին, իսկապես, կփայլատակեր Վազգեն Օվյանի մեծ տաղանդը՝ որպես երգիծաբանի,  որպես գրողի,  մտավորականի,  մտածողի։ Նա,  մեր արցախյան մշակույթին մեծ ծառայություններ  է մատուցել իր գեղեցիկ պոեզիայով,  դրամատուրգիայով,  ժուռնալիստիկայով։  Վազգենը,  ի տարբերություն շատերի,  վաղ բացվեց։  Դեռևս դպրոցական տարիներից երևում էր մարզային թերթի էջերում, ու հետագայում բացահայտվեց նրա մեծ տաղանդը։  Ես սա ասում եմ առանց վերապահումների։  Բազմակողմանի,  բազմեզր գրող էր և գրականության բոլոր բնագավառներում էլ թողեց իր հետքը,  իր տեղը գրավեց արձակում,  պոեզիայում,  դրամատուրգիայում։  Մենք վաղ կորցրինք  Վազգեն Օվյանին,  բայց այն,  ինչ նա թողեց սերունդներին՝ մնայուն գործեր են»։

Կյանքի զավեշտ  դասերը նրա երգիծանքի նյութն էին։  Կեղծավորին իր  գործում մշտապես աջակցել է շողոքորթը,  սնապարծը իր «արվեստի» ուժով երկինք է հանում սեփական և այլոց չիրականացված երազանքները՝ իբրև իրականություն,  անդեմ  ոտանավորիչը իր նոր հանգը գտնում է ճոխ խնջույքներում ու աչք գցում անմահությանն ու փառքին,  քաղքենին չի նկատում  կաշառակերի ափաշկարա գործարքները՝ իր անդորրը գերադասելով։

Ազնվությունը երիցս կծաղրվի նրանց կողմից,  արդարությունը՝ վտարանդի կդառնա։ Ու հենց իր հերոսների ստեղծած աշխարհից  Վազգեն Օվյանը փրկել,  ամբարել է ճշմարտությունը՝ իբրև մեծագույն արժեք,  ու կրկին վերադարձել մարդկանց։  Աստված  մարդուն ստեղծել է արարչության վերջին օրը,  երբ հոգնած էր արդեն։  Ասել է թե,  բանական էակը կատարյալ չէ,  բայց հենց  մարդուն են  տրված հայրենասիրության,  լավի,  գեղեցիկի արարման ու գնահատման բոլոր գագաթները։   Երևան հանելով մարդու այպանելի  թերությունները,   հեղինակը ցուցանել է մարդու հանդեպ ունեցած իր սերն ու հավատը,  երգիծանքի ուժով ձգտել օգնել դիմացինին։  Չէ± որ հենց  մարդուն է վերապահված՝

Հարատևելու այն սուրբ տանջանքը,

Որ հավասար է խոլ-խիզախության։

Գրական հարուստ ժառանգություն է թողել Վազգեն Օվյանը։  Չափածո  և արձակ  գործերի  մի  շարք  ժողովածուների  հեղինակ  է։  Արցախի մայր-թատրոնի խաղացանկում պատվավոր տեղ ունեն Օվյանի «Մեծ լոռեցին»,  «Լուսաբացը լեռներում»,  «Պըլը Պուղին» դրամատիկ գործերը։

Հիասթափությունները ապրել է իմաստորեն ու արժանապատվությամբ, ինքը լավ գիտեր իր գրչի ուժը.

Ինձ ստիպեցին ուղտի պես չոքել,

Բայց ես  ուղտ չէի,  այլ՝ արշավաձի։

Գրողի  ներշնչանքի աղբյուրը,  նեցուկն ու ապավենն  Արցախն էր,  որի զարթոնքին ու ազատությանը հավատում էր։

Արձակագիր  Մարսել  Պետրոսյանի  գնահատմամբ` «Վազգեն  Օվյանն իր գործընկերների և ընթերցողների հիշողության  մեջ մնաց որպես, բառիս լայն իմաստով` հասարակ,  բայց արժանապատիվ քաղաքացի, Արցախի հոգս ու ցավով ապրող տաղանդաշատ ու բազմաշնորհ մի անձնավորություն։

Նա խենթ ու ազատամիտ մարդ  էր,  անհաշտ՝ չարի ու անարդարության հանդեպ,  համարձակ ու խիզախ՝ կյանքում և ստեղծագործության մեջ։

Անսահման դժվար է լինել շնորհալի լրագրող,  միաժամանակ՝ բանաստեղծ,  արձակագիր,  դրամատուրգ,  ֆելիետոնիստ ու պարոդիստ։  Սակայն այս դժվարությունը ամենևին էլ չէր տարածվում արվեստագետ Վազգեն Օվյանի վրա։

Ստեղծագործում էր թեթև ու դյուրին,  ցուցաբերում նախանձելի աշխատասիրություն և արդյունավետություն` միշտ մնալով ընթերցողների ուշադրության կիզակետում,  ինքն էլ իր հերթին մնալով մոլի  ընթերցող։

Նրա թողած գրական ժառանգությունն այսօր էլ չի կորցրել իր հմայքն ու արժեքը»։

Հիրավի,  Վազգեն  Օվյանն  իր  հոգում հողի ուժն ու ըմբոստությունն էր զգում.  Արցախում  ոգին անխորտակ է, երազը՝ անմեռ։  Եվ նա որդիաբար սարսռում էր այն մտքից՝

Թե,  որ դառնամ ես տարագիր

Ու ոտքիս տակ հող չունենամ

Ղարաբաղս կաղաղակի,

– Քեզ պես որդի թող չունենամ…

 

Նվարդ  Ալեքսանյան

Տարածել

Պատասխանել