Ռոբերտ Եսայան / Հայրենասիրական քնարը

0

Սիլվա Կապուտիկյանի կյանքի ճանապարհը կարող ենք բնորոշել մեկ բառով՝ նվիրում: Անմնացորդ նվիրում է դա հողին, հայրենիքին, մայրենի լեզվին, հայ ոգու նվիրական ակունքներին՝ մագաղաթյա գրքերին, եկեղեցիներին, խաչքարերին, ոգու ասպետներին, ազատության զինվորներին: Նրա պոեզիան բարձր են գնահատել ժամանակի հզոր բանաստեղծները՝ Պարույր Սևակը, Վահագն Դավթյանը, Համո Սահյանը և Գևորգ Էմինը: Իսկ Վարդան Հակոբյանը իր սերն ու ակնածանքն է արտահայտել յուրօրինակ ձևով. «Կապուտիկյանի քնարերգության մեջ տիեզերական խոհն ու գույնը համադրվում են գեղարվեստական աննախադեպ որակով՝ սերը խորն է խռովքով, ճշմարտությունը՝ խիզախ ընդվզումով, անկեղծությունը՝ այրումի անմիջականությամբ ու մաքրությամբ»:
Կապուտիկյանի գլուխգործոցներից մեկը՝ «Ղարաբաղի բարբառը», որ գրվել էր 1960 թվականին, եռացող հրաբուխ է, որը կանխանշում է ներքին խռովքով ապագայի բախումները, «համառ», «կարծր», «չհղկված», «կոշտ» բառերով ընդգծելով ղարաբաղցու ամուր կամքն ու զորությունը: Հողում խրված ժայռի պես է և՛ ղարաբաղցին, և՛ իր բարբառը: Նա անկոտրում է, ինչպես ժայռը: «Չի՝ պոկի նրան ոչ մի հարված»,- այս տողով նա մղում է ղարաբաղցուն եռապատկելու իր սերն ու ուժը՝ ապագա հարվածներին դիմանալու համար: Բարբառի միջոցով կերպավորելով ղարաբաղցուն՝ բանաստեղծուհին խտացրել է իր ասելիքը ենթագրերում. «Շուրթերի վրա այնպե՛ս է բառը, Ինչպես որ ժա՛յռն է հողում խրված…»: Եռակետն ավելի է շիկացնում չասվածի պոեզիան:

Ինձ չի տվել հողը հայոց
Հնոց գեղերը հայուհու,
Ոչ սեգ հասակ, ոչ հուր հայացք,
Ոչ հյուսքերի բոցեր հլու.
Պարգևել է նա ինձ խորունկ
Զույգ մոխրագույն աչքեր միայն՝
Լցված մոխրով իր դարերի,
Խորքում՝ անթեղը ներշնչման…

27 տարեկանում կերտելով այս անկրկնելի ինքնադիմանկարը, բանաստեղծուհին պարզապես նկարել է իր ներաշխարհն ու ոգու կրակը: Եվ դարերի մոխրից հառնում են ներշնչանքի բոցերը ու համբուրում արարվող տողերը բանաստեղծուհու: Իսկ մոխրագույն աչքերում ապրող սե՜րը… ո՛ւժ է առնում քարերից, ջուր է խմում, ավա՜ղ ոչ թե Անիի աղբյուրներից, այլ՝… կարոտից:

Հայաստա՛ն աշխարհ,
Դու մե՛րը եղար ու մերը չեղա՛ր,
Դրա համար էլ մենք քեզ սիրեցինք սիրահարի պես…
Դու մե՛րը եղար,
Ինչպես որ մերն է մեր երակներում հոսող արյունը,
Եվ մերը չեղար,
Ինչպես մերը չէ Վարագա սարի արևածագը…

Արցախյան գոյապայքարը շոշափելի և իրական դարձրեց հայի երազանքը, հաղթանակի բերկրանքը վերացրեց սահմանները… Ազատագրվեց Արցախը և հաջորդը՝ Կա՛րսն է… Անշուշտ, մեր ազատագրական պայքարի առաջնորդներից էր և բանաստեղծուհի Կապուտիկյանը.

Ինչքան նրա դեմը փակում, խորն է ծածկում լեռը Մռավ,
Ինչքան կոծում, կողն են ծեծում շանթ ու անձրև, ամպ ու մռայլ,
Այնքան շանթին ճակատ տալիս, կանաչո՜ւմ է շատ ու շռայլ,
Այնքան համառ ձգվում է վեր, այնքան բա՜րձր է հայոց բարդին:

Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունները «բազմակողմանիորեն և լավագույնն են ներկայացնում մեր աննկուն ոգու շարժման ու մաքառման գեղարվեստական համապատկերը»: Նրա ստեղծագործությունները տարիներ շարունակ նախապատրաստել և հասունացրել են ազգային-ազատագրական պայքարը:

Սեղմի՛ր ատամդ, դու ամենքի մոտ
Բացեբաց լալու իրավունք չունես,
Թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ՝
Զենքերդ տալու իրավունք չունես,
Դու՝ հայ բանաստեղծ, ինչ էլ որ լինի,
Վերջին զինվո՛րն էլ ընկնի հուսահատ,
Քո ժողովրդի հավերժությանը
Չհավատալու իրավունք չունես…
Մաքառող հայի երդո՛ւմն է սա, որն իր խորքերում կրում է նաև զորավոր պատգա՛մը բանաստեղծուհու, մեր կորուստների բաբախող տագնապը, ցավը, ինչպես նաև կորովն ու ուժը պայքարող հայի:

Տարածել

Պատասխանել