Նելսոն Հայրումյան / Մոլլայի շիկնանքը (Պատմվածք)

0

– Մերի՛…
Ձայնը դավաճանեց: Այն հնչեց պաղատանքին, թեև ինքն ամենևին այն շան վիճակում չէր, որին տերն անգթորեն թողնում է դրսում՝ տեղատարափ անձրևի տակ ու իր համար հանգիստ հեռանում:
Դեռատի կինը, որ բանալին արդեն կիսաշրջել էր շքամուտքի երկաթյա դռան կողպեքի մեջ, զարմացած ետ նայեց.
– Ի՞նչ, Մա՛յքլ:
– Մոտ արի, խնդրում եմ.-
– Կարող է՝ ուշանամ, Մայքլ: Քեզ այդ ի՞նչ եղավ:
– Չգիտեմ, Մերի, չգիտեմ…
Կինը ստիպված ետ դարձավ և նայելով անկողնում պառկած ամուսնու գլխաբարձին մոտ՝ ասաց.
– Դե, Մայքլ, լսում եմ:
Ամուսինը, այս անգամ առանց բառ իսկ ասելու, կնոջ նուրբ ձեռնաթաթերն առավ ափերի մեջ, քնքշորեն շոյեց, շոյեց և ապա անսպասելիորեն սկսեց տենդագին համբուրել…
Մերին, ինքն էլ չդիմանալով այդ հանկարծածագ տեսարանին, միանգամից փուլ եկավ՝ թուլացած ընկնելով ամուսնու գիրկը:
– Մա՛յքլ,- շշնջաց նա,- գուցե չե՞ս ուզում, որ այսօր գնամ աշխատանքի: Ես կարող եմ մնալ:
– Ցավոք, պատճառ չկա, Մերի: Ինքս էլ չգիտեմ, թե ինձ հետ այս ի՞նչ է կատարվում:
– Դու շատ պինդն ես, Մա՛յքլ: Չե՞ս հիշում՝ բժիշկդ ինձ ինչ ասաց. »Ձեր ամուսինը նախանձելի ամուր մարմին ունի: Շուտ կապաքինվի«: Այդպես ասաց, չէ՞:
– Ա՜հ, չխոսենք այդ մասին: Մի հնար լիներ՝ մնայիր տանը:
– Չասացի՞ կարող եմ:
– Բայց՝ առանց պատճառի՞:
– Քո այս տարօրինակ վիճակը…
– Ծիծաղելի կհնչեր, Մերի:
– Այսօր պիտի գնամ հիվանդանոց: Կարող է՝ արձակուրդ ձևակերպեն:
– Այո՛, Մերի,- ուրախացած բացականչեց Մայքլը՝ կրկին ամուր թևերի մեջ առնելով կնոջը: – Արդեն ժամանա՞կն է:
Կինը միայն ժպտերես իրար բերեց թարթիչները:
– Եվ ինչպե՞ս է իրեն զգում,- աջ ձեռքը զգուշորեն դնելով կնոջ արդեն կլորացած փորին՝ հարցրեց ամուսինը:
– Բռնցքամարտիկ կդառնա,- կատակեց Մերին.- շարունակ հարվածում է:
Մայքլը ծիծաղեց.
– Գիտե՞ս, երբ դեռ փոքր էի, շարունակ երազում էի դառնալ բռնցքամարտի գծով աշխարհի չեմպիոն:
– Երազները գուցե հենց դրանով են գեղեցիկ. որ սովորաբար չեն իրականանում: Մնում է կյանքիդ երկնակամարում՝ որպես հավերժ ժպտացող աստղեր…
-Դու այդ լավ ձևակերպեցիր. Մերի: Չէ՞ս ասի, թե մանկուց ո՞րն էր քո այդ ժպտացող աստղը:
– Վաղը, Մա՛յքլ, վաղը, երբ կվերցնեմ արձակուրդ ու այլևս աշխատանքից ուշանալու վախ չեմ ունենա: Իսկ հիմա, խնդրում եմ, թույլ տուր գնամ,- այդ ասելով՝ նա համբուրեց ամուսնու շուրթերը ու ոտքի կանգնեց:
-Միայն մի բան, Մերի: Տեղ հասնելուն պես անմիջապես կզանգես:
-Այո՛, Մայքլ, նույն պահին էլ կզանգեմ:
-Ո՛չ, Մերի, նույն վայրկյանին,- ավելացրեց ամուսինը և ապա, չգիտես ինչու, կտրուկ կիսաշրջվեց աջ թևի վրա:
Քիչ անց, երբ Մերին իր ետևից արդեն փակել էր դուռը ու դուրս գնացել, Մայքլը հիմա էլ կիսաշրջվեց ձախ թևի վրա:
…Ննջասենյակը, ուր պառկած էր նա, ցոլցլում էր վարագույրների կիսաբացվածքից ներս թափանցած աշնան արևի նուրբ շողերից: Մայքլը մինչ այդ ասես ժամանակ չէր ունեցել, մտքով անգամ չէր անցել իր ողջ խորությամբ ընկալելու սեփական տան ջերմությունը, անկրկնելիությունը և ահա միայն հիմա, հիվանդանոցում աջ ազդրի կոտրվածքի պատճառով երկու շաբաթ պառկելուց հետո, այս անդրանիկ առավոտը դիմավորելով իր տանը, առաջին անգամ կարոտ հայացքով սկսեց դիտել ներսի ամեն մի իր… Եվ ահա հայացքը գամվեց դիմացի պատից ուղիղ իրեն նայող Մերիի մեծադիր լուսանկարին: Գտնվելով հիվանդանոցում՝ ինքը միայն այստեղ հասկացավ, որ Մերին իր համար սոսկ սիրած կին չէ: Խլիր, ներսից պոկիր այս շիկամազ, նուրբ դիմագծերով, ասես մայրական մեղմ ու հոգատար հայացքով նայող կնոջը ու տակն այլևս ոչինչ չի մնա՝ դատարկությունից բացի…
Մերին աշխատատեղ կհասներ կես ժամից և ուրեմն, մտածեց Մայքլը, կարող էր հանգիստ չտրվել մտքերին…
…Այդ օրը՝ իրիկնադեմին, երբ սովորականի պես սեփական մեքենայով աշխատանքից տուն էր վերադառնում տրամադրությունն այնչափ բարձր էր: Պատճառը միայն ստացած կլորիկ աշխատավարձը չէր և ոչ էլ Լոնդոնից Նյու-Յորք հյուրախաղերի ժամանած նշանավոր երաժշտախմբի համերգի երկու տոմսակը: Պարզապես մի ներքին ուրախություն էր իրեն համակել, ճիշտ այդպես, ինչպես որ ակամա երգն էր ծնվում և մարդ սկսում է ինքը իրեն դնդնալ այդ հարազատ ու թանկ մեղեդին: Հենց նման տրամադրությամբ էր, երբ փողոցի անկյունադարձին ղեկը թեքեց, և դիմացից հայտնված բեռնամեքենան՝ փորձելով վազանցել, թույլ տվեց կոպիտ խախտում և բախվեց իրեն… Աջ ազդրի կոտրվածքով անմիջապես տեղափոխվեց հիվանդանոց: Կոտրվածքի մասին Մերիին տեղյակ պահեց միայն այն բանից հետո, երբ վիրաբույժներն արդեն ոտքը գիպսի մեջ էին առել…
Մերին հիվանդասենյակ ներս խուժեց գարնան խենթ քամու նման, խիստ տագնապած:
– Մա՛յքլ…Մա՛յքլ… Այդ ի՞նչ է պատահել: Ասա՛, դու ինձ ճիշտն ասա, մի՛ թաքցրու…
-Թեթևակի կոտրվածք է, Մերի, ոչինչ ավելին: Թե ինձ չէս հավատում, հարցրու բժշկին:
Բժիշկը, որ դեռևս հիվանդասենյակում էր, անմիջապես վրա բերեց.
– Այո՛, այո՛, անհանգստանալու կարիք չկա, տիկին: Ձեր ամուսինը նախանձելի ամուր մարմին ունի, շուտ կապաքինվի:
Մերին բժշկի ասածներից փոքր ինչ խաղաղված, երբ մի պահ նայեց շուրջը, հանկարծ պահարանիկի վրա նկատեց երկու տոմսակ: Զարմացած հարցրեց.
– Այս ի՞նչ տոմսակներ են, Մա՛յքլ:
– Համերգի, Մերի: Մտադիր էի այս երեկո հաճելի անակնկալ մատուցել քեզ, բայց ինչպես տեսնում ես բախտս այնքան էլ չբերեց, գամվեցի անկողնուն: Դու վերցրու պահիր, որպես այսօրվա հիշատակ:
-Թող գրողի ծոցը գնան: Չլինի՝ հենց սրանց պատճառով մեքենան արագ քշեցիր ու վթար եղավ:
– Ո՛չ, Մերի, ո՛չ: Մեղավորը բեռնատարի վարորդն էր: Փաստաթղթերով դա արդեն ձևակերպված է:
Հետո արդեն օրերը մեկիկ-մեկիկ հաջորդեցին իրար: Մերին օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, այցելում էր իրեն: Ինչպես բժիշկն էր հավաստիացրել, ապաքինումն, իրոք, բավականին արագ ընթացավ: Մի շաբաթ անց ի վիճակի եղավ հիվանդասենյակում ձեռնափայտերի օգնությամբ զգուշաբար քայլեր անել, իսկ հաջորդ շաբաթվա ավարտին էլ (իսկ դա երեկ էր), դուրս գրվեց հիվանդանոցից:
Մայքլը դեռևս ակամա պաշարած մտքերի մեջ էր, երբ ննջասենյակի խոր լռությունը խախտեց բջջային հեռախոսի զանգը: Մերին էր:
– Մա՛յքլ, ես արդեն աշխատատեղում եմ: Ինչպե՞ս ես, լավ ես, չէ՞: Նախաճաշդ չուշացնես: Ամեն ինչ խոհանոցում դրված է: Ես հիմա շեֆից թույլտվություն կվերցնեմ ու կգնամ հիվանդանոց: Դու ինձ լսո՞ւմ ես, Մայքլ,- մի շնչով ասաց Մերին:
– Այո, Մերի, իհարկե, լսում եմ:
– Դե ուրեմն, ամենաուշը մեկ ժամից կրկին կզանգեմ: Իսկ վաղն էլ, հուսով եմ, երկա՜ր-երկար կզրուցենք, ամենաշատը՝ մեր բռնցքամարտիկի մասին, լսո՞ւմ ես: Կնախաճաշես, հա՜…
– Լավ, Մերի, լավ: Անհամբեր կսպասեմ զանգիդ:
– Համբուրում եմ, առայժմ, -ասաց ու անջատեց հեռախոսը:
Մայքլը զգաց, որ այս հեռախոսազրույցից հետո այլևս չէր կարող պառկած մնալ: Այն անորոշ, չգիտակցված ու մի տեսակ տագնապոտ զգացումը, որ քիչ առաջ ուներ, այլևս չկար: Ինչպես անսպասելի չէր ծնվել, նույն կերպ էլ չքացել էր: Հիմա ներսում միայն բերկրանք կար, ափեափ լինող ուրախություն… Ու նա ձեռքերով աջ ազդրն ամուր բռնելով՝ զգուշորեն տեղաշարժեց ու վեր կացավ: Թեթևակի կաղալով՝ նախ մտավ հյուրասենյակ, ուր այդ պահին առատորեն ողողված էր արևի շողերով, ապա անցավ ապակեպատ պատշգամբ: Պատուհանի փեղկը բացելուն պես առավոտի թարմ, դեռևս հաճելիորեն պաղ հոսանքը ծփաց դեմքին: Խոր, լիաթոք ներս շնչելով օդը՝ մի հայացք ձգեց դիմացը փռված վիթխարի քաղաքի՝ Նյու-Յորքի համայնապատկերի վրա: Այն թևերով սուզվել էր հեռու-հեռուների արծաթ մշուշներում… Առաջներում, երբ իր այս դիտակետից նայում էր, սովորաբար ճնշող տպավորություն էին թողում քաղաքի ահռելի չափսերը, կատարներով, երկինք մխրճված երկնաքերները, օրն ի բուն ծուխ արձակող գործարանային ծխնելույզները, մեքենաների երբեք չդադարող վազքը… Բայց ահա հիմա զարմանալիորեն չունեցավ նման զգացողություն: Ավելի. քաղաքը՝ արևի ճաճանչներն առած դեմքին, այս ու այն հատվածներից շողարձակում, ասես մտերմաբար ժպտում էր իրեն… Ահա և այն երկու նշանավոր երկնաքերները, որ վեր են խոյացել քաղաքի կենտրոնական հատվածում՝ Մանհաթենում: Դրանք առևտի համաշխարհային կենտրոնի շենքերն են: Մերին հենց այստեղ կաշխատի, աջ թևի երկնաքերի 77-րդ հարկում: Տնտեսագիտական համալսարանում ուսանելու տարիներին հաճախակի էին գործնական պարապմունքներ անցկացնում այդտեղ: Վերջին կուրսում էր, երբ այդ կենտրոնի տնտեսագիտական ինչ-որ ենթաբաժիններից մեկը թափուր տեղի համար մրցույթ հայտարարեց և Մերին, մասնակցելով մրցույթին, հաղթող ճանաչվեց և շատ շուտով էլ անցավ աշխատանքի: Անցյալ սեպտեմբերին էր դա, ուղիղ մեկ տարի առաջ…
Արևն արդեն հորիզոնից նկատելի բարձրացել և այժմ իր կուրացուցիչ շողերն էր արձակել քաղաքի վրա: Պատշգամբում օդը դառնում էր հեղձուցիչ և այդտեղ այլևս երկար մնալ չէր լինում: Հայացքը կտրելով առևտրի համաշխարհային կենտրոնի երկնաքերներից՝ որոշեց ներս գնալ: Նույն կերպ կաղալով այս անգամ անցավ խոհանոց: Սեղանին Մերիի պատրաստած նախաճաշն էր՝ ճերմակ սփռոցի տակ: Մի պահ ոտքը պահելով երկմտեց. արդյո՞ք հիմա նախաճաշեր, ինչպես Մերին էր պատվիրել, թե… Բայց զգալով, որ ախորժակ ամենևին էլ չուներ (ախր ներսը դեռ խաղաղված չէր) ինքն իրեն քրթմնջաց. »Ոչ մի տեղ էլ չի փախչի, կնախաճաշի հետո« ու անցավ հյուրասենյակ: Այստեղ նա հարմարավետորեն տեղավորվեց փափուկ բազկաթոռներից մեկին՝ հեռուստացույցի դիմաց, վերցրեց վահանակը և միացրեց: Սննդի անվտանգության հարցերին նվիրված ինչ-որ հաղորդում էր: Մի քանի այլ ալիքներ փորձեց, սակայն իր համար հետաքրքրական ոչինչ չգտավ: Ու չզգաց էլ, թե ինչպես կրկին հանձնվեց հուշերին…
…Մանրահատիկ տաք ավազի վրա մեկնված՝ ձեռքերը գլխատակին ագուցել, շարունակում էր ակնդետ նայել վերջալույսի շողերից պեծպեծող ծովի կոհակներին: Չնայած իրիկնացող ժամին՝ լողափը, սակայն դեռևս մնում էր բազմամարդ: Յուրաքանչյուրն իր ձևով, ուզածի պես է հանգստանում: Իրենից այն կողմ՝ բավականին չաղ, մուգ ակնոցներով զույգ էր: Կինը՝ փորի վրա պառկած, վայելում էր ամուսնու հաճելի մերսումը մեջքին, ազդրերին, արդեն ծեր մի կին ուտելիքի կապոցն էր ջանում բացել՝ մոտը պառկած թոռնուհու հետ ճաշակելու, իսկ ձախ մասում մի հիսուն-վաթսուն քայլ այն կողմ գնդակով խաղացող աղջիկների խումբն էր:
Այդ միօրինակ, լողափին բնորոշ պատկերները, ծովի անծայրածիր հարթությունը ասես ծուլորեն ափերին զարնվող ալիքները արդեն նինջ էին բերում, և հանկարծ ջրերի խորքից, մտրակվելու նման, դուրս ցատկեց բավականին խոշոր մի ձուկ, պոչով շամփրեց օդը ու կրկին սուզվեց: Երազի մեջ չէր, սակայն պատկերը չկրկնվելու դեպքում կարող էր նաև այդպես կարծել: Հայացքը սրեց՝ աղոթքի պես մրմնջալով, »Մի անգամ էլ, ձուկ իմ, մի անգամ էլ…«: Իր աղոթքը տեղ հասավ: Շուտով ձուկը կրկին օդ նետվեց, խաղացրեց պոչը ու էլի սուզվեց ջրերի մեջ: Գոհունակ ժպտաց: Կարող էր բավարարված զգալ, սակայն ձուկը ինչպես պարզվեց, որոշել էր անվճար տեսարան սարքել: Այն շարունակ դուրս էր նետվում ամենատարբեր ձևերով օդում խաղացնում գեղեցիկ մարմինը և կարծես երջանկացած` էլի անհետանում մայր ծովի ալեծուփ գրկում: Ինքը դեռևս այդ անսպասելի պատկերով էր կլանված, երբ հանկարծ աջ ուսին զգաց ձեռքի գնդակի հարված: Սթափվելով՝ նայեց աջ, ուր աղջիկների խումբն էր: Շուտով մեկը անջատվեց խմբից, վազքով առաջացավ գնդակի ուղղությամբ: Մի քանի քայլի վրա հանկարծ մեխվեց տեղում: Մերին արդեն հետո պիտի իրեն խոստովաներ, որ այդ ակնթարթը շանթահարվելու նման եղավ… Եվ ինքը նույնպես դեռ հետո պիտի խոստովաներ Մերիին, որ այդ պահին իրեն էլ թվացել էր, թե ասես նույն իր ձուկն էր՝ ափ եկած Մերիի ձեռքով… Եվ երկուսն էլ դեռ հետո պիտի խոստովանեին, որ առաջին միտքը, երբ ծագեց, դա իրենց մերկության գիտակցականն էր: Ամոթից երկուսն էլ չիմացան անելիքը…
Առաջինն ինքն էր, որ ուշքի եկավ: Ախր իրենք լողափին էին, ուր մերկությունը դա նույնն էր, թե լրիվ հագուստների մեջ, տեղը տեղին: Ու ժպտաց: Եվ իր ժպիտն ասես փոխանցվեց Մերիի շիկագույն դեմքին: Հաջորդ պահին գնդակն առնելով ձեռքերի մեջ ասաց.
– Ընդունում եմ որպես նվեր:
Մերին, համարձակությունն արդեն վերագտած, մի քանի քայլ առաջ եկավ ու հրաշագեղ մարմնով մեկ կանգնեց իր առաջ:
– Ցավոք, իմը չէ, Սյուզիինն է:
– Նա ձեր ընկերուհի՞ն է:
– Այո՛: Ա՜յ հենց այն աղջիկն է, ձախից՝ երկրորդը:
– Կարող եմ ենթադրել, որ ուսանողուհիներ եք:
– Էինք:
– Ինչպե՞ս: Արդեն շրջանավարտնե՞ր:
– Այո: Եվ որոշեցինք մի վերջին անգամ միասին հանգստանալ այստեղ՝ ծովափին:
– Եվ՝ քանի՞ օրով:
– Վաղը մեկնում ենք:
– Եթե գաղտնիք չէ, ո՞ր քաղաք:
– Նյու-Յո՛րք:
– Նյու-Յո՞րք: Ստացվում է՝ համաքաղաքացիներ ենք, սակայն առայսօր՝ անծանոթ:
– Դե, Նյու-Յորքը հո գյուղակ չէ՞:
– Այդպես է, իհարկե: Ես կատակեցի: Նյու-Յորքը աշխարհի մեծագույն քաղաքներից է:
– Այո՛, այո՛: Բայց գնդակը կտա՞ք:
– Վախենում եմ խաղն այլևս չստացվի:
– Ինչո՞ւ:
– Չգիտեմ: Դուք նույնպե՞ս այդ կարծիքին չեք:
Մերին միայն ամիսներ անց պիտի խոստովաներ, որ այդ հարցից հետո իր համար որոշակիորեն պարզ դարձավ, որ աշխարհում ոչ մի ուժ այլևս ի զորու չի լինի իրարից բաժանելու: Այս տղամարդը՝ ջլապինդ մկաններով, հզոր, թավամազ կրծքավանդակով և թխահան դեմքով, այսուհետ կպատկանի միայն իրեն, իսկ ինքը՝ Մերին, Մայքլին: Սակայն աղջկական անմեղ չարաճճիությունից դրդված՝ հարցին խորամանկ պատասխան տվեց.
– Ո՛չ, ես այն կարծիքին եմ, որ մեր խաղը գերազանց կստացվի:
– Հրաշալի է: Կնշանակի՝ մեր ծանոթությունը դրան նպաստեց:
– Մի՞թե մենք արդեն ծանոթներ ենք:
– Այո՛, իհարկե: Անկեղծ ասած, ինձ թվում է՝ մենք շա՜տ, շատ վաղուց իրար ծանոթ էինք, սակայն չգիտես ինչ պատճառով, դեռ չէինք հանդիպել:
– Մե՜-րի՜…
– Իսկ ինձ արդեն կանչում են:
Շրջվեց դեպի ընկերուհիների խումբը ու ձայնեց.
– Գալի՜ս եմ…
Այդ պահին ձուկը նորից շամփրեց օդը: Ինքը նկատեց.
– Միայն մի վայրկյան: Խնդրում եմ, նայեք ծովին, ա՜յ, այս ուղղությամբ: Դուք հենց հիմա կտեսնեք մեր ծանոթության կենդանի վկային:
Ձուկն այս անգամ ավելի բարձր ցատկ արեց, ճկուն մարմնով մի քանի պտույտներ գործեց և ապա պոչին տալով՝ նետի պես սուզվեց ծովի խորքերը…
– Հրաշալի է՜,- ուրախությունից ցնծաց Մերին:
– Այդ էլ՝ մեր վկան: Մնում է՝ իրար անուն իմանանք: Ես Մայքլն եմ: Մայքլ Ջոնսոն: Իսկ դո՞ւք:
– Մերի՛: Մերի Բլանշ:
– Շնորհակալություն, Մերի: Հիմա արդեն կարող եմ վերադարձնել գնդակը: Կհանդիպենք ընթրիքին: Համաձա՞յն եք:
– Դուք շատ համառն եք, Մայքլ,- ասաց Մերին և վերցնելով գնդակը՝ վազեց ընկերուհիների մոտ:
Նույն երեկոյան հանդիպեցին: Հեռախոսի համարներ փոխանակեցին և 2 օր անց, երբ ինքն էլ վերադարձավ Նյու-Յորք, ժամադրվեցին հանդիպել քաղաքի Կենտրոնական զբոսայգում, շատրվանների մոտ: Ամեն ինչ սպասվածից էլ արագ ստացվեց: Եվս մեկ-երկու հանդիպում, և որոշումը չուշացավ, կամուսնանան մեկ ամիս հետո՝ օգոստոսին: Բնակարան վարձելու խնդիր չունեցան: Հորեղբայրը, որ ոսկերչական իրերի խանութ ուներ քաղաքի կենտրոնում, երկար տարիներ ամուրիի կյանք էր վարում, անսպասելիորեն որոշեց ընտանիք կազմել իր հաճախորդուհիներից մեկի հետ: Նրա անունը Բառնետա էր: Բառնետա Գրիֆինգ՝ 50-55-ամյա մի կին՝ Լոնդոնից: Ձեռնաշղթա պիտի գներ՝ բավականին թանկարժեք: Երկար սակարկեցին: Ավարտվեց նրանով, որ ձեռնաշղթան գնելուց հետո, երբ հորեղբայրն առաջարկեց այդ հաջող առքուվաճառքը նշել մոտակա ռեստորաններից մեկում, Բառնետան չմերժեց… Իսկ օրեր անց էլ հորեղբայրը զիջեց նրա պայմանին. կամուսնանա, երբ խանութը վաճառի ու տեղափոխվի իր մոտ՝ Լոնդոն: Պարզվեց, որ արդեն քանի տարի է. Բառնետան նույնպես այրի կնոջ բնակարանն էլ իրեն նվիրաբերեց ու տեղափոխվեց Լոնդոն՝ Բառնետայի մոտ: Դա երեք տարի առաջ էր: Պոլն այնտեղ՝ Լոնդոնում, իրեն վատ չէր զգում: Հաջողվել էր այնտեղ էլ ոսկերչական իրերի խանութ բացել և, ինչպես հեռախոսազրույցների ժամանակ էր հավաստիացնում« ամեն ինչ նորմալ է, Բառնետան այնքան հոգատար է իր նկատմամբ, դժգոհելու ոչինչ չունի և, ընդհանրապես, կյանքը բավականին լավ է դասավորվել…
…Ակամա պաշարած մտքերից Մայքլը սթափվեց: Հայացքը հեռուստաէկրանից չկտրելով՝ ձեռքը մեկնեց դեպի հեռախոսը՝ իմանալու ժամը« հիվանդանոցից Մերին գո՞ւցե թե արդեն վերադարձած լիներ: Հենց այդ պահին էլ հեռուստաէկրանին ընթերցեց. »Շտա՛պ հաղորդագրություն – Շտա՛պ հաղորդագրություն…«
»Տեսնես որտեղ է հրդեհ կամ՝ ջրհեղեղ«,- անցավ մտքով: Ձեռքի մատները, որ արդեն շոշափել էին հեռախոսատուփը, մեկեն ցնցվեցին սուր, ածելիի նման կտրող զանգից«:
– Մա՛յքլ, Մա՛յքլ…
– Այո՛, Մերի:
– Մայքլ, ուժեղ պայթյուն եղավ…
Շենքը տատանվում է… Բոլորը խուճապահար փախչում են… Բայց, ինչ էլ լինի՝ իմացի՛ր. Ես սիրո՜ւմ եմ քեզ…
Մայքլն ընդոստ վեր ցատկեց, ուշադրություն չդարձնելով աջ ազդրի ցավերին՝ ակնթարթորեն իրեն նետեց պատշգամբ: Մանհաթենի այն հատվածում, ուր երկնաքերներն էին, փոշու ծիփ- թանձր ամպն էր բարձրանում…
– Մե՜- րի՜, Մե՜ – րի՜, – բղավեց Մայքլն ու հեկեկաց…
Հոգեկան այդ խոր ցնցման պահին նա չնկատեց ԱՄՆ-ի փոքրիկ դրոշակին ամրացված այն զույգ փուչիկները, որ անսպասելիորեն հայտնվեցին պատշգամբի դիմաց, ապա վեր սլանալով՝ սավառնեցին հեռո՜ւ – հեռուներ…
…Օրեր, ամիսներ անց հյուսվեց մի գեղեցիկ պատմություն այդ զույգ փուչիկների մասին: Պատմություն՝ սիրո հավերժության, ինչպես պատմվում է, քարշող հրթիռի նման տանում էին Մերիի ինքնագիրը, որ վերջին պահին հասցրել էր գրանցվել ԱՄՆ-ի պետական դրոշակի վրա. »Ես սիրում եմ քեզ, Մա՛յքլ«: Փուչիկները հրթիռի արագությամբ սլացան երկրագնդի չորս ծագերով՝ հյուսիսից-հարավ, արևելքից-արևմուտք… Այդպես մի քանի պտույտ գործելով մեր այս սրտաչափ երկրի շուրջ՝ վայրէջք կատարեցին Ֆիլիպիների մայրաքաղաք Մանիլայի բարձրահարկ շենքերից մեկի ընդարձակ բակում: Այստեղ խաղում էին մի խումբ աղջիկ-տղաներ: Նրանցից ամենաճարպիկը 5-րդցի Մոլլան եղավ: Նկատելով Մերիի ինքնագրավ փուչիկները՝ անմիջապես ճանկեց ու փախավ հեռու՝ ջանալով ընթերցել գիրը: Սակայն համադասարանցի Արթուրը, որ համառորեն հետապնդում էր, վերջապես հասավ ու բռնեց թևից.
– Մոլլա՛,- ասաց,- տո՛ւր ես կարդամ:
– Ոչ, Արթո՛ւր, ե՛ս…
– Դե լավ, կարդա՛, կարդա՛…
Եվ Մոլլան սկսեց տառ առ տառ ընթերցել… Ես սի-րում եմ քեզ…
Կարդաց ու իր այդ անսպասելի խոստովանությունից շիկնեց: Եվ դա Մոլլայի կյանքում հանդիսացավ առաջին ու դեռևս այնքան անսովոր շիկնանքը…

«Եղիցի լույս»
Թիվ 4 (193) 2019

Տարածել

Պատասխանել