Սոկրատ Խանյան / Կրակ չէ` ինչ է

0

ԶԱՐՄԱՆՔ
Մեր կորուստների, մեր ցավի դիմաց
Աշխարհն իր խոսքի իլիկն է մանում,
Աշխարհասփյուռ իմ հայ ժողովուրդ,
Ասա, այս ցավին ո՜նց ես դիմանում։
Այդ ի՜նչ սիրտ ունես, ի՜նչ համբերություն,
Որ քո ծով ցավը դնելով մի կողմ,
Մարտնչում ես հար, որ չար աշխարհում
Չլինի երբեք արյան պտտահողմ։
Որ ոչ մի մանուկ որբ չմեծանա,
Որ մարդը դառնա եղբայրը մարդու,
Որ Աստված ինքն էլ մի քիչ մարդանա,
Թե չէ` մարդկանց մոտ խոսքը չի անցնում։

ԵՐԱԶ ԻՐԱԿԱՆ
Առաջին անգամ իմ երազի մեջ
Սիսի սրբատան դուռն էի բացում,
Մոմերը ձեռքիս մտել էի ներս,
Ոչ աղոթող կար ու ոչ հիացում…
Սիրտս վեր թռավ, խփեց պատեպատ,
Գաղթի ճամփա էր և իրարանցում…
Բարձս թրջված էր… ես չէ, իմ սիրտն էր,
Ավերակների վրա էր լացում…

ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
Կապուտիկյան եմ կարդում`
Նրա մայրական երգերը,
Տագնապներից մշտարթուն,
Դողում են իմ ձեռքերը։
Նա դեռ ջահել մայրիկ էր,
Մազերն էին ճերմակում,
Արայիկն իր խաղում էր
Ընկերների հետ բակում։
Տարիների հոսքի մեջ
Արայիկը բարձրացավ,
Արվեստի մեծ աշխարհում
Մեծերի մեջ մեծ դարձավ։
Հիմա չկա ո՛չ Սիլվան,
Ո՛չ հանճարեղ իր որդին,
Մոր ու որդու կարոտից
Արտասվում է իմ հոգին…
Արտասվում է ու խորհում
Կյանքի մասին` ինչպես կա,
Տեսնես ո՞վ է սահմանել
Աշխարհի կան ու չկան…

ՆԱ ԵՐԳԵԼՈՎ ԳՆԱՑ
Շառլ Ազնավուրի
անմահ հիշատակին
Նա երգելով ապրեց
Ու երգելով գնաց,
Նրա հոգու երգը
Մեր սրտերում մնաց։
Նա Հյուգոյի լեզվով
Հայոց հերկը հերկեց,
Մեր կորուսյալ երկրի
Տանջող վերքը երգեց։
Նրա ամեն մի բառ
Սասնա արմատն ունի,
Ցավն էլ ունի բարբառ`
Իր իմաստը ունի։
Պապի երազանքը
Մորմոքներով փնջեց,
Ցավ էր` երգի փոխված,
Աշխարհով մեկ հնչեց։
Ծիածանվեց երգը
Նաև նրա գրում,
Եղեռնի մեծ սպին
Սրտի մեջ էր կրում։
Երկրաշարժի բոթը
Նրա սիրտը վառեց,
Վառված սրտի հրով
Հոգին բուրվառեց։
Երգով աշխարհ եկավ
Ու երգելով գնաց,
Սիրտը երգի ջահ էր,
Բեմի վրա մնաց։

ՇԻՐԱԶ ԵՄ ԱՍՈՒՄ
Շիրազ եմ ասում-Մասիսն է հառնում,
Հին Նաիրին է մռնչում ցավից,
Ողջ Հայաստանը Շիրազ է դառնում
Եվ աստղեր փնջում շիրազյան գավից:
Շիրազ եմ ասում-Եփրատն է շաչում,
Տիգրիսն է ելնում դարավոր հունից,
Վիրավոր Անին որդուն է կանչում,
Եվ Վանի ձայնն է հնչում անհունից:
Շիրազ եմ ասում-Սասունն է դողում,
Ճչում է Հայոց դանթեականը,
Շիրազ եմ ասում- մեր հույսն է շողում,
Հույսի թևերին` Բիբլիականը:
Շիրազ եմ ասում-մոր սերն է փայլում,
Կարոտն է ծփում մայրական սրտի,
Որբերին գրկած մայրերն են քայլում,
Աշխարհի բախտը մայրական գրկին:
Շիրազ եմ ասում-Արցախն է ելնում,
Ու ողբի դիմաց պարզում իր թուրը,
Որ օտար երգի փոխարեն խոսի
Հայոց երգերի լեռնային ջուրը:
Շիրազ եմ ասում-Սևանն է ժպտում,
Վանա ջինջ ծովն է կանչում կաթոգին,
Շիրազ եմ ասում-Հայոց դրոշն է
Ծփում Մասիսի փրկված գագաթին…
Այս երազ չէ լոկ, այդ օրը կգա,
Շիրազի հայոտ երգերը վկա:

ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ
ԲԱԿՈՒՄ
Բակում իմ մանկության,
Պատանության բակում,
Անտիրության ձեռքն է
Սրտիս դուռը թակում։

Հին բազրիքին հենված
Մայրս ինձ չի կանչում,
Հորս խրոխտ ձայնը
Այգում էլ չի հնչում։

Դռները չեն խոսում
Ու չեն բացվում թափով,
Ծով կարոտն է հոսում
Պատշգամբի ափով։

Թաղի մանկանց խաղի
Ճիչերը չեմ լսում,
Գարնան հավքերն են լոկ
Իմ կարոտը կիսում։

Բակում իմ մանկության
Աճեցրել եմ վարդեր,
Մեկ է` անտեր բակում
Ինձ զգում եմ անտեր։

ԿՈՉ
Արևսարված իմ արևներ,
Դուրս եկեք նորից,
Իմ Դավիթված նոր Դավիթներ,
Վեր ելեք հորից։
Շապուհված նոր Շապուհներ են
Գալիս կրկին մեր դեմ,
Մսրա նոր-նոր Մելիքներ են
Ոռնում անկուշտ, անդեմ։
Հրոսակները ազերական`
Հին մոլուցքով ցանցառ,
Աչք են տնկել Արցախական
Մեր օջախին պայծառ։
Իմ Ջալալված Ջալալյաններ,
Զարկենք նենգ թշնամուն,
Պապենական օրենքն է մեր`
Պահել օջախ ու տուն։
Մեկի դիմաց տասն է գալիս,
Տասին էլ զարկենք,
Օրենքները մեր պապերի
Պայքարում հարգենք։
Անդրանիկված Անդրանիկներ
Ու նժդեհված քաջեր,
Արյունի դեմ արյուն հեղենք,
Որ թևածենք դարեր։

ԱՐՑԱԽԻ ԱՆՈՒՆԸ
Արցախի անունը հնչելիս
Սարի պես հառնենք ազգովի,
Արցախի լեռներում շրջելիս
Արծվի պես թև առնենք ազգովի։

Արցախը դարերի պատգամն է,
Վառ պահենք Տիգրանի ոգին,
Մեր կալն է, նորակուռ մեր կամն է,
Մեր թուրն է, զինվորի մեր գոտին։

Արցախը Հայոց հին սահմանն է,
Դարպասն է, պողպատե մեր դուռն է,
Հաղթելու մեր կամքն է, պայմանն է,
Հայկյան Առանի հաղթ կուռն է։

Արցախը կանթեղն է մեր ցասման,
Վրեժի հնոցն է մշտաբորբ,
Կարոտն է Մուշի և Սասնա,
Եփրատված Թարթառն է մշտահորդ։

Արցախը մեր մաքրած հաշիվն է,
Մեր Քիրսն է, Մռովն է, մեր Շուշին,
Մեր նախնյաց թևածող պատիվն է,
Պատիվը չեն զիջում ուրիշին։

ԵՍ ՍՈՍԵՆԻՆ ԵՄ
Սխտորաշենի սոսենին եմ ես,
Արմատներս խոր Արցախա հողում,
Դարերն ուսել եմ իմ լեռների պես,
Իմ դաշտերի պես` ծաղկունքով շողուն։
Խաղաղ սրտերին ասել եմ` բարով,
Խեթ աչքով նայել չարամիտներին,
Ասքս հյուսել եմ հայկյան բարբառով,
Ճոխ սեղան բացել բարեկամներին։
Սահմանապահն եմ ես Տիգրան Մեծի,
Մաշտոցյան գրի աշակերտը լուրջ,
Վաչագան Մեծին ես օրհներգեցի
Ու պար բռնեցի օրենքների շուրջ։
Մամիկոնեից Վարդանն իմ թոռն է,
Օրհնել եմ նրան բերդի մեջ Գորոզ,
Իսկ Ապու Մուսեն իմ խիզախ ծոռն է,
Որ ծնկի բերեց Բուղային գոռոզ։
Հին սոսանվեր սոսիների մեջ
Ես հայոց բախտն եմ գուշակել լուսե,
Հայոց բախտը իմ Արցախա բախտն է,
Որ սերմանում է հաղթանակ ու սեր։
Տեսել եմ եղեռն, լացել եմ մոր պես,
Ապրիլ եմ տեսել նաև հենց հիմա,
Ապրիլից հետո տոնում եմ Մայիս,
Հավատով պայծառ ու հոգեհմա։
Սխտորաշենի սոսենին եմ ես,
Արմատներս խոր Արցախա հողում,
Գրկած լեռները իմ արևատես,
Հոգիս Մասիսի վրա է շողում։
Իմ սոսափի մեջ բախտն է իմ հայոց,
Որ բացելու է դարպասները գոց։

ՄԵՐ ԿԱՊՈՒՅՏ
ԼԵՌՆԵՐՈՒՄ
Մեր կապույտ լեռներում
Կապույտ է անձրևը,
Այն մեր երազն է,
Չի փոխում իր ձևը,
Աստծո պատգամով
Իջնում է մայր հողին,
Մեր վերքին է իջնում,
Մեր սրտի դողին…
Աստծո խորհուրդն են
Անձրևի հետքերը,
Պապս այդ ջրով է
Լվացել ձեռքերը,
Աղոթել ու ցանել
Շողերը ճրագի,
Դարձրել ճրագալույցը
Սուրբ պատարագի։
Մեր կապույտ լեռներում
Անձրևը սուրբ հաց է,
Աստծո արցունքն է `
Սիրտը միշտ բաց է,
Մեր կապույտ լեռներում
Կապույտ է անձրևը,
Չի փոխում իր հոգին,
Չի փոխում իր ձևը:
Մեր կապույտ լեռներում
Անձրևը մոր կաթ է,
Չարին կործանող
Պապի հեքիաթ է…

ԿԱՆՉ
Իմ հայրենի անտառներ,
Ձեր սեգ կաղնին ես եմ, ես,
Կայծակնացայտ օրերի մեջ
Ձեր հովանին ես եմ, ես:
Վեր են կացել աջ ու ձախից`
Աչքը տնկած ձեր երթին,
Ոսոխների ոռնոցի դեմ
Ձեր սահմանին ես եմ, ես:

ՄԵՐ ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄԸ
Մեր այս շարժումը Վահագնի երգն է,
Հայկ Նահապետի նետն է եռաթև,
Մեր Տիգրան Մեծի ծովերի ելքն է,
Մաշտոցյան գիրն է` հավերժ լուսաթև։
Մեր այս շարժումը մեր սուրբ հավատն է,
Որ թևեր առավ Վարդանի կյանքով,
Ջալալյանների մեծ հաղթանակն է`
Գանձասար դառած` Աստծո օրհնանքով։
Մեր այս շարժումը Նժդեհի թուրն է,
Մեր Ազգալդյանն է, Բեկորն է, Ավոն,
Ըմբոստ Արցախի փրկարար հուրն է,
Մեր սրտի եռքն է, երթը փառավոր։
Մեր այս շարժումը մեր նոր օրհներգն է`
Սրտերը դեպի բարձունքներ տանող,
Մեր վառող կամքն է, թրատող ձեռքն է`
Նենգ ոսոխներին սահմանից վանող։
Մեր այս շարժումը մեր արև-սիրտն է,
Ապրիլյան մարտն է` Քառօրյա անվամբ,
Մայր Հայաստանի արցախված գիրկն է`
Վավերագրված մեր որդոց արյամբ։

ԱՐԵՎՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Արևն Արցախում ուրիշ գույն ունի,
Ուրիշ տեսք ունի և ուրիշ ընթացք,
Տենչերի փունջ է նա իմաստունի,
Հեքիաթի գորգ է` ուղին լույսընթաց։

Արևն Արցախում Աստծո պարգև է,
Արցախցու սիրտն է Արևն Արցախում,
Արցախցու սիրտը թռիչք ու թև է,
Հրաբորբ պաչ է Արևն Արցախում։

Արևն Արցախում հայրական ջանք է,
Հոր հանդեպ որդու սրբազան երդում,
Արևն Արցախում մոր երազանք է`
Օրորոցի մոտ թևածող երգում։

Արևն Արցախում որդու ճամփա է,
Հարսանիքներում հարսերի օժիտ,
Արևն Արցախում թոռան համբավ է,
Հաղթանակների սրտաբուխ ժպիտ։

Արևն Արցախում դարբնի հնոց է,
Եվ Արևով է թուրը ջրդեղվում,
Թուր Կայծակին է, կրակ ու բոց է,
Չարի արյունն է նրանով հեղվում։

Արևն Արցախում Արևահարս է,
Շողեր է ցանում օջախում իր նոր,
Նա մեկ թխահեր, մեկ ոսկեվարս է,
Հոգում մանկանց ճիչ, շուրթերին` օրոր։

Արևն Արցախում տարին բոլոր է,
Ձմռանը պող է ու գարնանը` եռք,
Ամռանը ոսկի հասկի օրոր է,
Աշնանը` հասուն մրգերի շքերթ։

Արևն Արցախում թեժ մարտակոչ է,
Մայիսի ինն է, հաղթական օրհներգ,
Ով էլ որ լինի, եթե անկոչ է,
Արևը նրան չի ներում երբեք։

«Եղիցի լույս»
Թիվ 4 (193) 2019

Տարածել

Պատասխանել