Դավիթ Միքայելյան / Ստեղծագործել, նշանակում է` լուսավոր պատուհաններ բացել…

0

Լրացավ բանաստեղծ, արձակագիր, ԼՂՀ վաստակավոր լրագրող Դավիթ Միքայելյանի ծննդյան 65-ամյակը: Շնորհավորելով նրան այդ կապակցությամբ, մաղթում ենք քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ, անձնական երջանկություն:
Ստորև մեր ընթերցողներին է ներկայացվում Դ. Միքայելյանի հետ բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանի ունեցած զրույցը:
-Նախ կցանկանայի այդ առթիվ շնորհավորել իմ և Ձեր բոլոր ընթերցողների անունից: Ու, քանի որ նորերս հեղինակած 17-րդ գրքի` «Խորհրդավոր ժամադրություն» երգիծական պատմվածքների ժողովածուի ծնունդը համընկավ Ձեր ծննդյան տարեդարձի հետ, կուզենայի անդրադառնալ առաջին գրքին:
-Շնորհակալություն շնորհավորանքի խոսքերի համար: Հայտնի ճշմարտություն է, մարդը, երբ տարիք է առնում, հետադարձ հայացք է ձգում` փորձելով կշռադատել և խորհել արած-թողածի շուրջ, թե ինչ է տվել այս երկրին, ինչ է թողնում: Սովորաբար՝ նոր գրքի ծնունդը համեմատում են մանկան լույս աշխարհ գալու հետ: Եվ, իրոք, բանաստեղծությունների իմ առաջին ժողովածուն այդպիսի զգացում պարգևեց: Ինձ համար ոգևորիչ և պարտավորեցնող էր ,Հավատի ժամե անդրանիկ գրքիս ծնունդը, որը տպագրվել է Արցախյան շարժման տարիներին, Երևանում:
-Որքան տեղյակ եմ Ձեր գրքերը բազմաժանր են. բանաստեղծություններ, պատմվածքներ, էսսեներ, հրապարակախոսություն, երգիծական և մանկական գործեր: Այս ամենի հետ նաև լրագրությամբ եք զբաղվում, որը բավականին աշխատատար գործ է: Հետաքրքիր է, ինչպե՞ս եք համատեղում այս ամենը:
-Քսան տարեկանից ցայսօր լրագրության ասպարեզում եմ: Պատանեկության տարիներին գրում էի փոքրիկ պատմվածքներ, բանաստեղծություններ, ակնարկներ ու դիմանկարներ, երբ աշխատանքի հրավիրվեցի ,Խորհրդային Ղարաբաղե թերթի խմբագրություն: Այն ժամանակ այնտեղ աշխատում էին այնպիսի վաստակաշատ լրագրողներ ու գրողներ, երևելի անձնավորություններ, ինչպիսիք էին երջանկահիշատակ Գուրգեն Գաբրիելյանը, Հրաչյա Բեգլարյանը, Աբգար Դանիելյանը, Լազր Գասպարյանը, ուրիշներ: Այստեղ էին նաև երիտասարդ բանաստեղծներ Վարդան Հակոբյանն ու Նվարդ Ավագյանը: Ես նույնպես եկա համալրելու նրանց շարքերը: Շատ հուզիչ պահ էր ինձ համար: Ընդամենը 20 տարեկան էի, երբ հայտնվեցի խմբագրությունում և ստեղծագործական ճանապարհին ձեռնարկեցի իմ առաջին փորձերը: Այդ տարիներին հաճախ էի լինում սահմանամերձ, հեռավոր գյուղերում: Ու ես հիմա եմ հասկանում թե ինչ եմ շահել` լինելով այդ բնակավայրերում, հաղորդակից լինելով մեր ժողովրդի հետ, որոնց միջոցով ավելի խորն եմ ճանաչել Արցախը, ոտից գլուխ նրան սիրահարվել, հետագայում այդ ամենը վերածվել է գրական երկերի` իրենց իրական հերոսներով:
-Քառասուներեք տարի է, ինչ լրագրության մեջ եք: Ընդ որում, 20 տարի է, ինչ «Հայաստանի Հանրապետություն» թերթի սեփական թղթակիցն եք Արցախում: Սա բավականին պատասխանատու աշխատանք է ու ենթադրվում է, որ այդ լրատվությունը պետք է լինի ճշմարտացի և օպերատիվ, հասնի իր նպատակին:
-Այո, պատասխանատվությունը մեծ է: Ես փորձում եմ հուսախաբ չանել գործընկերներիս, ինչի շնորհիվ էլ համատեղ այդքան տարիներ աշխատում ենք: Այստեղ շատ կարևոր է` ազնիվ և պատասխանատու լինել քեզ վստահված գործում, արդարացնել խմբագրական կազմի և ընթերցողի սպասելիքները: Երբ սիրածդ գործով ես զբաղվում, երբեք հոգնածություն չես զգում: Այս ամենը քաղցր տառապանքի նման է: Ստեղծագործելու ժամանակ ոգևորության պահերը, որպես ավիշ սնում են քեզ, օգնում որպեսզի միահյուսես, ագուցես իրար երևակայությունդ, տպավորություններդ, խոհերդ ավարտին հասցնես, հաղորդակցվես աշխարհին և կարողանաս լուսավոր պատուհաններ բացել…
-Դուք գրեթե 10 տարի եղել եք կառավարության մամլո ծառայության պետը: Այժմ գլխավորում եք Ստեփանակերտի քաղաքապետարանի մամլո ծառայությունը: Համակարգման և աշխատանքների ծավալի առումով, կարծես թե տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Հետաքրքիր է, այնուամենայնիվ, հիմա ավելի շատ ինչի՞ վրա է ուշադրություն դարձվում:
-Այն ժամանակ ես պատասխանատու էի կառավարության գործունեությունը մամուլի միջոցով հանրությանը ներկայացնելու համար, իսկ հիմա, ձևաչափն մի փոքր այլ է: Գրեթե նույն պատասխանատվությամբ կատարում եմ իմ պարտականությունները, որպես Արցախի այցեքարտ, փորձելով պատշաճ մակարդակով ներկայացնել մայրաքաղաք Ստեփանակերտը` իր յուրահատուկ ներկապնակով:
-Ի՞նչ հետք է թողել ղարաբաղյան շարժումը (արցախյան ազատամարտը) Ձեր ստեղծագործության վրա:
-Չեմ կարծում, որ որևէ մտավորական կարող է անտարբեր գտնվել համազգային նման խնդրի նկատմամբ: Իմ ապրումներն ու մտորումները, հուսախաբություններն ու ոգևորության հասնող լարվածությունը, գեղարվեստական խոսքի ուժ են ստացել, զետեղվել իմ արձակ և չափածո ստեղծագործություններում, որոնց մասին, ընթերցողը կարող է միայն անաչառ գնահատական տալ: Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված իմ երկու տասնյակից ավելի բանաստեղծություններ («Ցավից ու սիրուց ծնված տողեր». այսպես է կոչվում շարքը) երգերի են վերածվել հայ երգահանների կողմից: Իսկ բոլորովին վերջերս գրված «Ձեզ այցի կգամ լուսաբացին» բանաստեղծությունը, որ նվիրել եմ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին, սկսել են երգել ՊԲ զորամասերում և դպրոցներում` խնկարկելով նրա պայծառ հիշատակը…
-Կապրեի՞ք ուրիշ տեղ:
-Միանշանակ`ոչ: Մանկությունից ի վեր ինձ կանչում է Այգեստանում գտնվող իմ հայրական օջախը: Տարեց պապենական թթենին վերստին ինձ օգնում է նորոգելու մանկության և պատանեկության տարիների հետ կապված իմ հիշողությունները, զրուցելու նորատունկ այգուս ծառերի ու վարդերի հետ, նրանցից (նաև հողից) առնելու ավանդապաշտ ծնողներիս կարոտը, որոնց իմաստուն խորհուրդներին ունկնդիր շարունակում եմ քայլել նրանց ոտնահետքերով, զորացնել իմ հավատը` առ Հայրենիք: Այստեղ` Արցախի սրբացած հողում են գտնվում իմ տունուտեղը, որից թանկ բան չկա: Ու երկրի սահմաններն անառիկ պահող զինվորի ճակատը համբուրելով` ամեն առավոտ աղոթում եմ, որ նա անփորձանք իրականացնի իր զինվորական ծառայությունը և հարազատ օջախի գիրկը վերադառնա…

ԱՅՑԻ ԿԳԱՄ ԼՈՒՍԱԲԱՑԻՆ
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի
պայծառ հիշատակին

Ինձ մի որոնեք ոչ թաց հողի տակ
Եվ ոչ էլ մամռոտ խրամատներում,
Արևն է եղել ճամփիս կանթեղը,
Արևոտվել եմ նրա համբույրով։

Ձուլվել եմ հավերժ նրա շողերին,
Ու ոգի առել, թևածել հեռու…
Երկնում մերվել եմ թռչող երամին
Ու որպես կռունկ մնացել հեռվում…

Ծաղիկների մեջ դուք ինձ փնտրեցեք,
Որ լույս են ըմպում արծաթ աստղերից,
Հավերժության երգ սիրով երգեցեք
Շաղոտ կակաչի, մեխակի մասին…

Հարազատներս, դե, մի արտասվեք,
Սպասեք դուք հաստատ գալիք իմ դարձին,
Խավարում երբեք ինձ մի որոնեք
Ձեզ այցի կգամ ես լուսաբացին…

ԱՐԵՎԱԾԱՂԻԿ, ՈՐ ՎԱՃԱՌՔԻ
ԵՆԹԱԿԱ ՉԷ

Ամեն օր
Տունդարձի ճանապարհն իմ
Ձգվում է փոքրիկ զբոսայգու միջով,
Ու քայլերս սովորաբար դանդաղում են՝
Հատելով
Արևածաղիկ վաճառող սևազգեստ կնոջ
,նստավայրըե,
Ուր անցորդների հայացքներից
Հաճախ վրիպում են
Այդ գայթակղիչ, խոշոր ու սևաչ հատիկները,
Երբեմն կուտ դառնալով երես առած
ճնճղուկներին
(Ասում են՝
Մինուճար որդին զոհվել է պատերազմում)։
– Գործ չի գնում բոլորովին,-
Սրտնեղում է տարեց կինը,-
Մարդիկ հացի փող չունեն,
Ուր մնաց, թե արևածաղիկ գնեն…
Ամռանը գուցե վիճակը մի քիչ փոխվի,
Երբ հեռուներից հովեկները տուն դառնան,
Ու մեկ-մեկ նաև մեզ հիշեն,- ասում է նա։
Հարևան նստարանին բազմած մի խումբ
մեծահասակներ,
Ընդարձակելով իրենց շրջապատը,
Տաք վեճ են բացել ղարաբաղյան
հիմնախնդրի շուրջ
Եվ փորձում են գուշակել Արցախի
ճակատագիրը…
Քիչ այն կողմ, «աչքից հեռու»,
Սիրահար զույգերն իրար փարված,
Վայելում են ծաղկած լորենու բուրմունքն ու
երազում…
Ապա երիտասարդ տղան
Ինչ-որ բան է փսփսում աղջկա ականջին
Եվ լուռ հեռանում։
Արևածաղիկ վաճառող կնոջ հայացքն
Արագ որսում է պահն այդ սենտիմենտալ
Ու ջահելությունն իր հիշում…
– Սա փեշակ չէ, որ բանեցնում եմ
Եվ օրը ցերեկով՝ իբրև հաց վաստակում,-
Ինքն իր բախտից խռով, դառնանում է կինը՝
Հագուրդ տալով արցունքներին
(Որդեկորույս մոր սիրտն ո՞վ կհասկանա)։
Ու դեռ խոսքը չհալած,
Երիտասարդի ձայնը սթափեցնում է նրան.
-Երկու բաժակ արևածաղիկ տուր, մայրիկ,-
Խնդրում է նա,-
Այնպե՜ս անուշ ես բովում,-
Որ այդ սատանայից ձեռք քաշել չի լինում,-

Հավատացնում է տղան,
Աշխարհի ամենահամով արևածաղիկը
Դու ես վաճառում, գիտե՞ս…
– Ճի՞շտ ես ասում,-
Միամիտ երեխայի պես պայծառանում է
տարեց կինը
Եվ շփոթված համբուրում տղայի ճակատը։
– Դու ինձ կարգին երջանկացրիր, որդիս,
Ինչ լավ է, որ եկար…
Քոնն է արևածաղիկն այս բոված,
Տար ու վայելիր։
Այլևս այն վաճառքի ենթակա չէ
Ու ես կարող եմ անհոգ տուն գնալ…

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
Թոռնիկիս` Դավիթին

Երբ ծնվեցիր,
Մահացել էր հայրս և բռնել հավերժության
ճամփան,
Իսկ հուշերիս արտասուքները դեռ չէին
չորացել…
Օ՜, ծանր է ձերբազատվել ճնշող
նախապաշարումներից:
Մի անմեկնելի դող կա իմ մեջ,
Ու անբացատրելի հուզմունք է խուժել սիրտս
(Այս ի՜նչ զգացում է
Որ ինձ հանգիստ չի տալիս),
Աստվա՜ծ ընծա ուղարկեց քեզ,
Մանչ իմ, թե՞ հորս օրհնանքը հասավ մեզ`
Իր սևաչ ծոռան պատկերով,
Որ ես նորաթուխ պապիկ կոչվեմ
Եվ սանձահարեմ
Անզուսպ պոռթկումներս ջահելությունից
չհաղթահարված…
Դու ծնվեցիր,
Ու քեզ գտնելով իմ մեջ
Ես մի տարով էլ հասունացա:
Իսկ երբ գիրկս առա քեզ
Եվ կրծքիս սեղմեցի բարուրդ օրհնյալ,
Աչքերում քո երազկոտ ես հորս գտա
Ու նաև` պապիդ պապին…

ՉԴԻՄԱՑԱՎ

Այգու նախշն էր
Հորս պաշտած շահ թթենին
(Թագավորն էր ծառերի մեջի՜նչ թթենի):
Թեև հարյուրն արդեն անցել,
Բայց պապիս պես
Մնացել էր պինդ ու կանգուն,
Նրա նման շիտակ ուսուրբ…
Կոճղին
Հորս տաք հայացքն էր դեռ ընթերցվում
Երբ հասակով շանթահարվեց ծառը մի օր,
Եվ կացինը
Ծանր իջավ նրա կանա՜չ բաց թևերին…
Ծառը ցավից այնպես տնքաց,
Որ հայրիկն… չդիմացավ:

ԶՂՋՈՒՄ

Մեղուն
Նեկտարն իր ըմպելու պահին
Միամտորեն խայթել էր ծաղկին
Ու լացացրել…
Իսկ հետո երկար.
Նա երկար զղջաց արածի համար,
Ամոթից փակվեց մեղվափեթակում…
Եվ արտասվելիս
Նրա աչքերի արծաթ-արցունքը
Ուլունքվեց կաթ-կաթ
Ու փոխվեց… մեղրի:

Եղիցի լույս 06(174) – 2016

Տարածել

Պատասխանել