Ալիսա Բաղդասարյան / Կապույտը շոյում է մտքիս թևերը

0

Ես օդում զգում եմ
Քո ներկայությունը…
Քամին քո և իմ շփոթմունքը
Դարձնելով իրենը՝
թափառում է փողոցներով…
Դեմքս այրվում է քո ջերմությունից…
Եվ ջերմանում են
Իմ անցած բոլոր
ճանապարհները…

***
Զգացմունքների տարափից՝
Հոգեցունց պահս
ուզում է հպվել շուրթերիդ,
Զգալ շնչառությունդ,
Իսկ ասվող բառերը
շարունակում են
Չասել ամենակարևորը…
Չխոստովանելուց՝
Արժեզրկվում են
այն բոլոր բառերը,
Որոնք չասացի քեզ:

***
Քեզ մոռանալու փորձերս
Ինձ բերում հասցնում են
ուղիղ քո գիրկը…
Թռչունն այնքան մոտ է երկնքին,
Որ կապույտը շոյում է նրա թևերը…
Երևակայությանս մեջ՝
Երկնքի բոլոր աստղերը
մեր գրկում են…

***
Քո լռության մեջ
Այնքան խոսքեր կան…
Եվ այնքան լռություն կա
Քո խոսքերի մեջ…
Քո հայացքի մեջ
սեր, խոնարհում կա,
Իսկ պահվածքդ՝
Քո զգացածի հակասումն է…
Կրակներն անշունչ ընկնում են
աչքերիս մեջ…
Եվ ես սպառվում եմ՝
Առանց քեզ…

***
Քնելուց առաջ,
Արթնանալուց հետո…
Եվ միշտ … ընդմիշտ…
Միտքս քեզ հետ
Գրում է ռոմանտիկ սյուժեներ.
Մենք կրակե շապիկ հագած՝
Հայտնաբերում ենք
Կատարելության պարագծերը…

***
Կարոտը
Հանկարծ մտնում է հոգիս…
Եվ շունչս կտրվում՝
Ցավատանջ հեռավորությունից…
Օդում
Թախիծն է թպրտում
անհանգիստ…
Քեզ տեսնելու թրթիռն
Ինձ առնում է իր ափի մեջ
Եվ տանում…
Ապրումներիս սարսափի դեմ
Միակ դեղահաբը դու ես…

***
Քեզ հանդիպած ճանապարհին
Հանդիպեցի սրտատրոփ կարոտին,
Տեսա վնասակար հեռավորությանը,
Սեղմեցի վտանգավոր
մտերմության ձեռքը…
Եվ ինքս ինձանից արտագաղթեցի՝
Հրաժեշտ տալով քեզ…

***
Գժվում է սպասումը.
Օդի մեջ թևածում են
Իմ ու քո կարոտախիտ ապրումները…
«Խեղդվում եմ». բառիդ մեջ,
Խեղդվում է ամբողջ երկրագունդը…
Առանց քեզ
ամեն ինչ գունազրկվում է,
Զգում եմ տարածության մեջ
շնչասպառ երամների անկումը…
Որոնք գժվեցնող կարոտից
Ընկնում են
սառցակալ քարերի գիրկը.
Ամեն ինչ անհուսալի ցավոտ է՝
Առանց քեզ…

***
Նորից ուզում եմ
արևը քո դեմքն ունենա,
Բայց իմ հոգին
անձրև է նկարում
Եվ թրջվում է
Մտքերիս ամբողջ մարմինը…
Ինձ խեղդող օդի
անհանգստության մեջ
Քո պատկերը
արև չի նկարում…
Միտքս դողում է քո կարոտից…

«Եղիցի լույս»
Թիվ 02 (196) 2020թ.

Տարածել

Պատասխանել