Ամալյա Գրիգորյան / Ժամանակի նկարագիրն ու պատկերը Վ.Հակոբյանի «Օրորոցագողի վերջին այցը» հուշագրական արձակ պոեմում

0

Ամենևին պատահական չէ, որ Վարդան Հակոբյանն ընթերցողի սեղանին դրել է մի երկ, որի ստեղծման շարժառիթը մերօրյա մարդու` առավել քան երբևէ, վտանգված ներկան է ու աղոտ վաղը: Աշխարհը պատուհասած համաճարակն, ասես, կազմաքանդման է տանում ժամանակակից քաղաքակրթության մոդելը, նորովի գնահատել տալիս կյանքը, ունեցածն ու անցած ուղին: Եվ ակամայից հիշում ես Բելինսկու խոսքը. «Մենք դիմում և հարցաքննում ենք անցյալը, որպեսզի նա բացատրի մեր ներկան և ակնարկի մեր ապագայի մասին»: Հիրավի, ստեղծված ծայրահեղ սահմանային իրավիճակը, հոգեբանական առումով մղում է երեւույթների վերարժևորման, կենսափորձից բխած փիլիսոփայական հետաքրքիր ընդհանրացումների, և գրողի հենման կետը դառնում է մանկության վերհուշը: Առհասարակ, ժամանակակից մարդն օտարվել է ինքն իրենից, ոչինչ առաջվանը չէ, Հակոբյանը նկատում է. «Մեկը կորել է բոլորի մեջ: Բոլորը քեզ հասկանում են, բայց ոչ ոք, ոչ մեկը ոչինչ չի հասկանում»: Գրողը, ներկայում սփոփանք ու ներշնչանք չգտնելով, խորշելով մռայլ ու տագնապոտ իրականությունից, ինչպես նաև էքզիստենցիալ տրամադրությունները թոթափելու միտումով, իրեն նետում է հիշողության երանելի գիրկը, որն ապրեցնող զգացողություններ է պարգևում, որտեղ նա իրեն ամբողջական է զգում, հասկացված ու ներդաշն` թե ինքն իր, թե աշխարհի հետ:
Ստեղծագործական մտասևեռումներում Վ. Հակոբյանը հաճախ է վերադառնում սեփական ակունքներին, և դա ոչ միայն սոսկ կարոտի ու հայրենաբաղձության դրսևորում է, այլև ինքն իրեն վերագտնելու արտահայտություն, ճանապարհը ճիշտ ըմբռնելու ձգտում: Հայրենի եզերքը գրողի համար տիեզերքի առանցքն է, ներշնչման աղբյուրը, այն իր հիմնարար տեղն ունի հակոբյանական գեղագիտության մեջ: Եվ, անընդհատ քննելով բնաշխարհը, գրողը նորովի է բացահայտում նրա առեղծվածայնությունը, ոգեղենությունն ու զուլալությունը: Մի եզերք, որ մեզ ներկայանում է արարչաստեղծ նախնականությամբ, Հակոբյանի միտումը, թերևս, այդ ամենին մոտ լինելու տենչանքն է, թեկուզև՝ հոգեպես:
Բավական ուշագրավ երկ է Վարդան Հակոբյանի «Օրորոցագողի վերջին այցը»: Այն իր բնույթով ինքնակենսագրական-հուշագրական է և, ըստ էության, ժամանակի առանձնահատկությունները բացահայտող ստեղծագործություն: Հեղինակը անմիջական մասնակիցն է իրադարձությունների: Քնարա-էպիկական այս տիրույթում խտացված ենք տեսնում մանկության, պատանեկության տարիների հուշիկները: Ավելին, նա հյուսում է երկիր-ծննդավայրի առասպելը՝ կենդանության նոր շունչ հաղորդելով երբեմնի աշխույժ ու ծաղկուն բնակավայրին: Հետաքրքիր դրվագներով գրողը պատկերում է մի իրականություն, որտեղ անցել են իր կյանքի ամենանվիրական պահերը, որտեղ նա առաջին անգամ «հանդիպել» է հայոց մեծերին՝ Թումանյանին, Տերյանին, Շիրազին, Սահյանին, Մաթեւոսյանին, Բեգլարյանին: Առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ Թումանյանի հետ հանդիպմանը նվիրված տողերը՝ Մըհըսուրոտեն թումբում: Հեղինակը իրականն ու երեւակայականը միաձուլում է գեղարվեստական համոզիչ հնարանքների միջոցով, որը չի խանգարում իրական դեպքերի հավաստիությանը: Հայտնի ճշմարտություն է, որ գեղագետի կազմավորման, աշխարհընկալման, հոգեկերտվածքի ու արժեհամակարգի ձևավորման վրա անվիճելիորեն մեծ ներգործություն է ունենում այն միջավայրը, որտեղ նա ծնվել ու մեծացել է, կարեւոր դերակատարություն են ստանձնում կենսագրական ու իրադարձային այն գործոնները, որոնք նրա կայացման գործում ունեցել են էական ու վճռորոշ նշանակություն:
Գեղարվեստա-հուշագրական այս գործն, ըստ ամենայնի, հետաքրքրական է ոչ միայն իբրև ինքնատիպ մտահղացում, այլև՝ որպես ժանրային ձևույթ: Հեղինակն այն կոչել է արձակ պոեմ՝ նկատի ունենալով ստեղծագործության բովանդակային եւ գաղափարական կառույցի առանձնահատկությունները, նրա ներքին քնարականությունը: Եվ ասելիքը, բնականաբար, հեղինակին հուշում է նոր մտածողություն ու ոճ. «Ծաղիկն ավելի շատ ծաղիկ է, թե ծաղիկն ավելի շատ ծաղիկ չէ», կամ, ասենք՝ «Քարն ավելի շատ քար է, թե քարն ավելի շատ քար չէ» …Հողի, մարդու, ծաղկի, թռչնի, մի խոսքով՝ մարդու եւ բնության ներդաշնակության գաղափարը հեղինակը ներկայացնում է «ներքին աչքի» համադրական դիտարկումներով, եւ այդ հարցադրումները կրկնվում են մի քանի անգամ՝ ապահովելով մտքի ու գաղափարի համանվագայնությունը:
Այս կենսապատումը, կարելի է ասել, մի յուրօրինակ ճամփորդություն է դեպի արմատները, ուր ամեն ինչ անփոփոխ է, կուսական ու ապրեցնող, ինչն էլ ոգեշնչման, նորովի ինքնաճանաչման ու ինքնապեղման է տանում, ինքն իր ինքնամարտին ձեռնոց նետած հեղինակին: Գործը արժեւորվում է նաև նրանով, որ նրանում ներկայացվում է մի ամբողջ դարաշրջան, գրողը լույս է սփռում պատմական ժամանակների, տիրող բարքերի, սոցիալ-քաղաքական իրավիճակների, մարդկանց մտածելակերպի, նիստուկացի վրա: Մի քանի բառով հեղինակը քանդակում է գյուղաշխարհի մարդկանց ամբողջական կերպարներ: Պատումի գործողությունները՝ ժամանակատարածքային ընկալումների ու ընդգրկումների առումով, կատարվում են անցյալի ու ներկայի զուգորդմամբ:
Գրականագետ Սերգեյ Սարինյանը, քննելով Հակոբյանի գեղագիտական համակարգը, գրել է. «Իր հայտնությամբ Վարդան Հակոբյանն ընդլայնեց մեր քնարերգության աշխարհայացքը թե՛ իբրև ձևույթ, և թե՛ որպես հոգեզգացական խոհագրություն հայրենի եզերքի երազունակ հայեցողականությամբ տոգորված տարաշխարհիկության կարոտաբաղձությունը համահունչ դարձնելով գոյի և անգոյի համամարդկայինի հղումներին»:
Արձակ պոեմում հեղինակը վերակերտում է հայրենի բնօրրանը հոգու նրբերանգներով: Ընթերցողին լսելի է դառնում անգամ նկարագրվող քարի շնչառությունը: Եվ պատահական չէ, որ երկի հերոսները` Շահինն ու Ավիկն, իրենց մանկական օրորոցների աչքահուլունքները տանում, կախում են թռչնաբնի գլխավերեւում: Հայրենի եզերքը Վարդան Հակոբյանի արյան հիշողության մեջ է՝ որպես մշտակա ներկայություն, որին անվերապահորեն ապավինում է գրողը` փորձելով փրկել այն կորստյան ու մոռացումի սպառնալիքից:
Նկատենք՝ գյուղաշխարհի մարդկանց ճակատագրի ու գործունեության համապատկերի վրա ստեղծագործության մեջ մեծապես ընդգծվում է արցախցու բարոյահոգեբանական նկարագիրը, որը եւ, բնականաբար, առնչվում է ազգային ու համամարդկային հոգևոր արժեքներին: Այս պատումի մեջ Հակոբյանը նոր դիտանկյունից է մոտենում Հարարի պատմությանը, խորը կսկիծով ու ցավով խոսում արցախյան ազատագրական պատերազմում մեր ժողովրդի կրած կորուստների մասին, միաժամանակ, իհարկե, առաջին պլան է մղում այն հաղթանակները, որոնց շնորհիվ երկիրը կանգուն է ու անպարտելի:
Կերպավորելով հայրենի եզերքը՝ հեղինակը ստեղծում է բնության իր գեղագիտությունը: Նրա բնապաշտությունը վեր է սովորական պանթեիզմից: Պատահական չէ, որ երկի բոլոր հերոսները միաձուլված են հանդ ու սարին: Անքակտելի հարազատություն կա նրանց եւ ամեն մի քարի, թփի, խոտի, լեռան միջեւ: Ընդհանրապես, դա աշխարհի հետ հարաբերվելու հակոբյանական բնորոշ կերպ է. «Եթե ես գնում եմ քարի մոտ, ես չեմ գնում քարի մոտ, քարն է գալիս ինձ մոտ: Սա միայն իմ ու քարի հարաբերությունը չէ, այլ իմ ու աշխարհի»: Մտերմիկ զրույց-խոհ մարդու և քարի, որը հավերժական հիշողության մեջ պահում-պահպանում է իր ծնած ու սնած զավակների կյանքի պատմությունները, ամենաանվերադարձ ակնթարթները:
Ուշագրավ է բնաշխարհի տեղանունների վավերագրումը՝ Արփագետուկա սարը, Մասրա քարը, Ապրեսին քարը, Ափուն քարը, Իվանատափը, Ջաղացի ձորը, Մեծ ձորը, Դերին աղբյուրը, Մհըսրոտեն թումբը, Մաննեն խութը, Հուռումսիմին խութը… Դրանք լուռ վկաներ են, որոնց հայացքներում ամեն ինչ պահպանվում է անխաթար և նրանց հետ են կապված հեղինակի ամենաթանկ հուշերը: Ահա թե ինչու, հեղինակը գրում է, որ, ինչպես ամեն մարդ, այնպես էլ ամեն քար այստեղ իր անունն ունի: Նա դիմում է երևույթներն ու տեղանքները անձնավորելու գեղարվեստական հնարանքին՝ նրանց հետ երկխոսության մտնելու միջոցով: Հատկապես Մասրա քարը դառնում է հեղինակի ուղեկիցը, խոհակիցն ու ապրումակիցը: Ահավասիկ. «Հիմա, երբ մայրս չկա, Մասրա քարն իր ջերմությամբ ինձ անվերջ քաշում է իր մոտ՝ ուր էլ լինեմ: Ավելի անկեղծ լինելու համար, որքան էլ ծիծաղելի թվա, չեմ կարող չասել, որ ծննդավայրից հեռու, տարբեր քաղաքներում ու իրավիճակներում, երբ հոգնում եմ ամեն ինչից, մտքիս մեջ գլուխս դնում եմ Մասրա քարին, ու գգգսկսվում է հեքիաթը»:
Քարի խորհրդանշական պատկերի մեջ հեղինակը տեսնում է հավերժության մնայուն ու անփոփոխ արժեքների շարունակականությունը: Պատումի մեջ տեղի ունեցող դեպքերն ու հանդես եկող դեմքերը իրական են: Դրանք մեզ հայտնի ու անհայտ մարդիկ են, որոնք այս կամ այն չափով իրենց մասնակցությունն են ունեցել ժամանակի կենսագրության կերտմանը: Գրողն անկեղծ, անկաշկանդ ու անբռնազբոս ոճով է վերարտադրում եղելություններն ու զգացողությունները, ստեղծում էկզոտիկ պատկերներ ու դրվագներ, որոնք այնքան համոզիչ ու բնական են, որ առաջին իսկ պահից իրենց անմիջականությամբ վարակում են ընթերցողի հոգին:
«Օրորոցագողի վերջին այցը» գործը գեղարվեստականի ու վավերագրականի մի բացառիկ համադրություն է: Սակայն, չնայած խիստ անձնական շեշտադրումներին՝ գրողը հանգում է նշանակալի ընդհանրացումների ու համամարդկայինը վերծանելու մղումների. «Ինչո՞ւ է մարդը սպանվում ամենուր, նույնիսկ այնտեղ, որտեղ չի սպանվում»:
Դրվագային պատումներով իրար են հաջորդում հեղինակի մանկությունը, դպրոցական տարիները, ապա՝ պատանեկությունը, առաջին սիրո թրթիռը, առաջին բանաստեղծական մտորումները, ծննդավայրից հեռանալը:
Պատումը բաղկացած է երկու տրամաբանորեն իրար հետ շաղկապված մասերից և վերջաբանից` «Վերջակետ դնելուց առաջ»: Առաջինում՝ «Թրթունջուկի բուրմունքը», կյանքի վաղ շրջանն է պատկերված, իսկ երկրորդում՝ «Ես՝ ինձանից դուրս, կամ՝ ոչնչի արքան» ներկայացված է պատանեկան տարիների իրականությունը՝ Հին Թաղեր-Բաքու, նորից Հին Թաղեր ու կրկին՝ Բաքու խաչուղիների վրա. դպրոց, ուսանողական տարիներ, նամակագրություն ու ծանոթություն Շիրազի հետ, այնուհետեւ աշխատանքի անցնելը՝ Ստեփանակերտի «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրությունում:
Երկի քնարական հերոսը՝ Ավիկը, աչքի է ընկնում իր անսահման պարզությամբ ու բարությամբ, սրամտությամբ, չարաճճիությամբ, նրբանկատությամբ ու խիզախությամբ, հանգամանք, որն ավելի դինամիկ է դարձնում իրադարձությունների ծավալումն ու գեղարվեստական նյութին հաղորդում հետաքրքրություն: Այս գրվածքում եւս հեղինակը «գործողության մեջ» է պահում իր մտածողությանը հատուկ մեղմ հումորը, որը եւ նպաստում է մտքի ու զգացումի տրամաբանական խորության դյուրընկալմանը: Այսպես՝ Ավիկը հարցնում է Սաթենիկ այային, թե` ե՞ս էլ եմ մեռնելու, եւ պատասխանը լսելուց հետո այնպիսի մի լաց է սկսում, որ, «եթե երբեւէ մեռնի եւ հանկարծ ոչ մի սգացող չլինի, դա իրեն լի ու լի կհերիքի»:
Առանձնապես խորին պատկառանքով է հեղինակը խոսում բազմաշնորհ Խաչի պապի ու Սաթենիկ այայի մասին, որոնք մարմնավորում են հայի տոհմիկ ազնվականությունը, խիզախությունն ու իմաստնությունը: Նրանց գումարվում են ուսուցիչ հոր խստակյացությունն ու բարոյապաշտությունը, մոր պատմած հեքիաթները, որոնք եւ կերտեցին գրողին ու նրա աշխարհայացքը: Սերը բնության, կենդանիների, առհասարակ՝ աշխարհի հանդեպ հենց այդպես է ձևավորվել: Հիշենք ձիերի, թռչունների, ուլիկի հետ նրա անսովոր մտերմությունը: Դեռ փոքրուց Վ. Հակոբյանը ներհայելու ու աշխարհատեսության յուրահատուկ հակում ուներ: «Ամեն հավք մեր հանդերում,- գրում է հեղինակը,-աչքիս Հազարան բլբուլ է»: Ավելին՝ բնազանցականին զուգահեռ, նա խորամուխ է եղել բնության երևույթների օրինաչափությունների դիտարկմանն ու ընկալմանը: «Նկատել ենք,- գրում է հեղինակը,- որ ամեն գարնան թռչունները նոր բույն են հյուսում, հներին ոչ միայն ձեռք չեն տալիս, այլ կողքով էլ չեն անցնում…Ոչ մի հավք հին բնից մի շյուղ կամ մի ծեղ չի վերցնում, ամբողջ «շինանյութը» հայթայթում է անձամբ՝ կտուցի վրա համտեսելով ծղոտի կամ չոր խոտի բույրը, որակը, տեսակը, քնքշությունը, ջերմացման հնարավորությունը, կայունությունը՝ ժամանակի մեջ, երևի էլի շատ բան, որ մենք չգիտենք: Հավքն ուրիշի բնի երբեք չի մոտենում, իսկ եթե մարդու մատ անգամ դիպչի իր բնին, առավել ևս՝ ձվերին, ինքն իր և՛ բնից, և՛ ձվերից խռովում է, դա զգում է հոտից: Մտածում ես՝ երևի շատ կարևոր մի հաղորդակցություն աստղերի հետ մարդիկ կորցրել են, իսկ թռչունները, փառք Աստծո, պահում են»:
«Օրորոցագողի վերջին այցը» գործի մեջ հեղինակը առանձնահատուկ սիրով է խոսում մանկության ընկերների, հատկապես՝ Շահինի մասին:
Առանձին հետաքրքրությամբ է ընթերցվում Վաղինի և Ամինի սիրո միստիկ պատմության դրվագը, որի շուրջ էլ ծավալվում են ողբերգական գործողությունները՝ կապված Հարարում թուրքերի կատարած վայրագությունների հետ:
Երկրորդ գլուխը սկսվում է խոհափիլիսոփայական մտորումներով՝ կյանքի, աշխարհի, բնության, մարդու ճակատագրի վերաբերյալ: Հաճախ հեղինակը խորհրդապաշտական բացատրություններով է մեկնում իրերի ու երևույթների առեղծվածները: «Ես շատ եմ փորձել գտնել իմ ու քարի կենսաբանական կապը, հասել մինչև կանաչ երկինք, մինչև Ցուլի համաստեղությանը և արդեն ինձ համար շատ բան բացատրելի է»,- գրում է հեղինակը: Կերպարների հասունացումը հենց այս հատույթում է տեղի ունենում: Այստեղ նա արդեն Բաքվում սովորող ուսանող է, ակտիվ ստեղծագործող: Դրանից ընդամենը կես տարի առաջ էր Շիրազը կնքել նրան Վարդան գրական անվամբ, այստեղ նա առաջին անգամ հանդիպեց Պարույր Սևակին ու Սերգեյ Սարինյանին: Թեև Բաքվում էր սովորում, բայց մշտապես «ուշքն ու միտքը Երևանում էր»: Հետո պիտի ինքն իր այդ «ընտրության» համար զղջար:
Պետք է ասել, որ ստեղծագործության մեջ նկատելի են դրամատիկ շեշտադրումները: Դա կենսաբանական վերհուշի անդարձ կարոտն է, որ թախծի ու տխրության միստիկական երանգ է հաղորդում նրա խոհերին:
Նկատենք՝ եզրափակիչ տողերում տեսանելի են հեղինակի հիասթափության ու ինքնադժգոհության դրսևորումները: Այդ երևույթն, առհասարակ, հատուկ է մեծերի, ասենք՝ Նիցշեի, Շոպենհաուերի մտածողությանը, փիլիսոփաներ, ովքեր աշխարհը փորձում են տեսնել ավելի իրատեսորեն`առանց գունազարդումների: Անշուշտ, հեղինակի տեսահորիզոնն ընդգրկուն է, եւ հավատում ես, որ վերջիններիս Մըհըրսուրոտում լինելը նույնպես հավանական է, որը և նոր իմաստ է հաղորդում գոյության սուբստանցին: Հակոբյանի խոստովանության մեջ աշխարհը եւ Մըհըսուրոտեն թումբը համադրվում են ուրույն գույներով ու մոտեցումներով, եւ հեղինակը Մասրա քարին հաշվետվություն տալու պես է խոսում՝ ապավինելով նրա տիեզերական նախնականությանը. «Ես չափազանց դժգոհ եմ ինձանից ու իմ ապրածից: Կարծես թե ամեն ինչ իմ ուզածի պես է ընթանում ու գեղեցիկ, բայց իմ կյանքն ու նկարագիրն ինձ համար անընդունելի են: Ամեն ինչ լավ է, սակայն լավ ոչինչ չկա…»:
Պատումը հարուստ է պատկերավորման և լեզվաոճական արտահայտչամիջոցներով: Ամենուր հակոբյանական պարադոքսի փիլիսոփայությունն է տիրապետողը՝ «Մանկությունը տարիք չի ունենում, թեպետ յուրաքանչյուր տարիք ունենում է իր մանկությունը», «Ամեն ինչ լավ է, սակայն լավ ոչինչ չկա»…
Փիլիսոփայական հետաքրքիր դիտարկումներով է խոսքը համեմվում երկի գրեթե բոլոր էջերում: «Մանկությունը սկսվում է ոչ թե ծնվելուց,-գրում է Հակոբյանը,- այլ այն պահից, երբ հայրդ ու մայրդ առաջին անգամ ժպտում են իրար», կամ՝ «Ճակատագրի քմահաճույքն անկանխատեսելի է, այն ամենատարբեր տարիքում էլ մարդկանց ստիպում է կյանքի միանգամայն նոր այբուբեն սովորել», «քայլելը կարևորվում է ոտքի տակի հողով», «ճշմարտությունը, ցավոք, շատ հաճախ կույր է լինում և պետք է ձեռքը բռնած տանել» և այլն:
Հեղինակն իր նուրբ ու դիպուկ ներհայեցողությամբ ու աշխարհատեսությամբ, կորստյան ցավով, կարոտի անհուն զգացումով, կենսափորձից ծնված իմաստասիրական ընդհանրացումներով, նրբանուրբ քնարականությամբ ու արցախյան բառուբանով գեղարվեստորեն վերարտադրել է իր կյանքի, մանկական-պատանեկան նախասիրությունների, սերերի, բանաստեղծական ներշնչումների, ապրած ժամանակի, հայրենի եզերքի պատմությունը: Կգրվի՞, արդյոք, նաև երկրորդ գիրքը. դա թողնենք հեղինակին: Ուղղակի ասենք, որ արծարծված նյութը շարունակություն է ուզում:
Ահավասիկ, ստեղծվել է մի գիրք, որը շատ բան ունի տալու ընթերցողի մտքին ու հոգուն և, որ կարևոր է, կրճատում է այն տարածքները, որ կան մարդու և մարդու միջև:

«Եղիցի լույս»
Թիվ 03 (197) 2020թ.

Տարածել

Պատասխանել