Շուշան Անտոնյան / Արցախյան ազատագրական շարժմանը նվիրված ցերեկույթ

0

Փետրվարի 17-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Արցախյան ազգային ազատագրական շարժման 34 -ամյակին:
Միջոցառումը բացեց բուհի որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Ամալյա Գրիգորյանը: Ողջունելով ներկաներին, նա նշեց, որ Արցախյան շարժումը հայ ժողովրդի դժվարին պատմության ամենալուսավոր էջերից է: 1988-ը արցախյան ֆենոմենի ինքնագիտակցման նոր ժամանակն էր, որը ազդարարը եղավ հայոց ազգային ոգու արթնացման:
Այնուհետև զեկուցումով հանդես եկավ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, ԱՀ գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախյան շարժման ակտիվիստ Վարդան Հակոբյանը:
Նա խոսեց Շարժման սկզբնավորման մասին, ապա որոշ մանրամասներ պատմեց փետրվարի քսանի պատմական նստաշրջանի կայացման ընթացքից: «Հաճախ եմ ամենատարբեր մարդկանցից լսում, մանավանդ Արցախյան շարժման 34-ամյակի այս օրերին, թե իրենք Շարժման ընթացքում ինչքան գործեր են արել: Ուշադրությամբ լսում եմ բոլորին, հիմնականում նրանք ասում են ճշմարտությունը: Դա ոչ թե պարծենկոտություն է, այլ արածի համար՝ օրինական հպարտություն: Հիրավի ժողովրդական էր Շարժումը, իսկ ժողովուրդը կազմված է անհատներից, որոնք ուղղորդում են պայքարը:
Ժողովրդի անունը, ցավոք, չարաշահման աղբյուր է դարձել թե շատ կուսակցությունների, թե առանձին մարդկանց համար, ովքեր Շարժման մատույցներում գլուխ են պահել, իսկ հիմա չեն ուզում տեսնել անհատների արածը և պատսպարվում են «Շարժումը ժողովուրդն է արել», արտահայտության տակ: Ժողովուրդը վերացական հասկացություն չէ, ժողովուրդը կոնկրետ մարդիկ են, անհատներ: Անշուշտ Շարժումը ժողովրդական է»: Ապա զեկուցողն այսպես եզրափակեց իր խոսքը. «Մարդն է հայրենիքը, եթե մարդը մարդուն չի սիրում, ուրեմն չի սիրվում հայրենիքը: Սերը և համերաշխությունն են տանում միաբանության: Ահա այս արժեքներն են եղել ութսունութի շարժման հիմքում: Մենք պիտի միաբանվենք մեր պետականության ու պետության շուրջ, որ կարողանանք շենացնել դժվարին իրավիճակում հայտնված Արցախը, սա է մեր հազարավոր սուրբ նահատակների, մեր ժողովրդի գերագույն պատգամը»:
ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի խոսքով՝ Շարժումը ծնվել է հայ ժողովրդի կորստյան ցավից, այն յուրաքանչյուր հայի ցավի ճիչն է:
«Արցախյան շարժման մասին խոսել, նշանակում է խոսել հայ ժողովրդի հարատևման մասին: Փա՜ռք մեր ժողովրդին, որը խիզախ է, միասնական է, և երբ պահը գալիս է, թուր է վերցնում՝ պաշտպանելու իր իրավունքները:
ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանը՝ խոսելով հայ ժողովրդի միասնականության մասին, նշեց, որ 88-ի օրերին մենք հաջողություններ ձեռքբերեցինք, քանի որ համախմբված էինք, իսկ այսօր առավել քան երբևէ կարիք կա միաբանվելու:
Իրենց խոսքն ասացին նաև արձակագիր Կիմ Գաբրիելյանը և բանաստեղծ Արիս Գրիգորյանը:
Արցախյան շարժման ակտիվ գործիչների ելույթները ներկաները լսեցին հետաքրքրությամբ: Դրանք հագեցած էին կոնկրետ փաստերով:

«Եղիցի լույս»
Թիվ 01 (198) 2022թ.

Տարածել

Պատասխանել