Հիշատակի երեկո՝ նվիրված Վարդան Հակոբյանի 75-ամյակին

0

Մայիսի 25-ին Արցախի գրողների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ԳՄ երջանկահիշատակ նախագահ, բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վարդան Հակոբյանի 75-ամյակին նվիրված հիշատակի երեկո:

«Մեզ մի օր հանում են գետից, գետափին խաղում ենք մի քիչ, հետո գետը մեզ տանում է». Վարդան Հակոբյանի բանաստեղծական այս տողերն է մեջբերում Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը՝ նշելով, որ կարդում ես նրան և համոզվում, որ բանաստեղծությունն ապաշխարանք է, շնորհված չարչարանք, ճանապարհ եզակիների համար: «47 տարի առաջ, երբ առաջին անգամ մտա «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրություն, ես ընդամենը 16 տարեկան էի, Վարդան Հակոբյանը՝ 28: Ինքն արդեն հայտնի, ճանաչված, ես նոր-նոր բանաստեղծության հետ մտերմացած, ինքը՝ վստահ ու պինդ, ես՝ երերուն ու համարյա անտեսիլ. ոգևորող հանդիպում էր, և ես այսօր 63 տարեկան եմ, Վարդան Հակոբյանը՝ 75: Մեր այդ հանդիպումից բազում տարիներ հետո,երբ մենք թվում է՝ արդեն մոլորվել էինք մեր խախուտ ներկայի և մեզանից անընդհատ հեռացող ապագայի միջև, թաքցնել պետք չէ, մենք երբեմն բանաստեղծությունից հեռանալու փորձեր էլ էինք անում, խռովում երեխայի նման, մեզ նույնիսկ մեր մտերիմները փորձում էին համոզել, որ անիմաստ է մեր չարչարանքն ու որոնումը, որ մեզ սպասող մեկը չկա: Դիմացանք, և համոզվելով համոզեցինք, որ առանց մեզ աշխարհը կձանձրանար, որ մեր մի այս բուռ, միակ երկրում էլ կա գիր, որ այստեղ արարվող բանը դուրս չէ Հայաստան աշխարհի բանաստեղծական կտավից»,-ասում է Ն. Գասպարյանը՝ խոսքն ամփոփելով հակոբյանական հայտնի տողերով. «Իսկ Մայակովսկին, կամ Ուիթմենը որտեղից իմանան, թե ինչ երանություն է չճանաչված երկրի քաղաքացի և, առավել ևս բանաստեղծ լինելը…»:

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի խոսքով՝ թեև մեծանուն մտավորականի հոբելյանը նշվում է նրա բացակայությամբ, բոլորի սփոփանքն ականավոր գործչի թողած բազմիմաստ ու հարուստ մտավոր ժառանգությունն է, որն ավանդել է գալիք սերունդներին: «Հարուստ ու բազմաժանր է Վարդան Հակոբյանի թողած գրական մշակութային ժառանգությունը: Հայ գրականությունն իրապես հարստացել է նրա հեղինակած բանաստեղծական գրականագիտական բազմաթիվ գրքերով: Հիմնադիրն է «Արցախ» հանդեսի, «Եղիցի լույս», «Պըլը Պուղի», «Հարություն», «Նարեկ», «Դպրատուն» պարբերականների, բայց և այնպես նա ժողովրդի հոգում ու հուշերում մշտապես կհիշվի ու կերկրպագվի որպես բանաստեղծ Վարդան Հակոբյան»,- ասաց Նորայր Մկրտչյանը՝ ընդգծելով որ, առանձին հիշատակության ու հատուկ գնահատանքի է արժանի նաև նրա հասարակական քաղաքական գործունեությունը: «Վարդան Հակոբյանը որպես հայ ժողովրդի զավակ ու հայրենանվեր մտավորական 1980-ական թվականներին ամուր ու անվարան կանգնած էր իր ժողովրդի կողքին՝ դառնալով ժողովրդական պայքարի ու դիմադրության վերակենդանացնողն ու ազգային և մշակութային ինքնության պահպանման համար վերսկսված պայքարի գաղափարախոսներից ու առաջնորդներից մեկը»,-հավելեց նախարարը: Արցախի գրական ընտանիքի նահապետ, բանաստեղծ Սոկրատ Խանյանը նշել է, որ Վարդան Հակոբյանն իր արժանի տեղն ունի հայ մեծանուն բանաստեղծների շարքում:

«Հպարտ ենք, որ ունենք Վարդան Հակոբյանի նման որդի՝ իսկական քաղաքացի, հայրենասեր, կռվի մեջ հրացանը ձեռքին և շարքերի առջևից գիտական բանավեճերի մեջ առաջին ելույթ ունեցողը՝ ապացուցելով, որ արցախցին ևս կարող է ներկայացնել համահայկական գրականագիտական միտք»,-ասաց Սոկրատ Խանյանը:

Միջոցառմանը տեսաուղերձով Վարդան Հակոբյանի գրականությունն ու նրա վառ անհատականությունը արժևորող խոսքով են հանդես եկել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրչակից ընկերներ, գրականագետներ ու մտավորականներ Մայր Հայաստանից ու Սփյուռքից:

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Տարածել

Պատասխանել