Արյունաքամ է արեւը լինում`
Պատուհանից դուրս նետված մանկան պես,
Իսկ խաբկանքը իր ոստայնն է հինում,
Երկինքը սարդի մի ցանց է ասես:
Ինքն իրեն բացեց կապանքը ստի,
Ավարտվեց ամեն դիմակահանդես,
Գայլը գայլն է նույն` բնույթով պատիր`
Գառան մորթու մեջ, թե որջում անտես:
Ատամը արյան համ առավ կրկին,
Նորից երեւաց մռութը գայլի.
Մգլոտ աչքերում վառվում է ուժգին
Ենիչերական մոլուցքը վայրի:
Ժանիքը խրել կողերը դարի
Իր սեւ նախճիրն է տոնում անարգել.
Չի ոռնում սակայն, շեյթանավարի
Վնգստում է սուտ մերձության խոսքեր:
Հողը դարձնենք բերդ… ԵՎ դուռ չբացեք`
Ինչ թաթ էլ ցույց տան դռան նեղ ճեղքից…
Սրբեք մամուռը, բառն ընթեռնեցեք,
Արյուն է կաթում մեր ամեն խոսքից:
Մենք` որդիք Հայկի, արդար ու վսեմ,
Դավ ու դառնություն այդ ե՞րբ չենք տեսել,
Բայց ոչ մի անգամ, աստված է վկա,
Արցախին հաղթող չի եղել, չկա…
Թող Քիրս ու Մասիս, թող Զանգու, Թարթառ
Զանգեն… լեզվակը քաշեցեք ամուր…
Մայրական, անուշ ձայնդ, Հայաստան,
Մեզ համար, ներիր, եւ սեր է, եւ սուր…