Արիս Արսենի / Պոեզիան կփրկի աշխարհը

0

Ֆրանսիացի աշխարհահռչակ գեղանկարիչ Էժեն Դելակրուան մի անգամ նշել է, թե առանց պոեզիայի արվեստ չկա: Իսկ մի ուրիշ համաշխարհային հանճար՝ Արթյուր Ռեմբոն շեշտել է. «Պոեզիան ճամփորդություն է, որը դուրս չի գալիս իրականության սահմաններից, այն արտահայտում է մարդկանց զգացմունքները, պահանջմունքները և հույսերը»։ Տեղին է ասված, բայց այսօր ժամանակակից աշխարհն ավելին է ուզում։ Իրոք, «պոեզիան իր ձևի մեջ է ամփոփում ժողովրդի ձգտումներն ու հոգևոր բարձրագույն դրսևորումները, ինչպես նաև աշխարհը փոխելու քաջություն է տալիս»: Իրոք, Ժամանակակից աշխարհում գեղագիտական պահանջմունքները հեռու են բավարարված լինելուց, իսկ պոեզիան, թվում է, կարող է ու պետք է լրացնի այդ բացը:
1999-ից սկսած, 19 տարի շարունակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, մարտի 21-ն աշխարհում նշվում է որպես Պոեզիայի օր, կարևորվում բանաստեղծության դերն ու նշանակությունը։
Արցախցի գրողներն այս անգամ Պոեզիայի տոնը նշեցին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանի հյուընկալ հարկի ներքո։ Համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան գիտահետազոտական կենտրոնում հավաքված գրողների ավագ, միջին ու երիտասարդ սերնդի ներկայացուցիչները (ներկա էին նաև լրագրողներ և ուսանողներ) նախ ակնդիր եղան Շիրազի, Սևակի, Սահյանի հիասքանչ չափածոյի հեղինակային ասմուքին, այնուհետև, միջոցառման վարող, երիտասարդ բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանի հրավերով մեկ-մեկ մոտեցան ամբիոնին՝ հերթով հնչեցնելու մեկական (մասամբ՝ նաև երկուական) բանաստեղծություն ու կիսվելու գրչընկերների հետ իրենց մտքերով: Ընթերցվեցին ամենատարբեր ոճի ու ճաշակի բանաստեղծություններ։ Միջոցառմանն իրենց արտասանությամբ մասնակցեցին նաև համալսարանի մի խումբ ուսանողուհիներ։ Հնչեցին և՛ դասական, և՛ ժամանակակից բանաստեղծների գործերից:
Գրողներ Սոկրատ Խանյանը, Արկադի Թովմասյանը, Զինաիդա Բալայանը, Նվարդ Ավագյանը, Դավիթ Միքայելյանը, Ռոբերտ Եսայանը, Ալիսա Բաղդասարյանը կարդացին իրենց գործերից: Իսկ ահա արձակագիր, հրապարակախոս Վարդգես Բաղրյանը հանդես եկավ Չարենցի գործերի ասմունքով…
Բոլոր երևույթներն էլ, թերևս, կրկին անգամ հավաստեցին բանաստեղծության անբացատրելիության ու առեղծվածային լինելու մասին: Պոեզիայի գայթակղիչ ու հեքիաթային (ես կասեի՝ կախարդական) աշխարհը հավերժ մնում է անբացատրելի-անվերծանելի։ Ի՞նչ է թաքցնում, ի վերջո, իր մեջ բանաստեղծությունը… Ոչ ոք չգիտե: Բայց մի բան պարզ է՝ բանաստեղծությունը սիրո խոստովանության յուրահատուկ արտահայտություն է։ Բանաստեղծությամբ մենք մեր սիրո զգացումն ենք արտահայտում հայրենիքին, սիրած էակին, մեր սկզբունքների, մեր հոգեվիճակի իրական պատկերն ենք ներկայացնում։ Մենք դրոշ ենք դարձնում բանաստեղծությունն ու քայլում այդ դրոշի ներքո՝ դեպի հոգևոր դրսևորումների բարձրակետ, համոզված, որ բանաստեղծությունն, իրոք, աշխարհը վերափոխելու ուժ ու կարողություն ունի։
Իսկ այսօր հարցերի հարց է թերևս, թե արդյո՞ք պոեզիան կփրկի աշխարհը։ Բայց այլ հարց է նաև, թե աշխարհն արդյո՞ք ուզում է փրկվել։

Տարածել

Պատասխանել