Իմ գերեզմանին դուք չմոտենաք…
Վ. Տերյան
Ա
Չգա՛ք, չլացէք իմ գերեզմանին,
Դժգոյն ծաղիկներ չբերէք յանկարծ,
Վերածննդի այս դամբարանում,
Թողէք, որ ննջեմ անխառն ու հանդարտ:
Թախծախեղդ լացով չմարէք միայն,
Սէգ վերջալոյսի ցոլանքը պայծառ,
Հեռու եմ հիմա հայեացքից ձեր գորշ,
Որ թշուառամիտ նայում է անճար:
Չգա՛ք, չլացէք երգերիս համար,
Չսրբէք փոշին յոգնայոյզ դէմքիս,
Հաւքերն են իջել տաք շիրմաթմբիս՝
Շուրթիս ծուարած բառը տանելու:
Վերջին համբոյրը գողնալու համար,
Ստուերի նման չընկնէք մարմնիս վրայ՝
Նուիրե՜լ եմ այն վեհաշուք երկնին,
Ուր պիտի շողայ, որպէս շափիւղայ:
Չգա՛ք սնուելու իմ հոգեհացով,
Ու չբերէք ինձ մատաղացու գառ,
Թողէք, որ նրանք ծաղկած դաշտերում,
Կեանքի բերկրանքը արածեն անահ:
Չգա՛ք եղերգի իմ պատարագին,
Չվառէք մոմեր բարակ ու անկայծ,
Ծպտուած խօսքի անլոյս կարօտով,
Չգա՛ք, չլացէք յիշատակը իմ:
Բ
Արտասուի՛ր, երկինք, թափիր աստղալաց,
Ամպէ փնջերով իջիր շիրիմիս,
Երազի կապո՛յտ բոյրերով շաղուիր,
Դէպի՜ կարօտի երգերը անհաս:
Շուրթիս ծրարուած յոյզերին մանիր
Սէգ վերջալոյսի ցոլանքը անմար,
Յուշապարիկներ թեւերիդ առած՝
Թռչիր հեռուներ, ինչպէս լուսաբաց:
Հովերի բերած երգերը երգիր,
Որպէս հաց բաժնիր հունչերը նրանց,
Տաք շիրմաթմբիս հայեացքին թառած՝
Գարուն հաւքերի բները հիւսիր:
Օրերս չապրած տուր ծե՜ր ծառերին,
Յուշերս բուռ-բուռ կախիր ճիւղերին,
Դաշտերից քաղած բերկրանքը կեանքիս
Տա՜ր ու հագցրու անտուն ստուերներին:
Նեղիրան մայթի լապտերը յոյսի,
Որպէս լո՜յս կախիր իմ տան տանիքին,
Փողոցում սպասող սոված շներին՝
Վերջին բարեւի հոգեհացը իմ:
Արտասուի՜ր երկինք, թափիր աստղալաց,
Ամպէ փնջերով իջիր շիրիմիս,
Երազի անհաս բոյլերով չուիր,
Դէպի՜ հողմածածկ ընդերքը սրտիս: