Ամալյա Գրիգորյան / Կնոջ կերպարը Սիլվա Կապուտիկյանի սիրերգության մեջ

0

Սիլվա Կապուտիկյանի պոեզիան խիստ հետաքրքրական է կանացի հոգու ենթաշերտերը բացելու, սիրելու, տանջվելու հոգեբանական խորքի վերծանման ու բացահայտման առումով: Ինչպիսի՞ն է Կապուտիկյանի կերտած կինը, ի՞նչ է ուզում կյանքից, ինչպե՞ս է կարողանում սիրել, ինչո՞վ է տարբերվում նա աշխարհի մյուս կանանցից… Այս հարցերի պատասխանները կտեսնեք Սիլվա Կապուտիկյանի պոեզիայում:
Սիլվա Կապուտիկյանի սիրերգության առանցքը սիրող, չհասկացված սիրո տառապանքները կրող կնոջ հոգեբանական ապրումների, զգացումների, հույզերի, ցանկությունների ինքնարտահայտումն է՝ զերծ սեթևեթանքներից, կեղծ ելևէջներից ու անտեղի բառավորումներից: Բանաստեղծուհու բանատողերում իշխողն անթաքույց հույզն է, ակեղծ պոռթկումն ու սիրածին հասնելու կնոջ անհագուրդ կիրքն ու ցանկությունը և այն հավատը, որ իրենց սերն անմար է: Որպես կին՝ նա համոզված է, որ իրեն հնարավոր չէ մոռանալ.
Լուսամուտդ փակես՝ մրրիկ կլինեմ,
Հողմ կլինեմ ու կփշրեմ ապակիդ,
Ու սենյակդ,
ու աշխարհդ կխուժեմ,
Ու կխառնեմ թղթերդ,
կյանքդ,
հոգիդ…
Ոչ, չես կարող, ինձ չես կարող մոռանալ…
Ապրումների տրամաբանական ընթացքը հաստատում է այն գաղափարը, որ ոչինչ չի կարող մոռացության տալ անկեղծ սիրո զգացումը, հետևապես՝ որքան էլ աչքերդ փակես մութ կոպերով կամ խենթ լեզուդ սեղմես ատամներով՝ միևնույն է, աստվածային սերը չի հանգչի, այլ ընդհակառակը՝ ավելի բորբոքուն է դառնում, երբ փորձում են արգելակել:
Կապուտիկյանի սիրո երգերը անկեղծ ու շռայլ, զուսպ ու հպարտ կնոջ սրտի պատմությունն է: Պատմություն սիրո նախազգացման ու հրճվանքի, հուսահատության ու տառապանքի, տխրության ու տագնապների, զգացմունքի գեղեցկության ու սիրո վեհացնող ուժի մասին:
Պատահական չէ, որ Կապուտիկյանի մասին Վահագն Դավթյանն այսպես է գրել. «Սիլվա Կապուտիկյանից առաջ ոչ ոք հայ պոեզիայում հոգեբանական այդպիսի խորությամբ ու, ընդհանրապես, այդպիսի ուժով չի բացել սիրող, երազող, սիրուց երջանկացող ու տառապող կնոջ հոգին»:
Կինը Կապուտիկյանի պոեզիայում ներկայացված է պարադոքսալ հակասական իրավիճակների ու իրարամերժ պատկերների տիրույթում: Հերոսուհին մերթ սենտիմենտալ է, մերթ՝ ըմբոստ, մերթ ուժեղ է, մերթ՝ թույլ, մերթ կրքոտ է, մերթ՝ սառը: Նա գրում է. «Ես ծիծաղում եմ անզուսպ ու բաց, որ թարթիչներիս միջից հանկարծ իմ արցունքները դուրս չցայտեն»:
Կապուտիկյանի հերոսուհու հոգին տառապանքի միջով անցելով ոչ միայն չի չարանում, այլ ընդհակառակը՝ իմաստնանում է, որովհետև անսահմանորեն սիրում է իր սիրած էակին և պատրաստ է լուռ տառապել նրա կարոտից՝ թեկուզ սիրուց անվերջ այրվելով, անհաս մնալով: Սիրտը այրվում է, բայց հպարտ է:
Թվում է՝ հեղինակն իր կանացի խաղերով փորձում է հոգու դրամատիկ ապրումները, տվայտանքները սքողել արտաքին աշխարհից, ուժեղ ու երջանիկ երևալ: Այդ կինն անսահման ուժեղ է, որովհետև կարողացել է հավատարիմ մնալ ու դիմակայել այլոց գայթակղություններին՝ մինչև վերջ սպասելով իր սիրած տղամարդու վերադարձին՝ թե իմանայիր ինչ խռովահույզ ճամփաներով եմ տարել իմ սերը,- գրում է հեղինակը: Բազում փորձությունների ենթարկվելով՝ կինն իր սրտի սերը փայփայում է հոգու ամենանվիրական խորքերում՝ որպես կարոտ: Այդուհանդերձ, կինն ինչքան էլ փորձի ուժեղ երևալ, միևնուն է, ի բնե նա թույլ է, և ուժեղ երևալու կեցվածքը հաստատում է նրա թույլ սուբստանցը, սիրված լինելու անհագ ցանկությունը, ցավը անխոս ու մենության մեջ կրելու առանձնահատկությունը: «Թե իմանայի» բանաստեղծության մեջ տեսնում ենք կնոջ ներաշխարհի հակասական զգացումների հոգեբանական այդ բախումները.

Հավաքույթներում ամենից զնգուն ե՜ս եմ ծիծաղել
Ու երջանկության ծփանք են կարծել իմ երգն ու ձայնը.
Բայց երբ գիշերը
Ուղեկցողներիս մնաս բարով եմ ասել խնդադեմ
Ու տուն մտնելով՝ շրջել եմ դանդաղ դռան փականը,
Նույն բանալիով փակել եմ դրսի աշխա՜րհը իմ դեմ
Ու խոր հանձնվել իմ կարոտներին, իմ մենությա՜նը:
Քայլել եմ կյանքում մենակ ու համառ,
Հասնելու հույսով քայլե՛լ եմ նորից,
Թեև անհա՜յտ է եղել կայանը…
Մի՛ ժպտա այդպես.
Հավատարիմ եմ մնացել ես ի՛նձ,
Իմ հոգու լույսին, իմ էությանը,
Ի՛նձ և ո՜չ թե քեզ…

Քնարական հերոսուհու տարբեր հոգեվիճակները աստիճանաբար վերածվում են իրարամերժ զգացողությունների, հակասությունները խորանում են, և հակադիր սկզբունքների ներքին պայքարը դառնում է նրա զարգացման էությունը: Այդ ներքին, իրարամերժ սկզբունքների պայքարից էլ ծնվում է ճշմարտությունը սիրած կնոջ մասին: Մի ճշմարտություն, որ շատերը նույնիսկ իրենք իրենց չէին խոստովանի, այն ինչ Կապուտիկյանը բացահայտ գրում է.

Արի, արի՜, արի՜:
Թեկուզ բերես դու ինձ
Մի նո՛ր դավի կսկիծ,
Թեկուզ ուրի՜շ գրկից,
Միայն արի՜, արի՜…
(«Կարոտի պահին»)

Ս. Կապուտիկյանի քնարերգության ամենաճշգրիտ բնութագրականը տվել է Է. Ջրբաշյանը, գրելով. «Նրա բանաստեղծությունները գրվում են ամենից առաջ անողոք ճշմարտացիությամբ և անկեղծությամբ: Նա ոչինչ չի թաքցնում, ոչնչից «չի ամաչում» ոչ սիրային հափշտակման տրամադրությունը ցուցադրելուց, ոչ մերժված ու խաբված լինելու մասին խոսելուց, որովհետև այդ բոլորը խորապես մարդկային է, բարոյական, լուսավոր ու գեղեցիկ: Խորթ չեն նրան նաև ինքնահեգնանքի, սեփական հույզերն ու երազները երգիծելու հակումը, և դա մեզ համար ավելի մտերիմ, հարազատ ու սիրելի է դարձնում նրա հուզաշխարհը»:
Հիրավի, «անողոք ճշմարտացիություն և անկեղծություն» բնութագրումը շատ է պատշաճում Կապուտիկյանին: Նա զգացումը ժխտելով է խորացնում, հաստատում ապրումը:
Ասում էի «Գնա՛, գնա՛», բայց դե ինչո՞ւ դու գնացիր,
Ասում էի «էլ մի մնա», բայց դե ինչո՞ւ չմնացիր,
Աչքերիս մեջ դողն արցունքի՝ ասում էի «հավատա ինձ»,
Դու աչքերիս հավատայիր, խոսքիս ինչու հավատացիր…
Ով չգիտի սիրո ամենակարող զորության մասին, այն կնոջը թևեր է տալիս դարձնում է գեղեցիկ, բարի: Նա գրում է.

Օ՜, դու կարող ես ինձ դարձնել
Ամենից լավը այս լուսնի տակ,
Եվ գեղեցիկը՝ ամենքի մեջ,
Եվ բախտավորը՝ ամենքից շատ:
Քո ձեռքերի փոքրիկ մի շարժումով
Կարող ես ինձ տալ աշխարհը մեծ,
Կարող ես բացել քո հայացքով
Իմ դեմ՝ բարձրերը արևամերձ.
Ու դարձնել ինձ նորից, նորից
Պատանի՝ պատրաստ սավառնելու.-
Հավատացրու, որ սիրում ես ինձ,
Հավատացրու լոկ, հավատացրու..

Ապրումի խորությունն ու անկեղծությունն են պայմանավորում Կապուտիկյանի սիրերգության հուզականությունն ու անմիջականությունը: Սակայն հերոսուհուն մնում է տառապանք: Նա գրում է.

Ինձ շատ բան տվեց բախտը
աշխարհում,
Միայն չտվեց երջանիկ մի սեր.

Անգամ սիրուց տոչորված՝ նա անարատ ու հպարտ հայ կնոջ արժանապատվությունը նախընտրում է բարձր պահել ու չպղտորել սիրած տղամարդու ընտանիքի անդորրը: Նա հաշտ իր տագնապների, ճակատագրի հետ գրում է.

Եվ զուր, և զուր են ինձ խանդում ձեր տանն այդքան,
Ձեր հարկի տակ դուք միշտ, դուք միշտ խաղաղ եղեք.
Ես ձեր պատուհանից ներս չեմ նայի երբեք,
Ես չեմ, ես չեմ անցնի ձեր փողոցով անգամ…

Այդպես, ժամանակի ընթացքում անհաղորդ սիրո զգացումը վեր է ածվում հոգի մաշող անտարբերության, կնոջ հոգում այլևս չկա սիրո նախկին կենարար թրթիռն ու այրումը և մոռացումի զգացումից հերոսուհին հայտնվում է հոգեբանական անորոշ վիճակում, չգիտի ուրախանա, թե տխրի.

Ես չգիտեմ խնդամ, թե լամ,
Որ խաղաղ եմ արդեն քայլում,
Որ մայթերին քեզ չեմ փնտրում,
Որ տեսնելիս՝ սառն եմ այնպես,
Որ անփույթ եմ բարևում քեզ,
Որ կարոտիս գանձը կորավ,
Որ մոռանում եմ քեզ, իրավ,
Որ գնում է հայացքս խենթ
Ամեն վառվող հայացքի հետ:
Ես չգիտեմ խնդամ, թե լամ…

Գրականագետ Դավիթ Գասպարյանը Կապուտիկյանի սիրերգության մասին գրել է. «Բուռն տարերք ունի Կապուտիկյանի սիրերգությունը, ինչը զգացմունքի և խոհի նրբերանգներով ի հայտ է բերում հոգեկան ապրումների մի հարուստ աշխարհ: Սերը ամենուր սեր է, նույնն է հանդիպումը, նույնն է բաժանումը, բայց ամեն անգամ տարբեր է հուզական էներգիայի չափը, մարդու հոգևոր կերտվածքի տեսակը: Եվ ապա ինչքան էլ մարդկային կենսագրություններն իրենց երջանիկ կամ ապերջանիկ ճակատագրով նման լինեն, միևնույն է՝ անկրկնելիորեն նաև տարբեր են իրարից: Եվ դա է պատճառը, որ յուրաքանչյուրի ասած խոսքը, մյուսի ասածի հետ ունեցած ընդհանուր կողմերով հանդերձ, միանգամայն տարբեր է ու ինքնուրույն: Ու նաև դա է պատճառը, որ անընդհատ վերականգնվում է հազար անգամ գեղարվեստականորեն մարմին առած վիճակը, և հազարմեկերրորդ անգամ ասված «Թափառում ենք փողոցներով՝ ես քո սիրով, դու՝ ուրիշի…» տողերը պահպահում են իրենց կենսական ներգործուն ուժը: Ամեն ինչ այդպես է այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր տողի ետևում կանգնած է մարդու սեփական կենսագրությունը, իսկ յուրաքանչյուր կենսագրություն, թե անհատական, և թե ժամանակի հոգևոր պարունակությամբ, առանձնահատուկ է ու հետաքրքիր»:
Սիլվա Կապուտիկյանի սիրերգությունը իր հոգեբանական վերլուծումներով, կանացի խորախորհուրդ ներաշխարի բացահայտմամբ ու իր բանաստեղծական արվեստի առանձնահատկություններով տարբերվում է մեր նախորդ շրջանի քնարերգուների սիրային քնարերգությունից որով նոր էջ է բացել հայ գրականության մեջ:

Տարածել

Պատասխանել