Դավիթ Միքայելյան/Հնի և նորի ներդաշնակ համադրում

0

Հետխորհրդային տարիներին Արցախի մայրաքաղաքը, դրական առումով, շատ է կերպարանափոխվել, ազգային արժեքների, հնի և նորի ներդաշնակ համադրմամբ` պահպանելով ճարտարապետական իր դիմագիծը, տանտերերի, ինչպես նաև երկիր այցելող հյուրերի համար դարձել հոգեհարազատ օջախ ու առավել պահանջված, սրտահաճ վայր, լույսի և բարության, պայծառ երազանքների ու մտահղացումների իրագործման խորհրդանիշ, ուր ճերմակ աղավնիներն են հպարտ թևածում տանիքների վրա` խաղաղության աղերսները կտուցներին…
Դաժան պատերազմից և ավերածություններից` աննշան հետքեր են այսօր մայրաքաղաքում մնացել: Այն Հայաստանի, աշխարհի համայն հայության օժանդակությամբ այնպես արագ է բարեկարգվել ու վերակառուցվել, որ Ստեփանակերտ առաջին անգամ ոտք դնողը հազիվ թե կարողանա լիարժեք պատկերացում ունենալ տարիներ շարունակ շրջափակման և հրետակոծության, ռմբահարման տակ գտնվող մայրաքաղաքի, անդառնալի կորուստներ և զրկանքներ կրած բնակչության դառն ճակատագրի մասին: Այնուամենայնիվ, մի կարևոր երևույթ չի կարող դուրս մնալ նրանց տեսադաշտից: Կիսավեր, գորշ տներն իրենց տեղը զիջում են նորակառույցներին, իսկ հին, ճարտարապետական հետաքրքրություն ունեցող շինությունները հիմնանորոգվում, ամրացվում, տեսքի են բերվում, համապատասխանեցվում հնագույն ազգային ոճին և ճարտարապետության պահանջներին: Այդ գործընթացն այս օրերին առավել նկատելի է քաղաքի Թումանյանի անվան փողոցում, որն ամենահնագույներից է Ստեփանակերտում` իր պատմական անցյալով ու ներկայով, մշակութային առանձնահատկություններով, մարդկանց կենցաղով և սովորություններով, կենսունակությամբ և լավատեսությամբ:
Այստեղ ժամանակին բնակվում էին ժողովրդի մեջ հարգանք և հեղինակություն վայելող արհեստավորներ, շինարարներ, որոնց ձեռքով է կառուցվել և բարեկարգվել փողոցը, բացվել առաջին արհեստանոցներն ու վաճառատները, հյուրատունն ու գինետունը, դարբնոցը… Տարեցների վկայությամբ, սկզբնական շրջանում (անցյալ դարի 30-ական թվականներին) այն «Սովպրոսպեկտ» էր կոչվում, ապա վերանվանվեց Թումանյան` ի պատիվ հայ մեծանուն գրողի: Տարիների ընթացքում փողոցի երկայնքով բնակելի առանձնատներ և հասարակական նշանակության տարբեր շինություններ են կառուցվել, ձեռնարկություններ և արտադրական հիմնարկներ բացվել: Հարավային կողմից` 30-ականներից գործում էր ամենախոշոր ձեռնարկությունը` Ղարմետաքսկոմբինատը, ուր աշխատողների թիվն անցնում էր 3 հազարից: Ցավոք, հրետակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով այն 1992-ին հիմնահատակ ավերվեց: Հրի մատնվեցին նաև ձեռնարկության հարևանությամբ գործող կահույքի ֆաբրիկան ու շինանյութերի կոմբինատը (ի դեպ, կիսավեր ձեռնարկության փոխարեն ծրագրվում է կառուցել 500 բնակարանոց նոր թաղամաս):
Այդ տարածքներն այսօր վերածվել են խիտ բնակեցված թաղամասերի, ճարտարապետական ուշագրավ լուծումներով, կառուցապատ համալիր շենքերով, հասարակական շինություններով: Նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում է գտնվում Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը, որի շրջապատում վեր են խոյացել ժամանակակից մի շարք նորակառույց շենքեր: Այդ շարքը հետագայում համալրվել է «Արցախ» թաղամասի վարդագույն նորակառույցներով: Բարեկարգ փողոցի վրա աչքի են զարնվում արմատներով շուշեցի` Ս. Սարկիսովի նվիրատվությամբ կառուցված Խ. Աբովյանի անունը կրող դպրոցի հոյակերտ մասնաշենքը, ուր աշակերտների թիվը 1700-ի է հասնում, ինչպես «Երևան», «Օլիմպ», «Էդ-Եմ» հյուրանոցները: Քիչ վերև, հարևանությամբ, անցորդներին իր գիրկն է կանչում դեպի Վերածննդի հրապարակ ձգվող նորածնունդ Ազատամարտիկների չքնաղ այգին, ուր համալիր շինությունները շատրվաններն ու բազմաթիվ հրապարակները` սալիկապատ, գեղեցիկ ճեմուղիներով, մի ներդաշնակ ամբողջություն են կազմում: Ծառ ու թփերի, բազմազան ծաղիկների գույներից և բուրմունքից կախարդվում, զգաստանում ես մի պահ և հիշողությունների գիրկը տեղափոխվում: Այստեղ, այս չքնաղ այգում խնկարկվում է արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակը…
Ճարտարապետները մեկ այլ լուծում են գտել Թումանյան փողոցի` մշակույթի և երիտասարդության պալատի շենքից դեպի վեր ձգվող թաղամասի համար, փորձելով վերաարժևորել և իմաստավորել ավելի քան մեկուկես դարի նրա պատմությունը: Կառուցապատման ժամանակ արվում է հնարավորը` բացառելու շեղումները և հնի ու նորի համադրմամբ, պահպանելու ընդհանրական դիմագիծը: Իսկ, թե դա որքանով կհաջողվի մտահղացման հեղինակներին, ցույց կտա ժամանակը (հատկանշական է, որ քաղաքի կառուցապատման առաջին նախագիծը արվել է 1930 թվականին, ճարտարապետ Ա. Թամանյանի կողմից):
Շուրջ մեկ տարի է, ինչ հին թաղամասում կառուցապատման և բարեկարգման աշխատանքները չեն դադարում: Առաջին փուլով «շարքից դուրս են բերվել» վթարային շինությունները, նախկին տեսքը պահպանելով` վերականգնվում են ճարտարապետական որոշակի հետաքրքրություն ներկայացնող քարաշեն առանձնատները և հուշարձանները, հասարակական կառույցները` շինարարական աշխատանքներում հիմնականում օգտագործելով տեղական շինանյութեր: Առանձնակի շուք է հաղորդվել շինությունների ճակատային մասին` խուսափելով ավելորդ գունազարդումներից: Ստեփանակերտի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության պետ Սեյրան Սաֆարյանի տեղեկացմամբ, ճարտարապետական խորհրդի նիստում մանրակրկիտ քննարկվել և վերանայվել է կառուցապատման ծրագրի փաթեթը և, հաշվի առնելով մասնագետների առաջարկությունները, նախագծում մի շարք կարևոր փոփոխություններ են կատարվել: Ճարտարապետ Վլադիմիր Սարգսյանի կողմից ներկայացված էսքիզներն արժանացել են հավանության: Ըստ նոր նախագծի, մասնավորապես նախատեսվում է ընդլայնել փողոցը և համակարգված, ճարտարապետական պահանջներին խիստ համահունչ լուծել ենթակառուցվածքների բարելավման խնդիրը: Կբացառվեն շինարարական աշխատանքների ծրագրից (նախագծից) ճարտարապետներին և արհեստավարժ մասնագետներին շեղելու փորձերը, և գործընթացը կհամակարգվի` հիմքում ունենալով ճարտարապետական խորհրդի, թաղամասի կառուցապատման նոր էսքիզների հեղինակի և, բնականաբար, ծրագրի բարերարի փոխհամաձայնությունը: Իսկ սեփական միջոցների ներդրմամբ փողոցին նոր էներգիա և շնչառություն (ներդաշնակություն) է որոշել հաղորդել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ում անվան հետ են կապված Արցախում իրականացվող բարեգործական մի շարք ծրագրեր:
Ծրագրի վերաբերյալ իր տեսլականն ունի ճարտարապետ Վլադիմիր Սարգսյանը: Նրա խոսքով, համալիր աշխատանքների ապահովման առաջնահերթություններից է մնում սեյսմիկ անվտանգության պահանջների իրագործումը: Փողոցի կառուցապատումն ու բարեկարգումը պետք է իրականացվի պատշաճ որակով, բացառապես` արհեստավարժ մասնագետների և փորձառու շինարարների ուժերի համադրմամբ: Ըստ որում, բոլոր օղակներում ակտիվ վերահսկողություն պիտի սահմանվի, որպեսզի անվնաս պահպանվեն պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանները: Քանի որ փողոցի երկայնքով «ձգվող» լորենիներն առանձնակի հմայք և ներդաշնակություն են հաղորդում թաղամասին և քամուց պահպանող հուսալի շերտ են հանդիսանում` արտադրելով հսկայական քանակությամբ թթվածին, հաշվի առնելով փողոցի ընդլայնման պահանջը, անհրաժեշտ է հնարավորինս խուսափել ծառահատումներից:
«Բարեփոխիչ ցանկացած գործ պիտի կատարվի նվիրումով և պատասխանատվությամբ, դրսևորելով գեղագիտական ճաշակ և ստեղծագործական մոտեցում, գիտակցելով, որ փողոցը վերակառուցվում, բարեկարգվում է դարերի համար, սերունդների համար և ոչ մի մանրուք չպետք է վրիպի շինարարների տեսադաշտից,- գտնում է ճարտարապետ Վ. Սարգսյանը: -Թումանյանի անունը կրող փողոցը պիտի հարատևի երկար ու հավերժական կյանք ունենա, ինչպես նրա անմահ ստեղծագործությունները»…
Լուսանկարները`
Ռուսլան ՍԱՐԳՍՅԱՆԻ

«Եղիցի լույս»
Թիվ 2 (192) 2019

Տարածել

Պատասխանել