Ալեքսանդր Մանասյան /«Սիրո աղետ» շարքից

0

ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ԱՆԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՌԱՋՎԱՆԸ ԼԻՆԵԼ…

Ես բռնացա կամքիս
Եվ ներեցի քեզ,
Եվ դու կարծես նորից նույնը դարձար,
Բայց դառնացավ ընդմիշտ ժպիտն իմ դեմքի վրա,
Եվ հավատն իմ, ավաղ, դարձավ կասկածամիտ…

Իզուր ինձ մի համոզիր,
Դու այլևս անկարող ես առաջվանը լինել…

Սիրո շրջված կառքից
Հազիվ փրկվել էի ես,
Ու մտածում էի` աղետն արդեն անցավ,
Սակայն սառը մի ստվեր իջավ երգիիս վրա,
Եվ նա դարձավ անհոգ ու անհաղորդ ցավիդ…

Իզուր քեզ մի համոզիր,
Ես այլևս անկարող եմ առաջվանը լինել…

Եվ դառնացած կյանքից
Նորից դարձա ես քեզ,
Ու դու նորից կարծես բախտիս հլու դարձար,
Սերս փշով ծաղկեց սրտիս վերքի վրա,
Եվ արցունքս շողաց ոսկեծամիդ..

Ինձնից սեր մի ուզիր,
Մենք այլևս անկարող ենք առաջվանը լինել:

ՉԷ, ԴՈւ ԻՆՁ ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ ՉԵՍ ՍԻՐԵԼ…

Չէ, դու ինձ երբեք, երբեք չես սիրել,
Սիրո կարոտից չես տանջվել ինձ պես,
Սիրո ծաղիկներ չես բերել երբեք…
Ախ, այդ ես եմ, ես պարտեզիս հրկեզ
վարդերը վառման նվիրել լոկ քեզ:

Չէ, դու ինձ երբեք, երբեք չես սիրել,
Չես եղել ինձ պես սիրուց վիրավոր,
Սրտից վիրավոր չես եղել մի օր…
Ախ, այդ ես եմ, որ մեն ու մենավոր
սիրուդ ճամփեքին մնում եմ մոլոր:

Չէ, դու ինձ երբեք, երբեք չես սիրել,

ԴՈՒ ՀԻՇՈՒ՞Մ ԵՍ ԱՅՆ ԵՐԵԿՈՆ

Դու հիշու՞մ ես այն երեկոն…
Դու հիշու՞մ ես, երբ պատահմամբ
Քեզ ուրիշի գրկում տեսա,
Քեզ` ուրիշի համբյուրի տակ կոպերդ փակ…
Ախ, երանի տեսիլք լիներ,
Ցնորք լիներ, ախ երանի
Կամ երանի չտեսնեի…
Ամբողջ գիշեր շրջում էի ես անիծված այս քաղաքով,
Աստծո կողմից և իմ կողմից այս
անիծված փողոցներով
Եվ բողոքում էի…
Աստծուն…
Ես բողոքում էի
Աստծուն,
Թե նա ինչու բարի ժպտաց,
Երբ լափլիզող քո կրքերի թեժ կրակից
Ծառն իմ սիրո ծաղիկ հագավ…
Դու կարծում ես` նա չգիտե՞ր, թե ով ես դու,
Դու կարծում ես` նա չգիտե՞ր,
Թե քանիսի շրթունքներին նվաղել է անունը քո
Քեզ հետ մեկտեղ…
Տերն այդ գիտեր,
Բայց դու, օ, կին,
Օ, սատանա,
Դու խաբեցիր նաև Աստծուն…
Դու գերեցիր Բարձրյալին հմայքներով քո կանացի
/Չե՞ որ նա ել տղամարդ է ու չունի կին/,
Ու խնդրեցիր…
Նա չէր կարող չկատարել խնդրանքը քո
Եվ չնետել հունտը սիրո խորքը հոգուս…
Այդպես եղավ`
Անկոչ գարնան հրամանով
Ծաղիկ հագավ ծառն իմ սիրո,
Եվ բաց եղան քո մուտքի դեմ դռներն իմ տան,
Ուր գալիս են ոնց սիրուհի,
Գիշերում ես տիրուհու պես
ՈՒ հեռանում… գողի նման…
Վախենում ես, որ անունս գետնովը տաս…

Դու հիշու՞մ ես այն երեկոն,
Թաքուն սիրուս ստրուկիհիս,
Իմ թրքուհիս…

ԵՎ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՍԻՐՏՍ ԴԱՌՆՈւՄ Է ԳԵՐԵԶՄԱՆԱՔԱՐ…

Գերեզմանատան պես տխուր է հոգիս…
Երեկ ես այնտեղ թաղեցի նրան,
ում անունը տալ այսօր չեմ կարող,
ում հավատն էի տվել իմ խորունկ ու դյուրահավատ,
ում հայացքն էր ըմպել անհագուրդ
ու հարբել էի, օ, առանց գինի ու առանց գավաթ:

Երեկ ես այնտեղ թաղեցի նրան,
ու ոչ ոք չկար,
որ անարտասուք իմ լացը տեսներ
կամ ինձ սփոփեր:

Ես մենակ էի:
Ամպով պատել էր
մռայլված հոգուս երկինքը անծայր,
և անձրևում էր թախիծը անձայն
խաբված իմ հոգու երկնակամարից…

Գերեզմանատան պես տխուր է հոգիս,
և կակաց-կամաց սիրտս դառնում է գերեզմանաքար…

«Եղիցի լույս»
Թիվ 01(195) 2020

Տարածել

Պատասխանել