Վան Նովիկով / Վահան Տերյան 135

0

Վահան Տերյան բանաստեղծն իր պոեզիայով նոր աստիճանի բարձրացրեց հայ գեղարվեստական լեզվամտածողությունը: Մեծ քնարերգուի ծննդյան 135-րդ տարեդարձի առթիվ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում կազմակերպված գրական ցերեկույթի բացման խոսքում ասաց համալսարանի ռեկտոր, Արցախի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Վարդան Հակոբյանը: Նրա խոսքով՝ Տերյանը կարողացավ բացառիկ լինել, բացառիկ պոետներով աչքի ընկնող՝ իր ժամանակներում:
«Այդ բացառիկությունը դրսևորվեց մի շարք առումներով: Հնարավոր չէ խոսել հայ քնարերգության զարգացմանը՝ Տերյանի մեծ ավանդից և չնշել նրա ավանդը ազգային քնարականության մեջ»,-նշեց Վ. Հակոբյանը՝ հավելելով, որ տերյանական պոեզիան սիրելի է նաև բառերի հոգեբանական իմաստների խորությամբ: Տերյանն իր բանաստեղծություններում գերադրական նոր աստիճաններ հաղորդեց բառերի իմաստներին: Որպես օրինակ, Վ. Հակոբյանը նշեց և ասմունքեց նրա «Տխրություն»-ը:
«Գրիգոր Նարեկացի» համալսարանի պատվավոր դոկտոր, բանաստեղծ Ռոբերտ Եսայանն իր խոսքում ասաց, որ Վահան Տերյանը պոետական հարուստ ժառանգությանը զուգահեռ, ըստ էության, բյուրեղացրել ու ավանդել է նաև այն գրական լեզուն, որից այնուհետև ազդեցություն են կրել բազմաթիվ հայ բանաստեղծներ:
«Գրական ասպարեզում Վահան Տերյանի հայտնությունը նշանավորվում է նաև նրանով, որ նա իր բարերար ազդեցությամբ վերափոխեց հայ պոզիայի դիմագիծը՝ ստեղծելով լիովին նոր լեզվամտածողություն»,- համոզմունք հայտնեց Ռ. Եսայանը՝ նշելով, որ տերյանական պոեզիայի առանձնահատկությունը պայմանավորված է նաև մարդուն հոգեհարազատ հուզական երանգների բազմաշերտությամբ՝ որպես, թերևս միայն բնությանը զորու անձեռակերտ ստեղծագործություններ:
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ Ամալյա Գրիգորյանն անդրադարձավ Տերյանի նամականուն, որն, ըստ նրա, ամբողջացնում է պոետի գրական ժառանգության ընկալումն ու կյանքի դրվագների համատեքստում նոր լույսի ներքո բացահայտում բանաստեղծին: Հատկանշական է, ո՞ր ըստ գրականագետների` Տերյանի նամականին առայժմ ինչպես հարկն է չի ներկայացվել ընթերցողին:
Տերյանի բանաստեղծական աշխարհի և անհատականության առանձնահատկություններին անդրադարձան նաև բանասիրական գիտությունների թեկնածու, ԳՆՀ ՀլԳ ամբիոնի դասախոս Նանար Սիմոնյանը, բանաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀլԳ ամբիոնի դասախոս Ալիսա Բաղդասարյանը:
«Գրիգոր Նարեկացի» համալսարանում Վահան Տերյանի ծննդյան 135-րդ տարեդարձին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթն ուղեկցվել է ուսանողների ասմունքով: Ցուցադրվել է նաև բանաստեղծի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ:
«Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնա որպես հավերժական բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացումներ և անխառն գեղեցկություններ»,-ժամանակին անդրադառնալով Տերյանին ու նրա պոեզիային՝ նկատել է Ավետիք Իսահակյանը:

«Եղիցի լույս»
Թիվ 01(195) 2020թ.

Տարածել

Պատասխանել