Նվարդ Ալեքսանյան «Ճանապարհին ընկած քարը միտքն ու հոգին է ժամանակի…»

0

Անվանի գեղանկարիչ Սամվել Գաբրիելյանի բանաստեղծությունների հայտնությունը հաճելի անակնկալ էր, բայց, միաժամանակ, այդ անակնկալն արտառոց երանգներ չուներ, քանզի գեղանկարն էլ գույներով հառնող բանաստեղծություն է, որն ամեն մեկի հայացքում դառնում է նաև ուրույն մեղեդի: Չափածո գործերի շարքով նա հավակնություն չուներ իր ակոսն ունենալ պոեզիայում, սակայն նրա ստեղծած բանաստեղծական պատկերները իրենց սրտի տրոփյունով տաղանդավոր գեղանկարչի ձեռագրին հատուկ վրձնահարվածներ են թղթին:
Սամվել Գաբրիելյանի արվեստում բնության այս կամ այն պատկերն ու նկարչի հույզը, ուրախությունը, թախիծը կտավին դառնում են մեկ ու իրենց հրաշալի համադրությամբ` մարդուն` հոգու անիմանալի ճամփաներով ինքնաճանաչման տանում: Բանաստեղծություններն էլ, հենց իրենց գույն ու նախշով, բայց և կտավների հանգով են շարունակում զրույցը` աշխարհի ու մարդու հետ: Թվում է՝ չափածո տողերը նաև իրենց պոետիկ տիրույթում են ամփոփում արվեստագետի անցած ճանապարհը: Եվ այս առումով բանաստեղծությունները ներկայանում են իբրև գեղանկարչի յուրատեսակ ինքնագիր: Այնքան համահունչ են նրա գեղանկարչությանը, որ կարող են ուղեկցել նույնալիք հուզմունքից ծնված կտավներին:
Ե՛վ բանաստեղծությամբ, և՛ գեղանկարչությամբ Սամվել Գաբրիելյանը մեկնել է բոլոր ժամանակների արվեստագետներին հետամուտ ինքնահաստատման գաղտնիքը, իր համար այդ խորախորհուրդը իր ստեղծած աշխարհն է` գունեղ ու ապրեցնող: Սամվել Գաբրիելյանի համար արարումն էր իրական աշխարհ վերադառնալու երազային ճամփան: Ամեն օրը նման էր հեռուներից երկիր վերադառնալուն. հորիզոնին թառած ասուպի ցոլանքն այդպես է դարձել կտավ ու կյանքի վերջին շրջանում նաև՝ բանաստեղծություն: Եթե խազը կտավին իր ուզած ստվերն ու լույսը չուներ, կամ գույների համանվագի մի ակորդը կիսատ է, ապա դրանք իր հոգում հաճախ ամբողջացել են բանաստեղծությամբ: Վկան կտավի գույներով ու պատկերներով հառնող տողերն են և, ո՞վ գիտե, գուցե հաճախ բանաստեղծությու՞նն է իրենով ուրվագծել հերթական կտավի դիմանկարը:
Սամվել Գաբրիելյանի բանաստեղծությունների ռիթմը, տրամադրությունն անկեղծությունն է: Անցավոր ու հավերժական աշխարհի հետ այս զրույցը իր բաժին շնորհքն ու փորձությունն բանաստեղծությամբ քննություն առնելու և հենց իր հոգու ուժը իրեն նեցուկ կարգելու խոհն ու խորհրդածությունն է: Դա է պահ տվել տողերին` ապրած կյանքի պարգևած պարզ ու անպաճույճ խոհափիլիսոփայական ընդհանրացումներով:
Ճանապարհին ընկած քարը միտքն ու հոգին է ժամանակի, և ամենազոր Ժամանակին է մեզնից յուրաքանչյուրը իր պատմությունն է թողնում: Մարդու ճամփին ընկած քարը հաճախ է դառնում նրան ընկերակից, թեև հաճախ ոտքը քարին է առնում, բայց կյանքի անցողիկությունը մարդուն հիշեցնողը նա է: Փույթ չէ, որ մարդն անցողիկ է, անցավոր, Սահյանի խոսքով` «հողոտ, հողածին», միևնույն է` ադամորդու հոգին մի հրաշքով հատում է մահկանացուին տրված բոլոր սահմանները` մնալով մի երազային ափում, ուր ինքը միշտ ջահել է, շենշող և նույնիսկ մոռանում է տարիքից՝ տարիք հարցնել:
Այս արևոտ գույներով է լեցուն Սամվել Գաբրիելյան գեղանկարչի ու բանաստեղծի ներկապնակը: Հպարտ էր ժամանակի վայրիվերումներից չընկրկող իր կեցվածքով: Գիտեր.գեղանկարիչը կյանքի պայծառ գույների պահապանն է, իսկ կտավները` արևամուտին պակասող գույների հանգրվանը, որ նոր օրը բացվի նրանց հրավառությամբ:
Դժվարին դարի չարի ու բարու խաչմերուկում՝ քանիցս հեծեծել է արվեստագետի հոգին,բայց գիտեր` մառախուղը պիտի հետ քաշվի արևից, իր կտավից ու բանաստեղծությունից հառնող արևից:
Սամվել Գաբրիելյանի համար հայրենի Արցախը իր անսպառ ներշնչանքն էր, լույսի ու լինելիության խորհուրդը, իր ստեղծագործության սրբազան ակունքը: Գեղագետի խորիմաստությունը նրան հորդորել է ոչ մի պահ չկորցնել անպտուղ` բացառիկ աշխատասիրությամբ զարմացնելով իրեն ճանաչողներին: Ամեն առավոտ ինքը պիտի ողջուներ արևածագը, նրանից օրվա իր տալիքն իմանար և գուցե թե՝ այդ թաքուն զրույցներից գիտեր, որ չի հասցնի ծերանալ…
Բանաստեղծական շարքն ավարտվում է դեռևս չարարված կտավի տենչանքով, երկրային կյանքի ավարտին իր ձեռքին տեսել է նոր գործի ուրվանկարը: Բանաստեղծությամբ ասվածը իր հաստատումն ունի նաև գեղանկարչի վերջին` «Հարսանիք», անավարտ գործում: Այս կտավը ցուցադրվել է Ստեփանակերտի պետական պատկերասրահում գեղանկարչի 65-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսին:
Չնայած մարմնական ցավերին, անկորնչելի կենսասիրությամբ ու լավատեսությամբ հավատում էր, որ նոր լիցքով պիտի շարունակեր ստեղծագործական ուղին, և «Հարսանիք» կտավն իր ուրախ ելևէջներով նոր ելակետ կդառնա իր արվեստում: Ուրեմն, արվեստագետ Սամվել Գաբրիելյանը բանաստեղծությամբ ու գեղանկարչությամբ հաղթել է մահին, վանել նրա սառը հայացքը: Իր հոգին վաղուց հանձնել էր գույներին, և գույներով ծփացող հոգին ենթակա չէր հիվանդ մարմնի կապանքներին:
Իր սերնդակիցների մեջ Սամվել Գաբրիելյան գեղանկարիչը տաղանդավորների շարքում է: Մի շարք ցուցահանդեսներ է ունեցել արտերկրում, նրա շատ գործեր պահվում են աշխարհի տարբեր պատկերասրահներում, անհատական հավաքածուներում: Եվ ամեն անգամ հեռուներից տուն դառնալով՝ կարոտով փարվում էր իր հայրենիքին, իր համար ամենաքաղցր մեղեդին իր հայրենիքի երգն էր` աշխարհի խուլ ականջին: Ամեն օր Արցախը իր վաղվա երգն է երգում: Եվ այդ երգը նման է լույսի, որին ոչ ոք չի կարող բանտել: Մեռնող օրվա հետ չի մեռնում հույսը. Արցախի վաստակավոր նկարիչ Սամվել Գաբրիելյանի տողն է հուշում: Հիրավի, արվեստում սահմաններ չընդունող արվեստագետի նաև չափածո տողերը վկայում են, թե որքան անկատար երազանքներ մնացին նրա հոգում, որքան գործեր դեռ պիտի տեղ գտնեին սերունդներին ի պահ թողած գեղանկարների ու բանաստեղծության շքեղ պատկերասրահում:

ՍԱՄՎԵԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Պատռվեց երկինքը,
աստղերը թափվեցին հոգուս մեջ,
Սիրտս թրթռաց,
կարմակեց մի պահ ու նորից երգեց…
Աստղերը քո՞նն են,
թե ուրիշինը, ասա, դու իմ սեր,
Դու երգող ծա՞ռ ես
թե՞ բուրումնավետ դաշտերի ծաղի՞կ,
Ինչո՞ւ ես լռում, դե՛, խոսիր,
թե՞ տերն ես իմ սրտի, մի քիչ ինձ խնայիր…

***
Սիրտս փոթրկված մի ծով է դարձել,
Որ ափ է հանում այն ամենը լավ,
Ինչ պիտի բերի մարդուն բարություն.
Աստված է այդպես կամենում հարկավ:

Խոսի՛ր, դե՛, ասա, լսում եմ քեզ,
Ինչո՞ւ ես լռում, դու համր ես այսօր,
Խոսի՛ր, որ լռեմ, լռեմ` հասկանամ`
Ես ով եմ այսօր, դու ով ես հիմա:

***
Աստղերը թափվեցին կշեռքին ու
ժամանակը չափվեց,
Եվ տնքաց օրը հոգնած ու
երերաց ասես,
Երկիրը նիրհով պատեց ու
մտավ խոր քուն,
Եվ մեռավ ամեն ինչ, ամենուր
ու դարձավ երազ:

***
Փաթաթված է ժամանակը անիվին սայլի,
Եվ մաշում է տարածքն այս ճանապարհի,
Կյանքի ճանապարհի ու տարածքի:
Սղոցում է մարդկանց հոգին,
ավերում մարմինը…
Ճանապարհին ընկած քարը
միտքն ու հոգին է ժամանակի.
Իսկ մարդն անցողիկ է, անցողիկ միայն:

***
Սիրո մրմուռը հոգիս է պատել,
Քանդում, ավերում է այն,
Սրտիս թրթիռը դողոցք է դարձել,
Դարձել է նվագ, դարձել երազ:
Աշուն է հիմա, գունեղ աշուն,
Ես ճերմակել եմ, տեսեք,
Ինչ փույթ, իմ սիրտը սիրով լցված,

Ձմեռն ինձ համար դեռ ուշ կգա,
Ես դեռ պիտ նայեմ արևին սիրով,
Արշալույսներ դեռ պիտի տեսնեմ,
Արշալույսնե՜ր կարմիր ու հրեղեն…

***
Այս մայթերը, այս մայթերը…
Ոտքերի տակ հալվող, մաշվող
Այս մայթերով
Մարդիկ գալիս ու անցնում են,
Ժամանակն է հալվում այսօր
Այս մայթերին,
Այս ճամփեքին:
Սերունդները եկել, անցել
Ու մաշել են այս մայթերը.
Մայթերը կան,
Մարդիկ չկան:
***
Ես անգամ ատել չգիտեմ,
Չգիտեմ` ով ես դու,
Գիտեմ, որ դու կաս իմ կյանքում,
Կաս ու կլինես.
Դու ցող ես ինձ համար երկնային,
Փոթորիկը հոգուս:
Մի՛ գնա, դո՛ւ իմ սեր, ի՛մ երազ,
Եղի՛ր դու ինձ հետ հավետ:
Ատել չգիտեմ, իրոք,
Գիտեմ սիրել անզուսպ
Դու եղիր թեկուզ փոթորիկ սիրո
Միայն եղի՛ր ինձ հետ:

***
Օրը թաց է,
Մառախուղը` թե՛ դաշտ,
թե՛ ձոր և
թե՛ սարեր
Առել իր մեջ, տրտմություն է
բերել երկրին:
Մարդիկ որպես ուրվականներ
Պտտվում ու մտմտում են
Մտքեր դաժան, մտքեր քենի:
Մառախուղը հետ չի քաշվում
Մեր սարերից, մեր դաշտերից,
Իսկ մարդիկ էլ նույնն են, տեսեք,
Պտտվում են չարի-բարու,
Մեր այս դարի խաչմերուկում:
***
Անշունչ այս քարը, որ նայում է մեզ,
Նայում է շատ լուռ իր իմաստնությամբ,
մամուռը նրա դարձել է պատյան,
Որից սևեռուն աչքերով նայում,
Նայում է շուրջը
Ու ասում կարծես.
Ապրեք դուք այնպես, որ ձեզնից հետո
Թողնեք մի խորհուրդ հավերժի ճամփին,
Խորհուրդը` լույսի ու լինելության:
***
Թափառում են ուրվականները
պատերին,
Ովքե՞ր եք դուք…
Թափառեք, թափառեք իմ պատերին…

Ի՞նչ եք ուզում,
Ես կգամ մի օր ձեզ մոտ
Որպես ուրվական,
Բայց հանգիստ թողեք ինձ այսօր,
Ի՞նչ եք ուզում:
***
Երգում է երկիրս այսօր
Իր փոքրիկ, զուլալ ձայնով,
Երգում է իր երգը վաղվա,
Լսե՛ք, մարդի՛կ,
Բացե՛ք ականջները ձեր
Ու լսե՛ք:
Նա վաղվա երգն է երգում այսօր,
Հասկացե՛ք նրան:
Մենք էլ սոսկ ապրել, երկնել ենք ուզում.
Հասկացե՜ք մեզ, մարդիկ:

***
Պատերը չորսն են լինում կամ հինգը,
Կարող է` նաև վեցը կամ յոթը,
Լույսը մեկն է լինում միայն
Եվ չունի պատեր,
Լսե՛ք խորհուրդը լույսի`
Խորհո՜ւրդը Ոգու:
***
Եկավ հայրս ինձ մոտ առավոտյան`
Լույսի շողերի հետ,
Պարեց ինձ հետ,
Պարեց պարն իր մեծ ու գնաց…
Երեկո է հիմա կարմիր,
Հայրս չկա,
Բայց կգա նա
Արշալույսին նորից
Ու նրա հետ կպարեն ծառերը:

***
Եռում է խաղողի ողկույզը
Գինու գավաթի մեջ
Պոռթկալու մեծ ցանկությամբ.
Նա այսօր հարբած է:
Հարբած եմ նաև ես,
Հարբած է օրը նաև,
Հարբած է տիեզերքը:
Կգա օրը վաղվա,
Նորից կծնենք հարկավ,
Կծնվենք ինչպես լոկ ցող`
Արևի համբույրին կարոտ:
Արևը համբույր կտա մեզ,
Ցող էինք, կդառնանք երազ
Եվ կապրենք աշխարհում կարծես
Նորից ծնվելո՜ւ մեծ հույսով:

«Եղիցի լույս»
Թիվ 03 (197) 2020թ.

Տարածել

Պատասխանել