Գրքի գինեձոն՝ Շուշիում…

0

Ով կպատկերացներ, որ այդ օրը մենք վերջին անգամն էինք այցելում բերդաքաղաք Շուշի, և կլինի վերջին գրական միջոցառումը մեր մշակութային մայրաքաղաքում:
ԱՀ գրողների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-ին, Շուշիի «Պարիսպ գաստրո բակում» տեղի է ունեցել Արցախի գրողների միության անդամ, երիտասարդ գրող Սերգեյ Սաֆարյանի (գրական անունը՝ Նեմրութ) «Ինքնության դաշտ» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը: Նրա խոսքով, կարդալով Սերգեյ Սաֆարյանի բանաստեղծությունները, անմիջապես գրողի մտածողության թարմությանն ես հաղորդակցվում. «Զգում ես, որ բառն ավելին լինելու ճիգեր չի գործադրում, պարզ, գրեթե մանկական հայացք է բերում իր հետ, որը չի կարող իր խորքով չտրամադրել: Սա իմ առաջին տպավորությունն է, որ տարիներ առաջ ստացել եմ դեռևս նրա աշակերտական ծոցատետրից: Իսկ այսօր նկատելի է, որ «հետք չի քշում» նրա խոսքը, քանզի ուրիշի հետքի վրա բառը ինքնաոչնչանում է: Նա գրում է այն, ինչ որ ինքը զգում և տեսնում է, որը մեծ արվեստ է պոեզիայի բնագավառում: Սերգեյի բնավորության գծերը հստակ տեսանելի են նրա տողերի մեջ՝ առանց կեցվածքային ճոռոմ խաղք ու ցուցքի»,- մասնավորապես ասել է Վ.Հակոբյանը և շնորհավորել երիտասարդ գրողին՝ գրքի լույսընծայման կապակցությամբ:
Գրքի խմբագիր, բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանն իր ելույթում ասել է, որ գեղարվեստական մտածողության ինքնատիպությամբ հեղինակն իրերն ու երևույթներն իմաստավորում է ազատ ընկալմամբ և լեզվական իրողությունների դրսևորման թարմությամբ՝ իր ապրած դրամատիկ ժամանակի դիմապատկերը բացահայտելով չկրկնվող նրբերանգներով:
«Գիրքը խմբագրելու ժամանակ յուրաքանչյուր բառի փոփոխություն համաձայնեցրել եմ Սերգեյի հետ: Ցանկացել եմ մի ամբողջական մտքի ու հույզի տրամաբանությամբ գիրք ստեղծվի: Ես նաև Սերգեյի ընթերցողը դարձա: Չափազանց նուրբ մի զգացողություն ապրեցի՝ առնչվելով Սերգեյի բանաստեղծությունների հետ: Բավականին հասուն է երիտասարդ գրողն իր գրվածքներում: Հետագայում հասկացա, որ հասուն է նաև նրա մտածողությունը»,-մասնավորապես ավելացրել է Ժ. Բեգլարյանը և տեղեկացրել, որ արդեն պատրաստ է նաև Ս. Սաֆարյանի երկրորդ գիրքը, որն առաջիկայում կհանձնվի ընթերցողների դատին:
Ըստ «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դասախոս, որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանի՝ Ս. Սաֆարյանը հետաքրքիր մտածողություն և ոճ ունի:
«Լինելով երիտասարդ ստեղծագործող՝ նրա տողը շատ ավելի հասուն է, և ձևակերպումները՝ խորքային, հստակ, ապրումները՝ համոզիչ: Նրա պոեզիան զերծ է ավելորդախոսությունից, որը կշիռ է հաղորդում իր ստեղծագործություններին»,- ավելացրել է Ա. Գրիգորյանը:
Գրքի մասին խոսք ասեց նաև «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Նանար Սիմոնյանը: Շնորհավորելով երիտասարդ բանաստեղծին, նա իր խոսքում ասաց. «Նրա «Ինքնության դաշտում» գենետիկ հիշողության զարկերակն արթուն է, այն վերաիմաստավորվում ու ծավալվում է գրողի յուրաքանչյուր բանատողում:
Բանաստեղծի համար հայրենիքը սկիզբ է առնում սահմանից: Ինչպես յուրաքանչյուր արցախցի, Սերգեյ Սաֆարյանը հոգնել է ոչ պատերազմ- ոչ խաղաղություն կարգավիճակից, նա որսում է հողի անզգույշ շնչառությունը, «նրա ծանր հոգոցը»: Սերգեյ Սաֆարյանը հայրենիքի զինվոր է, ով երազում է հսկել օջախ-բնօրրանի խաղաղ առավոտները: Երկիրը բանաստեղծի համար լոկ հող ու քար չէ: Հայրենիքի ամենամեծ հարստությունը մարդն է՝ ուսուցիչն ու շինարարը, մանուկն ու ծերունին: Հայրենիքը գերագույն սեր է Սերգեյ Սաֆարյանի համար»:
Շնորհանդեսին ելույթներով հանդես են եկել նաև ԱՀ գրողների միության անդամներ:
Սերգեյ Սաֆարյանի խոսքով՝ իր առաջին գրքում ընդգրկված են պարբերական մամուլում լույս ընծայված բանաստեղծական շարքերն ու նոր գործերը:
Գրքի հեղինակը շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, ովքեր աջակցել են իր առաջին գրքի լույսընծայմանը՝ առանձնապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի մասնաճյուղի ներկայացուցիչ Միշել Տանկրեզիին, ով հովանավորել է գրքի հրատարակումը:
Միջոցառման վերջում ի նշան երախտագիտության, Վարդան Հակոբյանը, Միշել Տանկրեզին ԱՀ գրողների միության կողմից շնորհակալագիր և «Գրիգոր Նարեկացի» մեդալ է հանձնել՝ մշտապես արցախցիներին աջակցելու և նոր գրքերի հրապարակմանն օժանդակելու համար:
Այնուամենայնիվ, հավատանք և հուսանք, որ սա վերջին գինեձոնը չէ մեր բերդաքաղաքում: Շուշին մեզ սպասում է, կանչում է…
Միջոցառմանը ներկա էին նաև Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը, ԱՀ գրողների միության անդամներ և այլք:

Ամալյա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Եղիցի լույս»
Թիվ 03 (197) 2020թ.

Տարածել

Պատասխանել