Զոհրաբ Ըռքոյան / Հոչանց-Աղավնո Ավազան

0

Սա Հայաստան է, և վերջ…
Լեոնիդ Ազգալդյան
Այսօր կարոտով եմ ներկայացնում Հայոց մեր երկրի այն հատվածը, որը նորից թողեցինք գերության մեջ, մեր պապերի ոստանը, որտեղ հազարամյակներ հայն է ապրել, արարել, եկեղեցիներ ու վանքեր է կերտել, կամուրջ ու ամրոց, ջրաղաց հիմնել: Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճ գավառի մեծ մասը, որը 18-րդ դարից մինչ 20-րդ դարի 70-ական թվականները մնացել էր օտարի տիրապետության տակ, ազատագրվել Արցախյան գոյամարտի տարիներին, այս անգամ թուրքին նվիրեցինք առանց կրակոցի, չգիտեմ՝ ինչո՞ւ: 4-րդ դարում կառուցված Ծիծեռնավանքը և մոտակա տասնյակ այլ վանք ու եկեղեցի ոչ մի արժեք չունեցան, որ սա Հայոց երկիր է, միայն մի ստորագրություն ավելի կարևորվեց, քանի որ այդպես էլ չհասկացանք երկրի կարևորությունը, նախկինում և ներկայում մարտիրոսված հազար-հազար քաջորդիների արյան գինը: Այդպես էլ միասնությունը մեզ համար խորթ երևույթ մնացգ երևի ավելի կարևորն ստամոքսն է: Թշնամուն նվիրեցինք 9-րդ դարի Վարազգոմի վանքը, 12-րդ դարի Մկնատամի Խաչը, ու էլի, վանք ու եկեղեցի, հարյուրավոր խաչքարեր՝ այս երկրի մասին պատմող: 20 տարուց ավելի զբաղվել եմ տարածքի պատմական հուշարձանների ուսումնասիրմամբ, դրանց մասին հրապարակումներ անելով, բարձրաձայնելով՝ Սա Հայաստան է… Հայտնի հուշարձաններից բացի գտնվել են նորերը: Այս հարցում մեծ էր մեր բնակիչների, հատկապես դպրոցական տղաների դերը: Այդ տղաները, հասակ առնելով, դպրոցն ավարտելով, դարձան նաև հայրենիքի զինվորը: Ցավում եմ՝ լուսավոր մեր զավակներից շատերը վերջին պատերազմում դարձան Նահատակ ու Մարտիրոս, անհայտ կորած են: Իհարկե՝ մինչ 2020թ. սեպտեմբերյան պատերազմը, քաշաթաղցի տղաներից, ցավոք, էլի ունեցել ենք հերոսներր, ովքեր կյանքը նվիրեցին հայրենիքի սահմանը պաշտպանելուն: 2014թ. օգոստոսի 23-24-ին հնագետներ Գագիկ Սարգսյանի և Արտակ Գնունու հետ գտնվում էի Հակարի գետի վերին վտակների՝ Աղավնո և Հոչանց գետերի ավազանում: Բերդիկ, Հակ, Լեռնահովիտ, Սպիտակա¬ջուր, Շրվական և Արվական գյուղերում: Սյունիք աշխարհի Աղահեճ գավառը 13-րդ դարում արդեն կոչվում էր Քաշաթաղ-Խոժոռաբերդ: Այս մասին հիշատակում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում: Եվ այս գավառի ալպիական գոտու տարածքում ենք: Այս անգամ էլ մեզ հաջողվեց հայտնաբերել հնագիտական մի շարք հուշարձաններ՝ ամրոցատեղիներ, բնակատեղիներ, հեթանոսական շրջանի դամբարանադաշտեր ու պաշտամունքային շինություններ և այլն: Սպիտակաջուր գյուղում կան բազում խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ, որանց մասին արդեն մի քանի անգամ գրել եմ: Եվ ահա, այդ օրերին հայտնաբերվեցին ևս մի քանիսը: Սակայն առավել հետաքրքիրը գյուղի հյուսիսային կողմում գտնվող ամրոցատեղիի հարևանությամբ Հոչանցի ձորի ժայռերի վրա քանդակված խաչերն էին, որոնց տեղը ցույց տվեց Սպիտակաջուր գյուղի պատանի բնակիչ Գեորգի Խոջոյանը: Գեորգին այս պատերազմի մասնակից է արդեն, և Փառք Աստծո ողջ տուն եկավ: Ձորի ուղղաձիգ ժայռերին մեր նախնիները խաչեր են քանդակել, և ամենակարևորը՝ կա թվագրություն՝ ՊԸ=808+551=1359թ.: Լեռնահովիտի դպրոցի ուսուցիչ Խոսրով Խաչատրյանի ուղեկցությամբ Սպիտակաջուր գյուղում լուսանկարեցի մի քանի տապանաքար, որոնցից երկուսը գտնվում են Գուրգեն Սահակյանի տան բակում: Մեկն օրորոցաձև է, ունի111x 59×21 սմ չափեր և արձանագրության: Դիմահայաց կողմում երկու խաղացող երեխաների պատկերներ են քանդակված: Մյուս կողմը պատի մեջ է: Երկրորդն ուղղանկյունաձև է, ունի 154x51x22 սմ չափեր: Արձանագիր է` թվագրված ՌՃԸ-1108+551=1659: Բացի այդ, գյուղի հարավ-արևելյան կողմում՝ քանդված տների մոտ, կա մի տապանաքար՝ 92x64x39 սմ չափերով, ձիավորը նետը ձեռքին քանդակով: Քիչ հեռու մի ավերակի մեջ 2 տապանաքարեր կես են արված. երկրորդ կտորները չգտնվեցին: Մեկի վրա այծեր ու ոչխարներ են քանդակված, եզրերը նախշազարդ են. չափերն են՝ 44(ջարդված կողմը)x74x21 սմ չափերով: Մյուսը, որի չափերն են՝ 50(ջա-րդված կողմը) x74x21 սմ, եզրերը նախշազարդ են, միջնամասում՝ խաչեր: Ավերակի մոտ կան սրբատաշ շատ քարեր, որն էլ հուշում է՝ հնարավոր է՝ այստեղ եկեղեցի է եղել: Վերջին տարիներին «Հայրենասեր» ՀԿ-ի կողմից Սպիտակաջուր գյուղում պուրակ հիմնվեց, և այստեղ իրենց տեղը գտան նշված հուշաքարերի մի մասը: Այժմ դրանցից մի քանիսը տեղափոխվել է, որ թշնամին չոչնչացնի, սակայն մնացածի ճակատագիրը պարզ է՝ այլևս չենք տեսնելու: Գյուղի մի հատվածում, դեռևս խորհրդային տարիներին ցանքատարածքի ցանկապատ կառուցված բավականին լայն ու բարձր պատի մեջ, որպես շինաքար, օգտագործվել են մի քանի բավականին մեծ չափերով խաչքար ու տապանքար: Լուսանկարները կան, իսկ հետո՝ չգիտեմ… Այս գյուղը վաղ-միջնադարում էլ է գոյություն ունեցել, այդ վկայում է Հոչանցի աջափնյա մասում՝ ուղիղ ձորի վրա պահպանցած ամրոցատեղին՝ մոտ 5կմ երկարությամբ, 1կմ լայնությամբ: Այս գյուղում՝ սարալանջի ժայռերի միջից է սկիզբ առնում Հոչանց գետի մի վտակը: Մաքուր ու սառնորակ մի քանի աղբյուր են բխում քարերի տակից, և ծնունդ է առել գետակը, որը հոսում է գյուղի հարավային մասով, անցնում հարևան Շրվականի մոտով, թռիչք կատարում ձորից՝ դառնալով բնական գեղեցիկ ու հազվագույտ հուշարձան՝ Սպիտակաջրի ջրվեժը: Գյուղի հարավարևելյան կողմում բարձր բլուրներ կան, որոնց վրա պահպանվել են հնադարյան դամբարաններ՝ ըստ հնագետների՝ 4-5 հազար տարեկան: Նույն ջրվեժի հարևանությամբ՝ ժայռի վրա խաչեր կան քանդակված հարևան Շրվական գյուղի մոտակա անտառում՝ Հոչանցի աջափնյա վտակի ձախ ափի լա-նջերին: Շրվականի պատանի բնակիչներ Սարոն ու Արմանն ինձ ուղեկցում են սրբատեղի: Անցնում ենք գետը և պատմական անտառամիջյան ճանապարհով բարձրանում վեր: 2,6մ բարձրությամբ ժայռին 2 գեղեցիկ խաչեր են քանդակված: Թվագրություն չկա, բայց ոճը 12-13-րդ դարեր է հուշում: Սարո Թունյանը մասնակից եղավ 2020թ. սեպտեմբերյան պատերազմին ու նահատակվեց: Այժմ նայում եմ 6 տարի առաջվա լուսանկարները, որտեղ Սարոն իր ընկերների հետ, ինձ ուղեկցեց նշված հուշարձանի մոտ, ցույց տվեցին գյուղում պահպանված տապանաքարեր:
Զգացվում է, որ այս ժայռախաչը դարձել էր սրբատեղի տարածքի Շրվականի բնակչության համար: Մոտը շինության հետքեր կան, հավանաբար մատուռի հիմքեր են: Այստեղ միջնադարում բնակավայր է եղել, որը հավանաբար հետագայում տեղափոխվել է գետի աջ ափ կամ հիմնովին ավերվել է 17-րդ դարի վերջերին: Շրվական գյուղում մինչև այդ հայոց հուշարձաններ չէին հանդիպել, սակայն գյուղի նախկին դպրոցի ավերակի մոտ բնակիչները մեծ քարեր էին տեսել: Արդեն նշել եմ՝ Սարոյի ու իր ընկերների ուղեկցությամբ նշված հուշաքարերի մոտ եմ: Մեկի վրա խաչ է քանդակված. Չափերն են՝ 95x53x34 սմ: Տարածքը հայոց գերեզմանոցն է եղել(1743 մ. Ծ.մ.բ), որը քանդել են և տեղում տներ կառուցել: Բարեբախտաբար այս խաչքարն ու մի քանի գերեզմանաքարեր պահպանվել են: Իսկ մի մեծ տապանաքար՝ 130x75x45 սմ չափերով, մարդու կերպարանքով, գտնվում է գյուղի ներքին տներից մեկի մոտ: Այս շիրմաքարի տեղը նույնպես երեխաներն ասացին:
Գտածոները խոսում են այն մասին, որ Շրվականը (հայաթափումից հետո կոչվում էր Շեյնալի) դարձյալ ունի պատմական անցյալ և եղել է հայ մարդու օրրանը: Շրվականից շարժվում ենք դեպի Արվական: Որսորդ Գարեգինն արդեն մի քանի տարի է, ինչ խնդրում էր՝ գնայինք իր հայտնաբերած հայոց գերեզմանատունն ուսումնասիրելու, որը գտնվում է Կատոսավանքի ձորում՝ խիտ անտառի մեջ: Անտառահատների բացած ճանապարհով իջնում ենք ձորը: Վերջապես հասնում ենք մի առվակի, որից քիչ վերև՝ մի հարթ հրվանդանի վրա, գտնվում է գերեզմանատունը՝ ամբողջովին անտառապատ:
Այսուամենայնիվ՝ 10-ից ավելի շիրմաքարեր երևում են: Մի գեղաքանդակ խաչքար՝ 163x80x25 սմ չափերով, հիացնում է իր գեղեցկությամբ, ունի մեկ մեծ խաչ՝ 90 սմ երկարությամբ և երկու փոքրը՝ մեծի թևերի տակ: Այս խաչքարի մոտ, կիսով չափ հողի տակ, մի տապանաքար կա՝ 153x70x45 սմ չափերով: Գերեզմանատան հարավային եզրին հողից մաքրեցինք մի այլ գեղեցիկ խաչքար՝ 163×60 չափերով: Մի կողմը հողի մեջ է, և պարզ չէ, թէ ինչ է ներկայացնում: Իսկ դիմահայաց կողմում միջնադարի հայ քանդակագործը դարերին է ժառանգել արվեստի կատարյալ նմուշ: Կողերից մեկի վրա խաչ է քանդակված՝ ներքևի մասում թևերով: Հարավային կողմի վրա կենցաղային պատկերներ են, ցավոք, բավականին վնասված: Մյուս կողմը, որի վրա խաչեր են քանդակված, հողի մեջ է: Ժամանակի սղության պատճառով չհասցրեցինք ամբողջությամբ մաքրել հողից: Այժմ մտածում եմ՝ լավ կլիներ այս ու այլ խաչքարերը, որոնք նորից թողեցինք թշնամու գերության մեջ, ծածկված լինեին հողով: Կատոսավանքը գտնվում է Հոչանց գետի աջափնյա հարթությունում, հիմնադրվել է 9-րդ դարում: Սրբատնից այժմ պահպանվել են 2 պատերը: Իսկ մոտակայքում միջնադարում բնակավայր է եղել: Գետից քիչ վեր է եղել նշված բնակավայրի գերեզմանատունը, որը 1990-ական թվականներին ավերվել էր թշնամու կողմից, այնուամենայնիվ մի քանի տասնյակ գեղազարդ խաչքար պահպանվել էր, որոշները` արձանագիր: Եկեղեցուց քիչ հեռու` հարավարևելյան կողմում անտառի մեջ վերջերս գտնվեց մի արձանագիր խաչքար, որը հուշարձանագետ Սամվել Կարապետյանը համարում էր կորած: Խաչքարի վրա գրված է. «ԱՋՆՈՐԴՈՒԹ/ԵԱՄ/Բ ՀԱՅՐ ԳՐ/Ի/ԳՈՐՈՅ, ՅԻՇԵՍՋԻՔ Ի Ք/ՐԻՍՏՈ/Ս»: Ըստ հուշարձանագետի՝ Կատոսավանքը եղել է Աղահեճ-Քաշաթաղ գավառի կարևոր վանական համալիրներից մեկը: Այդ վկայում է այն, որ շաչքարը պատկանում է վանական առաջնորդի: Կատոսավանքից մոտ 2կմ վեր նույն ժամանակներում կառուցվել է միջնադարի համար բավականին մեծ ու ամուր քարե կամարակապ կամուրջ: Սրբատաշ կապտավուն բազալտից կառուցված կամրջի հենասյունները պահպանվել են: Ձախակողմյան հենասյունն ունի 7,5մ լայնություն, ավելի քան 12մ թռիչք: Աջակողմյան հենասյունը նույնպես պահպանվել է, ունի հետաքրքիր կառույց: կամրջի հենասյունների հարեւանությամբ շինությունների ավերակներ են պահպանվել: Ձախ կողմի ավերակներից մեկը հավանաբար իջեւանատուն է եղել: Այս ձորում միջնադարում գործել են 3 կամուրջ՝ հիշատակվածը, մեկը Հոչանց-Սոնասար գյուղերի հատվածում, իսկ մյուսը Շրվական գյուղի տակ: Վերջինս քանդվեց մոտ 10 տարի առաջ: Ձորում գործել են նաեւ մի քանի ջրաղաց, 3-ի ավերակները կան:

«Եղիցի լույս»
Թիվ 03 (197) 2020թ.

Տարածել

Պատասխանել