Սոնա Համբարձումյան / Արցախյան 2-րդ գոյամարտում հերոսացած ուսանողներին

0

Այսքա՞ն տղաներ
Այսչափ լռությո՞ւն
Դասերիս ասում էի.
պահպանեք լռություն,
Հիմա չեմ ուզում՝
Կարե՛ն, Սուրե՛ն, Դավի՛թ,
Խոսե՛ք, աղմկե՛ք,
մի՛ լռեք, Տղե՛րք…
Մշտաժպիտ, կյանքով լեցուն
Սիրող հոգի, ճրագ ու սյուն,
Լույս որդիներն եք համալսարանի,
Դարձաք ճամփորդներ փառքի ու պատվի,
Սիրտն իմ ցավում է,
ինչպես կլռի
Հայկ, Ռոբերտ, Միքայե՛լ,
Խոսե՛ք, աղմկե՛ք,
մի՛ լռեք տղերք…
Եթե հրաշքով
Հավաքեի ձեր երազանքները
Հյուսեի ամուր մի գոտի
Վստահ եմ՝ ազգիս վահան կլինի:
Ձեր արյունը, մարմինն ու հոգին
Խաղաղության, ազատության թանկ գին
Հայ ժողովրդի, մեզ համար զոհեցիք
Այսքան լռություն ինչպե՞ս սովորեցիք
Խոսե՛ք, աղմկե՛ք,
մի՛ լռեք, Տղե՛րք…
Իմ ասած ոչ մի ժամից
Չէիք ուշանում
Վստահում էի՝ պատասխանատվություն ստանում,
Ինչպե՞ս դաս բացատրեմ
Երբ դուք չեք լսում
Հարցեր չեք տալիս…
Ինչպե՞ս ես տխրեմ
Ինչպե՞ս արտասվեմ
Երբ ձեր գնալով
Ուժեղ լինելու,
Արարելու, հայրենիք շենացնելու
Պարտք եք ինձ թողել,
Պիտի բժշկենք ամեն փոս ու վերք
Խոսե՛ք, աղմկե՛ք,
մի՛ լռեք, Տղե՛րք…

***
Ես գրում եմ քո մասին.
-երազիր:
Ես վազում եմ քո հետևից.
-թաքնվիր:
Երգում եմ ծառերիդ բառերը.
-խարույկ վառիր:
Ժամանակը հաշվի չի նստում
Ոչ Ա-ի եղբոր տղայի հետ
Ոչ էլ Ֆ-ի ապօրինի կնոջ հետ,
Ժամանակը ժողովրդի միակ ընտրյալն է,
Ով ծնողն է մշակույթի, իրավունքի… տեռորի
Բայց երբեք նրանց փոխարեն չի գործում:
Ես տեսնում եմ քեզ.
-ժպտա՛:
Ես գրկում եմ քեզ.
-աղոթիր:
Ժամանակը կաթում է սեղանիս,
Երբ հայտնվում է աչքերիս մեջ,
Լավան, սառույցը, կրակված փամփուշտը
Մեղմ քամու վրա խառնում եմ.
-ներկիր գունաթափ կոշիկներդ:
Գուցե, մի օր, զեղչ հայտարարեն
Հիվանդանոցում և նյարդային բոլոր հիվանդություններն անվճար բաժանե՞ն,
Գուցե՞, մի պաշտոնյա բացառիկ մարդասեր գտնվի
և բժիշկը
հարկադրված չլինի
ժամը 15:00-ի սուրճը
խմել պոլիկլինիկայում և ժամը 13-14-ը ընդմիջումից հետո չգա աշխատանքի:
Ես ժպտում եմ
-ստեք ինձ
Ես հավատում եմ.
-նախանձեք ձեր հարևանին:
Ժամանակն է գրատախտակը պատմի,
Որ երեխաները շատ են չար և աշխատավարձն իրավունք չունի համեստ լինել:
Ես հիշում եմ.
-հետևեք ինձ:
Խոստումները լքում են դաշտը`
առանց փոխակերպվելու:
Անտարբերությունը վարձատրվում է:
Ես գրում եմ
-Երազի՛ր:

***
Ժամերը սոխի չորացած տերևիկներ են,
խաղում են քամու հետ
Եվ վազում են անհայտ ուղղությամբ:
Մեքենայից դուրս անտառը սփռոց է հիշեցնում
Ու՞ր է անձեռոցիկը,
որ
Կգլորի փշրանքները վերջին հանդիպման:
Կատուն մլավում է
Քաղցած հայացքը
ձգելով պատռոտված մարմնին..
Քեզ թվում է խանգարո՞ւմ են,
Վախենու՞մ են առանց քեզ…
Չի՛ գալու,
Չի՛ գալու
Սպասումը՝
կատաղությունից առաջ,
Պատկերը՝ համբույրից հետո,
Սուտը՝ հոգատարությունից հետո…
Ամենուր ինձ եմ փնտրում,
Անընդհատ,
Անգամ թռչող
սոխակեղևիկներում,
Որ անվերադարձ
ժամանակ են հիշեցնում:

***
Մի վերջին անգամ
ձեռքերս ձգեցի վեր`
բարձրացնելով
կարոտս սպասված
հանդիպումի,
և
նետեցի գետնին,
ազատելով ափերս
կարոտների ծանրությունից,
և ավելի ծանրացավ ափերս`
պայթուցիկների
ուսապարկ նետող
վարձկանի մեղքով,
կեղծված
փոխանցումներից
հարստացածի մեղքով,
ադամանդափայլ
սիրո մեղքով….

***
Ամեն վայրկյան
Ոտքի տակ ենք
տալիս ինչ-որ մեկի Հիշողությունը:
Նույն արարքի նույն ապրումները
Մեզ աննախադեպ են թվում:
Անհայտ անհատների հայտնի
պատմությունները
Արցունքներ են սպասումի ծառից քաղված,
Իսկ արևն այդպես էլ չկարողացավ
պտուղներ պարգևել այդ ծառերին,
Որ օր օրի հաստանում ու խտանում են:
Նրանք իրենց փոխարեն տուն ուղարկեցին
հաղթանակի լուրը…

***
Հողն արթնացավ
Երկնքի լացից
Գիշերը չքնեց մեզ հետ
Ճանապարհը մենակ մնալու ժամանակն է,
Ժպիտը՝ համբույրից փախչելու
Պատերազմը՝ կարոտին ենթարկվելու
և ցավի դեմ ծնկելու ժամանակ է
ոտքերիս
փաթաթված ջերմությունը հիշողությունն է,
որին չեմ հասցրել տեղավորել
ուսապարկիս մեջ:
04.11.2020

***
Պատերազմ տեսնող անտառի գույները
վախվորած խամրում են,
Արմատները խորացնում հողում
Եվ թաքուն հրճվում են տղաներիս ուժով…
Հողս անտուն մնացած փոքրիկի պես կծկվում է
Հայորդիներիս սառչող մարմինների անկյունում,
Երկինքը չի հանդուրժում և ոչ մի պատերազմ…
Պատերազմող ձեռքերը մի օր
Նորածին կգրկեն տաքուկ
Պատերազմող աչքերը մի օր
Կարցունքվեն հիշատակի կենացից
Եվ թաքուն կհրճվեն իրենց սխրանքով…
Ափդ դառնամ, զինվոր,
Երբ շուրջդ ջհադիստ ռոբոտներն են
Որ դու չդողաս ու չշփոթես բռնածդ նշանը
Ոտնաթաթդ դառնամ, զինվոր,
Երբ շուրջդ ընկերների ու թշնամիների
համերաշխ ու արնահոտ մարմիններն են,
Որ դու չհոգնես ու չշփոթես ուղիդ…
Պատերազմ տեսնող պատերազմող երկիրս
Դուք եք՝ իմ գերված,
նահատակված,
կանգուն,
խելագարված,
կորսված,
պահանջատեր,
ազնիվ,
անվախ ժողովուրդ…
18 հոկտեմբեր 2020

***
Մնացին թերի
Թե՞ ավարտվեցին…
Ծաղկի լռություն է
Մեղվի աշխատանք..
Հայրենագծագրություն
Հողի ընդերքն արյունոտվում է
Նոր ծննդկանի սավանի նման..
հավերժանում են
Թերի թողնելով յուր
պատմությունները հայոց
պատմություն են կերտում մարտիկները..
Մնացին թերի՝
Թե՞ ավարտվեցին
Նրանց՝ սուրբ նահատակների կյանքի ուղիները,
Նրանց՝ հերոսածին մայրերի
Ժպիտ խրատները…
Անտառում, թշնամու գնդակից հեռու
Ծաղիկ է նազում
Նեկտար է պահել
Պոկվել չի ուզում…
Եվ քանի տարի արնահոտ կլինի
Քամու, պտուղների,
հանդիպումների
և անձրևից թարմացած բնության
շնչում
Մնացի՞ն թերի,
Թե ավարտվեցի՞ն…

 

«Եղիցի լույս»
Թիվ 03 (197) 2020թ.

Տարածել

Պատասխանել