Կիմ Գաբրիելյան / Պուղին եւ պատերազմը

0

Վերջերս Պուղին մեր խմբագրություն էր այցելել: Մտահոգ էր, տխուր, բայց ոչ հուսահատ: Ասաց` արցախցիները դարերի ընթացքում դժվար օրեր շատ են տեսել, բայց կարողացել են հաղթահարել առկա դժվարությունները: Հիմա էլ նույնը կլինի` թուխպը կանցնի ու պարզկա օրը կրկին արևով կճառագի Արցախի վրա: Իսկ դրա համար պետք է միասնական լինել, նպատակասլաց, անկոտրում, լավատես, խիզախ…
Պուղու հետ երկար զրույց ունեցանք ադրբեջանա-թուրքական-ջիհադիստական ուժերի դեմ արցախահայության հերթական պատերազմի թեմայով: Հետաքրքիր դիտարկումներ արեց, որոնք չէինք կարող չգրառել: Դրանց մի մասը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

***
Հայերի ու ադրբեջանցիների միջև վերջին 120 տարում մի քանի անգամ զինված մեծ բախումներ են եղել: Դրանց հաջորդած հաշտությունները կամ զինադադարները, սակայն, ադրբեջանական հասարակության մեջ հայատյացության տածումները չեն նվազեցրել: Անգամ խորհրդային «ինտերնացիոնալիզմի» տարիներին, ամենածայրամասային գյուղի դպրոցում ադրբեջանցի երեխաներին հայերի հանդեպ ատելություն են սերմանել: Մինչդեռ հայկական կողմը միշտ զուսպ է արտահայտվել դրկից ժողովրդի մասին և ի տարբերություն ադրբեջանցիների` նրանց չի որակել «թշնամի» պիտակմամբ: Ծայրահեղ դեպքում «հակառակորդ» է անվանել ադրբեջանցուն:
Ղարաբաղյան այս նոր պատերազմի ընթացքում որակման բառապաշարը հայերի մոտ էլ փոխվել է, ինչը կարելի է պատճառաբանել ադրբեջանցիների անօրինակ դաժանություններով: Կան հակառակորդի նկատմամբ վերաբերմունքի հումանիտար նորմեր, որոնք պետք է պարտադիր պահպանել: Խոսքը ոչ միայն ռազմագերիների կամ սպանվածների դիակների նկատմամբ ծաղրի ու պղծման գործողությունների, այլև սակրալ արժեքների ոտնահարման անթույլատրելիության մասին: Ինչպե՞ս կարելի է, օրինակ, թիրախային ռմբակոծել քրիստոնեական եկեղեցին, երբ այն պատկանում է ոչ թե պարզապես «թշնամական» ազգին, այլ դարերում ձևավորված մի ամբողջ քաղաքակրթության: Ոչ մի քրիստոնյա երբեք մզկիթ կամ մահմեդական սրբավայր չի ավերել կամ պղծել: Այս համատեքստում դժվար է հասկանալ այն մահմեդականին, ով միտումնավոր խոզը մտցնում է մզկիթի սրահ` իր հավատակիցների կրոնական զգացմունքները արհեստականորեն գրգռելու համար: Վրեժխնդրության տափակ ձևեր են սրանք, որը երևի միայն ազերիների ազգային առանձնահատկությունն է: Այս շրջանակում մի զավետալի դրվագ հիշեցի:
Հայ ժողովրդի մասին դրական կարծիք արտահայտած հոլիվուդյան աստղ Մել Գիբսոնը ամիսներ առաջ նույնպես հայտնվել էր ադրբեջանական «սև ցուցակում»: Տվյալ դեպքում, Գիբսոնը ոչ թե զրկվել էր Ադրբեջան այցելելու իրավունքից, ինչին վերջին երկու տասնամյակում արժանացել են բազմաթիվ հանրահայտ դեմքեր, այլ պարզապես Ադրբեջանում արգելվել է նրա մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրությունը:
Դրա նախաձեռնողը Բաքվում գործող «Նիզամի» կինոկենտրոնի ղեկավարությունն էր, ում որոշմամբ Մել Գիբսոնն այսուհետև պերսոնա նոն գրատա է հայտարարվել իրենց կինոթատրոնի էկրանի վրա: Այստեղ են ասել` արջն անտառից խռովեց, անտառն այդ մասին չիմացավ:

***
Դուք կարծում եք Ադրբեջանն այս պատերազմում հաղթե՞լ է: Ես այդ կարծիքին չեմ:
1992 թվականի ձմռանը Լեռնային Ղարաբաղում հայերի համար վիճակը շատ ավելի ծանր էր: Գտնվելով խուլ շրջապատման մեջ, մինչև ատամները զինված ադրբեջանական հրոսակների շարունակական գրոհների պայմաններում, հայ ինքնապաշտպանները կարողացան ճեղքել շրջափակումն ու բացել «կյանքի ճանապարհ» Հայաստանի հետ: Իսկ այդուհետև, ազատագրելով պատմականորեն իրեն պատկանող տարածքները, հայկական ազատագրական ուժերը կարողացան հակառակորդին զինադադար պարտադրել:
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և թերևս այս տեսլականի ֆոնին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտառլըն, ով հայրենի իշխանությունների կողմից հալածվելու պատճառով գտնվում է վտարանդիության մեջ, դեռևս պատերազմի օրերին գրել էր. «Խորը ցավով եմ ասում, որ Ադրբեջանը կկորցնի Մինգեչաուրի ջրամբարը»: Շարունակելով թեման, նա նշել է, որ Նախիջևանի պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի մարտին, որը Ռուսաստանն այլևս չի ուզում երկարաձգել: Ազերի դիսիդենտի համոզմամբ` ղարաբաղյան նոր պատերազմի պատճառներից մեկը հենց դա է:
Մուխտառլըի կանխատեսումները միանգամայն տրամաբանական են: Ըստ ազերի լրագրողի, պատերազմի վերջնական արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կստանա ՄԱԿ-ի մանդատը, Ռուսաստանը որպես անվտանգության երաշխավոր` խաղաղապահներ կմտցնի տարածաշրջան: Դրա իրական արդյունքը կլինի այն, որ Արցախի հետ միավորված Հայաստանի Հանրապետությունը ուղղակի սահման կունենա Ռուսաստանի հետ, որով էլ կվերանա տրանսպորտային կախվածությունը Վրաստանից:
Ինչ մնում է Նախիջևանին, ապա ազերի լրագրողի համոզմամբ` 2021 թվականին Ռուսաստան-Հայաստան տանդեմը Թուրքիայից կխլի նաև Նախիջևանը:
Այս մռայլ հեռանկարի մեջ մեղադրելով Իլհամ Ալիևին, նա գտնում է, որ Բաքվի բռնապետը ժողովրդի առաջ պատասխան է տալու 10.000-ից ավելի զոhերի ու երկրի տարածքների կորստի համար: Հավատացեք, այդպես էլ կլինի:

***
Մենք միշտ կրկնոմ ենք, որ Թուրքիան չարիք է հայերի համար: Բայց ես կասեի, որ ազերիների համար ևս ոչ պակաս չարիք է հանդիսանում:
Արդեն հիմա պարզ է, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանին ներքաշելով անիմաստ պատերազմի մեջ, Թուրքիան Ադրբեջանը վերածել է ահաբեկչական կենտրոնի, որը միջազգային հանրությունը շատ բացասական է ընդունում` դրանից բխող հետևանքներով: Հասկանալի է, որ դրանով Թուրքիան հեռագնա նպատակներ է հետապնդում` անտեսելով բուն Ադրբեջանի շահերը: Իսկ այդ շահերն ունեն նաև հակաիրանական ու հակառուսական վեկտորներ, ինչը հազիվ թե բխում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական ընտրությունից:
Աշխարհում ահաբեկչության դեմ անզիջում պայքար է գնում, և փաստացի այն երկրները, որոնք իրենց ներսում ընդունում են օտարերկրյա ահաբեկիչների, գլոբալ իմաստով հենց իրենք են դառնում թիրախ: Կարևորելով տնտեսական բաղադրիչը, որով մեծ հարված կհասցվի Ադրբեջանին, դրան գումարվում է նաև պետության անվստահելիությունը արտաքին հարաբերություններում: Եթե այսօր մի քանի երկրներ, ի մասնավորի Թուրքիան, Պակիստանը, Բելոռուսիան, արտաքուստ լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, ապա այդ «բարեկամությունը» տեղի է ունենում գերտերությունների բացասական վերաբերմունքի հաշվին: Այս օտարումը կբերի նաև հարևան երկրներից մեկուսացման, ինչը հենց Թուրքիայի ուզածն է:
Միակ շահողն այստեղ փաստացի Իլհամ Ալիևն է, որի մերկանտիլ նպատակն իր մեծ եղբոր միջոցով իշխանությունը պահպանելն է: Գոյություն ունի, սակայն, ժողովրդի շահ, որը լրիվությամբ բացակայում է: Ադրբեջանն Ալիևի սեփականությունը չէ, այն պատկանում է այդ երկրում բնակվող ժողովուրդներին: Ադրբեջանն ինչքան շուտ դուրս վանի իրենից Թուրքիային, այնքան լավ իր համար:

***
Վերջերս մի նամակ էին տվել ինձ կարդալու, որը հայ զինվորները պատերազմի ընթացքում գտել էին սպանված ասկյարի գրպանում: Ու՞մ էր ուղղված նամակը: Կարծում եմ, իրական հասցեատերը մեկ հոգի չէր: Ահա, այդ նամակը:
«Բարև, Զուլֆիա, իմ սեր: Իրադարձությունները զարգանում են այնպիսի հունով, որ ամենայն հավանականությամբ սա իմ վերջին նամակն է քեզ: Բայց դու այն չես ստանա: Դժոխքից նամակներ չեն հասնում: Իսկ մենք ամենաիսկական դժոխքում ենք:
Իզուր քեզ չլսեցի և զորակոչից առաջ չփախա Մոսկվա: Հավատացի մեծաբերան ղեկավարներին, որոնք հավաստիացնում էին, թե մենք արդեն հաղթած ենք ու սեպտեմբերի քսանութին թեյ ենք խմելու Խանքենդիում: Անցել է մեկ շաբաթ: Մենք նույնիսկ մեկ մետր առաջ չենք շարժվել: Ես նման բան կյանքումս չեմ տեսել: Մինչ ռազմաճակատ գալս ես ատում էի հայերին: Հիմա վախենում եմ նրանցից, նույնիսկ թաքուն նախանձում: Ինչպես կռվել մի ազգի դեմ, որը հանուն մի թիզ հողի պատրաստ է զոհաբերել իրեն: Մեր շարքերն անդադար համալրվում են զինվորներով ու զինտեխնիկայով, բայց նույն արագությամբ էլ պակասում ու սպառվում:
Խոստացել էին իսլամիստ գրոհայիններով մեր դիրքն ամրապնդել, սակայն տեղ չհասան: Հայերը հրետանու միջոցով ոչնչացրել էին մեր կողմը շարժվող իսլամիստների շարասյունը: Մեր ղեկավարության համար մենք թնդանոթային միս ենք, ոչ ավելին: Մեր վիրավորները մահանում են, այդպես էլ օգնություն չստանալով թիկունքից: Մահացածների դիերը չեն հավաքում, որ նոր ժամանող զինվորը նրանց քանակը տեսնելով փախուստի չդիմի: Մեր հրետանին ռմբակոծում է ոչ միայն հայերի, այլև մեր դիրքերը: Երեկ տասից ավելի զոհ տվեցինք, քանի որ մեր հրետանու կողմից բաց թողնված արկերից երկուսն ընկան մեր դիրքերի վրա:
Ես հասկացա, որ մենք կռ վում ենք չմահանալու, իսկ հայերը միայն հաղթելու համար և եթե դրա գինը նրանց կյանքն է, ապա նրանք պատրաստ են այն զոհաբարելու: Զուլֆիա, իմ սեր, կյանքում ամենասարսափելի բանը մահը չէ, այլ այն, որ մահանում ես հանուն ոչնչի: Ես նախանձում եմ հայերին, որոնք գիտեն թե ինչի համար են կռվում և զոհվում: Ես չգիտեմ: Չգիտեն նաև իմ հետ կռվող բազմաթիվ զինվորներ եվ սպաներ: Սա մեր հողը չէ: Սա մեր պատերազմը չէ:
Մեր դիրքերից քիչ հեռու մի կիսաքանդ քրիստոնեական վանք կա: Մնացել է միայն ներսի պատերը: Այնտեղ մերոնք ռազմամթերք են պահում և հոգում բնական կարիքները: Մեզ համոզում էին, թե քրիստոնեական վանքերը հայերինը չեն, այլ մեր նախնիներինը: Եթե դրանք ադրբեջանական վանքեր ու սրբատեղիներ լինեին, մենք այն որպես զուգարան չէինք օգտագործի:
Երբ մահվանս լուրը կստանաք, ձեզ վստահաբար կասեն, թե ձեր որդին ու ամուսինը հայրենիքը պաշտպանելիս ընկան հերոսի մահով: Չհավատաս: Ես հերոս չեմ ու սա իմ հայրենիքը չէ: Հուսով եմ Ալլահը բարեգութ կգտնվի իմ հանդեպ և կմահանամ հեշտ մահով: Ես կկարոտեմ քեզ, Զուլֆիա»…
Լավ կլիներ, որ այս նամակը Ադրբեջանում հասանելի դառնար բոլորին, որպեսզի այնտեղ իմանան, թե իրականում ինչ է տեղի ունեցել ղարաբաղյան ճակատում: Իմանան ու հետևություններ անեն, այլ ոչ թե անասնական հրճվանքով զորահանդեսներ կազմակերպեն:
Պիտի միշտ հիշել` մելիք-շահնազարները կգան ու կգնան, բայց Արցախը միշտ շեն ու կանգուն կմնա: Սա ասում եմ ես` միշտ ձեզ սիրող ու հավատացող Պըլը Պուղին:

«Եղիցի լույս»
Թիվ 03 (197) 2020թ.

Տարածել

Պատասխանել