Սոնա Համբարձումյան / Ապրողների հետ նա միշտ կապրի

0

Գրիչն արյունով գրեց, և հողը վերջին թուղթը դարձավ արցախաչյա սիրով պարուրված Հայասեր Հովսեփյանի համար: Հայասերն իր անվանն արժանի գործ թողեց: Նրա յուրաքանչյուր տողում բառը զինվոր էր և մշտական պայքարի մեջ էր: Հեղինակը բանակից մինչ դպրոց, կրթությունից քաղաքականություն ճանապարհների անցորդ էր, ով ինքնատիպ զգացողությունները բառավորում և ընթերցողին էր հասցնում` որպես բանաստեղծ, ուսուցիչ: Այն հեռուն, որ ցավ էր ծնում Հայասեր բանաստեղծի սրտում, այսօր ինքն է դարձել այդ հեռուն, և մենք ենք կարոտի ցավ ենք զգում: Եվ՝ գիտակցելով նրա սերը կյանքի հանդեպ` մենք պարտավորվում ենք նրան հիշել ու հավերժացնել.
Բայց ես սիրում եմ կյանքն առավել ուժգին, քան կարող եմ,
որովհետև կյանքի մեջ կաս Դու,
Դու` արցախաչյա իմ սեր…
Նրա խոսքի և գործի կապվածությունն Արցախի մշտական պայքարին, հետաքրքիր արտացոլանքն ուներ բանաստեղծությունների մեջ.
Դու վախկոտ ես, խաղաղություն:
Տեսել ես կարմիր արյունը ընկած զինվորի
Եվ անամոթաբար միշտ լքում ես ինձ,
Երբ ես կանգնում եմ այս արյունոտ խրամատում…
Բանաստեղծ ուսուցիչը նաև ազնիվ ընկեր էր, մարդասեր երիտասարդ, հայրենիքի նվիրյալ: Այսպիսի կերպարներ հայ ժողովուրդն ունեցել և կշարունակի ունենալ, միայն ցավալի է, երբ ուղի է ընդհատվում, երբ կյանք է ավարտվում` անժամանակ: Այն ոգին և պատկերները, որոնք մեզ թողեց Հայասերը, երբեք չեն ընդհատվելու, քանզի նա զոհվեց, որպեսզի ապրի հայրենիքը, իսկ հայրենիքը մենք ենք` ապրողներս: Ես նրան ճանաչել եմ` որպես համեստ ու հետաքրքիր էություն, որպես պատասխանատու ուսանող և հասարակության մտահոգ քաղաքացի: Մենք հիշում, և հիշելով հպարտանում ենք, որ ունենք այս անունը` թե՛ որպես բանաստեղծ, թե՛ որպես մարտիկ: Թո՛ղ Լույս և ջերմություն ճառագի նրա հիշատակը, թող խաղաղության մեջ հնչեն նրա ստեղծագործությունները.
Այստեղ ամեն մի քար լուռ պատմաբան է,
Ամեն ժայռ թշնամու դեմ վահան է,
Ամեն ծառ կռվի տարիներից մի բեկոր է կրում իր կրծքում,
Ամեն ծաղիկ մի նահատակի սրտից է բուսնում,
Ամեն գետ հայերեն է կարկաչում,
Ամեն թռչուն անպայման հայերեն է երգում:
Այստեղ՝
Այս հողի վրա,
Օտարերկրացին անգամ
հայերեն է քայլում: 

«Եղիցի լույս»
Թիվ 03 (197) 2020թ.

Տարածել

Պատասխանել