ԲՈԳԴԱՆ ՋԱՆՅԱՆ | ԻՄ ԶԱՐՄԱՆՔԸ ԵՎ ՀՈՐԴՈՐԸ

0

kharibԲոգդան Ջանյանը հայոց ազգային նվիրյալներից է, Արցախի գրական կազմակերպության առաջին ղեկավարներից մեկը, Արցախյան շարժման առաջնորդ Բագրատ Ուլուբաբյանի ամենաջերմ ընկերն ու գրչակից-զինակիցը: Նրանից տարիներ առաջ ԳՄ հիմնադիր նախագահ, բանաստեղծ ու գիտնական Գրիգոր Ներսիսյանը, որն իր ուսումնառությունն ու փորձառությունը ստացել է Պետերբուրգում և ժամանակի ճանաչված մտավորականներից էր, ազերականների և նրանց «արցախյան դրածոների» կողմից մեղադրվելով նացիոնալիզմի մեջ, իր մահկանացուն կնքեց Սիբիրում: Ազերիները որսում էին մեծերին ու ազգի երդվյալ գործիչներին: Եվ Ջանյանի «հերթը» չուշացավ: Մարքսիզմի չստեր հագած ֆիելստերների ու ծախու գործակալների «նվիրյալ ջանքերով», ինչպես Չարենցը կասեր, Բ.Ջանյանը ևս նույն մեղադրանքով արտաքսվեց Սիբիր: Սակայն, փառք Աստծո, երկար ու ձիգ տարիներ այնտեղ տառապելուց հետո, իր մեջ ուժ գտավ նորից վերադառնալ հայրենի Արցախ (թեև երկրորդ անգամ ևս արտաքսվեց): Բոգդան Ջանյան. մարդ, գրող ու քաղաքացի` բառի ամենախորը իմաստով, զուլալ մի անհատականություն, որի անմիջականությունն ու անկեղծությունը, բացարձակ ճշմարտախոսությունը (գրեթե` երեխայական անմեղությամբ), ոչ մի ժամանակ կասկած չեն հարուցել: Ուստի, ժամանակն է լսել և նրան:

Բոգդան Ջանյան

ԻՄ ԶԱՐՄԱՆՔԸ ԵՎ ՀՈՐԴՈՐԸ
Ես երկար տարիներ այն առաջիններից էի, որ ջանքեր էի թափում, որ Արցախում լինեն ճշմարիտ գրողներ, գրական զորեղ կազմակերպություն: Իսկ երբ ղեկավարում էի Լեռնային Ղարաբաղի գրողների մարզային բաժանմունքը, շատ էի ուզում, որ բաժանմունքի շուրջը համախմբվեին այնպիսի գրական ուժեր, որ բաժանմունքը դառնար իսկական գրական օջախ, որի կրակի ծուխը այնքան բարձր լիներ, որ նկատվեր մեր լեռներից դուրս: Շատ բան էի ուզում, բայց Ղարաբաղի տեր դարձած ազերիները ոչ միայն չէին ուզում, այլ մշտական հսկողության տակ էին պահում այդ խեղճ գրական կազմակերպությունը, որն ուներ ընդամենը մի քանի անդամներ և տարիներ շարունակ նոր անդամներ Ադրբեջանի գրողների միությունը չէր ընդունում Ղարաբաղից:
Մի անգամ ասել եմ և ասում եմ նորից. Արցախի գրողների միությունը թակարդն էր «նացիոնալիստներ» որսալու համար: Եվ այդ թակարդում առաջինը հայտնվեցի ես և ինձ, կամքովը ազերիների, տարան-տարան հեռուներ, ցուրտ ու տանջող հեռուներ, և ինձ ու իմ գրական աշխարհը նետեցին փշալարերի մեջ, փակ աշխարհի մեջ, ուր մնացի վեց տարի:
Խրուշչովյան հալոցն ինձ դուրս բերեց մահվան ճամբարից և ես նորից եկա Ստեփանակերտ: Իմ առաջին ուրախությունը մարզի բաժանմունքը փոփոխված տեսնելն էր և նրա քարտուղարը Բագրատ Ուլուբաբյանը լինելն էր, կազմակերպության շուրջը նորերը, նոր շնորհալի երիտասարդներ էին: Ադրբեջանի գրողների միության նախագահությունն ինձ վերականգնեց իմ նախկին պաշտոնում` այսինքն ես պիտի դառնայի նորից Լեռնային Ղարաբաղի գրողների միության բաժանմունքի քարտուղար, բայց Լեռնային Ղարաբաղի կուսմարզկոմի զորավարներից մեկը չցանկացավ և ես մնացի «խաղից դուրս»: Բայց եղավ այնպես, որ կարծես ես շահեցի: Արցախի ազնիվ լրագրող Լազր Գասպարյանը մեծ դժվարությամբ կարողացավ ինձ դարձնել «Սովետական Ղարաբաղ» թերթի գրական բաժնի աշխատող:
Շնորհիվ այդ բաժնի վարիչ Ժան Անդրյանի և խմբագիր Լազր Գասպարյանի, բաժինը կարծես թե դարձավ գրական կազմակերպություն: Թերթը սիրով էր տպագրում մարզում հանդես եկող հատկապես բանաստեղծներին, որոնց թիվը գնալով պատկառելի էր դառնում: Նրանք մեզ մոտ էին գալիս, ուրիշ տեղ չկար, գրական մամուլ չկար, մի բաժանմունք էր, մի քարտուղար:
Թերթի գրական բաժնի վարիչն ինձ լայն իրավունք էր տվել, ես սկսեցի «չարաշահել» իմ «դիրքերը» և հաճախ էի գրական գործեր ներկայացնում թերթին: Տպագրում էինք շնորհալիներին շատ, խրախուսում էինք տպագրելով: Դրանց մեջ էր Վազգեն Օվյանը, Հրաչյա Բեգլարյանը, Գուրգեն Գաբրիելյանը: Ես հովանավորում էի հատկապես Վազգեն Օվյանին և Հրաչյա Բեգլարյանին: Ինչո՞ւ. որովհետև բացի բանաստեղծություններից, Վազգենը փայլում էր ֆելիետոնների մեջ, իսկ Հրաչիկը` ակնարկների: Իսկ այս երկու լրագրային ժանրերը մեզ շատ էին պետք:
Առհասարակ բացասական դեպքերը շատ էին նախընտրելի Վազգեն Օվյանի համար: Նրա բանաստեղծությունները շատ նկատելի կերպով կրում էին տարբեր բանաստեղծների ազդեցությունը: Նա սկսեց գրել և արձակ գործեր, որտեղ կարծես ավելի զերծ էր ազդեցություններից: Ես միշտ նրան պահում էի իմ ուշադրության կենտրոնում, ավելի շատ էի ես նրան հանձնարարություններ տալիս:
Մի օր լուր տարածվեց գրողների մարզային բաժանմունքում, թե Վազգեն Օվյանը մի հրաշալի պոեմ է գրել հայտնի Թևանի մասին:
Երբ լսեցի այդ մասին, հաղորդողին ասացի. ինչպե՞ս, փառաբանել է այդ ազգային հերոսի՞ն: Նա թե` չէ, ընդհակառակը:
Ես դեռ չկարդացած պոեմը` ասացի ընդհակառակը Թևանը` Թևան չէ:
Կարդացի պոեմը և զայրացա և զարմացա: Զայրացա, որ իմ սիրելի Վազգեն Օվյանը, որից շատ սպասելիքներ ունեի, այդպիսի վայրագ մի գործ է ստեղծել արցախցի մի հերոսի մասին, որն իր փոքր ջոկատներով Արցախը մաքրում էր ազերիներից և կարողանում էր նույնիսկ իր հերոսությամբ զարմացնել թշնամիներին այն աստիճան, որ նրանք երգ էին հորինում «Ղաչաղ» Թևանի մասին: Այստեղ ակամայից պիտի հիշեմ Հրանտ Մաթևոսյանի գրավոր մի խոսքը` եթե թշնամին երգ է հյուսում քո ազգային հերոսի մասին, ուրեմն նա կրկնակի հերոս է:
Եվ մեր այդ անաղարտ Վազգեն Օվյանը «Թևան-Դհոլ» է դարձրել: Այդ Թևանը դհոլ Թևան չէ, այլ նրա դհոլչին, որ ապրում էր այդ ժամանակ Արմենավանում և Վազգենն էլ նրան դարձրել էր Թևան դհոլ: Ի՞նչ աներ, ուրիշ աղբյուր չուներ, այդպես պիտի աներ, որ ասեին` այ իսկական բանաստեղծը, ժամանակակց բանաստեղծը Վազգեն Օվյանն է: Կարդացի պոեմը, վրդովվեցի, խոսեցի, հանդիմանեցի Վազգեն Օվյանին, ախր դու Թևանին չես ճանաչում, ո՞նց չի գրիդչ դողացել այդ քաջ ու ազնիվ զորականի մասին այսքան նողկալի մի գործ ստեղծել, որը բնավ էլ գրական գործ չէ, և նրա հեղինակն էլ բանաստեղծ չէ, այլ զրպարտիչ, անխիղճ և անամոթ:
Նա լսում էր ինձ լուռ, բայց ի՞նչ արեց պոեմը, տպագրեց, պարծեցավ, որ Բաքուն տպագրեց:
Ես… կարող էի հանդես գալ և փետրահան անել այդ գրական այլանդակությունը, բայց ինչպե՞ս, չէ՞ որ նոր էի ազատվել բանտից, ի՞նչ է, նորից մի գրական այլանդակության համար պիտի հայտնվեի՞ փշալարերի մեջ: Բայց շարունակվում է պատմությունը և Վազգեն Օվյանի գրական-ստեղծագործական արշավը սրանով չվերջացավ:
Ազերիների հերթական հալածանքներն ինձ ստիպեցին տարագրվել իմ սիրած քաղաքից Երևան և բավական երկար ժամանակ էր անցել, երբ Հայաստանի մամուլի կոմիտեի գեղարվեստական բաժնի քարտուղար Պարույր Միքայելյանը կանչեց և ասաց.
-Բոգդան, սիրելիս, դու ծանո՞թ ես Վազգեն Օվյանին, գիտե՞ս նրան, նա մի վեպ է ուղարկել մեզ «Խանքենդի» խորագրով: Կինս կարդացել է և զայրացած է, ահա այդ վեպը, տար կարդա:
Տարա կարդացի մի գիշերում և այնքան զայրացա, վրդովվեցի, հիասթափվեցի, որ ամբողջ գիշեր քունս չտարավ: Իսկապես, ճիշտ են ասում տղաները, որ այդ վեպի հեղինակը կարող է միայն թուրք լինել. այս անգամ ես չլռեցի, ուզեցի վրդովմունքս արտահայտել գրավոր «Գրական թերթում»: Գնացի խմբագիր` Հրաչյա Հովհաննիսյանի մոտ: Նա վրդովմունքս լսեց, ինքն էլ շատ վրդովվեց, ասա` որտեղ լինի, բայց Արցախ աշխարհում հավատս չի գալիս, որ նման գրող կարող է ծնվել: Բայց, սիրելի Բոգդան, ինչ էլ լինի, մեր թերթը Ղարաբաղի գրողների մասին բացասական հոդված չի տպագրի:
Այս վեպը լույս տեսավ Բաքվում, իսկ Երևանում` ոչ:
Այսօր Երևանում գրական աշխարհում այնպիսի խժդժություններ են կատարվում, որ հուսահատությունից ուզում ես գոռալ, ճչալ, ի՞նչ եք անում, եղբայրներ, ինչո՞ւ եք ուզում քանդել Ձեր միակ տունը, բազմաթիվ տներ, գործարաններ ավերակ տեսնելուց հետո: Բայց ինձ ամոքում էր այն, որ իմ հայրենի Արցախի գրական աշխարհում խաղաղություն էր, որ վերջապես ստեղծվել է Ավետիք Իսահակյանի այն նախատեսումը, թե ես համոզված եմ, որ Արցախի գրական աշխարհը շուտով, շատ շուտով կփոխվի և եթե կուզես, իսկական ճշմարիտ գրողներ պիտի ծնվեն, մանավանդ հայ բանաստեղծները պիտի ծնվեն այս հողի վրա, Հայոց Արցախի հողի վրա:
Վարպետի այս խոսքերը ես հիշում եմ և ուրախանում, որ նրա գուշակումները ճիշտ էին: Արցախը, իմ Արցախը ունի զորեղ գրական կազմակերպություն, որ այստեղ իսկապես ծնվում են նույնքան զորեղ, տաղանդ ունեցող բանաստեղծներ, արձակագիրներ և գրականագետներ, նույնիսկ այնպիսի գրականագետներ, որ չեն ծնվում այստեղ` Մայր Հայաստանում: Մտածում էի և հպարտանում:
Եվ ահա ասես մեկը գլխիս խփեց` հիմա լսիր, թե ինչ է կատարվում քո սիրած Արցախի գրական աշխարհում, արցախցի գրողները նույնպես բռնել են իրար յախից և իրար քաշքշում են:
Եղբայրներ, սիրելիներ, ուշքի եկեք, երկրի պատիվը, ազգի պատիվը բարձրացնողները գրողներն են ոչ միայն իրենց տաղանդավոր գործերով, այլ իրենց ազնիվ վարք ու բարքով: Հիշեցեք, որ անցյալի արցախցի մեր գրողները միշտ փայլել են իրենց ազնվական պահվածքով, իրենց արցախյան արժանապատվությամբ:
Վերջում ուզում եմ դիմել Վազգեն Օվյանի որդուն և ասել, սիրելի Վարդգես, հարգիր հորդ հիշատակը և մի արա այնպիսի գործեր և քայլեր, որոնք աղարտում են այդ հիշատակը: Բայց ճշմարիտն այն է, որ Վազգեն Օվյանը ինքն է աղարտել իր կենսագրությունը և հիշատակը իր թրքահոտ հորինվածքներով:
(Հոդվածը հրապարակվում է խիստ աննշան կրճատումներով)
«Եղիցի լույս» N 11-12, 2008թ.

Տարածել

Պատասխանել