Անի Սավադյան / Գրական-երիտասարդական փառատոն Արցախում` Մուրացանյան օրերի շրջանակներում

0

Արդեն ավանդույթ դարձած Մուրացանյան օրերը մեկնարկեցին հոկտեմբերի 27-ին, Շուշի քաղաքում` Մուրացանի հուշարձանին ծաղիկներ խոնարհելով: Երեք հոգի ստացան գրողների միության անդամատոմս, ինչն էլ վկայություն է գրական աշխույժ կյանքի:
Երկրորդ օրը գրական-երիտասարդական փառատոնը շարունակվեց «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Արեւմտահայերենի և հայագիտության Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան գիտահետազօտական կենտրոնում՝ «Նորը և ավանդականը հայ գրականության մեջ» կարգախոսով: Բացման խոսքով հանդես եկավ Արցախի գրողների միության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Հակոբյանը. «-Այսօր խիստ կարիք է զգացվում երևույթի ուղղորդման, այսինքն՝ գրականության զարգացման միտումների քննարկան, հետազոտման, դիտարկման՝ որտեղից ենք գալիս, ո՞ւր ենք գնում, համաշխարհային գրականության համապատկերում ի՞նչ գործերով ենք ներկայանում: Երբ նայում ես մեր գրական իրականությանը, երբ նայում ես համաշխարհային գրականության միտումներին, վերլուծում ու զգում ես, որ բանաստեղծությունը գնում է դեպի ազատականացում»:
Գիտաժողովին մասնակցեց նաև մայր Հայաստանից ժամանած պատվիրակությունը` Արքմենիկ Նիկողոսյան, Արմեն Ավանեսյան, Հասմիկ Հակոբյան, Արմինե Քոչարյան, Մհեր Քումունց:
Նորի և ավանդականի հարցերին իր ելույթում անդրադարձավ բ.գ.թ., գրականագետ, ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի նախագահ Արքմենիկ Նիկողոսյանը:
«Ավանդական ասելով ինչ են հասկանում մեր գրականագետները և վերլուծաբանները՝ որպես կանոն: Շատ թյուր կարծիք կա ավանդականության, ավանդույթների մասին: Ավանդական ասելով պետք է հասկանալ, որ այն անպայման առնչվում է բանաստեղծության տեսանկյունից Թումանյանին, Չարենցին, Տերյանին, իսկ արձակի դեպքում Բակունցին, Մաթևոսյանին, և փորձում ենք այդ ավանդույթների շրջանակում պարփակվել»: Բ.գ.թ., գրականագետ, «Գրանիշ» կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանն էլ իր խոսքում նշեց, որ ավանդականի և նորարարականի սահմաններն այսպես են. «Ինչ-որ ժամանակ ինչ-որ բան նորարարություն է լինում, հետո ժամանակի ընթացքում դառնում է ավանդույթ և ձևավորվում է մի նոր փուլ՝ նախկիններից և նոր տարբերակներից կազմված, սա էլ դառնում է նորություն, և այսպես շարունակ»:
Ըստ բ.գ.թ., գրականագետ Արմեն Ավանեսյանի, ավանդականը շատ ավելի ձևային բնույթ ունի, բայց ավելի արմատացած է. «Ամեն ավանդական չէ, որ կարող է դառնալ ավանդույթ, ամեն նոր չէ, որ կարող է դառնալ նորարարություն: Եթե նորարարությունը չի դառնում ավանդույթ՝ մնում է փորձարարության մակարդակում և դրանից ավել ոչինչ լինել չի կարող»:
Իսկ արձակագիր-գրականագետ Կ. Գաբրիելյանն իր ելույթում խոսելով նորի և ավանդականի համադրության մասին, շեշտը դրեց գրաքննադատության պակաս ունենալու վրա. «Եթե գրականությունը դաստիարակում է հասարակությանը, ապա գրողին դաստիարակողը գրաքննադատությունն է, ինչը հիմա, իմ կարծիքով, պակասում է»: Բ.գ.թ., դոցենտ Մհեր Քումունցը նորի և ավանդականի միասնությունը դիտարկեց լեզվաբանական տեսանկյունից, նշելով, որ ավանդականն ի սկզբանե ընկալվել է որպես գեղեցիկ, մաքուր հայերենով գրություն, որում օգտագործում էին հայերենի հարուստ բառապաշարը: «Բանաստեղծության լեզվի համար պետք է կարևոր չափանիշներ ունենանք: Բանաստեղծը նախ և առաջ պետք է տեսնի, թե իր բանաստեղծությունն ինչպես է ընթերցվելու և ինչ շեշտադրությամբ է ընթերցվելու»:
Թեման ամփոփեց Վ. Հակոբյանը, նշելով, որ հենվելով ավանդականի վրա, պետք է ստեղծել նորը. «Եթե դու չես գալիս քո բջիջներից, եթե քո բջիջը չի վերընձյուղվում քո բառի մեջ, քո բառը քոնը չի լինելու երբեք, քո աշխարհը երբեք չես բերելու»:
Ծրագրով նախատեսված վարպետաց դասի նպատակն էր Արցախի երիտասարդ գրողների ստեղծագործությունների ընթերցումն ու քննարկումը և անհրաժեշտ խորհրդատվությունը:
Ստեղծված էր հանձնախումբ, ովքեր ամեն մի ստեղծագործողի աշխատանքի վերաբերյալ իրենց տեսակետն ասացին՝ տալով համապատասխան գնահատականներ:
Սրճադադարից հետո գրողներն այցելեցին Խաչենի Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոց, ակադեմիկոսներ Սերգեյ Սարինյանի և Սևակ Արզումանյանի թանգարան, հանդիպեցին դպրոցականների հետ: Տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ս. Աարինյանի ծննդյան 95-ամյակին: Ելույթներով հանդես եկան Վ. Հակոբյանը, Ա. Նիկողոսյանը, Ա. Ավանեսյանը և Ա. Գրիգորյանը: Արցախի գրողների միությունը թանգարանին նվիրեց Ս. Սարինյանի և Ս. Արզումանյանի յուղաներկ դիմանկարները (հեղինակ՝ Ս. Առուստամյան):
Երրորդ օրը շարունակվեց և ամփոփվեց վարպետաց դասը: Մրցույթի հաղթող ճանաչվեց երիտասարդ բանաստեղծուհի Նանար Բալայանը, ով շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին՝ նշեց.
-Հուսով եմ պոեզիան այս աշխարհում մի օր այնպես կլինի, որ մրցանակի կարիք չի ունենա:
Միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծ Վիտալի Պետրոսյանի «Երևակայությանս երկու երեսը» նոր լույս տեսած գրքի շնորհանդեսը: Ելույթներով հանդես եկան Վարդան Հակոբյանը, գրականագետներ Արմեն Ավանեսյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Ամալյա Գրիգորյանը, արձակագիր Կիմ Գաբրիելյանը և բանաստեղծուհի-գրականագետ Ժաննա Բեգլարյանը:
Բ.գ.թ., դոցենտ Ա. Գրիգորյանն իր ելույթում կանգ առավ Վ. Պետրոսյանի պատերազմական թեմայով գրած գործերի վրա. «Բանաստեղծ Վիտալի Պետրոսյանի «Երևակայության երկու եսերը» գրքում առանցքային տեղ են զբաղեցնում պատերազմական թեմայով գրված բանաստեղծությունները, որոնք գրվել են թարմ զգացողությունների, տպավորությունների ազդեցությամբ: Ահա թե ինչու պատերազմն իր ամբողջ ողբերգականությամբ շոշափելի ու տեսանելի է դառնում նրա բանատողերում: Պետրոսյանի բանաստեղծություններում հստակ են պատերազմը մերժելու և խաղաղությունը հաստատելու շեշտադրումները: Նրա պոեզիայում տիրապետող է առհասարակ զինվոր-սահմանապահի ներաշխարհի պատկերումը, կորստի ցավն ու հայրենի հողի պաշտպանության գաղափարը»:
Մուրացանյան օրերը եզրափակվեցին ուխտագնացությամբ՝ դեպի Գանձասար:

ԳՆՀ հասարակայնության և լրատվության բաժին

«Եղիցի լույս»
Թիվ 05 (194) 2019

 

 

Տարածել

Պատասխանել